Նեոբանկերն ընդդեմ ավանդական բանկերի

Նեոբանկերն ընդդեմ ավանդական բանկերի․ Ինչպես են նեոբանկերը կառուցում ֆինանսական համակարգի ապագան աշխարհում

Տեխնոլոգիայի արագ աճը և զարգացումը հանգեցրին նոր թվային դարաշրջանի առաջացմանը: Ճիշտ այնպես, ինչպես քվանտային տեսությունը կասկածի տակ առավ ֆիզիկայի կարծրատիպային պատկերացումները և մարտահրավեր նետեց իրականության գաղափարների շուրջ ընդհանուր ընկալումներին, նեոբանկերն էլ իրենց հերթին քննարկման են դնում բանկային համակարգը: Թվային բանկինգը այլևս տեսություն չէ․ այն զարգացել է՝ դառնալով մեր առօրյա կյանքի մի մասը[1]։

Այս համատեքստում բանկային ավանդական համակարգը օրըստօրե նոր մարտահրավերներ է ստանում թվային բանկերից (վերջիններս հենց այդպես էլ իրենց կոչում են՝ մարտահրավեր նետող բանկեր), քանի որ նրանք վերստեղծում են հաճախորդի՝ բանկային ծառայություններից օգտվելու ճանապարհը՝ ստեղծելով նոր հնարավորություններ։ Նոր կամ նեո բանկերը բանկային ծառայությունների ժամանակակից մեկնաբանման ձև են: Ի տարբերություն ավանդական բանկերի, որոնք կարող են նաև առաջարկել առցանց ծառայություններ, բայց, որպես կանոն, ապավինում են իրենց ֆիզիկական մասնաճյուղերին, նեոբանկերը միայն թվային ֆինանսական կառույցներ են:Հաշվի առնելով նեոբանկերի ընդլայնվող ազդեցությունը ֆինանսական շուկայում՝ ենթադրվում է նաև, որ վերջիններս կփոխեն սպառողների ընկալումը ֆինանսական ծառայությունների վերաբերյալ և կհանգեցնեն շուկայի կարևոր միտումների, մասնավորապես՝ ֆինանսական ներգրավվածության, մասնաճյուղերի նկատմամբ՝ թվայինի նախընտրության մեծացման։ Այնուամենայնիվ, նեոբանկերի համար ևս շուկան բավականին մրցակցային է և բազմաթիվ խոչընդոտներ է պարունակում։

Այս աշխատանքի նպատակն է՝ պարզել՝ արդյո՞ք ավանդական բանկային համակարգը բավարար ամուր դիրքեր ունի նեոբանկերի հետ մրցակցությանը դիմակայելու համար, վերջիններից ո՞րն է գերիշխող դիրք գրավելու ապագայում, արդյո՞ք ամբողջովին թվային բանկային համակարգ ունենալը իրատեսական է մոտ ապագայում,  ինչպես նաև բացահայտել նեոբանկերի ազդեցությունը համաշխարհային ֆինանսական համակարգի վրա։

Նեոբանկերն ընդդեմ ավանդական բանկերի

Ֆինտեխ ստարտափերը ամբողջովին վերափոխում են առկա արտադրանքը և ծառայությունները՝ հիմնվելով հաճախորդի փորձի, առկա տվյալների բազայի վրա, նվազեցնում են գործառնական ծախսերը և բարձրացնում կիրառվող բիզնես մոդելների արդյունավետությունը՝ առաջատար տեխնոլոգիայի միջոցով (Chappuis Halder, 2015)[2]:

Որպես ֆինտեխ ստարտափեր նեոբանկերն առաջարկում են բանկային ծառայությունների մատուցում բոլորովին այլ մակարդակով՝ թվային հեղափոխության տրամաբանությամբ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգտվել նրանց ծառայություններից, կարիք չունի բանկի մասնաճյուղ այցելելու կամ թղթային տարբերակով փաստաթղթեր լրացնելու: Յուրաքանչյուր գործընթաց 100% թվայնացված է, և ամեն ինչ հնարավոր է իրականացնել բանկի կայքում կամ բջջային հավելվածում: Ինչը նշանակում է, որ ֆիզիկական մասնաճյուղի վրա կատարվող ներդրումները ուղղվում են առցանց ծառայությունների, արհեստական բանականության, դրա ռիսկերի գնահատման գործիքների կատարելագործմանը։

Նեոբանկերը հանդես են գալիս մի քանի ձևերով․

  • Բանկային լիցենզիայով նեոբանկեր։ Այս տիպի նեոբանկերը բանկային գործունեություն իրականացնելու թույլտվություն են ձեռք բերում տվյալ երկրի Կենտրոնական բանկից կամ համապատասխան կառույցից։ Դրանց շարքին են դասվում «Ատոմ» բանկը, «Ռեվոլուտը» Մեծ Բրիտանիայում և «N26»-ը Եվրոպայում։ Այս բանկերն առանձնացնում են մեկից երեք հիմնական ծառայություններ, որ կարող են առաջարկել հաճախորդներին և շեշտը դնում դրանց որակի և հարմարության վրա։ Օրինակ, Ռեվոլուտը հիմնականում գործում է կրեդիտ քարտերի թողարկմամբ՝ արտարժույթի փոխանակման հետաքրքիր առաջարկներով[3]:
  •  Լիցենզավորված բանկի հետ համագործակցող նեոբանկեր։ Սա համեմատաբար ավելի հեշտ եղանակ է, և որպես կանոն, նախորդում է բանկային լիցենզիա ստանալուն։ Նմանատիպ ձևով է գործում բրիտանական Մոնիս (Monese) նեոբանկը, որը բանկային լիցենզիայի փոխարեն ունի էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացման լիցենզիա և աշխատում է եվրոպական մի շարք բանկերի հետ, որոնք էլ պահպանում են հաճախորդների դրամական միջոցները՝ այսպիսով բանկերը դարձնելով գործընկերներ՝ մրցակիցների փոխարեն։
  •  Նեոբանկեր՝ ստեղծված ավանդական բանկերի կողմից։ Ավանդական բանկերը, որոնք հետևում են ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարությունների տեմպերին, սկսում են իրենց ծառայությունները մատուցել նեոբանկերի միջոցով: Որպես նոր ապրանքատեսակ Հնդկաստանում գտնվող Կոտակ Մահինդրա բանկը գործարկել է իրենց նեոբանկային ծառայությունները՝ 811 թվային բանկի տեսքով, որը հանդես է գալիս որպես առանձին բանկ[4] :

Ավանդական բանկերի հետ պայքարում նեոբանկերը փորձում են տիրանալ ֆինանսական շուկայի այն հատվածին, որտեղ մյուս բանկերը թերացել են կամ բավականաչափ ուշադրություն չեն դարձրել։ Այսպես, նեոբանկերի կողմից մատուցվող ծառայությունների հիմնական սպառողների շրջանակը՝ թիրախը, կազմում են՝

  • Առաջին հերթին ՓՄՁ-ները[5]։ Այս ձեռնարկությունները մշտապես ունեցել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիր, և նեոբանկերի ՓՄՁ-ակենտրոն ծառայությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել վերջիններիս կողմից։ Այս բանկերը փոքր բիզնեսի համար մատչելի պայմաններով վարկեր են առաջարկում՝ վարկավորման գործընթացի առավել պարզ և արագ մոտեցմամբ՝ ի տարբերություն ավանդական բանկերի
  • Հաճախորդներ, որոնք դեռ չեն սպասարկվում բանկերի կողմից՝ ներառյալ երիտասարդ սերունդը
  • Այլ երկրներում աշխատող միգրանտները
  • Ֆրիլանսերները

Այստեղ կարևոր է նաև նշել, որ նեոբանկերը հատուկ քայլեր են ձեռնարկում ֆինանսական գրագիտության և ֆինանսական ներգրավվածության բարձրացման ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ իրենց թիրախում է նաև երիտասարդ սերունդը (մինչև 18 տարեկան), իսկ որոշ նեոբանկերի համար էլ հիմնական սպառողների շրջանակ է հանդիսանում, վերջիններս բազմաթիվ հոլովակներ, օգտակար նյութեր են տեղադրում իրենց հարթակներում, որպեսզի բարձրացնեն իրենց ծառայություններից օգտվելու արդյունավետությունը։ Սպառողների շրջանակից ելնելով՝ ծառայությունների, դրանց մատուցման ձևի և այլ հատկանիշների շուրջ  վերոնշյալ երկու բանկատեսակները ունեն բազմաթիվ տարբերություններ և նմանություններ, որոնցից են՝

[6] Նեոբանկ Ավանդական բանկ
Կրեդիտ քարտ Կախված տեսակից Այո
Առավելագույն ավանդի չափ Միջին Շատ մեծ
Բանկային լիցենզիա            Կախված տեսակից Այո
Ավանդի երաշխավորում Կախված բանկից Այո
Մասնաճյուղեր Ոչ Այո
Հաճախորդի հետ դեմ առ դեմ շփում Ոչ Այո
Հավելված Այո Կախված բանկից
Առանձնահատկություն Շարժունություն Կայունություն
Թիրախային շուկա ՓՄՁ-ներ, երիտասարդ սերունդ Կառույցներ, խոշոր բիզնեսներ, լայն հասարակություն

Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից, նեոբանկերը մեծապես մատուցում են ավանդական բանկերի կողմից մատուցվող ծառայությունները, որոշ դեպքերում նույնիսկ ավելի մեծ առավելություններով։ Վերջինների տարբերությունները առավել խորությամբ հասկանալու համար կիրականացնենք SWOT վերլուծություն։

Նեոբանկ Ավանդական բանկ
Ուժեղ կողմ -Բարձր արագություն

-Բանկի մասնաճյուղերի ցանցի պահպանման հետ կապված ծախսի բացակայություն

-Ցածր միջնորդավճարներ (որոշ նեոբանկեր չունեն)

-Պարզություն և հարմարավետություն

-Թվային նոր գործիքների առկայություն՝ սեփական ֆինանսները խելամիտ կառավարելու համար

-Բանկոմատների մեծ ցանցից առանց վճարների օգտվելու հնարավորություն` մեծ թվով բանկերի հետ համագործակցության շնորհիվ[7]

-24/7 հասանելիություն՝ առաջատար չատբոտերի միջոցով

-Հաճախորդների հետ բազմակողմանի փոխգործակցություն՝ գրասենյակներում և մասնաճյուղերում, ինչպես նաև թվային գործիքների օգտագործում (էլեկտրոնային փոստ, SMS, հավելված, կայք)

-Հաճախորդների հսկայական բազա (Philippon, 2016)

-Հաճախորդների հետ կառուցված հուսալի հարաբերություններ[8]

-Մատուցվող ծառայությունների բազմազանություն և ընտրության մեծ հնարավորություն

Թույլ կողմ -Հաճախորդների հետ միակողմանի փոխգործակցություն՝

թվային գործիքների օգտագործմամբ

-ՏՏ և առցանց հաճախորդների սպասարկման համար բարձր ծախսեր

-Վստահության ցածր  մակարդակ

-Ծառայությունների նեղ շրջանակ (ավտովարկերի, հիփոթեքային և այլ վարկերի բացակայություն)[9]

 

-Բարձր վարչական ծախսեր

-Գրասենյակներում և մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման համար լրացուցիչ ծախսեր

-Փոփոխություններ կատարելու և որոշումներ հաստատելու երկարատևություն և վարչարարություն (բյուրոկրատիա)

Հնարավորություն -Նոր տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրում

-Առցանց վաճառքի աշխարհագրական ընդլայնում

-Ծառայությունների ընդլայնում՝ նոր հաճախորդների ներգրավմամբ

-Նոր տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրում

-Տարբեր մարզերում լրացուցիչ գրասենյակների բացում՝ ավելի մեծ հասանելիություն ապահովելու համար

Սպառնալիք -Կիբեռ-ռիսկեր

-Շուկայում նոր, մրցակից նորաբանկերի հայտնվելու հեշտությունը՝ ավանդական բանկերի համեմատ

-Ավանդական բանկերից պակաս կանոնակարգված լինելուց բխող սպառնալիքներ[8]

-Նոր հաճախորդների ներգրավման նպատակով ծառայությունների ցածր գնի արդյունքում եկամտաբերության ռիսկ երկարաժամկետում[9]

-Շուկայական դիրքի կորուստ

-Հաճախորդների բազայի նվազեցում

Աղյուսակ 2. Նեոբանկերի և ավանդական բանկերի համեմատական SWOT վերլուծություն

Վերոնշյալ գծապատկերից կարող ենք եզրակացնել, որ երկու կողմերն էլ ունեն բավականաչափ հնարավորություններ շուկայում մրցակցային դիրքն իրենց կողմը գրավելու համար, սակայն նեոբանկերը զարգացման արագությամբ գերազանցում են ավանդական բանկերին և չունեն վերջիններիս խոչընդոտող բյուրոկրատիայի խնդիրը։ Առկա թույլ կողմերը միտում ունեն չեզոքացվելու ժամանակի ընթացքում, ինչը չենք կարող ասել ավանդական բանկերի մասին, որոնք արդեն երկար տարիներ գործում են նույն համակարգում և համեմատաբար ավելի դանդաղ տեմպերով են  իրականացնում փոփոխություններ։ Առավել մտահոգիչ  են առկա ռիսկերը նեոբանկերի տեսանկյունից, քանի որ երկար ժամանակ ցածր եկամտաբերութունը (չնայած հաճախորդների մեծ թվին, նեոբանկերից շատերը պայքարում են բարձր շահութաբերություն կամ ընդհանրապես նորմալ տնտեսական շահույթ ունենալու համար) կարող է մրցակցությունից դուրս մղել վերջիններիս, ինչը մասամբ հնարավոր է կանխել հաճախորդների բազան մեծացնելով և այդպիսով ավանդական բանկերի առկա սպառնալիքները ընդլայնելով: Եկամտի ցածր մակարդակը կարելի է բացատրել տարբեր գործոններով: Առաջին հերթին թվային բանկերն առաջարկում են միայն բանկային ծառայությունների մի ենթահամակարգ, ինչը սահմանափակում է նրանց եկամուտների ներուժը: Այնուհետև, չնայած նրանց, ընդհանուր առմամբ հաճախորդների մեծ բազային, նրանց մեծ մասը հաճախ իր հաշիվները օգտագործում է երկրորդային նշանակության գործարքների համար։

Նեոբանկերի դերը ֆինանսական համակարգում և զարգացման միտումները

Քանի որ նեոբանկերը ֆինանսական շուկան հիմնային փոփոխությունների են ենթարկում, անհրաժեշտ է հասկանալ դրանց ազդեցությունը և զարգացման դինամիկան, ինչն էլ որոշակիորեն ցույց կտա ֆինանսական համակարգի ապագա պատկերը։

Գծապատկեր 1. Նեոբանկերի թիվը ՄԲ-ում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում[12]

Գծապատկեր 1-ից երևում է, որ ամբողջապես թվային բանկերի քանակը տարիների ընթացքում ունեցել է աճման միտում աշխարհի ֆինանսական կենտրոններում (ԱՄՆ, ՄԲ)։ Իսկ ՌԴ-ում գործող նեոբանկերի թիվը թեպետ մնացել է նույնը, սակայն վերջիններս ամրապնդել են իրենց դիրքը շուկայում և ընդլայնել հաճախորդների քանակը։ Հարկավոր է նշել, որ նեոբանկերի ընդհանուր թիվը 6 տարիների ընթացքում աճել է մոտ 18 անգամ՝ 9-ից հասնելով 161-ի[13]։ Մինչդեռ ավանդական բանկերի ընդհանուր թիվն աշխարհում ունի նվազման միտում․ Մեծ Բրիտանիայում վերջին շրջանում փակվել է 96 բանկ[14], ԱՄՆ-ում 2016թ-ի համեմատ ավանդական բանկերի թիվը նվազել է 394-ով[15], իսկ Եվրոպայում 2008թ-ից սկսած փակվել է 1720 բանկ[16]։ Բանկերի թվի կրճատումը ունի մի քանի պատճառներ, որոնցից են դեռևս 1980-ականներին սկսված ֆինանսական ճգնաժամը,  դրա արդյունքում բանկերի միաձուլումները, դրան հաջորդող անկումը[17], ինչպես նաև տեխնոլոգիական զարգացումը, որը, փոխելով հաճախորդի նախասիրությունները և  զարգանալով վարկային և վճարային ծառայություններում[18], դրդում է ավանդական բանկերին կառուցվածքային փոփոխությունների։

Հատկանշական է, որ առաջին նեոբանկերը ստեղծվել են Մեծ Բրիտանիայում։ 2019թ․ Accenture’s Digital Banking Tracker-ից պարզ է դարձել, որ ՄԲ թվային բանկերի հաճախորդների բազան հասել է 20 մլն-ի՝ 2018թ․ 7․7 մլն-ի համեմատ[19], մինչդեռ ավանդական բանկերի հաճախորդների բազան կազմում է 13 մլն։ Նեոբանկերի ավանդների ծավալը յուրաքանչյուր հաճախորդի գծով կազմում է  280 ֆունտ ստերլինգ՝ գերազանցելով ավանդական բանկերի ծավալին։ Վերջիններիս մեկ հաճախորդի հաշվով կատարված ծախսերը (£ 170) 120-ով ավելի են նեոբանկերի կողմից կատարված ծախսերից (£ 50):[20] Այսպես, գրավելով շուկայի մի մասը, նեոբանկերն իրենց ազդեցությունն ունեցան ավանդների և վարկերի տոկոսադրույքների վրա` առաջարկելով իրենց թիրախին առավել հարմար տոկոսներ[21]: Այս գործընթացը սկսվել էր դեռևս 2016թ-ին, երբ նեոբանկերի վարկային ակտիվներն աճել էին 31,5% -ով՝ Մեծ հնգյակի (Barclays, HSBC, Lloyds Bank, Royal Bank of Scotland and Santander) 4,9% անկման հետ՝ համաձայն KPMG-ից ստացված տվյալների[22]։ Նույն ժամանակահատվածում Մեծ հնգյակը ընդլայնել է եռամյա պարտատոմսերի գծով տոկոսադրույքի դիֆերենցիալը (Interest Rate Differential), չնայած բոլոր բանկերն առաջարկում են ավելի ցածր տոկոսադրույքներ 2016 թվականի հունվարին՝ նախորդ երեք տարիների համեմատ: Սա վկայում է այն մասին, որ նեոբանկերն իրենց ազդեցությունն են ունենում նաև ներդրումային շուկայի վրա, քանի որ մեկ վայրում/ հարթակում առաջարկում են և բանկային և ներդրումային պրոդուկտներ՝ հաճախորդի ճանապարհը ավելի հարմար դարձնելով։ Բացի այդ, նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով վերջիններս ջանք չեն խնայում ամենահարմար տոկոսադրույքներով պրոդուկտներ առաջարկելու համար։

Լինելով նեոբանկերի և ընդհանրապես ֆինտեխ նորարարությունների ջատագով, այնուամենայնիվ, պետք է փաստեմ, որ վերջիններս ունեն ապագայում իրենց դիրքը կորցնելու և ավանդական բանկերի հետ պայքարում պարտվելու ռիսկեր, որոնք պետք չէ անտեսել։ Առաջին հերթին շահութաբերության խնդիրն է, որին անդրադարձել ենք նաև վերևում․ որքան ժամանակ կարող են նեոբանկերը սեփական միջոցներով կամ ֆոնդահայթայթմամբ մատուցել ծառայություններ, հատկապես, երբ 2020թ․ համավարակի արդյունքում ավանդների տոկոսադրույքների անկում է գրանցվել [23]։ Արդյոք նրանց շուրջ աճող հետաքրքրությունը կվերածվի վստահության և հաճախորդները ամբողջապես անցում կկատարեն այս բանկերին՝ հրաժեշտ տալով ավանդական բանկերում իրենց հաշիվներին։ Նմանատիպ մի շարք հարցեր կարող են պարզաբանվել միայն ժամանակի ընթացքում, չնայած կանխատեսումները և տվյալների վերլուծությունը (հաշվի առնելով նաև առկա միտումները) դրական բնույթի են։

Արդյունքում եկանք այն եզրահանգման, որ նեոբանկերի հիմնադրման պահից սկսված աճման միտումը ունի շարունակական բնույթ և աննախադեպ առաջընթացը կանգ չի առնելու մոտ ապագայում։ Սակայն, երկարաժամկետում կան բավականին սպառնալիքներ, որոնք կարելի է կանխել ներկայումս քայլեր ձեռնարկելով․ քայլերը պետք է ուղղված լինեն հաճախորդի վստահությունը բարձրացնելուն, և վերջիններիս բազան շահույթի վերածելուն։

Այնուամենայնիվ, անժխտելի է նեոբանկերի ազդեցությունը բանկային համակարգի վրա, քանի որ վերջիններս ակտիվացրել են շուկան, ընդլայնել բնակչության ֆինանսական ներգրավվածությունը, մեծացրել մրցակցությունը և մարտահրավեր նետել ավանդական բանկերին, ինչն էլ հանգեցրել է բանկերի՝ նոր կառուցվածքով և բիզնես մոդելներով հաճախորդներին ներկայանալուն։

Հղումներ

[1] Neobanking 2.0: Global Deep Dive 2020 – Report By MEDICI

https://gomedici.com/neobanking-2-0-global-deep-dive-2020-report-by-medici

[2]  Chappuis Halder (2015). “How can FinTechs and Financial Institutions work together?” Chappuis Halder, Co.

[3]  https://www.revolut.com/en-LT/credit-cards

[4] https://teknospire.com/neo-banking-exclusive-digital-bank/

[5] https://psm7.com/mobilnye-banki/neobanki-i-klassicheskie-banki-bitva-titanov-ili-david-protiv-goliafa.html

[6] https://www.calendata.com/2019/05/ewallet-vs-neobank-vs-digitalbank.html

[7] https://www.fintechfactory.eu/post/disrupting-banking-how-neobanks-are-changing-the-financial-industry

[8] https://repositorio.ucp.pt/bitstream/10400.14/25884/1/Thesis_Sara_Santos_152416071.pdf

[9] https://www.pwc.in/consulting/financial-services/fintech/fintech-insights/neobanks-and-the-next-banking-revolution.html

[10] https://www.thebalance.com/what-is-a-neobank-and-should-you-try-one-4186468#:~:text=Neobanks%20are%20financial%20technology%20firms,sake%20of%20being%20cutting%2Dedge

[11] https://medium.com/datadriveninvestor/neobanking-is-the-future-of-banking-here-469148216d15

[12] Տվյալները ստացվել են https://neobanks.app/ կայքից, ինչպես նաև առանձին նեոբանկերի կայքերից

[13] https://gomedici.com/neobanking-2-0-global-deep-dive-2020-report-by-medici

[14] List of Banks in the United Kingdom, https://thebanks.eu/banks-by-country/United-Kingdom

[15] https://www.statista.com/statistics/184536/number-of-fdic-insured-us-commercial-bank-institutions/?fbclid=IwAR1QeV4TVXQYdRiBJhr_su-4xSHk5VfAVhXwaJC4qbKTQtEcnIvPjaQTC2Q

[16] https://ec.europa.eu/eurostat/cache/digpub/european_economy/bloc-3d.html

[17]https://www.richmondfed.org/~/media/richmondfedorg/publications/research/economic_brief/2015/pdf/eb_15-03.pdf

[18] https://www.stlouisfed.org/on-the-economy/2018/february/why-banks-shuttering-branches

[19] https://www.uktech.news/news/uk-neobanks-near-20-million-customers-but-customer-and-deposit-growth-rates-slow-20200224

[20] https://newsroom.accenture.com/news/uk-digital-only-banks-on-track-to-triple-customers-to-35-million-in-the-next-12-months-finds-new-research-from-accenture.htm

[21] https://www.theadviser.com.au/breaking-news/40134-neobank-makes-second-home-loan-rate-cut

[22]  https://assets.kpmg/content/dam/kpmg/pdf/2016/05/challenger-banking-report-2016.PDF

[23] https://www.forbes.com/sites/madhvimavadiya/2020/05/11/is-covid-19-being-used-a-scapegoat-for-neobanks-recent-sluggish-growth/#27d722121dbe

Գրականություն

  1. Neobanking 2.0: Global Deep Dive 2020 – Report By MEDICI https://gomedici.com/neobanking-2-0-global-deep-dive-2020-report-by-medici
  1. Chappuis Halder (2015). “How can FinTechs and Financial Institutions work together?” Chappuis Halder, Co
  2. Необанки и классические банки: битва титанов или Давид против Голиафа?, Анастасия Шевченко, автор книги «Диджитал Эра», генеральный директор Lugera Ukraine, СЕО Fintech Solutions https://psm7.com/mobilnye-banki/neobanki-i-klassicheskie-banki-bitva-titanov-ili-david-protiv-goliafa.html
  1. Is COVID-19 Being Used As A Scapegoat For Neobanks’ Recent Sluggish Growth? https://www.forbes.com/sites/madhvimavadiya/2020/05/11/is-covid-19-being-used-a-scapegoat-for-neobanks-recent-sluggish-growth/#26e0b4341dbe
  1. A new landscape: Challenger banking report, KPMG, May 2018 https://assets.kpmg/content/dam/kpmg/pdf/2016/05/challenger-banking-report-2016.PDF
  1. Ewallet vs NeoBank vs DigitalBank https://www.calendata.com/2019/05/ewallet-vs-neobank-vs-digitalbank.html
  1. Traditional And Challenger Banks In Uk: Comparison In Terms Of Customer Value, Sara Santos, September 2018, p 6 https://repositorio.ucp.pt/bitstream/10400.14/25884/1/Thesis_Sara_Santos_152416071.pdf
  1. What Is a Neobank? Definition and Examples of a Neobank https://www.thebalance.com/what-is-a-neobank-and-should-you-try-one-4186468#:~:text=Non Banks%20are%20financial%20technology%20firms,sake%20of%20being%20cutting%2Dedge
  1. Neobanks and the next banking revolution, Vivek Belgavi, Partner, Financial Services ” Technology and FinTech Leader, PwC India  https://www.pwc.in/consulting/financial-services/fintech/fintech-insights/neobanks-and-the-next-banking-revolution.html
  1. NeoBanking: Is the future of Banking here? Written By Keshav Bagri, Venture Capital https://medium.com/datadriveninvestor/neobanking-is-the-future-of-banking-here-469148216d15
  1. List of Banks in the United Kingdom https://thebanks.eu/banks-by-country/United-Kingdom
  1. Disrupting Banking: How Neobanks are Changing the Financial Industry, Author: Špela Mihelin https://www.fintechfactory.eu/post/disrupting-banking-how-neobanks-are-changing-the-financial-industry
  1. Number of FDIC-insured commercial banks in the United States from 2002 to 2018 https://www.statista.com/statistics/184536/number-of-fdic-insured-us-commercial-bank-institutions/?fbclid=IwAR1QeV4TVXQYdRiBJhr_su-4xSHk5VfAVhXwaJC4qbKTQtEcnIvPjaQTC2Q
  1. The European economy since the start of the millennium, The statistical office of the European Union https://ec.europa.eu/eurostat/cache/digpub/european_economy/bloc-3d.html
  1. Explaining the Decline in the Number of Banks since the Great Recession By Roisin McCord, Edward Simpson Prescott, and Tim Sablik, Federal Reserve Bank Of Richmond, March 2015, p. 2 https://www.richmondfed.org/~/media/richmondfedorg/publications/research/economic_brief/2015/pdf/eb_15-03.pdf
  1. Why Are Banks Shuttering Branches? February, 2018 https://www.stlouisfed.org/on-the-economy/2018/february/why-banks-shuttering-branches
  1. https://www.uktech.news/news/uk-neobanks-near-20-million-customers-but-customer-and-deposit-growth-rates-slow-20200224
  2. K. Digital-Only Banks on Track to Triple Customers to 35 Million in the Next 12 Months, Finds New Research From Accenture, Petra Shuttlewood, Accenture https://newsroom.accenture.com/news/uk-digital-only-banks-on-track-to-triple-customers-to-35-million-in-the-next-12-months-finds-new-research-from-accenture.htm
  1. Neobank makes second home loan rate cut https://www.theadviser.com.au/breaking-news/40134-neobank-makes-second-home-loan-rate-cut
  1. A new landscape: Challenger banking report, KPMG, May 2018 https://assets.kpmg/content/dam/kpmg/pdf/2016/05/challenger-banking-report-2016.PDF
  1. Neo Banking – An exclusive Digital Bank  https://teknospire.com/neo-banking-exclusive-digital-bank/
  1. What Are Neobanks and What Do They Mean for SMEs? https://www.scottishpacific.com/news-articles/what-are-neobanks-and-what-do-they-mean-for-smes/
  2. https://www.revolut.com/en-LT/credit-cards
  3. Neobanks struggle to turn popularity into profit https://www.consultancy.uk/news/24070/neobanks-struggle-to-turn-popularity-into-profit
  4. The Profitability Challenge for Challenger Banks https://fincog.nl/blog/15/the-profitability-challenge-for-challenger-banks
  1. https://neobanks.app/


Հեղինակ՝ Հերմինե Ֆանյան  (Hermine Fanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: