Կազմակերպություն Հարցազրույց. Լիլիթ Կարապետյան

Հարցազրույց. Լիլիթ Կարապետյան

©Syuzi Melkonyan

Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության աշխատակազմի ղեկավար Լիլիթ Կարապետյանի հետ:

Լիլիթ, ինչպե՞ս եք իմացել «Ինլայթ» հասարակական կազմակերպության մասին և միացել թիմին: Ի սկզբանե ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել «Ինլայթ»-ում: 

«Ինլայթ»-ը (այն ժամանակ դեռ՝ ԵՎՀԿ) բացահայտել եմ շատ պատահական: Իհարկե, հետո պարզվեց, որ ընկերներիցս մի քանիսն արդեն որոշակի գործունեություն էին ծավալում կազմակերպությունում։ ԵՎՀԿ-ին միացել եմ որպես մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետ, բայց դրանով չեմ սահմանափակվել, գրեթե բոլոր բաժիններում փորձել եմ ինձ՝ սոց. մեդիայի պատասխանատու, նախագահի օգնական, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։ Հենց սա էլ կազմակերպության հաջողության գրավականներից մեկն է, որովհետև ինքնատիպ հարթակ է ստեղծում յուրաքանչյուրի կարողությունների ու հմտությունների բացահայտման-զարգացման համար։ 

Ըստ Ձեզ` ո՞րն է աշխատակազմի ղեկավարի գլխավոր առաքելությունը, ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ այս պաշտոնը զբաղեցնելու համար:

Առհասարակ կարծում եմ, որ աշխատակազմը կազմակերպության ողնաշարն է, որը ոչ միայն ապահովում է բաժինների աշխատանքների համակարգումը, այլև ներկայացնում է կազմակերպությունը հանրությանը։ Իսկ աշխատակազմի ղեկավարի առաքելությունն այդ ողնաշարը միշտ ուղիղ ու հավասարակշռված պահելն է։ Ճկունությունն ու հետևողականությունը, արագ կողմնորոշվելու ունակությունն այս գործում հաջողելու առավել անհրաժեշտ հմտություններից են։

Ունե՞ք հստակ աշխատանքային սկզբունքներ, որոնցից չեք շեղվում:

Աշխատանքային սկզբունքներ միանշանակ կան, դրանք ժամանակի ընթացքում դարձել են աշխատելաոճի անբաժան ու կարևոր տարրեր։ Եթե աշխատում ես թիմում, քո ամբողջ գործունեությունը պիտի խարսխված լինի մարդուն արժևորելու ու գնահատելու գաղափարի վրա. հենց սա է ստեղծում առողջ ու անկաշկանդ աշխատանքային մթնոլորտ։ 

Ի՞նչ դեր ունի աշխատակազմի ղեկավարը կազմակերպության ռազմավարական պլանավորման գործընթացում: 

Հաշվի առնելով, որ աշխատակազմը կազմակերպության հիմնական ներկայացուցչական մարմինն է և համակարգում է բոլոր բաժինների աշխատանքները՝ աշխատակազմի ղեկավարը ի պաշտոնե անմիջականորեն տեղեկացված է լինում կազմակերպության թե՛ արտաքին և թե՛ ներքին գործունեության ոլորտում առկա խնդիրներին ու կարիքներին, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ ու թիրախային մասնակցություն ունենալու ռազմավարական պլանի մշակման  գործընթացում։ 

Բավական երկար ժամանակ է` աշխատում եք «Ինլայթ» թիմի հետ. թիմին բնորոշ ինչպիսի՞ հատկություններ կընդգծեք, որոնք, ըստ Ձեզ, ամենակարևորն ու օրինակելի են:

«Ինլայթ»-ի թիմի կարևորագույն հատկանիշներից մեկը համարձակությունն է․ մենք համարձակվում ենք մտածել, արտահայտել մեր տեսակետները, համարձակվում ենք սովորել ու դրա հնարավորությունը տալ նաև մյուսներին ու, ամենակարևորը, համարձակվում ենք մեր բոլոր գաղափարները իրականություն դարձնել։ Այս ամենը իրականացնում ենք արհեստավարժության ու հետևողական աշխատանքի միջոցով՝ գիտակցելով, որ յուրաքանչյուրս մի մեծ գաղափարի կրողն ու դա կյանքի կոչողն ենք։ 

Որպես հասարակական կազմակերպություն` «Ինլայթը»-ը բացառիկ է, քանի որ, անկախ այն փաստից, որ բոլոր աշխատանքները կամավորական սկզբունքով են իրականացվում, թիմը ստեղծում և մատուցում է  բարձրարժեք աշխատանքներ: Այն նաև լավագույն հարթակներից մեկն է` ինքնադրսևորվելու, սովորելու, փորձ ու հմտություններ ձեռք բերելու համար: Ո՞րն է, ըստ Ձեզ, «Ինլայթ»-ի հաջողության բանալին, ինչո՞վ է պայմանավորված այս երևույթը:

Կարծում եմ՝ որդեգրած գաղափարներին, սկզբունքներին ու նպատակներին հետևողական ու հավատարիմ մնալն է պայմանավորում Ինլայթ»-ի հաջողությունը։ 

Ո՞րն է Ձեր լավագույն ձեռքբերումը` որպես «Ինլայթ» թիմի անդամ:

Չնայած այն ահռելի փորձին ու գիտելիքներին, որ ձեռք եմ բերել «Ինլայթ»-ում, ինձ համար թերևս կարևորագույն ձեռքբերումը «Ինլայթ»-ի մարդիկ են, որոնք կիսում են նույն արժեքներն ու գաղափարները, որոնք ունեն հստակ նպատակներ ու վերջիններիս հասնելու համար նախանշված ուղի։ Ինլայթցիներից յուրաքանչյուրն իր գույնն ունի, տարբերվող ու զիլ. դե պատկերացրեք, թե ինչե՜ր են ստեղծվում այդ գույների միախառնումից։ 

Ինչպիսի՞ն եք պատկերացնում «Ինլայթը» հինգ տարի անց: Ունե՞ք ապագայի տեսլական:

Միանշանակ, նորանոր հորիզոններ նվաճած (մեր թիմակիցներից մեկի խոսքերն են ի դեպ)։ Ու ինչպես Թոմաս Էդիսոնն է ժամանակին նշել, «Տեսիլքն առանց գործի պատրանք է»։ Հենց գործն է, որ կյանքի է կոչում ինլայթյան տեսիլքը։

Հարցազրույցը վարեց՝ Աննա Մանուկյանը