Հարցազրույց. Լուսինե Հովհաննիսյան

Interview_Lusine Hovhannisyan
©Syuzi Melkoyan

Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության վերլուծաբան, խորհրդի քարտուղար Լուսինե Հովահաննիսյանի հետ:

Ավելի քան 4 տարի «Ինլայթ»-ի թիմում եք. կմանրամասնե՞ք` ինչպես եք միացել թիմին, ի՞նչ ուղի եք անցել, ինչպե՞ս եք դարձել խորհրդի անդամ: 

2016 թվականին, երբ նոր էի ավարտել դպրոցն ու ընդունվել համալսարան, նամակ ստացա ընկերներիցս մեկից, որն ուղարկել էր Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի նոր ծրագիրը՝ վերլուծաբանների դպրոց: Շատ հետաքրքրեց: Դիմեցի, անցա հարցազրույցի փուլը և 2016 թվականի օգոստոսի 22-28 ժամանակահատվածում անցա դասընթացները, որից հետո առաջարկ ստացանք մնալու և շարունակելու համագործակցել ԵՎՀԿ֊ի հետ, որն էլ հետագայում վերանվանվեց «Ինլայթ»: «Ինլայթի» ու իմ ուղին իրականում բավականին երկար է՝ սկսած վերանվանումից, կառուցվածքային բազմազան փոփոխություններից մինչև մի շարք նախագծեր, նյութեր, վայրիվերումներ: Ասեմ, որ հանդիսացել եմ դեռևս «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ: Այս տարի ևս առաջադրեցի թեկնածությունս և ընտրվեցի, սակայն արդեն՝ խորհրդի քարտուղարի դերում:

Ո՞րն է «Ինլայթ»-ի առանձնահատկությունը, ինչո՞վ է այն տարբերվում մյուս  հասարակական կազմակերպություններից: 

Կարծում եմ՝ այն, որ հասարակական կազմակերպությունը տրամադրում է մի շարք հնարավորություններ, աջակցում է իր անդամներին, կամավորներին, ձգտում է հավաքագրել գաղափարակիցների ու միասին հասնել առաջադրված նպատակներին՝ առաջնորդվելով կազմակերպության սկզբունքներով, թեև դրական լույսի ներքո է բնութագրում կազմակերպությանը, սակայն առանձնահատկություն չէ: «Ինլայթը» խրախուսում է ստեղծարարությունը և համարձակությունը, նետում է մարտահրավերներ, որոնք առաջին հայացքից անկատարելի են: Անգլերեն մի լավ խոսք կա՝ dare greatly: Այ դա է խրախուսում «Ինլայթ»-ը:

Դուք մասնագիտությամբ իրավաբան եք և «Ինլայթ»-ում հանդես եք գալիս նաև որպես վերլուծաբան: Ըստ Ձեզ՝ մասնագիտական ո՞ր թեմաներն են, որոնց հանրային հնչեղություն հաղորդելու կարիք կա: Եվ եթե կան այդպիսիք, ինչպե՞ս եք կազմակերպում կամ իրականացնում դա:

Նախքան պանդեմիան գաղափար կար իրականացնելու հարցազրույցների, բանավեճերի շարք, որոնք կվերաբերեին սահմանադրական փոփոխություններին, ներկայացված և ներկայացվելիք փաթեթներին: Այժմ դեռևս նախապատրաստական փուլում է գտնվում մի ծրագիր, որի նպատակը իրավունքի ճյուղերի և դրանց հիմնական մի քանի ինստիտուտների մասին հանրամատչելի կերպով հանրությանը տեղեկացնելն է: 

Անդրադառնանք Ձեր գործունեությանը խորհրդում. ի՞նչ դեր ունի խորհուրդը կազմակերպության ռազմավարության պլանավորման գործընթացում և առհասարակ կազմակերպության կենսագործունեության մեջ:

Խորհուրդը հասարակական կազմակերպության առանցքային մարմիններից է: Սա կառավարման հենց այն մարմինն է, որը պետք է ձևավորի հասարակական կազմակերպության տեսլականը, մշակի և առանձնացնի հետագա աշխատանքների կարևորագույն ուղղությունները: Ըստ այդմ՝ խորհրդի անդամ լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն կազմակերպությանը անմիջականորեն վերաբերող աշխատանքներ կատարելիս, այլև առհասարակ՝ անգամ առօրյայում և ոչ գործնական միջավայրում: Եվ հենց այդ պատասխանատվության ազդեցության ներքո էլ խորհրդի անդամները շարունակում են կազմակերպության ռազմավարական պլանավորման առանցքը լինել՝ իհարկե, նախագահի և փոխնախագահի հետ մեկտեղ: 

Ի՞նչ խոչընդոտների եք բախվել կամ  բախվում աշխատանքային գործունեության ընթացքում և ինչպե՞ս եք հաղթահարում դրանք:

Մասնագիտական գործունեության մեջ խնդիրներից խուսափելը անհնարին է, անգամ՝ անցանկալի, որովհետև դրանցից յուրաքանչյուրը ինքնատիպ մարտահրավեր է, որը ստուգում է, օրինակ, ինչպես է անձը, մասնագետը դիմակայում ծանրաբեռնված իրավիճակներին, ինչպես է պատասխանատու աշխատանք կատարում: Ասեմ, որ «Ինլայթ»-ին դեռևս առաջին կուրսից անդամակցելը անասելի կերպով քչացրել է խնդիրների քանակությունը, որովհետև հենց նույն ակադեմիական փաստաթղթերի պատրաստման, մշակման և հանձնման գործընթացն ինձ արդեն իսկ ծանոթ էր, նույնն է իրավիճակը նաև բանավեճերի, քննարկումների դեպքում: Այլ կերպ՝ եթե նյութդ «Ինլայթ»-ի վերլուծական ֆորումի նիստին կարողացել է «դիմակայել», ապա էլ ոչնչով նրան չես վախեցնի:

«Ինլայթ»-ում գործում է ներգրավված լինելու երկու հիմնական ձև՝ «Ինլայթ»-ի անդամ և կամավոր: Որո՞նք են այս երկու կարգավիճակների տարբերությունները: Անդամակցության ո՞ր տարբերակի ջատագովն եք Դուք:

Ձեր թույլտվությամբ տարբերություններին կանդրադառնամ ոչ թե փաստաթղթային ձևակերպումներ արտատպելով, այլ բովանդակային տեսանկյունից: Անդամը այն անձն է, ովրը փոխկապակցված է կազմակերպության հետ ավելի սերտ կապերով, կիսում է կազմակերպության սկզբունքները, նպատակները, ջանքեր է գործադրում դրանց իրագործման համար և ունենում է իր ներդրումը կազմակերպության զարգացման գործում, ապա նաև ստանում օգուտներ: Կամավորներն այն անձինք են, որոնք կազմակերպության գործունեության կամայական փուլում կարճատև համագործակցում են կազմակերպության հետ: Թերևս տեղին կլինի քաղաքացիության օրինակը բերելը: Կազմակերպության անդամը կազմակերպության «քաղաքացին» է: Այսինքն՝ կազմակերպության և անդամի միջև կապը ավելի սերտ է, շարունակական, կառուցակարգային: Ես ջատագովն եմ անդամության տարբերակի, որովհետև ինձ համար առանձնակի կարևորություն ունեն հարաբերությունների կայունությունը, տևականությունը և ամրությունը: Իսկ այս ձևաչափի հարաբերության տևականություն, ամրություն և շարունակականություն լավագույնս կարող է արտահայտվել հենց անդամության միջոցով: 

Ի՞նչն է ամենաշատը ոգեշնչում Ձեզ «Ինլայթ»-ում: 

2016 թվականին հիացած, ոգևորված և ոգեշնչված էի «Ինլայթ»-ի անդամ հանդիսացող երիտասարդ արհեստավարժ մասնագետներից: Միտք, ցանկություն ու նպատակ կար անպայման նրանց տարիքում լինել կամ անել առավելագույնը նրանց նման լինելու համար:

Հետո, երբ արդեն դարձա կազմակերպության անդամ, երկար ժամանակ հիացմունքիս օբյեկտը կազմակերպության ներքին կառուցվածքն էր, տարբեր կառավարման մարմինների հարաբերությունները, այդ ամենի համակարգվածությունը, ինչի արդյունքում կազմակերպությունը նմանվում էր կենդանի օրգանիզմի:

Հաջորդ փուլում ուշադրությանս կենտրոնում նախապատրաստվող և ստեղծվող նյութերն էին, նոր նախագծերը, անդամների և կամավորների եռանդը: 

Ինձ բախտ է վիճակվել աշխատել «Ինլայթ»-ի երկու նախագահների՝ Արեգ Քոչինյանի և այժմ՝ Աննա Խաչյանի հետ. մշտապես հիացել եմ նաև նրանց նվիրումով, նրանց հավատով առ իրենց աշխատանքի կարևորություն: Վարակիչ է նրանց ոգևորությունը:

Իհարկե, ամեն ինչին զուգահեռ՝ ոգեշնչման աղբյուր միշտ եղել են ինլայթցիները: 

Հարցազրույցը վարեց՝ Աննա Մանուկյանը