Թուրքիայի՝ ատելությամբ լի նեոօսմանյան արշավը հայերի դեմ

Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը պարզապես վերջինն է Թուրքիայի նախագահ Էրդողանի կայսերական քայլերի շարքում:

Վերջին չորս շաբաթների ընթացքում Ադրբեջանը` ստանալով ՆԱՏՕ-ի անդամ և Եվրամիության թեկնածու Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցությունը, անխտիր հրթիռակոծել է Արցախի հայկական հանրապետության (առավել հայտնի որպես Լեռնային Ղարաբաղ) բնակչությանը:

Արցախի բնակչության 50%-ը ստիպված էր լքել բնակավայրերը, հոկտեմբերի 7-ին ասել է տարածաշրջանի իրավունքների օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը Ֆրանս Պրես գործակալությանը:

Ինչո՞ւ են, ուրեմն, այս երկու ազգերը, որոնց ընդհանուր բնակչությունը 100 միլիոն է, թիրախավորում Արցախն ու Հայաստանը՝ շրջափակված, դեպի ծով ելք չունեցող, ցեղասպանություն վերապրած երկու պետությունները, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 3 միլիոն է: 

Թուրքիայի նախագահությանը կից Հաղորդակցության տնօրինության ղեկավար Ֆահրեթին Ալթունը օգոստոսի 24-ին իր թվիթերյան էջում մի տեսանյութ է հրապարակել, որը նա կոչել է «Կարմիր խնձորի» օրհներգ: Նա գրել է.

Մեզ համար Կարմիր խնձորը նշանակում է հսկայական և ուժեղ Թուրքիա: Այն մեր ազգի սուրբ քայլերթն է, որը պատմություն է կերտել Մանազկերտից մինչև հուլիսի 15: Կարմիր խնձորը հսկայական սոսի է, որը ստվեր է տալիս ճնշվածին թարմացնելու համար: Կարմիր խնձորն այն է, ինչին փափագում էր ամբողջ մարդկությունը՝ Ջիբրալթարից մինչև Հիջազ և Բալկաններից մինչև Ասիա:

Տեսանյութը ներկայացնում է Թուրքական զինված ուժերը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որպես միջնադարյան թյուրքական Սելջուկյան դինաստիայի, ինչպես նաև Օսմանյան կայսրության ժառանգներ, և պատկերում է թուրք նվաճողներին, ովքեր աղոթում են «Սուրբ Սոֆիայի մզկիթում»՝ պատմականորեն Հունական քրիստոնեական տաճար/թանգարանում, որը վերափոխվել է մզկիթի հուլիսի 10-ին:

Տեսանյութը նաև փառաբանում է 11-րդ դարի ընթացքում Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրության մեջ այդ ժամանակ հայկական Մանազկերտ (ներկայիս Մալազգիթ) թուրքական արշավանքը: Թուրքական ռազմական ուժերի ղեկավար Սուլթան Ալփարսլանը, ծագումով Կենտրոնական Ասիայից, գրավել է Մանազկերտը և կոտորել այնտեղի քրիստոնեական բնակչությանը: Տեսանյութը մասամբ ասում է.

Այս ավյունը Սուլթան Ալփարսլանն է, ով հասակ է առել Օսման I-ի կառավարման շրջանում, սուլթանության հիմնադրման ժամանակ, Մանազկերտում: Աշխարհի սուլթանը, որին  ավետեցին Գալիպոլիում նվաճումների և մանուկ հերոսների մասին: Այս նույն ավյունը գալիս է նախահայրերից: Այն վերստին լեգենդներ է գրում: Աշխարհն սպասում է «Բացի Ալլահից այլ աստված չկա» խոսքին: Նպատակակետը Կարմիր խնձորն է, և մենք չենք հուսահատվի: Ինչպես Ալփարսլանը, ով դաստիարակվել է Մանազկերտում, ինչպես մեր նախնիները, ովքեր հաղթանակներով պատմություն են գրել, ինչպես մեր պապերը, ովքեր փակել են մի դար և բացել մյուսը, մեր նպատակը Կարմիր խնձորն է: Առա՜ջ:

Տեսանյութում ներառված է նաև Էրդողանի ասմունքը Սուրա ալ-Ֆաթհի առաջին այաների մասին: Էրդողանն ասում է. «Իսկապես, մենք ձեզ հստակ նվաճում ենք տվել… Թող Ալլահը ձեզ մեծ հաղթանակ պարգևի»: 

Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտը բացատրում է.

Երգի բառերը խառնվում են կրոնական և ազգային պատկերներին և վերաբերում են Kizil Elma-ին (Կարմիր խնձորին), մի գաղափար թուրքական դիցաբանությունից, որը երբեմն օգտագործվում է աշխարհի նկատմամբ տիրապետության հասնելու վերաբերյալ, իսկ այլ ժամանակներում վերաբերել է թուրքական պետության կողմից որոշակի ռազմական նպատակի, սակայն այդ նպատակի իրագործումից հետո ինչ-որ այլ նպատակի է վերածվում «Կարմիր խնձորը»՝  այն դարձնելով հավետ անհասանելի:

Կառավարության՝ տեսանյութի հրապարակումից մեկ ամիս անց Ադրբեջանը՝ Թուրքիայի դաշնակիցը, թիրախավորեց հայկական մեկ այլ տարածք՝ Արցախը՝ պատմականորեն հայկական (բայց դիվանագիտորեն չճանաչված) երկիր Հարավային Կովկասում:

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը սկսել է զանգվածային ռազմական հարձակում Արցախի դեմ՝ թիրախավորելով շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքների խաղաղ բնակչությունը: Սա Ադրբեջանի կողմից ամենամեծ ռազմական հարձակումն է 1991-1994 թվականների պատերազմից հետո՝ նրա և Հայաստանի միջև հրադադար կնքելուց հետո:

Թուրքիայի և Ադրբեջանի բռնի պահանջները Արցախի վերաբերյալ անհիմն են. Արցախը պատմական Հայաստանի նահանգներից մեկն է և դարերի ընթացքում պահպանել է էթնիկ հայ մեծամասնությունը: Այն հիմնականում մնացել է կիսանկախ սուբյեկտ և երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ինչպես նշում է հեղինակ Ռութ Կուպեյանը.

Արցախը (կամ Լեռնային  Ղարաբաղը) պատմական Հայաստանի մի մասն է, որը բնակեցված է հայերով անգամ հռոմեական ժամանակներից առաջ: Դարերի ընթացքում այն հաճախ անցել է արշավանքների և պատերազմների ու կոտորածների միջով: Բայց պեղված, հայտնաբերված և վերականգնված պատմական հուշարձանները, եկեղեցիներն ու ձեռագրերը վկայում են այդ մարդկանց դիմացկունության մասին, ովքեր չնայած բոլոր դիմադրություններին  ու կոնֆլիկտներին, շարունակում էին մշակել և խնամել իրենց հողը:

Արցախն անցավ Ռուսական Կայսրության տիրապետության տակ 1918թ.-ի Գյուլիստանի պայմանագրով: 1920-ականների սկզբներին Սովետական բռնապետ Իոսիֆ Ստալինը կամայականորեն այն միացրեց Սովետական Ադրբեջանին՝ չնայած այն փաստին, որ բնակչության մեծամասնությունը բաղկացած էր էթնիկ հայերից, ովքեր քվեարկեցին Հայաստանի հետ վերամիավորվելու օգտին: Ադրբեջանական հսկողության ներքո Արցախի և Ադրբեջանի հայերը ենթարկվում էին քաղաքական ճնշումների և ֆիզիկական հարձակումների:

Երբ Սովետական միությունը փլուզվեց 1991-ին, Արցախը հռչակեց իր անկախությունը: Ադրբեջանը մերժեց Արցախի ինքնորոշման իրավունքը և արյունալի պատերազմ սկսեց դրա դեմ, որը տևեց մինչև 1994 թվականը և արժեցավ մոտավորապես 30,000 մարդու կյանք:

Քսանվեց տարի անց Արցախը կրկին հարձակման է ենթարկվում Ադրբեջանի, Թուրքիայի և  ջիհադիստ ահաբեկիչների կողմից, որոնք, ինչպես  հաղորդվում էին, վարձվել էին Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքից։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի ռազմական ուժերի 710 անդամներ կորցրել են իրենց կյանքը՝ ըստ հայկական լրատվամիջոցների: Ադրբեջանը չի հայտնում իր ռազմական կորուստների մասին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ասել է. «Հաղորդվում է շփման գծի երկու կողմերում, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական անձանց՝ այդ թվում` երեխաների մահվան և վիրավորումների մասին »:

«Լեռնային Ղարաբաղում հայերը գոյաբանական սպառնալիքի առջև են»,- ասել է հոկտեմբերի 16-ին France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միջազգային հանրությանը հորդորելով ճանաչել տարածքի անկախության իրավունքը: «Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս` շարունակելու հայերի դեմ իրականացվող ցեղասպան քաղաքականությունը»,- ավելացրեց նա:

Փաշինյանը նկատի ուներ 1913-23 թվականներին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված  ցեղասպանությունը քրիստոնեաների նկատմամբ, որի թիրախում էին հայերը, ասորիները և հույները: Օբյեկտիվ պատմաբանները, այդ թվում ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, համաձայն են, որ այս ցեղասպանությունը պատմական փաստ է: Թուրքիան, այնուամենայնիվ, դեռ ագրեսիվորեն ժխտում է կամ արդարացնում այն:

Օրինակ, Անկարայում անցյալ տարվա ապրիլի 24-ին կայացած սիմպոզիումում` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, Էրդողանը դա որակել էր որպես «ողջամիտ վերաբնակեցում»: Նա ավելացրել է. «Հայ բանդաների և նրանց աջակիցների տեղափոխումը, ովքեր կոտորել էին մահմեդական ժողովրդին՝ ներառյալ կանանց և երեխաների Արևելյան Անատոլիայում, ամենախելամիտ գործողությունն էր, որը կարող էր ձեռնարկվել նման ժամանակահատվածում»: Այդ մեջբերումն այնուհետև տեղադրվեց Թուրքիայի նախագահության  թվիթերի պաշտոնական էջում: 

Թուրքիան ոչ միայն ժխտում է ցեղասպանությունը, այլև հաճախ ատելության խոսք է հղում հայերի դեմ: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից տարեկան պատրաստվող զեկույցը ցույց է տալիս, որ հայերը այն խումբն են, որոնք 2019 թվականին առավել հաճախ թիրախ են դառնում թուրքական լրատվամիջոցներում ատելության խոսքին: 

Ադրբեջանում դրությունը հավասարապես տագնապալից է, եթե ոչ ավելի վատ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսման) գրասենյակը 2018-ին մի զեկույց է հրապարակել «Հայատյացությունը Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսք և թշնամանք հայերի նկատմամբ» վերնագրով: Այն փաստագրում էր դեպքեր, երբ Ադրբեջանի պետական պաշտոնյաներն իրենք էին ներգրավված հակահայկական ատելության թեժացման մեջ, հայերի նկատմամբ բռնության կոչեր անելով և նրանց անվանելով «քաղցկեղային ուռուցք», «հիվանդություն» և «մակաբույծներ»` ի թիվս այլ որակումների: Որոշ այլ օրինակներ ներառում են ներքոնշյալները.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. «Եթե դուք չեք ուզում մահանալ, ապա դուրս եկեք Ադրբեջանի հողից: Մենք պետք է մղենք  և կմղենք ավելի ակտիվ պայքար հայերի դեմ: Մենք նրան դուրս ենք թողել միջազգային և տարածաշրջանային բոլոր նախագծերից»:

Էլնուր Ասլանով՝ Քաղաքական վերլուծության և տեղեկատվության վարչության պետ. «Հայաստանը տարածաշրջանում «քաղցկեղային ուռուցք» է դարձել»:

Զիյաֆաթ Ասգարով՝ խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ. «Քանի դեռ այս հիվանդությունը չի բուժվել, դրա բարդությունները հետզհետե ավելի են լրջանում, և դա կվնասի միայն հայերին: Այսպես կոչված ցեղասպանությունը անհիմն է պատմական, իրավական և հոգևոր տեսանկյուններից: Մի խոսքով, հայերն ապրում են այս երևակայությամբ և հիվանդությամբ»:

Հայատյաց հայտարարություններ հաճախ են անում նաև քաղաքական առաջնորդները, գիտնականները և լրագրողները: Մի քանի օրինակ զեկույցից.

Ամրալի Իսմայիլով՝ ադրբեջանցի գիտնական. «Եթե հայը չի ստում, ապա ձեր առջև հայ չէ: Հայերը ստում են, կեղծում, գողանում, դավաճանում: Չնայած դրանք պատրաստված են  նողկալի գործվածքներից՝ աշխարհում դեռ կան շատ անկեղծ, ազնիվ և պարկեշտ մարդիկ, ովքեր հավատում են հայերին, ովքեր հայի մեջ տեսնում են նաև մարդու»:

Ֆարիդ Թեյմուրխանլի՝ ադրբեջանցի լրագրող. «Հայ բառին հատուկ իմաստը պարզ է բոլորին բացի, իհարկե, հայերից: Դա ստորությունն է,  վախկոտությունն է, դավաճանությունն է: Ակնհայտ է, որ Աստված վատ տրամադրություն ուներ նրանց ստեղծելիս, քանի որ  պարգևատրել է նրանց ամենագարշելի որակներով»:

Հաբիլ Ալիև՝ «Գյունդելիք Բաքու»  թերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր. «Ես հայերին իմ հավերժական թշնամիներն եմ համարում: Որտեղ էլ որ տեսնեմ հայերին, ես կկտրեմ նրանց լեզուները և կկոչեմ նրանց այլասերվածներ: Անգամ եթե ինձ մասերի բաժանեն, ես միշտ կատեմ նրանց: Եթե ես նորից պատերազմ գնամ, չեմ խղճա անգամ հայ երեխաներին»:

Ադրբեջանի ազգային-սոցիալիստական շարժման ղեկավար Քեմալ Թուրան. «Հայերը մեր թշնամիներն են: Նրանց հետ խաղաղություն հնարավոր չէ: Հայերը ազգի այն տեսակը չեն, որի հետ հնարավոր է ունենալ խաղաղ բանակցություններ: Նրանք մակաբույծների ազգ են»:

Համաձայն զեկույցի` խնդրի մի մասը կարծես ադրբեջանական կրթական համակարգն է:  Զեկույցում ասվում է. «Հակահայկական այլատյացությունը խորապես ներթափանցված է ադրբեջանական կրթական նյութերի և գրականության մեջ՝ երաշխավորելով, որ հակահայկական տրամադրություններ ներարկվեն և սնեն բնակչությանը վաղ մանկությունից»:

Շատ ադրբեջանցիներ հպարտորեն ցուցադրում են իրենց մարդասպան ձգտումները հայերի հանդեպ անգամ Ադրբեջանից դուրս: Հոկտեմբերի 16-ին ադրբեջանցիները բողոքի ցույց արեցին Վաշինգտոնում՝ նվագելով բարձր երաժշտություն՝ «ջիհադի» կոչ անելով:

Ատելության գաղափարական այս ծրագրավորումը ակնհայտ են շատ ադրբեջանցիների գործուներության մեջ: Շարունակվող պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 16-ին, ադրբեջանցիները գլխատել են հայ զինվորի, հրապարակել նկարը սոցիալական լրատվամիջոցներում և զանգել մահացած զինվորի եղբորը, որպեսզի ծաղրեն նրան: Այս մասին հայտնում  են հայկական լրատվամիջոցները:

Թուրքիան ակտիվորեն ներգրավված է Արցախի դեմ պատերազմում: Թուրքիան և Ադրբեջանն իրենց կապը բնութագրում են որպես «մեկ ազգ, երկու պետություն»: Ադրբեջանը թյուրքական շիա-մահմեդական երկիր է, որն ունի սերտ լեզվական, մշակութային և պատմական կապեր սուննի մահմեդական Թուրքիայի հետ: Հոկտեմբերի 5-ին Էրդողանն ասել է, որ «Թուրքիային հանձնարարված է օգտագործել իր բոլոր միջոցները» Ադրբեջանին աջակցելու նպատակով: Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել է, որ «իր եղբայր» Էրդողանի աջակցությունը «հստակ ուղերձ էր աշխարհին»:

Քաղաքական վերլուծաբան Աքշայ Նարանգը բացատրում է պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության պատճառը.

Ի՞նչ է անում Թուրքիան Ադրբեջանում: Նա հետևում է նույն նեոօսմանյան հավակնություններին, որոնք Երուսաղեմը պահանջելուն չափ հեռու են գնում: Թուրքիայի համար Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտը Կենտրոնական Ասիայի հետ կապող օղակ է: Թուրքիան չունի ուղիղ կապ Կենտրոնական Ասիայի հետ, իսկ միակ խոչընդոտը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններն են: Հետևաբար, Հայաստանի վրա հարձակումը և Լեռնային Ղարաբաղի տարածքը վերահսկողության տակ վերցնելը Էրդողանի երազանքների մի մասն է՝ միավորել թյուրքական աշխարհը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա՝ Անկարայի ղեկավարության ներքո:

Գաղտնի չէ, որ Էրդողանի կառավարությունը նպատակ ունի վերականգնել Օսմանյան կայսրության ինչ-որ վերամարմնացում` Թուրքիայի տարածքի ընդլայնմամբ: Վերջին տարիներին սոցիալական ցանցերում շրջանառվող Թուրքիայի որոշ քարտեզներում  վերականգնված էՕսմանյան կայսրության որոշ սահմաններ:

MEMRI-ն (Middle East Media Research Institute) հաղորդեց, որ օգոստոսի 26-ին իր ելույթի ժամանակ Էրդողանն ասել է,

Մեր քաղաքակրթության մեջ նվաճումը զբաղմունք կամ թալան չէ: Դա հաստատում է արդարության գերակայությունը, որը Ալլահը հրամայել էր [նվաճված] տարածաշրջանում… Թուրքիան կիրացնի իր իրավունքները Միջերկրական ծովում, Էգեյան ծովում և Սև ծովում … Ահա թե ինչու մենք վճռական ենք տրամադրված անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է քաղաքական, տնտեսական կամ ռազմական առումով: Մենք ուզում ենք, որ բոլորը տեսնեն, որ Թուրքիան այլևս այն երկիրը չէ, որի համբերությունը կարելի է փորձել կամ վճռականությունը, կարողություններն ու համարձակությունը փորձարկել: Եթե կա մեկը, ով ուզում է մեր դեմ կանգնել ու վճարել գինը, թող գա:

Էրդողանի հայտարարությունները միայն «ներքին սպառման» համար չեն: Թուրքիայի կառավարությունն ակտիվորեն աշխատում էր իր տարածքն ընդլայնելու ուղղությամբ: Նա խախտում է Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերը՝ փորձելով նավթ և գազ որոնել: Նա Լիբիայում է տեղակայել ռազմական անձնակազմ և սիրիացի մարտիկներ՝ երկիրը տիրելու համար, նույնիսկ երբ Եգիպտոսը և արաբական այլ սուննի պետությունները հետ են մղվում: Թուրքիան արդեն ներխուժել է Սիրիա, ինչը միջազգային հանրությունն անտեսում է: Եվ այժմ այն աջակցում է Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Հայաստանի և Արցախի:

«[Էրդողանը] շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ է հետապնդում»,-հոկտեմբերի 16-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը: «Քանի որ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են նրա ընդլայնողական (էքսպանսիոնիստական) քաղաքականության համար… Եթե այս փաստը [Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումները] պատշաճ կերպով չգնահատվի, Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մոտակայքում»: 

Սա վերաբերում էր 1529 և 1683 թվականներին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի օսմանյան պաշարումներին: Արևմուտքը պետք է ի գիտություն ընդունի:

Ուզայ Բուլութը թուրք լրագրող և քաղաքական վերլուծաբան է, որը նախկինում բնակվում էր Անկարայում: Նրա հոդվածները հարապարակվել են The Washington Times-ում, The American Spectator-ում, The Christian Post-ում և The Jerusalem Post-ում: Նրա աշխատանքը հիմնականում կենտրոնացած է մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության և պատմության, Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների և հակասեմիտիզմի վրա: Հետևեք նրան թվիթերում՝ @bulutuzay_:

 

Բնօրինակի հեղինակ՝ Uzay Bulut, The American Conservative


Թարգմանիչ՝ Մանե Վարդանյան (Mane Vardanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: