Կորոնավիրուսի պանդեմիան ընդմիշտ կփոխի աշխարհի կարգը

Միացյալ Նահանգները պետք է իր քաղաքացիներին հիվանդությունից պաշտպանի՝ սկսելով նոր դարաշրջանի պլանավորման հրատապ աշխատանք:

COVID-19 պանդեմիայի սյուրռեալիստական մթնոլորտը հիշեցրեց իմ երիտասարդ տարիքի զգացումները 84-րդ հետևակային դիվիզիայում՝ Արդենների ռազմագործողության ընթացքում: Հիմա, ինչպես և 1944 թվականի վերջերին, անավարտ սպառնալիքի զգացողություն կա, որն ուղղված չէ որևէ կոնկրետ անձի, այլ հարվածում է պատահականորեն և ավերածություններ պատճառում: Բայց կարևոր տարբերություն կա այդ հեռավոր ժամանակների և այսօրվա միջև: Այն ժամանակ ամերիկյան դիմացկունությունը ամրապնդված էր գերագույն ազգային նպատակով: Հիմա բաժանված երկրին արդյունավետ և հեռատես կառավարություն է անհրաժեշտ աննախադեպ ծավալի և գլոբալ մասշտաբի խոչընդոտները հաղթահարելու համար: Հանրային վստահության պահպանումը կարևոր է հասարակության միասնության, սոցիալական հարաբերությունների և միջազգային խաղաղության ու կայունության համար:

Ազգերը համախմբվում և զարգանում են այն հույսով, որ իրենց ինստիտուտները կարող են կանխատեսել աղետը, կասեցնել դրա ազդեցությունը և վերականգնել կայունությունը: Երբ COVID-19 պանդեմիան ավարտվի, շատ երկրների ինստիտուտներ կընկալվեն որպես ձախողված: Անկախ այն բանից, այս դատողությունը տեղին է, թե ոչ: Իրականությունն այն է, որ աշխարհը կորոնավիրուսից հետո այլևս նույնը չի լինի: Հիմա անցյալի մասին քննարկումները միայն ավելի են բարդացնում անել այն, ինչը պետք է արվի:

Կորոնավիրուսը հարվածել է աննախադեպ մասշտաբով և վայրագությամբ: Այն շատ արագ է տարածվում՝ ԱՄՆ-ում դեպքերը կրկնապատկվում են ամեն 5-րդ օրը: Այս գրվածքում բուժում չկա: Բժշկական պարագաները բավարար չեն դեպքերի ընդլայնվող ալիքները հաղթահարելու համար: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքները ծանրաբեռնվածության եզրին են: Թեստավորումը վարակի աստիճանը պարզելու ոչ բավարար եղանակ է, էլ չենք խոսում դրա տարածմանը հակադարձելու մասին: Հաջող պատվաստանյութը կարող է պատրաստ լինել 12-18 ամիս հետո:

ԱՄՆ վարչակազմը հսկայական աշխատանք է տարել անմիջական աղետից խուսափելու համար: Վերջնական առաջադրանքը կլինի այն, թե արդյոք հնարավոր է կորոնավիրուսի տարածումը կանգնեցնել և հետո փոխել այնպես ու այն աստիճանի, որ պահպանվի ամերիկացիների՝ իրենք իրենց կառավարելու կարողության հանդեպ հանրային վստահությունը: Ճգնաժամային ջանքերը որքան էլ մեծ և անհրաժեշտ լինեն, չպետք է դուրս մղեն հետկորոնավիրուսային կարգի անցման համար զուգահեռ նախաձեռնություն սկսելու հրատապ խնդիրը:

Ղեկավարները պայքարում են ճգնաժամի դեմ հիմնականում ազգային հիմքի վրա, բայց վիրուսի՝ հասարակությունը քայքայող ազդեցությունները սահմաններ չեն ճանաչում: Մինչ, հուսով եմ, մարդու առողջությունը վնասելու ձգտումը կարող է ժամանակավոր լիել․ քաղաքական և տնտեսական ցնցումը, որ այն առաջացրել է, կարող է սերունդներ շարունակվել: Ոչ մի երկիր, անգամ ԱՄՆ-ն, չի կարող հաղթահարել վիրուսը զուտ ազգային ջանքերի միջոցով: Ներկա կարիքների բավարարումը պետք է վերջ ի վերջո ուղեկցվի գլոբալ համագործակցային տեսլականի և ծրագրի համատեղմամբ: Բայց, եթե մենք չենք կարողանում անել դա տանդեմում, ապա կառերեսվենք ամենավատին:

Դասեր քաղելով Մարշալի պլանի և Մանհեթենյան նախագծի զարգացումից՝ ԱՄՆ-ն պետք է մեծ ջանքեր ներդնի երեք բնագավառում: Առաջին՝ ամրապնդել վարակիչ հիվանդությունների նկատմամբ համաշխարհային դիմացկունությունը: Բժշկական գիտության ձեռքբերումները, ինչպիսիք են՝ պոլիոմիեկիտի պատվաստանյութը և բնական ծաղկի վերացումը, կամ արհեստական ինտելեկտի միջոցով բժշկական ախտորոշման աճող վիճակագրական-տեխնիկական հրաշքը, մեր մեջ վտանգավոր ինքնահանգստացում են առաջացնում: Մենք պետք է մշակենք նոր տեխնիկաներ և տեխնոլոգիաներ վարակի վերահսկողության համար, ինչպես նաև՝ համապատասխան պատվաստանյութ բնակչության լայն շերտերի համար: Քաղաքները, նահանգները և շրջանները պետք է հետևողականորեն պատրաստվեն պաշտպանել իրենց ժողովրդին պանդեմիաներից՝ պաշարների կուտակման, համատեղ պլանավորման և գիտության սահմաններում հետազոտության միջոցով:

Երկրորդ՝ փորձել բուժել աշխարհի տնտեսության վերքերը: Աշխարհի լիդերները կարևոր դասեր են քաղել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից: Ներկա տնտեսական ճգնաժամն ավելի բարդ է: Կորոնավիրուսի պատճառած նվազեցումը՝ իր արագությամբ և գլոբալ մասշտաբով պատմության մեջ իր նմանը չունի: Եվ անհրաժեշտ հանրային առողջության միջոցառումները, ինչպիսիք են՝ սոցիալական հեռավորությունը, դպրոցների և ձեռնարկությունների փակումը, խթանում են տնտեսական խնդիրները: Ծրագրերը պետք է նաև փորձեն մեղմացնել աշխարհի ամենախոցելի ժողովուրդների վրա վերահաս քաոսի ազդեցությունները:

Երրորդ՝ պաշտպանել լիբերալ աշխարհակարգի սկզբունքները: Ժամանակակից կառավարության հիմնադիր լեգենդը մի պարսպապատ քաղաք է՝ պաշտպանված հզոր կառավարիչների կողմից՝ երբեմն բռնակալական, երբեմն էլ բարյացկամ, բայց միշտ բավականին ուժեղ՝ ժողովրդին արտաքին թշնամուց պաշտպանելու համար: Լուսավորականները վերափոխեցին այս հասկացությունը՝ պնդելով, որ լեգիտիմ պետության նպատակն է ապահովել ժողովրդի առաջնային կարիքները՝ ապահովություն, կարգ, տնտեսական բարեկեցություն և արդարություն: Պանդեմիան առաջացրել է անախրոնիզմ՝ պարսպապատ քաղաքի վերածնունդը այն դարում, երբ բարգավաճումը կախված է համաշխարհային առևտրից և մարդկանց շարժից:

Աշխարհի ժողովրդավարությունները պետք է պահեն և պաշտպանեն Լուսավորականության արժեքները: Գլոբալ նահանջը՝ իշխանությունն ու լեգիտիմությունը հավասարակշռելուց կտանի հասարակական պայմանագրի լուծարմանը, թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգայնորեն: Սակայն լեգիտիմության և իշխանության այս հազարամյա խնդիրը չի կարող լուծվել COVID-19 աղետը հաղթահարելու ջանքերի հետ միաժամանակ: Զսպվածությունը անհրաժեշտ է բոլոր կողմերում՝ և՛ տեղի քաղաքականության, և՛ միջազգային դիվանագիտության մեջ: Պետք է սահմանել առաջնահերթություններ:

Մենք Արդենների ռազմագործողությունից հետո առաջ ընթացանք դեպի բարգավաճող և մարդկային աճող արժանապատվության աշխարհ: Հիմա մենք ապրում ենք դարակազմիկ ժամանակաշրջանում: Ղեկավարների համար պատմական մարտահրավերն է հաղթահարել ճգնաժամը մինչ ապագա կառուցելը: Ձախողումը կարող է աշխարհը վտանգի տակ դնել:

Պրն. Քիսինջերը Նիքսոնի և Ֆորդի վարչակազմերում աշխատել է որպես Պետական և Ազգային Անվտանգության խորհրդականի քարտուղար: 

Բնօրինակի հեղինակ՝ Henry A. Kissinger

Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: