Գործազրկությունը ՀՀ-ում, նրա աճի և նվազման միտումները

Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Վերլուծական պրակտիկա» ծրագրի շրջանակում:

Գործազրկության տատանումները ՀՀ-ում 2009-2019 թթ․

Գործազրկությունը եղել և մնում է պետության կարևորագույն խնդիրներից մեկը։ Դրա բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում ինչպես հասարակության կյանքի որակի, այնպես էլ պետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Վերջին տարիներին ՀՀ-ում գործազրկության մակարդակն ունի հետևյալ տեսքը[1].

Գծապատկեր 1․ Գործազրկության մակարդակը ՀՀ-ում 2009-2019 թթ․

Ըստ գրաֆիկի՝ վերջին 10 տարիների կտրվածքով գործազրկությունը առավելագույնի է հասնում 2018 թ.՝ 20,4%։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ 2018 թ․ ՀՀ վիճակագրական կոմիտեն վերանայել է աշխատանքի շուկայի վիճակագրության մեթոդաբանությունը: Այսպիսով, եթե գործազրկության մակարդակը 2017 թ․ համար հաշվարկենք նոր մեթոդաբանությամբ, ապա կստանանք 21,8%։ Ուստի ակնհայտ է, որ նոր մեթոդաբանությամբ հաշվարկելիս նախկին տվյալները կունենային ավելի բարձր արժեք։ Հետևաբար գծապատկերից ելնելով՝ նկատենք, որ գործազրկության մակարդակի նվազում գրանցվել է 2015 թվականից ի վեր։ Տվյալ արդյունքի ազդակներ կարող ենք համարել տնտեսության զարգացման բարենպաստ շարժառիթները՝ 2016 թ․ գրանցված շուրջ 2,3% գնանկումը, տնային տնտեսությունների եկամուտների տևական աճը և այլն[2]:

Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա տվյալ տարում գործազրկության մակարդակի շարունակական նվազման համար հատկապես հիմք հանդիսացան նոր իշխանության կողմից իրականացված մի շարք միջոցառումները, որոնց արդյունքում նկատվեց աշխատուժի պահանջարկի ավելացում՝ աշխատատեղերի թվի աճ, զբաղվածության ծրագրերի ընդլայնում, մասնագիտական կողմնորոշում և այլն։ Այսպես՝ 2019 թ․ հունվարի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 7,7%-ով[3]:

Ինչպես նշեցինք, տվյալ արդյունքների նախադրյալներից մեկը պետության վարած քաղաքականությունն էր։ Այստեղ կարող ենք առանձնացնել այն հանգամանքը, որ խիստ վերահսկողություն սահմանվեց փաստացի աշխատող, սակայն հարկային դաշտ չներգրավված անձանց և նրանց գործատուների նկատմամբ։ Այսինքն՝ եթե նախկինում աշխատող անձինք չէին գրանցվում և պահպանում էին գործազուրկի կարգավիճակը, ապա արդեն նման դեպքերում ստվերային յուրաքանչյուր աշխատողի համար վճարվում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանք (նախկինում տուգանքի չափը հաստատուն չէր և կախված էր ստվերային տնտեսությունում ընդգրկված աշխատողների թվից)[4]։ Բացի այդ՝ այսօր ուժեղացված ստուգայցեր են անցկացվում ՀՀ ողջ տարածքում, ուստի գործատուները հիմնականում ձգտում են զերծ մնալ ստվերային աշխատուժ ներգրավելուց։ 

Հաջորդիվ նշենք միկրոձեռնարկատիրական հարկման նոր կարգի ներդրումը։ Վերջինիս շնորհիվ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են այդ մասով առաջացող պետական բոլոր հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից՝ բացառությամբ ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված դեպքերի[5]։ Այսպես՝ միկրոձեռնարկատերերը հնարավորություն են ունենում յուրաքանչյուր աշխատողի համար վճարել մոտ 15-17 հազար դրամով պակաս եկամտային հարկ և սոցվճար, ինչը կարող է մղել ավելի շատ աշխատողներ ներգրավելուն։ Այս փաստը նույնպես մեծ խթան է ինչպես միկրոձեռնարկատիրական համակարգի զարգացման, այնպես էլ գործազրկության մակարդակի նվազման համար։

Հնարավոր չէ միարժեքորեն դրական գնահատել իշխանությունների կողմից իրականացված և իրականացվող քայլերը։ Խնդիրն այն է, որ իրականացված բազում ծրագրերի կողքին դեռևս բաց է մնում երիտասարդների զբավածության խնդիրը։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ հիմնականում գործատուների համար առանցքային պահանջ է աշխատանքային փորձի առկայությունը։ Ուստի ուսանողները և նորավարտ երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել։ Այստեղ մասնավորապես անդրադառնանք կանանց։ Տվյալ վերլուծության նպատակով 250 մարդու շրջանակում իրականացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ 16-30 տարեկան կանանց գերակշիռ մասը՝ մոտ 59,2%-ը, գործազուրկ է։ Հաշվի առնենք, որ նրանց մեծ մասը՝ շուրջ 70%-ը, կրթված է, ուստի այդ չյուրացված ներուժը բացասաբար է անդրադառնում տնտեսական աճի վրա։

Գծապատկեր 2․ 16-30 տարեկան կանանց գործազրկության հիմնական պատճառները

Գծապատկերից երևում է, որ հարցվողների 36,4%-ի համար աշխատանք չունենալու հիմնական պատճառը անհրաժեշտ հմտությունների բացակայությունը կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելն է (ուսանողներ, նորավարտներ, առաջին անգամ աշխատանք փնտրողներ), 19,4%-ի համար՝ սեփական պահանջներին և ունակություններին համապատասխան աշխատանքի բացակայությունը (ընդ որում՝ այս պարագայում պատճառ է հանդիսանում նաև տեղեկատվության անհասանելությունը), 13,2%-ի համար հաստիքների կրճատման կամ կորոնավիրուսի հետևանքով աշխատանքի դադարեցում/կորուստն է, 10,1%-ի համար՝ աշխատանքից հեռացումը սեփական ցանկությամբ (հարցվողների հիմնական զանգվածը նշել է, որ աշխատանքից դուրս է եկել աշխատավարձի քիչ լինելու, մթնոլորտի և կոլեկտիվի, արտասահման մեկնելու պատճառով), 6,9%-ի համար սեզոնային աշխատող լինելու հանգամանքն է, 6,2%-ի համար՝ ընտանեկան հանգամանքները (օր.՝ ամուսինը թույլ չի տալիս, երեխաները փոքր են և այլն), 7,8%-ի համար՝ այլ հանգամանքներ (օրինակ՝ ժամանակավոր գործունեության ավարտ, հիվանդություն, հաշմանդամություն և այլն)։

Չգոհացնող է նաև չպահանջված կամ քիչ պահանջված մասնագիտությունների շրջանավարտների դրությունը։ Վերջիններս աշխատատեղերի պակասության պատճառով չեն կարողանում գտնել աշխատանք, ուստի ունենում ենք դիպլոմավորված գործազուրկներ։ Նմանատիպ վիճակում են նաև կրթական ցածր մակարդակ ունեցողները, որոնք ունեն զբաղվածության ծրագրերով ապահովման կարիք։ Ըստ ՀՀ Զբաղվածության պետական գործակալության տվյալների՝ 2020 թ․ հուլիսին գործազուրկների մեջ շարունակում է մեծ թիվ կազմել միջին մասնագիտական (առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման), նախնական մասնագիտական կրթություն ունեցող (էկոնոմիկայի և ղեկավարման, սպասարկման, թեթև արդյունաբերության) անձանց թվաքանակը[6]:

Աշխատուժի առաջարկն ու պահանջարկը ՀՀ-ում 2018-2020 թթ․

Աշխատանքի շուկայում իրականացող գործընթացները հիմնականում մեկնաբանվում են աշխատուժի առաջարկի և պահանջարկի վերլուծության հիման վրա։ Աշխատուժի առաջարկն իրենից ներկայացնում է աշխատանք փնտրողների, այդ թվում՝ գործազուրկների ամբողջությունը։ Իսկ պահանջարկը երկրի թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվն է։ 

Այժմ դիտարկենք աշխատանք փնտողների և գործազուրկների թվի փոփոխությունները վերջին տարիներին։ Նախ հասկանանք, որ աշխատանք փնտրողներին ամբողջությամբ չենք կարող համարել գործազուրկներ (օրինակ՝ տվյալ մարդը աշխատում է, բայց երկրորդ աշխատանք է փնտրում կամ դուրս է աշխատունակ տարիքի բնակչության կազմից (16-63 տարեկան), բայց փնտրում է աշխատանք կամ ուսանող է, այսինքն՝ համարվում է զբաղված, բայց աշխատանք է փնտրում և այլն)։ Նկատենք, որ եթե 2018 թ․ փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում էր 85,3 հազար մարդ, ապա 2019 թ․ փետրվարի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմում էր 81,9 հազար մարդ։ Փաստորեն 2019 թ․ ունեինք աշխատանք փնտրողների թվի կրճատում[7]։

Գծապատկեր 3․ 2020 թ․ աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը

2020 թ․ աշխատանք փնտրողների թիվը հետզհետե աճում է, իսկ գործազուրկների թիվը՝ նվազում։ Աշխատանք փնտրողների թվի աճը կարող ենք բացատրել նոր կորոնավիրուսային հիվանդության պատճառով հայտարարված արտակարգ դրությամբ, ինչի արդյունքում բազում ոլորտներում դադարեցվեց մի շարք աշխատողների գործունեությունը։ Իսկ գործազուրկների թվի հետզհետե կրճատումը՝ այն էլ համաճարակի պայմաններում, կարող ենք համարել բավականին դրական ցուցանիշ։ Այսինքն՝ ստացվում է, որ իրականացված ծրագրերը, մարդկանց շահադրդումը (մոտիվացիան) և խրախուսումը ամեն դեպքում ունենում են դրական ազդեցություն։

Այսօր էլ կիրառվում են մի շարք գործիքներ՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով։ Դրանցից կարող ենք առանձնացնել վերջերս ուժի մեջ մտած ընտանեկան նպաստ ստանալու նոր կարգը՝ պայմանական նպաստը[8]։ Դրա նպատակն է աջակցել նպաստառու ընտանիքին՝ վերջինիս թույլ տալով աշխատանքի ընդունվելու դեպքում 6 ամիս շարունակ պահպանել նպաստ ստանալու իրավունքը։ Տվյալ որոշումն ունի մի շարք առավելություններ։ Օրինակ՝ եթե նախկինում անհատը ընտանեկան նպաստի և դրանից որոշ չափով բարձր աշխատավարձի միջև նախընտրում էր նպաստը, ապա այսօր նա գերադասում է մի քանի ամիս շարունակ ստանալ և՛ աշխատավարձը, և՛ նպաստը, այնուհետև աշխատանքին հարմարվելուց հետո շարունակել աշխատել։ Սա ևս լավ միջոց է զբաղվածությունը խթանելու համար։ Սակայն նշենք, որ ստեղծված ճգնաժամային պայմաններում դրամական միջոցների սահմանափակ լինելու պատճառով տվյալ կարգը որոշակի ժամանակով դադարել է գործել։

Այժմ դիտարկելով ՀՀ մարզերում նկատվող փոփոխությունները՝ կտեսնենք, որ գործազրկության մակարդակը շարունակում է ավելանալ։ 2019 թ․ տվյալներով գործազրկության ամենաբարձր մակարդակը դիտվում է Տավուշում՝ 26,9%, այնուհետև Վայոց ձորում՝ 21,6%, Կոտայքում՝ 20,3%, Լոռիում՝ 19,8%, Շիրակում՝ 17,8% և այլն։ Երևանում այս ցուցանիշը կազմում է 22,7%[9] (բայց հաշվի առնենք, որ Երևանի բնակչությունը օրինակ Տավուշի բնակչությունից շուրջ 966,8 հազարով ավելի է[10])։ Ուստի պետք է ապակենտրոնացնել աշխատանքները, չկենտրոնանալ Երևանում, աշխատատեղեր ստեղծել մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, իսկ այս առումով պետք է բնակեցնել հատկապես սահմանամերձ բնակավայրերը, ակտիվացնել շարժը այնտեղ։ Տվյալ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունք է վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ընդունված նախագիծը, ըստ որի՝ սահմանամերձ բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղված ուսուցիչներին կտրվի բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի սահմանաչափի՝ 13,000-33,000 դրամ և աշխատավարձի հավելում` 30%-ի չափով[11]։

Հայաստանում աշխատուժի առաջարկի համար դեռևս լուրջ խնդիր է նաև արտագաղթը, երբ աշխատանքային տարիքի բնակչության զգալի մասը ժամանակավորապես գտնվում է արտերկրում։ Տվյալ պարագայում ունենում ենք աշխատանքային ռեսուրսների կորուստ։ Ընդ որում, եթե աշխատողն արտագաղթում է ողջ ընտանիքով, ապա տեղի է ունենում մարդկային կապիտալի բազմապատիկ կորուստ: Այն ոչ միայն հանգեցնում է սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, այլև՝ մշակութային, ազգային ինքնության և անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների: Ընդհանուր առմամբ դրա հիմնական դրդապատճառներն են տեղում աշխատանքի բացակայությունը, ցածր աշխատավարձը, մասնագիտությամբ աշխատատեղերի բացակայությունը և այլն։ Թեև նշենք, որ 2016 թ․ ի վեր նկատվում է արտագաղթի նվազում[12]:

Գծապատկեր 4․ Աշխատուժի պահանջարկը 2018-2020 թթ․հունվար-նոյեմբերին

Այժմ եթե դիտարկենք աշխատուժի պահանջարկը, կնկատենք, որ 2018 թ․ հունիսին՝ մայիսի համեմատ, գրանցվում է աշխատատեղերի թվի կտրուկ աճ` շուրջ 23,6%-ով։ Ինչպես տեսնում ենք գրաֆիկից, այս ցուցանիշը հիմնականում աճում է 2019 թվականին՝ ընդունելով առավելագույն արժեքներ։ Սակայն 2020 թ․ ապրիլից նկատվում է ցուցանիշի անկում, ինչը պայմանավորված է երկրում համաճարակի բռնկումով։ Որքան էլ ցածր են 2020 թ․ առաջին կիսամյակի տվյալները, այնուամենայնիվ նկատենք, որ 2018 թ․ նույն ժամանակի համեմատ դրանք ավելի հուսադրող են։ 

Աշխատուժի պահանջարկի համար, սակայն, մտահոգիչ է ներդրումների պակասության հետ կապված բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու հանգամանքը, քանի որ մենաշնորհների, օլիգարխների առկայությունը երկրում չի նպաստում գործարար միջավայրի բարելավմանը, ազատ մրցակցության ծավալմանը, որի արդյունքում էլ շատ գործարարներ իրենց բիզնեսը ծավալում են այլ երկրներում:

Տնտեսական ակտիվության փոփոխությունը
Գծապատկեր 5․ Բնակչության տնտեսական ակտիվությունը․ I եռամսյակ

Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվությանը, ապա համեմատելով 2018-2020 թթ․ առաջին եռամսյակների ցուցանիշները՝ առաջին հայացքից կտեսնենք, որ բոլոր չորս ցուցանիշների դեպքում եղել են աննշան տատանումներ։ Սակայն եթե այս տվյալները դիտարկենք ավելի հանգամանալից, կունենանք հետևյալը․ եթե 2019 թ․ տվյալները աստիճանաբար կարգավորվում են 2018 թ․ համեմատ, այսինքն՝ հիմնականում շարժվում են դեպի կայունացում, ապա 2020 թ․ ունենում ենք ամբողջությամբ հակառակ պատկերը։ Զբաղվածության մակարդակը 2020 թ․ նվազում է արտակարգ դրության պատճառով, քանի որ շատերը դադարեցնում են իրենց աշխատանքային գործունեությունը, կորցնում են աշխատանքը կամ անցնում են հարկադրված պարապուրդի՝ հենց առաջին եռամսյակից՝ սկսած մարտից։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիական զարգացվածության որոշակի մակարդակի շնորհիվ բնակչության մեծ մասը կարողանում է պահպանել աշխատանքը՝ շարունակելով աշխատել առցանց եղանակով։ Այլ հավասար պայմաններում, այսինքն՝ եթե չստեղծվեր համաճարակային իրավիճակ, 2020 թ․ զբաղվածների թիվը կլիներ ավելի բարձր՝ 2019 թ․ համեմատությամբ, քանի որ ըստ վիճակագրական տվյալների՝ փետրվարին՝ մինչև համաճարակը, աշխատանքի տեղավորվածների թիվը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել էր 1,9 ամգամ[13]։ 

Այսինքն՝ եթե 2020 թ․ հունվար և փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ աճում էր համապատասխանաբար 9,3 և 9,2 %֊ով, ապա մարտից այն սկսեց նվազել և գրանցել մտահոգիչ արդյունքներ։ Իրավիճակը սկսեց վերականգնվել հունիսից՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ նվազելով 7.5 %֊ով, այնինչ ապրիլին գրանցվել էր 16,3%֊անոց անկում[14]։

Բացի այդ՝ նկատենք, որ գործազրկության մակարդակի կայունացման համար կարևոր նախադրյալներից է նաև միջին աշխատավարձի չափը։ 2020 թ․ առաջին եռամսյակում ամսական միջին աշխատավարձը կազմում էր 190138 դրամ, որը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,2%-ով[15]։ Տվյալ դեպքում ամսական միջին աշխատավարձի «թռիչքային» աճը կարող ենք կապել 2019 թ․ նոյեմբերին ընդունված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագծի հետ, ինչի արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամից բարձրացավ 68000 դրամ[16]։ Այսպիսով, 2020 թ․ տնտեսական բարենպաստ մեկնարկը ընդհատվեց COVID-19-ի պատճառով։ 

Կատարված ուսումնասիրությունից կարող ենք եզրակացնել, որ ՀՀ-ում պահպանվում է աշխատանքային ներուժի արդյունավետ օգտագործման խնդիրը, թեև վերջին մի քանի տարիներին նկատվում է գործազրկության մակարդակի նվազում։ Դեռևս բաց է մնում երիտասարդների, կանանց և կրթական ցածր մակարդակ ունեցողների զբաղվածության հարցը։ Ուստի հարկավոր է մեղմացնել աշխատանքի անցնելու պայմանները երիտասարդների համար, հաճախակի կազմակերպել աշխատանքի տոնավաճառներ՝ տեղեկատվության հասանելիությունը ապահովելու համար։ Որոշակի մասնագիտությունների գծով, որոնց պահանջարկը չունի աշխատաշուկան, բուհերում կատարել տեղերի սահմանափակումներ և ավելացնել այն մասնագիտությունների տեղերը, որոնց պահանջարկն ապագայում ավելանալու է, բացի այդ՝ կազմակերպել ուսուցումներ, դասընթացներ գործազուրկներին անհրաժեշտ հմտություններով և ունակություններով ապահովելու համար։ Նոր աշխատատեղեր ստեղծել մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, մշակել և իրականացնել առանձին շրջանների հատուկ նպատակային ծրագրեր` հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները, բացի այդ՝ աշխատանքային ծրագրերի միջոցով բնակեցնել սահմանամերձ բնակավայրերը։ Արտագաղթը շարունակում է ավելանալ, ուստի պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել ինչպես գործատուների, նրանց բիզնեսի զարգացման, այնպես էլ վարձու աշխատողների համար։ Բիզնեսի զարգացման համար հարկավոր է նաև ստեղծել ազատ մրցակցային պայմաններ և վարել հարկաբյուջետային օժանդակող քաղաքականություն։ Կորոնավիրուսի պատճառով մի շարք ոլորտներում աշխատանքի դադարեցման պատճառով գործազրկության մակարդակի անկում գրանցվեց (թեպետ շատերը աշխատում էին տնից՝ առցանց հարթակում), սակայն այսօր արդեն աստիճանաբար վերադառնում ենք նախկին ապրելաձևին։ Նկատենք, որ շատերը շարունակում են աշխատել առցանց։ Այս հանգամանքը կնպաստի մարդկանց մեջ այլ մտածողության ձևավորմանը, աշխատելու այլընտրանքային մեթոդների կիրառմանը։

Գրականություն

  1. ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայք՝ https://www.armstat.am/
  2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք՝ http://www.mlsa.am/
  3. Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայք՝ http://employment.am/
  4. ՀՀ Հարկային օրենսգիրք՝ https://www.e-draft.am/files/project_file/2/15482525349881.docx
  5. Հայաստանի կառավարության կայք՝ https://www.gov.am/am/
  6. Հայաստանի տնտեսության ամենամսյա տեսություն՝ http://pubdocs.worldbank.org/en/600071597658139504/ARM-MEU-August-2020-arm.pdf?cid=ECA_FB_Armenia_ARM_EXT
  7. 2014-2025 թթ․ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր՝ https://www.gov.am/files/docs/1322.pdf
  8. Տնտեսական վիճակը Հայաստանում, Հնարավորություններն ու մարտահրավերները 2017 թ. ՝ http://library.fes.de/pdf-files/bueros/georgien/13247.pdf
  9. Իրազեկման թերթիկ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար՝ https://www.petekamutner.am/Shared/Documents/Publications/th_irazekum_kazm_adz.pdf


Հեղինակ՝ Միլանա Հուսիկյան (Milana Husikyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: