Ինլայթ համալսարան EnlightTalks Բանախոսությունների շարք «Ֆինանսական կառավարման հիմունքներ» թեմայով

Բանախոսությունների շարք «Ֆինանսական կառավարման հիմունքներ» թեմայով

#EnlightTalks բանախոսությունների շարք՝ «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում:

Վելուծական պրակտիկայի շրջանակներում հուլիսի 13-ից 27-ը կայացավ «Ինլայթ»-ի վերլուծաբան, մասնագիտությամբ տնտեսագետ Նելլի Զաքարյանի բանախոսությունների շարքը՝ «Ֆինանսական կառավարման հիմունքներ» թեմայի շուրջ։

Առաջին դասը սկսվեց մի փոքր քննարկման, հարց ու պատասխանի ֆորմատով, որի ընթացքում բանախոսը մանրամասն կերպով անդրադարձ կատարեց հաշվետվությունների տեսակներին և դրանց բովանդակությանը: Մասնավորապես՝ ֆինանսական վիճակի մասին հաշվետվությանը (Հաշվապահական հաշվեկշիռ), համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությանը, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետությանը, դրամական միջոցների մասին հաշվետվությանը, որի շրջանակում մասնակիցները ստացան գիտելիքներ զուտ դրամական հոսքերի և ազատ դրամական հոսքերի մասին: 

Արդյունքում յուրաքանչյուր հաշվետվությունում քայլ առ քայլ անդրադարձ կատարվեց հաշվետվության հոդվածներին և պատկերացում կազմվեց հաշվետվությունների կառուցվածքի մասին: Այնուհետև անցում կատարվեց ֆինանսական գործակիցներին՝ իրացվելիության գործակիցներ, ակտիվների կառավարման գործակիցներ, պասիվներ/պարտքի կառավարման գործակիցներ, շահութաբերության գործակիցներ, շուկայական արժեքի գործակիցներ: Այս ցուցանիշների միջոցով կարող ենք գնահատել կազմակերպության ֆինանսական դրությունը: Ֆինանսական հաշվետվություններից և գործակիցների հաշվարկից հետո անցում կատարվեց նյութի գործնական հատվածին, որի շրջանակում խնդիրների շնորհիվ տեսական հատվածը գործնականի միջոցով դարձավ էլ ավելի մատչելի:

Երկրորդ դասընթացի ընթացքում բանախոսը մանրամասն ներկայացրեց փողի ժամանակային արժեքը, որը ֆինանսական որոշումների կայացման հիմքում կարևոր նշանակություն ունի: Փողի ժամանակային արժեք ասելով պետք է հասկանանք դրամական հոսքերի ներկա և ապագա արժեքները: Նյութը առավել պատկերավոր ներկայացնելու համար բանախոսը դասընթացը իրականացրեց գործնական ֆորմատով, որի շնորհիվ մասնակիցները պատկերացում կազմեցին փողի ապագա և ներկա արժեքի, անուիտետի, վարկի մարման ժամանակացույցի մասին և իրականացրին հաշվարկներ Excel-ի և ֆինանսական հաշվիչի միջոցով:

Երրորդ բանախոսության ընթացքում շարունակվեց քննարկումը փողի ժամանակային արժեքի մասին և բանախոսի կողմից անդրադարձ կատարվեց մասնակիցների հարցերին և ամփոփվեց թեման: Այնուհետև անդրադարձ կատարվեց մի նոր ցուցանիշի՝ կապիտալի արժեքին (WACC), որը ապագային միտված ցուցանիշ է: Այնուհետև բանախոսի կողմից հերթականությամբ գործնական օրինակների և հաշվարկների միջոցով ներկայացվեցին նաև մնացած ցուցանիշները, որոնց մեջ ներառվում էին հետևյալները՝ հարկումից հետո պարտքի արժեքը, արտոնյալ բաժնետոմսերի արժեքը, հասարակ բաժնետոմսի արժեքը, կապիտալի կշռված արժեքի հաշվարկը: 

Վերջին դասընթացի թեման կապիտալի բյուջետավորումն էր, որի ընթացքում մասնակիցները առնչվեցին այնպիսի տերմինների հետ, ինչպիսիք են՝ զուտ ներկա արժեքը (NPV), ներքին եկամտաբերությունը (IRR), ձևափոխված ներքին եկամտաբերությունը (MIRR), շահութաբերության գործակիցը (PI), ծախսածածկման ժամանակահատվածը: 

Սրանք ցուցանիշներ են, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու կազմակերպության ներդրումային հնարավորությունները և որոշելու, թե որ ներդրումային նախագիծն է ավելի եկամտաբեր, արժե արդյոք ներդրում կատարել տվյալ նախագծում, թե ոչ, որքան է մեր նորդրումներից ստացվող եկամտաբերությունը և այլն: Միևնույն ժամանակ նշվեց, որ, որքան բարձր է եկամտաբերության մակարդակը, այնքան դա մեզ թույլ է տալիս ծածկել մեր WACC-ն, որը դիտարկվում է որպես ծախս և դա նշանակում է, որ մեր ներդրումներից ստացվող եկամտաբերությունը պետք է առնվազն հավասար կամ ավելի բարձր լինի WACC-ից: Այնուհետև բանախոսը պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին և ամփոփեց հանդիպումը:

Պատրաստեց՝ Մարիաննա Մանվելյանը


Նելլի Զաքարյանի հեղինակած վերլուծություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: