Վերլուծական պրակտիկա #1

Վերլուծական պրակտիկա #1
Ամփոփագիր

2020 թվականի հունիսի 1-ին մեկնարկեց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված վերլուծական պրակտիկան։ Վերլուծական պրակտիկան համակարգվում էր կազմակերպության Վերլուծական ֆորումի կողմից՝ աշխատանքների կազմակերպման հեռավար և հեռահար եղանակներով:

Նպատակը

Պրակտիկայի նպատակն էր մասնակիցների մոտ զարգացնել՝ 

  • վերլուծական կարողություններ ու հմտություններ,
  • քննադատական մտածողություն, 
  • մեդիագրագիտություն,
  • տեղեկատվական աղբյուրների հետ աշխատելու հմտություններ, 
  • վերլուծական աշխատանքներ գրելու ունակություններ։ 

Մասնակիցների ընտրությունը

Մասնակիցների ընտրությունն իրականացվել է երկու փուլով: Նախ մասնակցության համար դիմորդներից պահանջվում էր ներկայացնել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և էսսե՝ նախօրոք տրամադրված թեմաներից որևէ մեկի շուրջ, ապա այս փուլը հաղթահարած դիմորդները հնարավորություն էին ստանում անցնել հաջորդ՝ հարցազրույցի փուլ։ 

Ընդհանուր առմամբ, մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 20 դիմորդներից ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարեցին 12-ը։ 

Բուն պրակտիկայի ընթացքը

Պրակտիկայի արդյունավետությունն ապահովելու նպատակով այն իրականացվել է մի քանի փուլով։

Ներածական փուլ | Հունիս 1-7

Պրակտիկայի ներածական փուլում՝ հունիս ամսվա առաջին շաբաթը, մասնակիցները ծանոթացել են կազմակերպության գործունեությանը, պրակտիկայի ընթացքին և կատարվելիք աշխատանքներին, ստացել են անհրաժեշտ գործիքակազմն ու աշխատանքային փաթեթները:

Առաջին փուլ | Հունիս 8-20 

Այս փուլում մասնակիցների առջև խնդիր էր դրվել, ուսումնասիրել հայալեզու և օտարալեզու մասնագիտական նյութեր, հոդվածներ, վերլուծություններ և իրականացնել քննարկումներ վերջիններիս շուրջ։ Այս ամենը միտված էր զարգացնելու մասնակիցների մոտ քննադատական մտածողությունը և տեքստեր վերլուծելու կարողությունը։

Երկրորդ փուլ | Հունիս 21-հուլիս 25

Պրակտիկայի երկրորդ փուլի ընթացքում մասնակիցներին հանձնարարված է եղել մասնագիտական նյութերի թարգմանություն և խմբագրում։ Այս փուլում մասնակիցները իրականացրել են իրենց ցանկությամբ ընտրված մասնագիտական նյութերի հայերեն թարգմանություն և խմբագրում։ Թարգմանության համար յուրաքանչյուր մասնակցի հանձնարարված է եղել իր հետաքրքրությունների շրջանակներում ընտրել երկուական նյութ  և իրականացնել մյուս մասնակիցների կողմից արդեն իսկ թարգմանված նյութերի խմբագրում։ Այս փուլի նպատակն էր զարգացնել մասնակիցների մասնագիտական օտարալեզու նյութերի և աղբյուրների հետ աշխատելու ունակությունները, ծանոթացնել մասնագիտական նյութերի տերմինաբանության թարգմանության նրբություններին և զարգացնել խմբագրական կարողությունները։

Երրորդ փուլ | Հուլիս 26 -օգոստոս 30

Երրորդ փուլում նախատեսվում էր անհատական վերլուծական նախագծերի պատրաստում և ներկայացում, և բաղկացած էր երեք մասից։ 

Առաջին մասը ենթադրում էր անհատական վերլուծությունների նախագծում, թեմայի ընտրություն և ծանոթություն մենթորների հետ։ Յուրաքանչյուր պրակտիկանտի՝ ելնելով վերջինիս անհատական վերլուծության թեմայի շրջանակից, կցվել է համապատասխան մենթոր՝ Ինլայթի վերլուծաբաններից, ովքեր ուղղորդել և աջակցել են մասնակիցներին նրանց վերլուծական նյութերի պատրաստման ողջ ընթացքում։ 

Երկրորդ մասը, որը ներառում է օգոստոս ամսվա երրորդ և  չորրորդ շաբաթները, նվիրված է եղել անհատական վերլուծությունների ներկայացմանը և քննարկմանը։ Վերլուծությունների ներկայացումը և քննարկումը տեղի է ունեցել Ինլայթի վերլուծական ֆորումի նիստի շրջանակներում՝ Ինլայթի վերլուծաբանների մասնակցությամբ։ Քննարկումների արդյունքում նյութերը վերադարձվել են պրակտիկանտներին դիտարկումների և նկատառումների համաձայն՝ համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով։ 

Երրորդ մասում ընտրվել են լավագույն աշխատանքները, նշանակվել են խմբագիրներ, և մեկնարկվել են նյութերի խմբագրման և «Ինլայթ»-ի կայքէջում հրապարակման աշխատանքները:

#EnlightTalks բանախոսությունների շարք 

Վերլուծական պրակտիկայի շրջանակներում՝ հունիսի 24-ից օգոստոսի 15-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել են նաև բանախոսություններ #EnlightTalks նախագծի շրջանակում: Ինլայթի վերլուծաբանները հանդես եկան տարբեր թեմաների շուրջ բանախոսություններով, որոնք միտված էին ոչ միայն նոր գիտելիքների և փորձի փոխանցմանը, այլև տարբեր առաջադրանքների միջոցով վերլուծական որոշակի հմտությունների զարգացմանը։ 

«Ինլայթ»-ի բանախոսներ Հակոբ Հակոբյանը և Նելլի Զաքարյանը տնտեսագիտական ուղղվածություն ունեցող մասնակիցների համար հանդես եկան բանախոսությունների շարքով՝ նվիրված քանակական վերլուծությանը և ֆինանսական գրագիտությանը։ 


Բանախոսությունների արդյունավետությունը գնահատվել է մասնակիցներին ուղարկված հետադարձ կապի ձևաթղթերի միջոցով։

Արդյունքում՝ 12 մասնակցից 9-ը հաջողությամբ ավարտեցին վերլուծական պրակտիկան։

Պրակտիկայի ամբողջ ընթացքը համակարգվել է «Ինլայթ»-ի վերլուծաբաններ՝ Հակոբ Հակոբյանի, Անահիտ Կարապետյանի, Տաթև Ղազարյանի և  «Ինլայթ»-ի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Կարապետյանի կողմից։


Անահիտ Կարապետյան

«Ինլայթ»-ի կողմից կազմակերպված եռամսյա վերլուծական պրակտիկան եղավ այս ամառվա ուղեկիցս: [….]

Պրակտիկան եղավ կրթելուց մի քանի անգամ ավելի կրթվելու փուլ: Պրակտիկանտներին բացահայտելու հետ մեկտեղ նորովի բացահայտեցի նաև ինլայթյան լավ ընկերներին: Ինքս ինձ համար հստակեցրի, որ «Ինլայթ»-ն ունի կրթական նման ծրագրերի իրականացման մեծ պոտենցիալ ու պարզապես իրավունք չունի չապահովել նման նախագծերի շարունակականությունը:


Տաթև Ղազարյան

 

Պրակտիկան մեծ փորձառություն էր նաև ինձ համար։ [….]

Վստահ եմ, որ պրակտիկայի բոլոր մասնակիցների համար ամռան երեք ամիսները «Ինլայթ»-ի շնորհիվ դարձան էլ ավելի հագեցած և անմոռանալի։


Լիլիթ Կարապետյան

 

Պրակտիկայի հաջողումը գլխավորապես և առավելապես «Ինլայթ»-ի Խորհրդի անդամ, վերլուծաբան Հակոբ Հակոբյանի ջանքերի ու նվիրվածության շնորհիվ էր: Հակոբը հերոսաբար զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ: Այս ծրագիրը Հակոբի հիշատակի լույսերից մեկը կլինի:


«Ինլայթ»-ի վերլուծաբանների թիմին միանալու համար անցեք հղմամբ: 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here