Հարցազրույց. Գայանե Այդինյան

Հարցազրույց «Այբ» դպրոցի աշակերտ, «Ինլայթ»-ի կամավորական ծրագրի շրջանակում գործադիրի օգնական Գայանե Այդինյանի հետ:

Գայանե, ինչպե՞ս եք իմացել կազմակերպության մասին:

Կազմակերպության մասին իմացել եմ դեռևս 3-4 տարի առաջ, երբ «Ինլայթ»-ը հայտնի էր ԵՎՀԿ անունով։ Սոցիալական ցանցերում բավականին տարածված էջ էր, ու ընկերներիցս շատերը հետևում էին, այդ պատճառով ինձ նույնպես հետաքրքրեց։ Եվ երբ էջը լավ ուսումնասիրեցի, հասկացա, որ սա այն է, ինչ ինձ պետք է. մի հարթակ` երիտասարդության համախմբման, ստեղծագործելու, քննադատական և վերլուծական հմտությունները զարգացնելու համար նախատեսված։

Երբ առաջին անգամ լսեցիք «Ինլայթի» մասին, ի՞նչ տպավորություններ ունեիք: Երեք բառով նկարագրեք «Ինլայթի» մասին Ձեր սկզբնական և այժմյան կարծիքը: 

Սկզբնական կարծիքս կարող եմ արտահայտել հետևյալ բառերով՝ հավես, թույն ու դրայվով լի։ Իսկ հիմա կասեմ, որ «Ինլայթ»-ը ինֆորմատիվ է, ջերմ ու մոդեռն։

Ո՞րն է «Ինլայթ»-ի առանձնահատկությունը, ինչո՞վ է այն տարբերվում մյուս  հասարակական կազմակերպություններից: 

Շատ հասարակական կազմակերպությունների հետ եմ համագործակցել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ «Ինլայթ»-ը սեր է թե՛ մարդկանցով, թե՛ աշխատանքի կազմակերպվածությամբ, թե՛ ծրագրերի բազմաբովանդակությամբ։ 

Ի՞նչ է տվել Ձեզ «Ինլայթ»-ը, և ի՞նչ եք Դուք տվել կազմակերպությանը:

«Ինլայթ»-ը ինձ տվել է ինքնավստահություն, տեխնիկական նոր հմտություններ ու նորարար մտածողություն, որի շնորհիվ արդեն մի քանի ամիս է՝ աշխատում եմ «սաTurn» նախաձեռնությունում, որի համահիմնադիրներից եմ։ 

Կարծում եմ, որ ես «Ինլայթ»-ին տվել եմ իմ հավակնոտությունից և խանդավառությունից մի մաս։)

Մի քանի ամիս «Ինլայթ» թիմի հետ աշխատելուց հետո թիմին բնորոշ ինչպիսի՞ հատկություններ կարող եք ընդգծել, որոնք, ըստ Ձեզ, ամենակարևորն ու օրինակելի են:

Մեծագույն հաճույք եմ ստացել «Ինլայթ» թիմի հետ աշխատելիս՝ Լիլիթ Կարապետյանի գլխավորությամբ։ «Ինլայթ»-ում առաջին աշխատանքային շաբաթից հետո մենք այլևս աշխատակիցներ չէինք․ ընկերներ էինք, որոնք օգնում էին միմյանց ցանկացած հարցով՝ թե՛ «Ինլայթ»-ի հետ կապված, թե՛ «Ինլայթ»-ից դուրս։ Ամբողջ թիմի կազմակերպվածությունը, աշխատասիրությունն ու պատրաստակամությունը մինչև անգամ այսօր էլ զարմացնում ու հպարտանալու տեղիք է տալիս։

Որո՞նք են ամենակարևոր հմտությունները, որոնք ձեռք եք բերել և օգտագործում եք այս պաշտոնում: Ինչի՞ն եք առաջնահերթություն տալիս աշխատանքի մեջ:

Ըստ իս՝ ես սովորել եմ ժամանակս ավելի ճիշտ կառավարել, համագործակցել, արագ արձագանքել և տալ ու ստանալ կառուցողական հետադարձ կապ։ Գործադիրի օգնականի աշխատանքի մեջ առաջնահերթություն կտամ փոխադարձ վստահությանն ու պատասխանատու վերաբերմունքին։

Ի՞նչն է ամենաշատը ոգեշնչում Ձեզ «Ինլայթ»-ում: 

«Ինլայթ»-ում ինձ ամենաշատը ոգեշնչել ու ոգեշնչում է համայնքի գաղափարը, որը ձևավորվել է յուրքանչյուր անհատի նվիրվածության և կազմակերպության համապատասխան արժեհամակարգ ձևավորելու շնորհիվ։ 

Ինչպիսի՞ն եք պատկերացնում «Ինլայթ»-ը մի քանի տարի անց: Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել այն տարիներ հետո:

Ա՜խ… գունավոր ու լուսավետ։ Մի քիչ սպասեք ու տեսեք, թե էս թույն կազմակերպությունն ինչեր է անելու․․․


Հարցազրույցը վարեց՝ Աննա Մանուկյանը