Վերլուծական ֆորում Հասարակություն Ռ.Էնտոնի. Արդյունավետ հաղորդակցման հմտություններ

Ռ.Էնտոնի. Արդյունավետ հաղորդակցման հմտություններ

Ներկայացնում ենք մի հատված իր «Բացարձակ ինքնավստահության գլխավոր գաղտնիքները» (Роберт Энтони, Главные секреты абсолютной уверенности в себе) գրքից։

Ռոբերտ Էնտոնին հայտնի հասարակական գործիչ է, դասախոս, պրոֆեսոր, Կոլումբիայի քոլեջի և Հարվարդի համալսարանի պատվավոր ակադեմիկոս, հոգեբանության մասին  տասնյակ գրքերի հեղինակ, որոնք հրատարակվել են 22 երկրներում: Դրանցից շատերը բեսթսելլեր են: 

Ռ. Էնտոնին ոչ մեկ տասնյակ է նվիրել մտածողության գաղտնիքների բացահայտմանը։ Իր գրքերում և սեմինարների ժամանակ նա պատմում է՝ ինչպես սովորել Տիեզերքի բնականոն օրենքների հետ ապրել ներդաշնակ և, օգտագործելով դրանք, դեպի քեզ ուղղել այն, ինչ ցանկանում ես։

Ինչպե՞ս հասնել բացարձակ ինքնավստահության։ Նրանք, ովքեր խորհուրդ են տալիս ձեզ զարգացնել կամքի ուժը, ճիշտ են, բայց նրանք այդքան էլ հեռու չեն գնացել նպատակին հասնելու ճանապարհից։ Այնուամենայնիվ, հաջողակ լինելու հաստատակամությունը և ավելի արդյունավետ, ստեղծագործ կյանք վարելը դեռ բավարար չէ, քանզի դրանք չեն արտացոլում բուն խնդիրը, որը սխալ ընկալման արդյունք է հանդիսանում։ Երբ ճիշտ գնահատենք իրերի դասավորությունը և մեր շրջապատը  ներկայացնենք իրական գույներով,  մենք կկարողանանք փոխել մեզ։ Միայն փոխվելով՝ մենք կարող ենք ձեռք բերել հարյուրտոկոսանոց ինքնավստահություն։

Ինչպե՞ս սովորել արդյունավետ հաղորդակցվել։

Առա՛ջ ընթացեք դրական հաղորդակցման շնորհիվ

Խորհրդատվական գուրծունեությանս ընթացքում բազմիցս լսել եմ այսպիսի բառեր․ «Մենք ուղղակի չենք կարող ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ»։ Քանի որ մարդիկ մեծ հաշվով հաղորդակցումը կապում են գրավոր և բանավոր խոսքի հետ, նրանց հաճախ թվում է, որ չեն կարող ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ։ Բայց ամեն ինչ բոլորովին այլ է։

Մենք անընդհատ շփվում ենք: Հաղորդակցման գործընթացն իրականանում է ոչ վերբալ հաղորդակցման միջոցով՝ դիմախաղի, ժեստերի, շարժուձևի և նույնիսկ՝ լռության։ Հաղորդակցվելու ունակությունն արտահայտվում է ոչ միայն խոսելու, այլև  չխոսելու մեջ։

Արևելյան մշակույթի մարդիկ սովոր չեն զարգացնել ոչ վերբալ հաղորդակցումը, չնայած որոշ մշակույթներում դրան տրվում է առաջնային նշանակություն։ Ճապոնացիները դրա համար ունեն հատուկ բառ՝ harrigay: Այն բաղկացած է երկու արմատից՝ harra (նշանակում է «ստամոքս») և gay («արվեստ»): Այսինքն, harrigay-ը այլ մարդու ներաշխարհ ներթափանցելու և նրան   հասկանալ փորձելու մշակույթն է՝ բանավոր խոսքի մինիմալ օգտագործմամբ։

Մարդը պատասխանատու է ոչ միայն իր ասածի, այլև նրա համար, թե ինչ է դիմացինը հասկանում  նրա ժեստերից, շարժուձևից, դեմքի արտահայտությունից և այլն։ Բոլոր խնդիրները՝ ընտանեկան, գործնական,  միջանձնային թյուրըմբռնումը և նույնիսկ պատերազմներն արմատներով հասնում են ուրիշի տեսակետը հասկանալու մեր անկարողությանը։ Նախ և առաջ խոստովանենք այն փաստը, որ մենք ի զորու չենք փոխել այլ մարդկանց, փոխարենն ի վիճակի ենք փոխել մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ։

Բիզնես ոլորտում շատ խնդիրներ, իրականում,  ոչ թե բիզնեսի, այլ մարդկային հաղորդակցման ճգնաժամում են։ Մարդիկ ուղղակի չեն կարող պատշաճ  կազմակերպել հաղորդակցումը։ Գործնականում բոլոր ուսումնասիրություններն ապացուցում են, որ աշխատակիցները լավ ղեկավար են համարում նրան, ով կարող է արդյունավետ հաղորդակցվել։

Մեզանից յուրաքանչյուրն իր տեսակի ղեկավար է։ Դուք ղեկավարում եք բիզնեսը, ընտանիքը, աշխատանքը, կրթությունը կամ ընկերությունը։ Այս բնագավառներից յուրաքանչյուրում հաջողությունը պահանջում է դրական հաղորդակցում։

Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք

Հաղորդակցման մեջ լսելու ունակությունից ավելի կարևոր ոչինչ չկա։ Լսելու կարողությունն, անկասկած, վկայում  է նաև ձեր խոհեմությունը։

Մեզ՝ բոլորիս, թվում է, թե այն մարդը, ով լավ և ուշադիր լսող է, պետք է  լավ ընկեր լինի: Մեր ժամանակներում լսելու կարողությունը վերածվել է մոռացված մշակույթի։ Ուշադրություն դարձրեք, որ զրույցի ընթացքում մարդկանց մեծամասնությունը հազիվ է կարողանում սպասել դադարի, որպեսզի արտահայտվի։ Նրանք չեն լսում ձեզ՝ զբաղված լինելով այն մտքերի կրկնությամբ,  որոնք պատրաստվում են ասել։

Լսելու կարողությունը ոչ միայն որակյալ հաղորդակցման ամենակարևոր բնութագրերից է, այլև ամենաանտեսվածը։ Մենք մեր կյանքի էական մասը վատնել ենք, որ սովորենք կարդալ, գրել և խոսել, բայց ոչ մի րոպե նեղություն չենք տվել մեզ՝ լսել սովորելու փորձերով։  Մեզանից շատերը փափագում են խոսել և եթե չեն գտնում հիացած լսողների, սաստիկ  վշտանում են։

Աշխարհն անասելիորեն կարիք ունի լավ լսողների։ Բայց լսել կարողանալ, չի նշանակում ուղղակի լռություն պահպանել։

Մարդիկ հիմնականում ոչ թե շփվում են, այլ ուղղակի հերթով խոսում։ Շատերն էլ ընդհանրապես չէին լսի, եթե ստիպված չլինեին։  Եվ հենց այդտեղ էլ թաքնված է լուրջ խնդիրը։ Մարդկանցից քչերն են պատրաստ և անկեղծ, որ ուզում են լսել ուրիշներին կամ կատարելագործել իրենց լսելու կարողությունը։

Լավ լսող դառնալու համար դուք պետք է ցանկանաք դա։  Յուրաքանչյուր մարդու, ում  դուք հանդիպում եք ողջ օրվա ընթացքում, թույլ տվեք զգալ, որ նա կարևոր է, իսկ նրա բառերը մեծ նշանակություն ունեն ձեզ համար։

Եթե դուք սովորեք լսել, ապա կտեսնեք, թե որքան հետաքրքիր են շրջապատի մարդիկ։ Մարդիկ, ում նախկինում ուշադրություն չէիք դարձնում կամ ձանձրալի և անհետաքրքիր էիք համարում, զարմանալիորեն հաճելի զրուցակիցներ և արտասովոր անհատականություններ են։ Իրականում, չկան անհետաքրքիր մարդիկ, կան անտարբեր լսողներ։

Մենք մեզանով ավելի ենք հետաքրքրվում, քան ուրիշ որևէ  մեկով

Դա մարդու խառնվածքային բնույթի պարզ արձանագրում է։ Մենք զգացմունքներ ունենք, հույզեր և անհանգստություններ։ Որպեսզի հասնենք որակյալ և դրական հաղորդակցման, մենք պետք է հետաքրքրվենք այլ մարդկանցով։

Ամենակարևորն անկեղծություն ցուցաբերելն է։ Հիշեք՝ հաղորդակցումը երկկողմանի գործընթաց է։ Մեկը պետք է խոսի, իսկ մյուսը՝ լսի: Դուք չեք կարող ստիպել մարդկանց լսել ձեզ, մինչև առաջինը չգրավեք նրանց ուշադրությունը։ Իսկ նրանց ուշադրությունը դուք ձեռք կբերեք միայն այն ժամանակ, երբ սկսեք խոսել այն մասին, ինչը հետաքրքրում է նրանց։

Ի՞նչն է ամենաշատը հետաքրքրում մարդկանց։ Իհարկե, հենց իրենք։ Նրանք սիրում են քննարկել, թե ինչ են արել, ինչ են պատրաստվում անել, որտեղ են եղել և ինչ է պատահել նրանց հետ:

Իրենց մասին խոսակցություններից հետո մարդիկ աշխարհում ամենաշատը սիրում  են արտահայտել իրենց կարծիքը։

Ըստ հետաքրքրության աստիճանի՝ հաջորդ քննարկման թեման շրջապատող մարդիկ են։ Դրանից մենք իրական հաճույք ենք ստանում։

Հետո, ըստ ցուցակի, գալիս են իրերը։ Մարդիկ պատրաստ են քննարկել ամեն ինչ։ Եվ այստեղ դուք ունեք հնարավորություն՝ հանդես գալ լավ լսողի դերում և  իմանալ շատ օգտակար տեղեկություն։

Եվ ամենավերջինը՝ ինչի մասին ուզում են խոսել մարդիկ՝ ԴՈՒՔ եք։ Նրանք չեն ցանկանում լսել ձեր հիվանդությունների, խնդիրների, կյանքի նկատմամբ բացասական հայացքների մասին։

Հետևեք, որ խոսակցության կենտրոնում լինի այլ մարդ։ Սպասեք, մինչև ինքը հարցնի ձեր մասին։

 Շարունակե՛ք միայն դրական խոսակցությունները

Եթե ձեզ լավ չեք զգում,  աշխատեք չբողոքել։ Անվերջ բողոքելով՝ դուք փորձում եք ձեզ վրա ուշադրություն բևեռել և կարեկցանք առաջացնել։

Խոսեք այն մասին, ինչը ոգևորում է ուրիշներին։ Նրանց հասկացրեք՝ ինչպես եք դուք  վայելում կյանքը և սպասեք պատասխան արձագանքին։

Բոլորը ցանկանում են շփվել այն մարդկանց հետ, որոնց առանձնացնում է դրական և երջանիկ հայացքը կյանքի նկատմամբ,  քանի որ նրանց վերաբերմունքը վարակիչ է։

Խոսե՛ք պարզ

Դուք ուղղակի չեք կարող շփվել մարդկանց հետ, մինչև չսովորեք գործածել հասարակ լեզու։ Եթե ձեր  բառերը չի կարող հասկանալ երեխան, դուք հաստատ շփման խնդիր ունեք։ Դա ձեզ կարող է անհեթեթ թվալ, բայց դա այդպես է։ Եթե ինչ-որ մեկը ձեզ չի հասկանում, դա, ընդհանրապես, չի վկայում, որ նա հիմար է: Ամենայն հավանականությամբ, այդ դուք չեք կարողացել հստակ կամ հասարակ կերպով արտահայտել ձեր տեսակետը։

Հասկացածը հաստատելու լավագույն միջոցներից մեկը հետադարձ կապն է։ Այն կարող եք ապահովել հարցերի օգնությամբ՝ «Ես հասկանալի՞ եմ արտահայտվում», «Դուք համաձա՞յն եք»։ Մտքերի փոխանակման նման ձևաչափը թույլ է տալիս հաստատել երկկողմանի հաղորդակցում։

Ուրիշներին հասկացրե՛ք, որ դուք տպավորված եք իրենցով

Թույլ տվեք մարդկանց զգալ սեփական  կարևորությունը՝ ցույց տալով, որ իրենց խոսքերը ձեզ վրա լավ կամ դրական տպավորություն են գործել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է նրանց շրջապատել առավելագույն ուշադրությամբ։ Որքան քիչ եք խոսում ձեր մասին, այդքան ձեր զրուցակիցը զգում է իր կարևորությունը։ Պահե՛ք ձեզ այնպես, ասես նրանց աշխատանքը կամ սոցիալական կյանքը երբևիցե ձեր լսածներից ամենահետաքրքրաշարժը և հուզիչն են: Մարդկանցից շատերին չի հաջողվում կառուցել արդյունավետ հաղորդակցում, որովհետև նրանք փորձում են զարմացնել զրուցակցին՝ սեփական մտքերն արտահայտելու փոխարեն։ Նրանք ամեն գնով փորձում են ցույց տալ դիմացինին, թե ինչքան խելացի են իրենք։

Եթե դուք խոսեք մարդկանց հետ նրանց նպատակներից, հետաքրքրություններից, գաղափարներից, փորձից կամ ձգտումներից, այդ դեպքում իսկույն կգրավեք նրանց ուշադրությունը և առանց դժվարության կկարողանաք այն պահել։

Մի՛ մոռացեք անկեղծ հավանության մասին

Արտահայտելով անկեղծ հավանություն՝ դուք, ըստ էության, ցույց եք տալիս մարդկանց՝ ինչպես սիրել ինքդ քեզ։ Եթե դուք մատնանշեք նրանց դրական հատկություններից որևէ մեկը՝ մեծամասնության աչքից վրիպող, այդ ամենով կուժեղացնեք տպավորությունը։

Արտաքինի վերաբերյալ հաճոյախոսություն անելու համար հատուկ երևակայություն պետք չէ։ Չնայած, օրինակ, ստեղծագործ մարդը փնտրում է նվազ տեսանելի հատկանիշներ։

Եթե դուք գիտեք, թե ինչն է բարձրացնում ձեր սեփական վստահությունը և հաճույք է պատճառում, ապա հեշտությամբ կհասկանաք՝ ինչպես օգնեք բարձրացնել ձեզ շրջապատողների ինքնավստահությունը։

Սպասե՛ք, մինչև կխոսեն ձեր մասին

Այն բանից հետո, երբ մնացածը կխոսեն իրենց մասին, վերջում կխոսեն ձեր մասին։ Այստեղ չի խանգարի մի քիչ համբերությունը։ Մի նմանվեք մի դերասանուհու, որի հետ ես ծանոթացել եմ Հոլիվուդում։ Նա երկար ծավալվեց՝ իր կինոկարիերայի մասին պատմելով և հետո հանկարծ բացականչեց․«Դե, բավական է իմ մասին խոսեմ։ Ի՞նչ կարծիք ունեք իմ վերջին ֆիլմի մասին»։

Արարքները խոսում են բառերից բարձր

Ինչո՞ւ ես դու այդքան բարձր խոսում:
Ես քեզ ընդհանրապես չեմ լսում։
(c) Ռալֆ Ուալդո Էմերսոն

Մարդիկ դատում են ձեր մասին արարքներով։ Փոքրիկ հաճոյախոսություններն ուղղակի ձևական ժեստեր չեն. դրանք զգայունության և ուշադրության արտահայտումներ են, որոնք առանց խոսքի ասում են․ «Ես կարծում եմ, որ դուք կարևոր եք»։ Շատ կարևոր է հասկանալ, որ մարդկանց հետաքրքիր չէ լսել կյանքի մասին մեր փիլիսոփայությունը։ Նրանց ավելի հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են մեր համոզմունքները և փիլիսոփայությունը գտնում իրենց կիրառումը կյանքում։

Եթե մարդիկ տեսնում են, որ դուք երջանիկ, առողջ, հաջողակ, էներգիայով  լի եք, նրանք սկսում են հետաքրքրվել՝ ինչ եք դուք դրա համար անում։

Եղե՛ք ճշտապահ

Ճշտապահությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան դուք կարծում եք։ Ուշացումները ոչ միայն վկայում են ձեր անպատասխանատվության մասին, այլև խոսում են այն մասին, որ մարդը, ում հետ հանդիպում է նշանակված, ձեզ չի հետաքրքրում։ Դուք, ըստ էության, հստակ հասկացնում եք, որ նա ձեզ համար այնքան կարևոր չէ, որպեսզի դուք ձգտեիք ժամանակին գալ հանդիպման։

Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկին սպասեցնում եք, զանգեք նրան, բացատրեք ուշացման պատճառները և հայտնեք՝ երբ կկարողանաք հանդիպման վայրում լինել։ Ձեզ կհարգեն ուշադիր լինելու համար: Չկա ավելի նյարդայնացնող և տհաճ երևույթ, քան սպասել ուշացող մարդուն։

Մտապահե՛ք անունները

Շատերը կհամաձայնեն, որ ամենահաճելի և քնքուշ ձայնը մեր անվան կանչն է։ Մարդկանց անուններն անհատականության խորհրդանիշ են, որովհետև, եթե մենք հիշում ենք դրանք, ապա ընդմիշտ նվաճում ենք մարդու հարգանքն ու ընկերությունը։

Որպեսզի հիշեք անունը, սկզբում համոզվեք, որ այն ճիշտ եք լսել։ Դրանից հետո պատկերացրեք մարդուն հետաքրքիր, հիշվող կերպարում՝ միաժամանակ մտքում մի քանի անգամ կրկնելով նրա անունը։ Եթե հիշեք մարդուն, ապա նրա անունն ամուր կտպավորվի ձեր հիշողության մեջ։

Անուններ հիշելը պետք է կանգնած լինի ձեր ինքնակատարելագործման  առաջնահերթությունների ցուցակի առաջին շարքերում։ Դա ոչ միայն թույլ կտա զրուցակցին զգալ սեփական կարևորությունը, այլև կբարձրացնի ձեր ինքնավստահությունը և ինքնագնահատականը։

ՀԳ Կախված այս գրքում նկարագրված կանոնների կիրառումից՝ ձեր մեջ ձևավորվելու եք ՆՈՐ ԴՈՒՔ։

Իհարկե, ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, բայց այն  կդառնա ձեր կյանքի ամենահուզիչ արկածը։ Եթե դուք նվիրեք ձեզ բացարձակ ինքնավստահության  կազմավորմանը, ապա երբեք  առաջվանը չեք լինի։


Հեղինակ՝ Ռոզա Միրզոյան (Roza Mirzoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։