Բանախոսություն «Ինչպե՞ս է ազգերի ձևավորումը ազդել թարգմանական ռազմավարությունների ձևավորման վրա» թեմայով

Փետրվարի 20-ին, 17:00-ին տեղի ունեցավ «Ինլայթ»-ի վերլուծաբան, թարգմանիչների բաժնի գլխավոր խմբագիր Հեղինե Ալեքսանյանի «Ազգը. ինչպես է ազգերի ձևավորումը ազդել թարգմանական ռազմավարությունների ձևավորման վրա՝ Գերմանիայի օրինակով» թեմայով բանախոսությունը, որի ընթացքում նա անդրադարձավ թարգմանության գերմանական դպրոցին և մասնավորապես Ֆրիդրիխ Շլայերմախերին՝ ներկայացնելով նրա հայտնի դասախոսությունը: 

Հեղինեն նախ համառոտ ներկայացրեց 18-19-րդ դարի գերմանացի աստվածաբան և փիլիսոփա, գերմանական ռոմանտիզմի ներկայացուցիչ Ֆրիդրիխ Շլայերմախերին: 1813 թվականի հունիսի 24-ին Գիտությունների թագավորական ակադեմիայում «Թարգմանության տարբեր մեթոդների մասին» նրա դասախոսությունը շրջադարձային նշանակություն է ունեցել պրուսական ազգայնական շարժման համար՝ թարգմանությունը դարձնելով դրա առանցքային բաղադրիչը: Դասախոսության մեջ նա նախ անդրադառանում է թարգմանության բնույթին՝ այն ներկայացնելով որպես մարդկանց հատուկ ամենօրյա ու ամենժամյա գործընթաց և նշում, որ թարգմանություններ տեղի են ունենում ոչ միայն տարբեր լեզուների միջև, այլև միևնույն լեզվի ներսում, օրինակ՝ տարբեր բարբառների, սոցիալական և/կամ կրթական դասերի միջև:

Շլայերմախերը առանձնացնում է թարգմանությունը մեկնումից: Այդպիսով նա տարանջատում է գրավոր թարգմանությունը բանավոր թարգմանությունից, իսկ դրանց կիրառության ոլորտների առնչությամբ նշում է, որ մեկնումն ավելի շատ հատուկ է բիզնես աշխարհին, իսկ թարգմանությունը՝ ուսումնագիտության ու արվեստի ոլորտներին: Այնուհետև Շլայերմախերը անդրադառնում է ըմբռնման հարցին: Ըստ նրա՝ միայն նա կարող է իր հայրենակիցների ու ժամանակակիցների առջև բացել արվեստի ու ուսումնագիտության գլուխգործացների ըմբռնումը, ով ձեռք է բերել ըմբռնման արվեստը՝ լեզվի առավելագույն ջանասեր վերաբերմունքի, ազգի ողջ պատմական կյանքի ճշգրիտ իմացության ու անհատական ստեղծագործությունների և դրանց հեղինակների առավել խիստ մեկնաբանման միջոցով: Նա նաև խոսում է թարգմանության երկու եղանակների մասին՝ վերաձևակերպում և ընդօրինակում: Առաջինը իրենից ենթադրում է ազատ թարգմանություն, և կարևորվում է բովանդակությունը ընթերցողին տեղ հասցնելը, մինչդեռ երկրորդ դեպքում պահպանվում են լեզվական բոլոր տարբերությունները և բնօրինակի էֆեկտը: Շլայերմախերն առաջարկում է այս մեթոդների ընտրությունը կատարել ըստ ոլորտների. վերաձևակերպումն առավել նպատակահարմար է կիրառել ուսումնագիտության ոլորտում, իսկ ընդօրինակումն ավելի արդյունավետ է արվեստի ոլորտում:

Շլայերմախերը սահմանում է նաև, թե ով է իր պատկերացմամբ իրական թարգմանիչը և ինչպիսին է այդ թարգմանչի ընտրությունը: Ըստ նրա՝ իրական թարգմանիչը նա է, ով իսկապես ցանկանում է մոտեցնել 2 տարբեր անձանց՝ իր հեղինակին ու ընթերցողին, և աջակցել վերջինիս առավելագույն ճշգրիտ ու ամբողջական ըմբռնում և հաճույք ատանալու հարցում՝ առանց նրան ստիպելու դուրս գալ մայրենի լեզվի դաշտից: Խոսելով այս նպատակին հասնելու համար թարգմանչի ընտրության ճանապարհների մասին՝ նա տալիս է հետևյալ ձևակերպումը. «Կամ թարգմանիչը հանգիստ է թողնում գրողին այնքան, որքան հնարավոր է, և ընթերցողին մոտեցնում է գրողին, կամ հնարավորինս հանգիստ է թողնում ընթերցողին և գրողին է մոտեցնում ընթերցողին»: Առաջին դեպքում թարգմանիչը իր վրա է վերցնում տեսքտային բոլոր «ցավերը»` փոխհատուցելու համար ընթերցողի՝ բնօրինակի լեզվի ըմբռնման պակասությունը, իսկ երկրորդ դեպքում թարգմանիչը ստիպում է օտար հեղինակին խոսել ինչպես գերմանացին գերմանացու հետ (գերմաներեն թարգմանության դեպքում): Ըստ Շլայերմախերի՝ այս երկու տարբերակների միջև ոսկե միջին լինել չի կարող, և պետք է հստակ ընտրություն կատարել: Ինքը՝ Շլայերմախերը, նախապատվությունը տալիս էր «ընթերցողին գրողին մոտեցնելուն», քանի որ նրա կարծիքով հնարավոր չէ հասնել նրան, որ օտար հեղինակը խոսի այլ լեզվով: 

Բանախոսը նաև նշեց, որ Շլայերմախերի այս ընտրությունը պայմանավորված է նաև այն ժամանակաշրջանով, որում նա ապրում էր, ուստի բանախոսության մյուս մասում անդրադարձավ այդ կողմին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ մտավորականության լեզուն համարվում էր լատիներենը, իսկ մնացած եվրոպական լեզուները դեռևս «սաղմնային վիճակում» էին և համարվում էին աղքատիկ, ստորին խավի լեզու: Ուստի Շլայերմախերը ցանկանում էր, որ գերմաներենը հարստանա նոր բառերով, եզրերով: Իսկ դա, ըստ նրա, հնարավոր չէր առանց օտարի հարստությունը պահպանելու, սեփական լեզվի մեջ նոր հասկացություններ, եզրեր ներմուծելու:

Շլայերմախերի կարծիքով գերմանացիները մյուս եվրոպական ժողովուրդներից տարբերվում էին հենց օտար մշակույթի հանդեպ հարգանքով, որն էլ, ըստ բանախոսի, հետագայում դառնալու էր Գերմանիայում ազգայնականության հիմքը: Շլայերմախերի այս մեթոդի հիման վրա ձևավորվում է Գերմանիայի ազգային մշակույթը: Արդյունքում գերմաներենը ձեռք է բերում անհրաժեշտ եզրույթաբանական հարստություն՝ դառնալով գերմանական փիլիսոփայական լեզվի և դպրոցի հիմքը: Ծաղկում է գերմանական փիլիսոփայական միտքն ու դպրոցը (Նիցշե, Վալտեր Բենիամին): Ըստ Շլայերմախերի՝ իր համակարգը չի կարող գործել այն լեզուների պարագայում, որոնք «ազատ» չեն կամ ճանաչում են որևէ հեգեմոն լեզու:

Դարձյալ անդրադառնալով ժամանակաշրջանին՝ բանախոսը նշեց, որ Շլայերմախերի նման հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել 1806 թ. Ֆրանսիայի և Պրուսիայի պատերազմը և կնքված նվաստացուցիչ խաղաղության պայմանագիրը, որոնք էլ Շլայերմախերին տարան դեպի ազգայնականություն:

Իր խոսքում բանախոսը արդեն նշել էր, որ գերմանական թարգմանական ավանդույթը մշտական հակադրության մեջ է եղել ֆրանսիականի հետ: Այդ առնչությամբ նա ներկայացրեց գերմանական ազգային գաղափարի և ֆրանսիական թարգմանության տնայնացնող քաղաքականության հակադրությունը 1798 թ. Ա. Վ. Շլեգելի ծաղրական երկխոսության մեջ:

Վերջում Հեղինեն հիմնավորեց իր կողմից թեմայի ընտրությունը՝ նշելով, որ ցանկանում է, որ թարգմանություն անելիս ներկաները այսուհետև իրենց համար անեն Շլայերմախերից ժառանգություն ստացած հետևյալ հարցադրումները՝ ի՞նչ պետք է անի թարգմանիչը, ինչո՞ւ պետք է թարգմանի և ինչպե՞ս պետք է թարգմանի:

Հանդիպման վերջում թեմայի շուրջ ներկաների հետ քննարկում ծավալվեց։ Նրանք պատմեցին նաև բանախոսությունից իրենց տպավորությունների մասին:

Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը


Հեղինակի վերլուծություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: