Բանկային համակարգում սպասվում են փոփոխություններ

ՀՀ բանկային համակարգը հետճգնաժամանային տարիներին

Անվիճելի է, որ բանկային համակարգի արդյունավետ և անխափան գործունեությունը երկրի տնտեսության համար ունի առանցքային նշանակություն: Այդ իսկ պատճառով դարեր շարունակ բանկերը տնտեսության մեջ գրավել և այժմ էլ գրավում են կենտրոնական տեղ:

ՀՀ բանկային համակարգը նույնպես բացառություն չէ: Բազմաթիվ են ուսումնասիրությունները (թե՛ գիտական և թե՛ գիտահանրամատչելի), որտեղ հետազոտողները վերլուծում, օրինաչափություններ են վերհանում, փորձում են կանխատեսել բանկային համակարգի հետագա զարգացման ուղղությունները, առաջարկում համակարգի զարգացման հիմնարար ուղղություններ: Ստորև փորձենք վերլուծել և հասկանալ, թե վերջին տարիներին մեր բանկային համակարգում ինչ կարևոր տեղաշարժեր և փոփոխություններ են եղել, և ինչպիսիք դեռ սպասվում են:

Միացյալ Նահանգների արժեթղթերի երկրորդային շուկայի գերզարգացվածության հետևանքով 2008 թվականին երկիրը հայտնվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, որն արագորեն ներքաշվեց համաշխարհային տնտեսության մեջ. արդյունքում սնանկացան բազմաթիվ հզոր միջազգային ընկերություններ և առևտրային բանկեր: Չնայած ՀՀ տնտեսությունը զգալիորեն ցնցվեց այս ճգնաժամից, այնուամենայնիվ, հակառակ շատ երկրիների՝ ՀՀ բանկային համակարգը չկրեց էական վնասներ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա դրական երևույթ է, սակայն սա արդյունք էր այն բանի, որ հայրենական բանկային համակարգը բավարար չափով սերտաճած չէ տնտեսությանը, ասել է թե` բիզնես անելու համար որպես ֆինանսավորման աղբյուր վարկավորումը առաջնային տեղերում չէ: Նշվածից բացի ՀՀ ներքին սպառման ապրանքները հիմնականում ներմուծվում են (համախառն արտահանման և ներմուծման սալդոն բացասական է): Ֆինանսական համակարգի կայունության չխաթարման պատճառներից է նաև այն, որ ՀՀ բանկային համակարգի կապիտալիզացիայի մակարդակը բավականին բարձր է (ՀՀ-ն այս ցուցանիշով գերազանցում է ԱՊՀ երկրների մեծ մասին): Կան բազմաթիվ այլ գործոններ, որոնց վերլուծությունը, կարծում ենք, կհամարվի կրկնություն, և այն այլևս արդիական չէ:

Անդրադառնանք ՀՀ բանկային համակարգի հետճգնաժամային զարգացման հիմնախնդիրներին: Անկասկած, ցանկացած տնտեսության բանկային համակարգի համար մեկ հիմնախնդիրը գների կայունության ապահովումն ու դրա հետագա ամրապնդումն է: Բացառություն չէ նաև ՀՀ-ն. այս մասին է վկայում վերջին տարիներին ՀՀ Կենտրոնական բանկի որդեգրած քաղաքականությունը, որը գլխավորապես ուղղված է գնաճի զսպմանը և ֆինանսական համակարգի կայունության պահպանմանը: 2014 թվականի նոյեմբեր ամսվա սկզբին ՀՀ-ում նկատվեցին դրամի արժեզրկման միտումեր, և այս երևույթները գնալով ավելի սաստկացան:

ՀՀ Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերը

Կենտրոնական բանկն այս իրավիճակը մեղմելու համար սկսեց կիրառել դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներից արժութային ինտերվենցիաները` բավարարելով դոլարի պահանջարկի մի մասը: Արդեն դեկտեմբերին ԿԲ-ն ձեռնարկեց ավելի կտրուկ քայլ` արտարժույթով ներգրավված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման նորմատիվը սահմանելով 24%` գործող 12%-ի փոխարեն: Այսինքն, բանկը յուրաքանչյուր 100 միավոր արտարժույթով ներգրավված միջոցի դիմաց պետք է կատարեր 24 միավոր պահուստավորում ԿԲ-ում: Այս որոշման հաջորդ իսկ օրն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազեց շուրջ 30 դրամով` դառնալով 497 դրամ (հեղինակի սեփական դիտարկումներից): Սա մեծ ազդեցություն ունեցավ խնդրի կարգավորման հարցում, քանի որ այս քայլով ԿԲ-ն տնտեսությունից ներքաշեց դրամ` հավասարակշռելով արտարժույթի առաջարկ-պահանջարկը շուկայում: Որոշ բանկեր, որպեսզի բավարարեն կրկնակի մեծացված նորմատիվի պահանջը, բարձրացրին դրամային ավանդների տոկոսադրույքները (դրանք հասան մինչև 17%):

Կայունության պահպանմանը զուգահեռ՝ տնտեսության ցանկացած ոլորտի զարգացման ամենակարևոր նախապայմաններից է մրցակցությունը: Այն կարծիքը, թե բանկային ոլորտում մրցակցությունն անվերապահորեն դրական երևույթ է, մի փոքր ավելի պարզունակ է` համեմատած տնտեսության այլ ճյուղերում առկա մրցակցության հետ: Չափազանց սուր մրցակցության երկակի ազդեցությունը բանկային համակարգի կայունության վրա վաղուց հաստատված է տեսական և էմպիրիկ հետազոտությունների հիման վրա1:

Այստեղ գլխավոր հարցը հետևյալն է. մրցակցության սրացումը բերու՞մ է արդյոք հավելյալ կայունություն, թե՞ տանում է դեպի կայունության փխրունություն: Տնտեսագիտական գրականության մեջ այս հարցի վերաբերյալ կան երկու բևեռացված տեսակետներ: Դրանցից մեկի համաձայն՝ մրցակցության աճը թուլացնում է բանկի շուկայական իշխանությունը, որի հետևանքով ընկնում է բանկի տոկոսային մարժան, և հետևաբար նաև բանկի եկամուտը: Դա բանկին ստիպում է իր վրա վերցնել ավելի բարձր ռիսկեր` վարկավորելով ռիսկային նախագծեր, ինչն իր հերթին ազդում է բանկի կայունության վրա:

Մյուս տեսակետի համաձայն` մրցակցության պատշաճ մակարդակը բանկերին հնարավորություն չի տալիս ինքնուրույն սահմանելու ծառայության գները (վարկերի և ավանդների տոկոսադրույքները): Դա թելադրում է շուկան, և բանկերն այս պարագայում գին վերցնողներ են (price takers): Այս գները ռիսկային չեն, հետևաբար նվազում է վարկային ռիսկը (բանկերը որդեգրում են վարկատվության ավելի ապահով չափանիշներ), ինչի արդյունքում բարձրանում է բանկային համակարգի կայունությունը:

Ստացվում է, որ ոլորտը կարգավորող մարմինը պետք է հմտորեն խուսանավի մի կողմից մրցակցությունը խթանելու, մյուս կողմից` կայունությունը պահպանելու միջև:

Ժամանակակից աշխարհում հստակ ուրվագծվում են բանկային համակարգերի համախմբման (consolidation) միտումներ: Ավելին, դիտումները և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների բանկային համակարգերը ձգվում են դեպի օլիգոպոլիա, ավելի ստույգ` դիֆերենցացված օլիգոպոլիա (տարասեռ ծառայություններով): Հետազոտողների մի զգալի մասը համարում է, որ օլիգոպոլիան լավագույն շուկայական տիպն է առողջ մրցակցության տեսանկյունից:

«Խաղի կանոնների» խստացում

Վերը նշվածի համատեքստում հարկ ենք համարում անդրադարձ կատարել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2014 թ. դեկտեմբերի 30-ին ընդունված որոշմանը, համաձայն որի` 2017 թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը կկազմի 30 մլրդ դրամ՝ ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն: ԿԲ-ն իր այս որոշումը պայմանավորեց բանկերի միաձուլումների խթանման և խոշորացման անհրաժեշտությամբ: Այս թեմայի շրջանակներում ՀՀ-ում մինչ վերոնշյալ որոշումը կատարվել են հետազոտություններ Ն. Մուրադյանի կողմից, որտեղ հեղինակը էմպիրիկ հետազոտությունների արդյունքում հստակ հիմնավորում է բանկային համակարգում հետագա կոնսոլիդացիայի (համախմբման) անհրաժեշտությունը. մեծ բանկերի միջև մրցակցությունը կկրի ավելի սուր բնույթ, արդյունքում կբարձրանա սպասարկման որակը, և բանկային ծառայությունները կմատուցվեն ավելի մատչելի սակագներով: Համախմբումը կարևոր է մասշտաբի էֆեկտ ստանալու համար և ազդեցիկ լծակ կլինի մրցակցության մակարդակի բարձրացման համար:

Ակներև էր, որ կապիտալի նորմատիվային նվազագույն շեմի 6 անգամ բարձրացման արդյունքում որոշ բանկեր չեն կարողանալու համալրել իրենց կապիտալը, և թափ են առնելու բանկային կոնսոլիդացիայի գործընթացներ, որն իր հերթին, կարծում ենք, անպատճառ պետք է բերի ոլորտում մրցակցության սրացմանը:

Մասնագետների շրջանում այս թեմայի շուրջ կան շատ հակասական կարծիքներ: Ոմանք պնդում են, որ շուկայում բանկերի քանակի նվազումը չի կարող բերել մրցակցության աճին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն իր հարցազրույցում անդրադառնալով ԿԲ նորմատիվային պահանջի փոփոխությանը՝ համոզմունք հայտնեց, որ բանկերի միավորումը տանելու է ավելի ուժեղ, արդյունավետ և փորձառու բանկերի գործունեությանը: Այդպիսի բանկերը կարողանալու են ներգրավել ավելի էժան ֆինանսավորման աղբյուրներ, իրենց կապիտալի համեմատ ավելի քիչ վարչական ծախսեր իրականացնել, և բացի այդ՝ հաճախորդներին կկարողանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր առաջարկել ավելի երկար մարման ժամկետով: Մրցակցություն ծավալելու համար կարիք չկա ունենալ 21 բանկ, մասնավորապես՝ Հայաստանի մասշտաբի երկրի համար: Ավելի մեծ և լավ բանկերը կմրցեն միմյանց հետ և կնվազեցնեն փոխառության ծախսերը:

Ի՞նչ կատարվեց այս ընթացքում: 2016 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ՝ ՀՀ երկու բանկեր որոշել են դուրս գալ ոլորտից. գերմանական կապիտալով ՊրոԿրեդիտ բանկը վաճառվեց Ինեկոբանկին, և ղազախական կապիտալով ԲՏԱ Բանկը միաձուլվեց Հայէկոնոմբանկի հետ (հետագայում մաս-մաս վաճառվեց նույն բանկին): Մասնագիտական շրջանակներում ներկայումս ակտիվորեն շրջանառվում է մեկ այլ բանկի վաճառք, ևս երկուսի` միմյանց հետ միաձուլում: Մնացած բանկերի ղեկավարությունները հայտարարել են, որ մինչև սույն տարվա վերջ պետք է համալրեն իրենց կապիտալները և շարունակեն վարել իրենց գործունեությունը ՀՀ-ում:

Կապիտալի մեծացման հետևանքները

Համալրելով կապիտալը` բանկերի տիրապետության տակ եղած գումարները կմեծանան, որոնք, իհարկե, միանգամից չեն կարող տեղաբաշխվել տնտեսության մեջ: Արդյունքում ռիսկայնության և եկամտաբերության միջև օպտիմալ հարաբերակցություն պահելու համար, կարծում ենք, սկզբնական շրջանում բանկերը կգնեն ավելի մեծ ծավալներով պետական պարտատոմսեր (սրանք պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներից գլխավորներն են), որոշները կսրեն մրցակցային վիճակը ոլորտում և կգնան վարկավորման պայմանների մատչելիության (նաև տոկոսադրույքների նվազեցման) ճանապարհով: Արդյունքում, անկասկած, տնտեսության զարգացման գործում բանկային համակարգի ներգրավվածության մակարդակը կմեծանա2: Իսկ ռեսուրսների ներգրավման տեսանկյունից, կարծում ենք, ունենալով ավելի մեծ կապիտալ, այսինքն` կարճ ժամկետում գումարներ ներգրավելու ավելի նվազ պահանջարկ, բանկերը կնվազեցնեն առաջարկվող ավանդատեսակների տոկոսադրույքները` անհրաժեշտ համարելով տեղաբաշխել նախ ունեցածը, ապա նոր փոխառել: Հակառակ դեպքում կառաջանա դրամական միջոցների ավելցուկ, հետևապես՝ նաև արդյունավետության ցուցանիշների նվազում: Կարծում ենք՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն կնկատենք ավանդների տոկոսադրույքների էական նվազեցումներ:

Ամփոփելով` հարկ ենք համարում նշել, որ սպասվում են բավականին լուրջ փոփոխություններ և տեղաշարժեր ՀՀ բանկային համակարգում. տեսնենք` ինչ դեր կխաղան դրանք տնտեսության աշխուժացման գործընթացում, և կկարողանա՞ն արդյոք կառավարությունն ու ԿԲ-ն այս փոփոխությունները լավագույնս ծառայեցնել ի շահ հայրենական տնտեսության զարգացման:


1Allen F., Gale D., “AN INTRODUCTION TO FINANCIAL CRISES”, Wharton Financial Institutions Center, 2007, Working Paper No. 07-20, pages 1245-1284.

22015 թվականի տարեվերջի դրությամբ Բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերությունը կազմել է 68.5%, իսկ Բանկային համակարգի վարկեր/ՀՆԱ` 39.8% (աղբյուրը` https://www.cba.am/): Այս ցուցանիշով մենք էապես զիջում ենք արևելաեվրոպական տարածաշրջանի երկրներին:


Օգտագործած գրականության ցանկ

  1. Allen F., Gale D., “An introduction to financial crises”, Wharton Financial Institutions Center, 2007, Working Paper No. 07-20, pages 1245-1284.
  2. Schaeck, K., Cihak, M., Wolfe, S., 2009. “Are competitive banking systems more stable?”, Journal of Money, Credit and Banking, vol. 41(4), pages 711-734.
  3. Claessens, S., “Competition in the Financial Sector: Overview of Competition Policies” IMF Working Paper, March 2009, WP/09/45, 35 p.
  4. Beck, T., Coyle, D, Dewatripont, M, Freixas, X, Seabright P., “Bailing Out the Banks: Reconciling Stability and Competition”, London: CEPR, 2010, 92 p.
  5. Մուրադյան Ն. Մ., Մրցակցության գնահատումը ՀՀ բանկերի առանձին խմբերում, ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱ, N 1-1 (163), Երևան, 2014 թ., էջ 35-37:
  6. Մուրադյան Ն. Մ., Մրցակցության գնահատումը ՀՀ բանկային համակարգում Փանզար-Ռոսսի վերափոխված մոդելով, ՀՊՏՀ Բանբեր, N 1, Երևան, 2014 թ., էջ 117-130:
  7. Պարտատոմս ” https://hy.wikipedia.org/
  8. http://moneymarket.am/?page=menuinfo&id1=2&id2=2&id3=2
  9. http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=95364
  10. https://en.wikipedia.org/wiki/Net_interest_margin
  11. http://www.arlis.am/documentview.aspx?docid=93694
  12. http://www.fineco.am/?pg=view&vid=2848&sfx=_am
  13. http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Banber%20tntes/2014/2014(1).pdf
  14. http://www.banks.am/am/news/interviews/10535/
  15. http://www.banks.am/printpage.php?lang=am&nid=11896
  16. http://www.banks.am/am/news/newsfeed/11570/
  17. http://www.banks.am/am/news/newsfeed/11558/


Հեղինակ՝ Նարեկ Մուրադյան (Narek Muradyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Տնտեսագետ, ֆինանսիստ, էկոնոմետրիկ, բանկային մոդելավորման մասնագետ, տնտեսական գիտությունների թեկնածու։ Ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգերի վերլուծաբանի, բանկային բիզնես պրոցեսների ավտոմամացման մասնագետի և նախագծերի կառավարչի պաշտոններում թե տեղի թե միջազգային կազմակերպություններում։