Թվային տնտեսությունը սովորական բան է դառնում. Լավ կլինի յուրացնենք այն

Թվային տնտեսությունը  մեծ ուշադրության է արժանացել՝ ներկայանալով ավելի ու ավելի ազդեցիկ խորագրերով, որոնք առաջարկում են ինչպես ապոկալիպտիկ, այնպես էլ զարմանալիորեն ոգևորիչ սցենարներ։ Ոմանք անհանգստանում են, որ կկորցնեն իրենց աշխատանքը ավտոմատացման պատճառով, որոշներին էլ թվային տեխնոլոգիան զարմացնում է իր կարողություններով։ Եվ հետո իսկապես թերահավատություն կա այն մասին, թե արդյոք սա կհասնի՞ այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն։

Չնայած նմանատիպ քննարկումներին՝  թվային տնտեսության հստակ բացատրություն հազիվ թե գտնվի։ Ինչո՞վ է այն տարբերվում ավանդական տնտեսությունից։ Ինչու՞ պետք է մտածենք դրա մասին։

Թվային տնտեսություն եզրույթը նկարագրում է թվային տեխնոլոգիայի ազդեցությունը արտադրության և սպառման օրինակների վրա։ Սա ներառում է, թե ինչպես են ապրանքները և ծառայությունները գովազդվում, գնվում և վաճառվում։

Տերմինը զարգացել է 1990-ական թվականներից, երբ շեշտը ինտերնետի՝ տնտեսության վրա ունեցած ազդեցության վրա էր։ Այն ընդլայնվեց՝ ընդգրկելու թվային ուղղվածությամբ ձեռնարկությունների նոր տեսակների ձևավորումը և նոր տեխնոլոգիաների արտադրությունը։

Այսօր եզրույթը ներառում է տեխնոլոգիաների և դրանց կիրառության մի ահռելի զանգված։ Այդ թվում են արհեստական ինտելեկտը, իրերի համացանցը (բանացանց), ավելացված (լրացված) և վիրտուալ իրականությունը, ամպային համակարգչային գիտությունը, բլոքչեյնը, ռոբոտագիտությունը և ինքնավար փոխադրամիջոցները։

Թվային տնտեսությունն այժմ ամփոփում է տնտեսության բոլոր այն կողմերը, որոնք գործադրում են տեխնոլոգիական փոփոխությունը, որն էլ տանում է շուկաների, բիզնես մոդելների և ամենօրյա գործարքների փոփոխության։ Այսպիսով՝ այն ընդգրկում է ամեն ինչ՝ ավանդական տեխնոլոգիայից, մեդիայից և հեռահաղորդակցման սեկտորներից մինչև նոր թվային սեկտորներ։ Սրանց մեջ են մտնում էլեկտրոնային առևտուրը, թվային բանկինգը և անգամ «ավանդական» սեկտորները, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, հանքագործությունը կամ արտադրության ոլորտը, որոնց վրա  նոր ի հայտ եկող տեխնոլոգիաների կիրառությունը նույնպես  թողնում է իր ազդեցությունը։

Այս դինամիկան հասկանալը այլևս քննարկման ենթակա չէ։ Թվային տնտեսությունը շուտով կդառնա սովորական տնտեսություն, քանի որ թվային տեխնոլոգիաների յուրացումն ու կիրառումն աճում է աշխարհի ցանկացած հատվածում։

Ես եղել եմ հետազոտական մի խմբի անդամ, որն ուսումնասիրում էր, թե ինչ է սա նշանակում Հարավային Աֆրիկայի նման հասարակության համար։ Մենք մասնավորապես կենտրոնացած ենք եղել ներառման և տնտեսական հնարավորությունների վրա թվային տնտեսության տարածման ունեցած նշանակությունը ուսումնասիրելու վրա (հավաստիացնելով, որ յուրաքանչյուր ոք կարող է հասանելիություն ունենալ դրան):

Բայց առաջին քայլը այս բազմակողմանի երևույթի ամբողջական պարզաբանումն էր։

Թվային միջուկը 

Թվային տնտեսության կենտրոնում թվային միջուկն է։ Սա ներառում է ֆիզիկական տեխնոլոգիաներ մատակարարներին, ինչպիսիք են կիսահաղորդիչները և պրոցեսորները, այն սարքավորումները, որոնք միանում են դրանց միջոցով, ինչպիսիք են համակարգիչները և սմարթֆոնները, նաև ծրագրակազմը և ալգորիթմները,  որոնց միջոցով դրանք աշխատում են։ Այս սարքերը օգտագործում են նաև թույլատրող ենթակառուցվածք, ինչպիսիք են ինտերնետը և հեռահաղորդակցման ցանցերը, որոնք նույնպես ներառված են թվային հարթակում։

Սրան հաջորդում են «թվային մատակարարները»։ Սրանք այն մասնակիցներն են, որ օգտագործում են այս տեխնոլոգիաները, որպեսզի ապահովեն թվային արտադրանք և ծառայություններ, ինչպիսիք են մոբայլ (շարժական) վճարումները, էլեկտրոնային առևտրի հարթակները կամ Machine Learning (ML) լուծումները։

Եվ վերջապես կան «թվային կիրառումներ»։ Սա ներառում է այնպիսի կազմակերպություններ, որոնք օգտագործում են թվային մատակարարների արտադրանքները և ծառայությունները, որպեսզի փոխակերպեն այն ձևը, որոնցով իրենք աշխատեցնում են իրենց բիզնեսը, օրինակ՝ վիրտուալ բանկերը, թվային մեդիան և էլեկտրոնային կառավարման ծառայությունները։

Բերենք մի օրինակ, որը կօգնի ավելի պարզ պատկերացում կազմել։ Վերցնենք գյուղատնտեսական մի տիպիկ արժեքային շղթա։ Փոքր հողատերը ներդրման կարիք ունի (օրինակ՝ ֆինանսական), որպեսզի արտադրի և հետո վաճառի բերքը, ասենք, մշակողներին, կամ միանգամից սպառողներին։ Այսօր, փոքր հողատերերը կարող են ֆինանսը ստանալ իրենց հեռախոսների միջոցով՝ թվային ֆինանսական ծառայություններ ապահովողներից՝ բանկ այցելելու փոխարեն։ Այս թվային ֆինանսական ծառայությունները կարող են գնահատել ագարակատիրոջը փոխառության տրամադրման ռիսկը՝ ստեղծելով ԱԲ ալգորիթմների պրոֆիլ՝  ալտերնատիվ տվյալների համակարգի միակցմամբ, ինչպիսիք են հեռախոսների օգտագործումը կամ ագարակի արբանյակային պատկերը։

Կան նաև բջջային հավելվածներ, որոնք կարող են օգնել ֆերմերներին ավելի լավ բերք ստանալ։ Դրանք կարող են խորհուրդ տալ, թե երբ է տնկելու համար ամենալավ ժամանակը, կամ հողի որակի վերաբերյալ կամ էլ թե ինչպես վարվել վնասատուների հետ։ Սա նշանակում է, որ ֆերմերը այլևս ստիպված չէ հիմնվել ընկերներից կամ գյուղատնտեսությամբ զբաղվողներից ստացած խորհուրդների վրա։

Գյուղատնտեսական ասպարեզից մեկ այլ օրինակ է ֆերմերների տրակտոր վարձելու հնարավորությունը։ Հայտնի լինելով որպես միջոց-կիսող հարթակներ՝ սրանք թույլ են տալիս ֆերմերներին ունենալ այնպիսի տրակտոր, որը նրանք սովորաբար չէին կարող իրենց թույլ տալ։

Թվայինն ընդդեմ ավանդականի

Այսպիսով, ո՞րն է թվային և ավանդական տնտեսության տարբերությունը։

Նախ և առաջ՝ թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ձեռնարկություններին վարել իրենց բիզնեսը տարբեր ձևերով, ինչպես նաև ավելի արդյունավետ և ծախսարդյունավետ կերպով։ Դրանք նաև բացում են նոր հնարավորություններ օգտվողի առաջ։ Օրինակի համար վերցնենք նավիգացիոն ծրագրերը։ Մարդկային ոչ մի խումբ երբևէ ի վիճակի չէր լինի ապահովել իսկական ժամանակը, երթևեկությանը քաջատեղյակ նավիգացիան այնպես, ինչպես սմարթֆոնների ծրագրերն են անում։

Սա նշանակում է, որ արտադրանքները և ծառայությունները կարող են առաջարկվել սպառողների ավելի լայն շրջանակի, մասնավորապես նրանց, ովքեր նախկինում չունեին սպասարկվելու հնարավորություն։

Եվ երկրորդ՝ այս արդյունքները խթանում են բոլորովին նոր շուկայական կառույցների աճը, որոնք, այլ բաների հետ մեկտեղ հեռացնում են գործարքների ծախսերը ավանդական շուկաներում։ Սրա լավագույն օրինակը այնպիսի թվային հարթակների աճն է, ինչպիսիք են Amazon-ը, Uber-ը և Airbnb-ը։ Այս ընկերությունները կապում են շուկայական մասնակիցներին միմյանց հետ վիրտուալ աշխարհում։ Սրանք բացահայտում են լավագույն գները և վստահություն են առաջացնում անծանոթների միջև նոր ձևերով։

Եվ ի վերջո՝ թվային տնտեսությունը աշխատում է մեծաքանակ տվյալների բազայով,  ինչպես նաև դրա առաջացման պատճառն է դառնում։ Երբ մենք սովորաբար գնումներ էինք կատարում ֆիզիկական (ոչ համացանցային) խանութից՝ օգտագործելով կանխիկ դրամ, ոչ ոք մեր անձնական ծախսի կամ ֆինանսական գործարքների հաշիվը մեծապես չէր պահում։ Հիմա օնլայն պատվիրելը և էլեկտրոնային վճարելը նշանակում է, որ մեր ծախսի և ֆինանսական գործարքների մեծ մասը առաջացնում է էլեկտրոնային տվյալներ, որը գրանցվում և պահպանվում է ինչ-որ մեկի կողմից։

Այս տվյալների համեմատումը և վերլուծությունը տալիս է մեծ հնարավորություններ, ինչու ոչ, նաև ռիսկեր մի շարք տնտեսական գործառույթների իրագործումը փոխակերպելու համար։

Թվային տնտեսությունը մեզ հետ է։ Սակայն թվայինի և ավանդականի սահմանները  գնալով մթագնում են, քանի որ տեխնոլոգիական փոփոխությունը թափանցում է ժամանակակից կյանքի ամեն ոլորտ։ Մենք բոլորս պետք է հասկանանք այս փոփոխության բնույթը, որ կարողանանք արձագանքել յուրաքանչյուր հարթակում՝ լինի դա հասարակական, կորպորատիվ, թե անձնական։

Հարավային Աֆրիկան թվային դարաշրջանում նախաձեռնությունը անցկացվել է Genesis Analytics-ի կողմից՝ Gordon բիզնեսագիտության ինստիտուտի և Օքսֆորդի համալսարանի Pathways for Prosperity կոմիտեի հետ համագործակցությամբ։ Լինելով  բազմակողմանի հետաքրքրությամբ իրականացված նախաձեռնություն՝ այն զարգացրել է երկրի համար առաջադեմ թվային տնտեսության ռազմավարություն։

Բնօրինակի հեղինակ՝ Brian Armstrong, The Conversation


Թարգմանիչ՝ Սոնա Նաղդալյան (Sona Naghdalyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: