5 ֆիլմ մտավորականների մասին

Ի՞նչ դիտել Հոլիվուդի քննադատության, Էյխմանի դատավարության և «բիթ սերնդի» մասին․ մեկնաբանում է Արսենիյ Խիտրովը։

Մտավորականներն այն մարդիկ են, ովքեր առանձնահատուկ խորհրդանշական ուժ ունեն և իրենց շրջապատող իրականության նկատմամբ քննադատական գործառույթ են իրականացնում։ Այնուամենայնիվ, չնայած մտավորականների կերպարի յուրահատկությանը, նրանք հազվադեպ են դառնում կինոգործիչների հետաքրքրության առարկան՝ հայտնվելով միայն հետին պլանում, առավել հաճախ՝ «իմաստուն դաստիարակի» կլիշե-կերպարով։ Այս ընտրանին պարունակում է հինգ ֆիլմ, որոնք բացահայտում են մտավորականի ֆենոմենը հասարակական, քաղաքական և մշակութային տարածքում։

1․ Սոցիոլոգիան` որպես մարտարվեստ

“La sociologie est un sport de combat”, ռեժ. Պիեռ Կարլես, 2001 թ․

Ֆրանսիան շատ կարևոր է այս թեմայի համար, քանի որ հենց այնտեղ է XIX-XX դարերի սահմանակետում առաջին անգամ ի հայտ եկել մտավորականների ինքնանկարագրումն ու նույնականությունը՝ կապված «Դրեյֆուսի գործի» հետ։ Միևնույն ժամանակ ի հայտ է գալիս հանրային մտավորականի կերպարը, որն առանցքային է ժամանակակից սոցիոլոգիայի համար։ XX դարի կեսերի ամենավառ օրինակը Միշել Ֆուկոն է, մինչդեռ դարի երկրորդ կեսի համար այդպիսին, իհարկե, Պիեռ Բուրդյեն է։

Ֆիլմը նկարահանվել է Բուրդյեի կյանքի վերջին երեք տարիներին, ուստի նկատելի է մեծ սոցիոլոգի ծերացման ընթացքը: Տեսաժապավենի ստեղծմանը մասնակցել է նրա աշակերտ և մտերիմ գործընկեր Լոիկ Վականը։ Ֆիլմում կա մի շատ հետաքրքիր տեսարան, որտեղ մենք տեսնում ենք փորձի փոխանցումը ուսուցչից աշակերտին, իսկ մտավորականների մասին փաստագրական ֆիլմերի համար սա եզակի պահ է։ Երկրորդ շատ կարևոր տեսանկյունը մտավորականի կյանքի հանրային կողմն է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Բուրդյեն գալիս տարբեր հանդիպումների, հանրահավաքների, ցույցերի։ Եվ ինչ-որ պահի մի աղջիկ մոտենում է նրան և ասում, որ համաձայն չէ նրա որոշ գաղափարների հետ։ Դրվագը ցույց է տալիս, որ Բուրդյեն, հակառակ մտավորականների մասին հաստատված կարծիքի, կտրված չէ հասարակությունից ու իր ընթերցողներից և մշտական ​​երկխոսության մեջ է նրանց հետ՝ ոչ միայն գրելու միջոցով։

«Սոցիոլոգիան` որպես մարտարվեստ»` Բուրդյեն մեկնաբանում է այս վերնագիրը՝ ասելով, որ սոցիոլոգիան իր տեսլականում հասարակությունը փոխելու պայքար է և սեփական դիրքերը պաշտպանելու միջոց. այն սահմանափակված է խիստ կանոններով, որոնք հնարավոր չէ խախտել։ Նա պատկանում է կողմնակալ մտավորականների խմբին, ովքեր բացահայտորեն պաշտպանում են իրենց քաղաքական հայացքները:

Սա XX դարի կարևորագույն սոցիոլոգներից մեկի կյանքի վերջին երեք տարիների վավերագրությունն է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է Բուրդյեն աշխատում որպես հասարակական մտավորական, ինչպես է նա փորձը փոխանցում իր աշակերտներին և ինչպես է կապում սոցիոլոգիական հետազոտությունները սոցիալական և քաղաքական գերխնդիրների հետ։

2․ Դերիդա

“Derrida”, ռեժ. Դիկ Քիրբի, Էմի Զիրինգ Քոֆման, 2002 թ․

Դերիդայի մահից երկու տարի առաջ թողարկված ֆիլմն ավելի շատ կենտրոնանում է փիլիսոփայի առօրեական կյանքի վրա։ Նա եղել և մնում է չափազանց հակասական գործիչ, որին ոմանք փորձում են դուրս մղել ինտելեկտուալ դաշտից՝ մեղադրելով շառլատանության մեջ։ Նրա քննադատները պնդում են, որ ֆրանսիացի գիտնականի «դեկոնստրուկցիայի» մեթոդն անարդյունավետ էր, որ այդ մոտեցումը դանդաղեցրեց գրական քննադատության և փիլիսոփայության զարգացումը։ Այս ֆիլմը ցույց է տալիս նրա փիլիսոփայական պատճառաբանության հիմքում ընկած ներքին տրամաբանությունը, ինչը հետաքրքիր է, քանի որ Դերիդան ինքը արգելում է նման մեկնաբանությունը: Նա վստահ է, որ տեքստը հասկանալու համար պետք չէ իմանալ դրա հիմքում ընկած համատեքստը։ Այս հիմքի վրա էլ առճակատում է տեղի ունենում կինոգործիչների և Դերիդայի միջև, ինչ էլ կառուցում է ֆիլմի ներքին դրաման։

Այս կոնֆլիկտը կարելի է լիովին զգալ այն պահին, երբ Դերիդան պատասխանում է հարցազրուցավարների հարցերին բավականին կաշկանդված: Տեսնում ենք, որ նա իսկապես չի ցանկանում շարունակել զրույցը։ Մեկ այլ օրինակ է, երբ Դերիդան դիտում է արդեն նկարահանված կադրերը: Մարդկային տարակուսանքից բացի, կարելի է տեսնել, որ այս դիտումը հակասում է նրա հիմնարար տեսակետերին: Ֆիլմը գործում է որպես հենց Դերիդայի հակամեթոդ, որն ընդդիմանում էր ցանկացած մեկնաբանության։ Տեսաժապավենը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է աշխատել գիտնականը, նրա հայացքների զարգացումը, որ վերջինիս փիլիսոփայության հիմնական հասկացությունների ետևում է: 

3․ Հաննա Արենդթ

“Hannah Arendt”, ռեժ. Մարգարեթ ֆոն Տրոտա, 2012 թ․

Կան այսպիսի սոցիոլոգիական թեմաներ՝ զանգվածային բռնություն, հնազանդություն և ավտորիտար հասարակություն, և սրանք հաճախ դիտարկվում են միասին: Հիմնական հարցն այն է՝ ինչպե՞ս է հնարավոր, որ մեծ թվով մարդիկ ենթարկվեն ավտորիտար առաջնորդներին, ովքեր հրամաններ են տալիս և ղեկավարում հասարակությանը այնպես, որ վերջինս զարգանա ոչ ի օգուտ մեծամասնության շահերի։

Այս խնդիրը հմտորեն լուսաբանող սոցիալական հոգեբանության երեք փորձ կա․ Միլգրամի, Սթենֆորդի և Երրորդ ալիքի փորձերը։  Էյխմանի կերպարը՝ այն մարդու, ով պատասխանատու էր մարդկանց համակենտրոնացման ճամբարներ տեղափոխելու համար,  հաճախ օգտագործվում է որպես այդպիսի հնազանդությանը հարմարության խորհրդանիշ: Եվ հիմնական փիլիսոփայական հարցն այն է, թե արդյոք այս փորձերի մեջ ներգրավված մարդիկ, ինչպես Էյխմանը, ի սկզբանե նախատրամադրվածություն ունեին դրա նկատմամբ: Արդյո՞ք ի սկզբանե նրանց մեջ դրված էին այնպիսի հատկություններ, որ նրանք պատրաստակամորեն դառնում են ենթականեր կամ, ընդհակառակը, դաժան առաջնորդներ: Թե՞ իրավիճակն ինքն է ստեղծում նման դերեր։

Էյխմանը այս խնդրի փոխաբերությունն է: Այս ազգանունը երբեմն նույնիսկ օգտագործվում է հոգնակի թվով՝ նկարագրելով մարդկանց, ովքեր պատրաստ են սարսափելի բաներ անել՝ կուրորեն ենթարկվելով բյուրոկրատիայի հրահանգներին։ Ֆիլմը կենտրոնանում է Հաննա Արենդթի կյանքի շատ կարճ ժամանակաշրջանի վրա՝ նրա ուղևորությունը Իսրայել՝ Էյխմանի դատավարությանը ներկա լինելու համար:

Նա մեկնեց The New Yorker-ի հանձնարարությամբ և երկար ժամանակ նյութեր էր գրում դատավարության մասին: Նրա հրապարակումը ցույց է տալիս, որ Էյխմանը պարզապես ձանձրալի չինովնիկ է, ով արել է այն, ինչ իրեն ասել են: Նրան չէր հետաքրքրում, թե ինչ պետք է տեղափոխեր՝ մարդկանց, շշեր, աղյուսներ … Նա ուղղակի հետևում էր հրահանգներին: Եվ սա շատ կարևոր պատմական սյուժե է, որը ցույց տվեց, որ մարդկանց նման պահվածքը հրահրված է հենց իրավիճակից և բնածին չէ։

Այս հրապարակումը բազում քննարկումների տեղիք տվեց, և քննադատության ձնահյուսը ընկավ Արենդթի վրա։ Շատերը ցանկանում էին ապացուցել, որ նացիզմը բացարձակ չարիքի դրսևորում է, դիվային սկզբունք, այլ ոչ թե սովորական բյուրոկրատիա։ Ֆիլմն ինքնին ավարտվում է հենց այն պահին, երբ Արենդթը նոր է բախվում այս քննադատությանը։ Մենք տեսնում ենք՝ այստեղ էլ զուգահեռ կա Դերիդայի և Բուրդյեի մասին ֆիլմերի հետ՝ միայն մի փոքրիկ հատված նրա կյանքից, սա կտավ չէ, կենսագրություն չէ օրորոցից մինչև գերեզման: Մեզ ցույց են տալիս, որ Արենդթի կյանքը նույնպես լի է մանր կենցաղային խնդիրներով, որ նա ունի բարդ բնավորություն։ Բայց ֆիլմը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է գրվել «Չարի տափակաբանությունը. Էյխմանը Երուսաղեմում» և ինչու է այս պատմությունը կարևոր սոցիալական տեսության և փիլիսոփայության համար:

4․ Այլասերվածի ֆիլմ-ուղեցույց. Գաղափարախոսություն

“The Pervert’s Guide to Ideology”, ռեժ. Սոֆի Ֆայնս, 2012 թ․

Գաղափարախոսության և մտավորականության թեմաները սովորաբար համընթաց են, քանի որ սոցիոլոգիայում կա, կոպիտ ասած, երեք պատկերացում մտավորականի մասին: Առաջինն այն է, որ մտավորականները հասարակությունից դուրս են, չեն մասնակցում բարիքների արտադրությանը, հետևաբար չունեն կոլեկտիվ նյութական շահեր, որոնց շնորհիվ կարող են օբյեկտիվորեն քննադատել, բացահայտել, մերկացնել հասարակության մեջ գոյություն ունեցող գաղափարախոսությունը։

Երկրորդ տեսակետն այն է, որ մտավորականները զբաղվում են ոչ նյութական արտադրությամբ՝ գաղափարների, տեքստերի արտադրությամբ։ Սա նշանակում է, որ նրանք ունեն շահեր՝ կապված այս արտադրության հետ, և հետևաբար այստեղից էլ՝ սեփական գաղափարախոսության՝ ինչպիսին խումբն ունի։ Ըստ երրորդ տեսակետի՝ մտավորականները չեն կարող իրենց «դուրս քաշել» հասարակությունից։ Նրանք այս կամ այն ​​ձևով վերարտադրում են հասարակության մեջ առկա գաղափարախոսությունը։ Բայց դա չի նշանակում, որ նրանք ունեն իրենց հավաքական գաղափարախոսությունը։ Ահա մեկ պատճառ և երեք դրույթ, թե ինչու գաղափարախոսությունն ու մտավորականներն այդքան հաճախ համաքայլ են:

Ժիժեկի մասնակցությամբ ֆիլմը մտավորականների (և ավելի լայնորեն՝ հասարակական գործիչների, կոմպոզիտորների, դերասանների) և հոլիվուդյան համակարգի, նրա գաղափարախոսության միջև կապի մասին է։ Սա է ֆիլմի գլխավոր խնդիրը. ինչպես են զանգվածային արդյունաբերությունները արտադրում, ամրապնդում կամ ապակառուցում գաղափարախոսությունը: Ֆիլմի պարադոքսը նրանում է, որ ինքը՝ Ժիժեկը, մի կողմից հանրային մտավորական է, իսկ մյուս կողմից՝ «աստղ», որ հավասարվում է ճանաչվածության առումով հոլիվուդյան որոշ դերասանների: Նա որոշակի համայնքներում խորհրդանշական սերնդի գործիչ է. նրա շուրջ շատ են խոսակցությունները, սկանդալները, մարդիկ հետևում են թե ինչ է նա անում, ինչպես է արտահայտվում ամենի վերաբերյալ, նույնիսկ՝ անկարևորությունների։

Ֆիլմը մի կողմից ամրապնդում է Ժիժեկի պաշտամունքը, բայց, մյուս կողմից, այն յուրատեսակ հարձակում է ինքն իր վրա։ Այդ պատճառով, նա անընդհատ հեգնական իրավիճակներ է ստեղծում, օրինակ, երբ նստում է զուգարանակոնքի վրա կամ հագնում է Ստալինի համազգեստը:

Հետաքրքիր է, որ Ժիժեկն այս ֆիլմում փորձում է ապակառուցել այս կուլտային համակարգը և ցույց է տալիս, թե ինչպես է հոլիվուդյան կինոն այն վերարտադրում։ Միգուցե նա միշտ չէ, որ զգուշորեն է դա անում՝ խառնում է Հոլիվուդն ու արտհաուսը, տարբեր ոճեր, տարբեր դարաշրջանների ֆիլմեր՝ անտեսելով համատեքստը։ Եվ ինչ-որ պահի նա նույնիսկ սկսում է խոսել դասական երաժշտության՝ Rammstein-ի մասին։ Բայց այս ֆիլմը իսկապես կարելի է ընկալել որպես կինոյի՝ մի տեսակ ուղեցույց, և սա ժամանակակից մշակույթի հետաքրքիր վերլուծության օրինակ է։

5․ Ճիչ

“Howl”, ռեժ. Ռոբ Էփշտեյն, Ջեֆրի Ֆրիդման, 2010 թ․

Այս ընտրանու վերջին ֆիլմը կարող է որոշ չափով անսպասելի լինել: Այն ամերիկացի բանաստեղծ Ալեն Գինսբերգի մասին է, որը պատկանում էր 1940-1950-ականների «բիթ սերնդին» (beat generation), որի հիմնական «մեքքաները» Նյու Յորքն ու Սան Ֆրանցիսկոն էին։ Ֆիլմը պատմում է գրական և մտավոր այս ուղղության պատմության մի փոքրիկ, բայց չափազանց կարևոր դրվագի, այն է՝ Գինսբերգի և նրա հրատարակչի դատավարության մասին, որոնք 1956 թվականին հրատարակել էին կարճ մի գիրք՝ «Ճիչ» պոեմով։ Այն մեծ թվով պատկերներ, փոխաբերություններ և տեսարաններ էր պարունակում սեռական հարաբերությունների և թմրանյութերի հետ կապված։ Հենց այս երկու տարրերն էլ առաջացրել են ամերիկացի բարոյախոսների չափազանց սուր քննադատությունը, որոնք դատի են տվել բանաստեղծին և նրա հրատարակչին։ Ամենակարևորն այն է, որ Գինսբերգը կարողացավ շահել այս գործը, այս հաղթանակը կարևոր շրջադարձային պահ եղավ ամերիկյան հասարակության մշակույթի մեջ:

Beat Generation-ը միտում է սեփական եսը  գտնելու, ճանապարհորդելու, բոլոր հոգևոր և ինտելեկտուալ ուղղությունների, առաջին հերթին բուդդիզմի էկլեկտիզմի, սեռականության և թմրանյութերի մասին: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա մտավորականների հետ կապ չունի։ Բայց այս շարժումը սկիզբ է առնում Կոլումբիայի համալսարանի պատերից, և այն կապված է ֆրանսիական պոեզիայի ընդունման և XX դարի սկզբի գեղարվեստական ​​շարժումների հետ: Բիթ սերունդը մեծապես փոխեց և ազատականացրեց ամերիկյան հասարակությունը, նրա շնորհիվ էր, որ ի հայտ եկավ «առաջադեմ հայացքների» գաղափարը, որը մինչ այսօր ամերիկյան ինքնության անբաժանելի մասն է: Այս ֆիլմի հետաքրքիր դետալն այն է, որ Գինսբերգի փաստաբանին մարմնավորում է Ջոն Հեմը, ով նկարահանվել է «Խելագարները» (Madmen) հեռուստասերիալում, որը պատմում է ֆիլմին մոտ դարաշրջանի և սոցիալական կարևոր փոփոխությունների մասին։

Բնօրինակի հեղինակ՝ Арсений Хитров, Постнаука

Թարգմանիչ՝ Մեսրոպ Հովսեփյան (Mesrop Hovsepyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։