Լսելու արվեստը

Կին ու ամուսին (հատված, 1945 թ.)՝ Միլթոն Էվերիի կողմից։ Պարոն և տիկին Ռոյ Ռ․ Նոյբերգերի նվերը: Լուսանկարը՝ Ալեն Ֆիլիպսի/Wadsworth Atheneum

Լավ լսելը ոչ միայն այլոց հանդեպ բարություն է, այլև, ինչպես Կարլ Ռոջերսն է հստակեցրել, նվեր ինքներս մեզ։

1935 թվականին գրելով Esquire ամսագրում՝ Էռնեստ Հեմինգուեյն այս խորհուրդը տվեց երիտասարդ գրողներին․ «Երբ մարդիկ խոսում են, լիարժեք լսեք: Շատերը երբեք չեն լսում»։  Թեև Հեմինգուեյը դեռահասությանս հերոսներից մեկն էր, այնուհանդերձ, մոտ 25 տարեկան հասակում միայն գիտակցեցի՝ ես էլ շատերի նման երբեք չեմ լսում։

Թերևս երբեք ասվածը փոքր-ինչ ծայրահեղ հնչեց, բայց, անշուշտ, ես լսում եմ շեղման ու եսակենտրոնության մշուշի միջով։ Ամենավատ օրերիս այն ինձ կարող է դարձնել մակերեսայնորեն ու եսականորեն ներկա։ Վարանելով փորձեցի պարզել իմ սեփական մտավոր մեխանիզմը՝ այլ կերպ գրավել ուշադրությունս, ավելի լավ լսել։ Վստահ չէի՝ ինչ էի անում, բայց իմ ճանապարհները բախվել էին մի քանիսին, ովքեր, որպես սովորություն, իրենց ողջ ուշադրությունն էին դարձնում ուրիշներին․ դա զորեղ էր, դա բացառիկ էր թվում՝ իրական։ Ես ուզում էի, որ նրանք ինձ շրջապատեն։

Որպես մշակույթ՝ լսելը մենք համարում ենք ենթագիտակցական գործընթաց՝ ինչպես մարսողությունը կամ աչք թարթելը, որի մասին ասելու շատ բան չկա։ Երբ լսելու հասկացությունն ուսումնասիրվում է մանրամասնորեն, այն, ցանկացած պարագայում, դրվում է մասնագիտական հաղորդակցության համատեքստում․ մի բան, որը հղկվում է առաջնորդների և դաստիարակների կողմից, սակայն մի մասնագիտացում, որը մնացած բոլորը կարող են ուրախությամբ անտեսել։ Այս անտեսումը ամոթալի է։ Ինձնից շատ երկար ժամանակ է պահանջվել հասկանալու համար, որ լավ լսելը կախարդական հնարքի նման է․ երկու կողմերն էլ մեղմանում են, բացվում` նրանք ավելի քիչ միայնակ են։

Ընթացքում հայտնաբերեցի, որ Կարլ Ռոջերսը՝ 20-րդ դարի ամենանշանավոր հոգեբաններից մեկը, այս թերագնահատված հմտությունն անվանել է «ակտիվ լսել»։ Եվ չնայած` Ռոջերսի աշխատանքն ի սկզբանե կենտրոնացած էր թերապիայի միջավայրի  վրա, նա չէր առանձնացնում ոչ մի տարբերություն սրա և առօրյա կյանքի միջև․ «Ինչ էլ որ ես սովորել եմ»,-գրել է նա,-«կիրառելի է իմ բոլոր մարդկային հարաբերությունների համար»: Ռոջերսը սովորեց, որ լավ լսելը, որն անպայման ներառում է լավ զրուցել և լավ հարցադրումներ անել, մեր ունեցած մտերմության ամենահասանելի և ամենահզոր ձևերից մեկն է:

Լսելու իմ ուժի սակավությունն ի հայտ եկավ որպես մեդիտացիա սկսելու կողմնակի արդյունք։ Սա չի նշանակում կեղծ լուսավորության մասին ինչ-որ պահանջ ներկայացնել, այլ պարզապես ասել, որ մեդիտացիան ձեր նկատածը դիտարկելու փորձառություն է, ու մեդիտատորները հակված են այս մտածելակերպը տեղափոխել յոգայի գորգից այն կողմ և սկսում են ավելի պարզ տեսնել սեփական միտքը։ Այլ օրինաչափությունների և տարօրինակությունների շարքի մեջ իմ տեսածը մի ես էր, որը շատ հաճախ չէր լսում:

Ավելի երիտասարդ տարիքում ինձ հաճույք էր պատճառում զրույցը: Բայց ցածր կայուն էգոիզմը նշանակում էր, որ այն, ինչ ինձ իսկապես դուր էր գալիս, խոսելն էր: Երբ ուրիշի խոսելու հերթն էր հասնում, լսելը հաճախ կարող էր բեռ թվալ: Ես կարող էի պասիվորեն կլանել այն, ինչ ասվում էր, բայց միաժամանակ հիմնականում երազում էի, տրվում հիշողություններին, ծրագրեր կազմում։ Ես ընդհատելու սովորություն ունեի՝ բավականին առնական համոզմունքով, որ ինչ էլ ուրիշներն ասելու լինեին, ես կարող էի ավելի լավ ասել նրանց փոխարեն։ Երբեմն մտացրիվ էի դառնում և, երբ կենտրոնանում էի, հասկանում էի, որ ինձ հարց էին տվել: Ես սարսափելի սովորություն ունեի․ լուռ լեզվական վարպետությամբ ձևավորում էի պատասխանս և սպասում՝ իմ հերթը հասներ, և միայն կիսով չափ էի լսում այն, ինչին իրականում պետք է պատասխանեի։

Ես սկսեցի տեսնել, որ իրերի ներկայիս վիճակից բացառություններն այն իրավիճակներն էին, որտեղ գոյություն ուներ սեփական շահը: Երբ թեման ես էի, կամ նյութը, որը կարող էր օգտակար լինել ինձ համար, ուշադրությունս ինքնաբերաբար սրվում էր: Շատ հեշտ էր լսել՝ ինչպես է ինչ-որ մեկը բացատրում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեի՝ թեստ անցնելու կամ որոշակի գումար վաստակելու համար: Հեշտ էր լսել հյութեղ բամբասանքներ, հատկապես այնպիսինները, որոնք ինձ ստիպում էին երջանիկ կամ վերադաս զգալ: Հեշտ էր լսել բանավեճեր այն թեմաների շուրջ, որտեղ ես ճիշտ լինելու բուռն ցանկություն ունեի: Հեշտ էր լսել գրավիչ կանանց։

Վատ լսելն ազդանշան է տալիս ձեր շրջապատի մարդկանց, որ դուք հոգ չեք տանում նրանց մասին:

Վատ օրերին ուշադության այս ինքնաբերականությունը ճնշում էր ինձ: Քաղաքական կամ փիլիսոփայական թեմաներով քննարկումներում այն ինձ ձանձրալի ու կռվարար դարձրեց: Մարդիկ խուսափում էին ինձ հետ չհամաձայնվել որևէ բանի՝ նույնիսկ աննշան կետերի շուրջ, որովհետև գիտեին, որ դա կվերածվեր վրդովմունքի և նրանց փաստարկները չլսելու: Իմ անձնական կյանքում, շատ հաճախ, ես կարող էի մոռանալ աջակցել կամ ոգևորել ինձ շրջապատողներին: Չլսելու հակառակ կողմը հարցադրումներ չանելն է, քանի որ, երբ չես ուզում լսել, վերջին բանը, որ ուզում ես անել, գործարկելն է այն ճշգրիտ սցենարը, որում քեզնից ամենաշատն է ակնկալվում լսել: Դրա համար էլ ընկերներիս հաճախակի լուրջ հարցեր չէի տալիս: Ես սիրում էի կատակները, սիրում էի բամբասանքը, բայց կմոռանայի նրանց հարցնել իրական բաների մասին: Կամ ես նրանց կհարցնեի այն, ինչ նրանք արդեն ասել էին ինձ մեկ շաբաթ առաջ, կամ էլ կմոռանայի հարցնել նրանց վերջին աշխատանքի հարցազրույցի կամ բաժանման մասին:

Հենց այստեղ է վատ լսելն ամենաշատը վնասում. այն ազդանշան է տալիս ձեր շրջապատին, որ դուք հոգ չեք տանում նրանց մասին, կամ մտածում եք, բայց շատ փոփոխական, անկայուն ձևով։ Դրա համար էլ մարդիկ զգուշանում են կիսվելուց, խորհուրդներ խնդրելուց կամ ձեզ վրա հենվելուց այնպես,  ինչպես մենք ապավինում ենք մեծ սրտով մարդկանց։

Վերոհիշյալ ամենը բավականին տխուր պատկեր է ստեղծում, գիտեմ: Ես չեմ ուզում գերագնահատել դրությունը։ Ես հրեշ չէի։ Ես հոգում էի մարդկանց մասին և կենտրոնանալու դեպքում կարողանում էի դա ցույց տալ։ Ինձ սիրում էին, ես գտել էի իմ տեղն այս աշխարհում․ ըստ երևույթին, ես տիրապետում էի նրան, ինչը մենք խարիզմա ենք անվանում։ Շատ ժամանակ ես լավ էի լսում: Բայց հենց սա է խնդիրը․ դու կարող ես կյանքդ վատ ունկնդրի կարգավիճակում անցկացնել։ Մենք հակված ենք ներել դա, քանի որ այն տարածված է:

Քեյթ Մրֆին իր «Դու չես լսում» (2020) գրքում ժամանակակից կյանքը բնութագրում է որպես թշնամական առ լավ ունկնդրումը։

Մեզ խրախուսում են լսել մեր սրտերին, լսել մեր ներքին ձայնին և լսել մեր բնազդին, բայց հազվադեպ է մեզ խրախուսվում ուշադիր և նպատակային լսել այլ մարդկանց:

Ինչո՞ւ ենք մենք հանդուրժում անուշադիր լսելը: Որովհետև, ըստ իս, ուշի-ուշով լսելը դժվար է, ինչը բոլորիս քաջ ծանոթ է։ Ինչպես ինքնակատարելագործման բոլոր ձևերը, նման պատյանից դուրս գալն էլ է պահանջում նպատակասլացություն, իսկ իդեալական տարբերակում՝ առաջնորդում:

Երբ հայտնաբերեցի Ռոջերսի լսելու մասին գրառումները, դրանք հաստատեցին, որ շատ զրույցներում ես այդ ամենը սխալ եմ հասկացել: «Ուշադիր լսելիս»,-գրել են Ռոջերսն ու նրա համահեղինակ Ռիչարդ Էվանս Ֆարսոնը 1957 թվականին,ունկնդիրը պասիվորեն չի կլանում այն ​​բառերը, որոնք իրեն ասվում են, նա ակտիվորեն փորձում է ըմբռնել փաստերն ու զգացմունքներն իր լսածի մեջ, և փորձում՝ իր լսելով օգնել խոսողին լուծել իր սեփական խնդիրները»: Սա հենց այն դիրքորոշումն էր, որը ես միայն հազվադեպ էի որդեգրում:

Ծնված 1902 թվականին Չիկագոյի նույն արվարձանում, որտեղ երեք տարի առաջ Հեմինգուեյն էր ծնվել, Ռոջերսը խիստ կրոնական դաստիարակություն էր ստացել: Երիտասարդ տարիքում նրան կարծես վիճակված էր պետական ծառայությունը։ Բայց 1926 թվականին նա հատեց Աստվածաբանական ճեմարանի միությունից Կոլումբիայի համալսարան տանող ճանապարհը և տրվեց հոգեբանությանը: (Այդ ժամանակ հոգեբանությունն այնքան նոր ու նորաձև ոլորտ էր, որ 1919 թվականին Վերսալի պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ Զիգմունդ Ֆրոյդը գաղտնի խորհուրդ տվեց Փարիզում Վուդրո Վիլսոնի դեսպանին):

Ռոջերսի վաղ աշխատանքը կենտրոնացած էր այն ժամանակվա «հանցագործ» երեխաների վրա, բայց 1940-ական թվականներին նա մշակում էր հոգեթերապիայի նոր մոտեցում, որն անվանվեց «մարդասիրական» և «անձակենտրոն»: Ի տարբերություն Ֆրոյդի՝ Ռոջերսը վստահ էր, որ մենք բոլորս ունենք «ուղղորդման խիստ դրական միտումներ»: Նրա կարծիքով դժբախտ մարդիկ կոտրված չեն, այլ արգելափակված են։ Եվ, ի տարբերություն հոգեթերապիայի այն ժամանակվա գերիշխող եղանակների՝ հոգեվերլուծության և վարքաբանության, Ռոջերսը կարծում էր, որ հոգեբանը պետք է լինի ոչ այնքան խնդիրներ լուծող, որքան հմուտ մանկաբարձուհի՝ երևան հանելով հաճախորդի մոտ արդեն իսկ առկա լուծումները։ Ըստ իրեն՝ բոլոր մարդիկ «ինքնաիրացվելու» խորը մղում ունեն, և հոգեբանի խնդիրն է սնուցել այդ մղումը: Նրանք «անհատին ազատ թողնելու ու կոփելու համար էին, ոչ թե վերջինիս կյանքին միջամտելու»։ Այս նպատակին հասնելու բանալին զգոն, կենտրոնացված, «ակտիվ» լսելն էր:

Այս հեռանկարի այսօր առանձնապես արմատական ​​չթվալը Ռոջերսի ժառանգության վկայությունն է: Ինչպես գրում է նրա կենսագիրներից մեկը՝ Դեյվիդ Քոհենը, Ռոջերսի հոգեբանական փիլիսոփայությունը «դարձել է թերապիայի կառուցվածքի մի մասը»։ Այսօր Արևմուտքում մեզանից շատերը կարծում են, որ հոգեբանի մոտ գնալը կարող է հզորացնող և դրական քայլ լինել, այլ ոչ թե ճգնաժամի կամ հիվանդության ցուցիչ: Այս փոփոխության համար պարտական ենք ​​Ռոջերսին: Նույն կերպ պարտական ենք նաև այն ակնկալիքի համար, որ հոգեբանն իրեն թույլ կտա մտնել մեր մտածողության մեջ և արտահայտել շատ զգոն, բայց շոշափելի ապրումակցում: Ֆրոյդի՝ մտքի վրա առանձին կենտրոնանալու փոխարեն Ռոջերսն ավելի շատ վեր էր դասում մտքերի միաձուլումը` սահմանափակ, բայց սերտ:

Վատ օրերին ես բազեի նման սպասում էի բաների, որոնք կարող էի շտկել կամ նսեմացնել։ 

Ռոջերսի համար ուշադիր լսելն էական էր աճի պայմաններ ստեղծելու համար: Դա հիմնական բաղադրիչներից էր, որ կստիպեր մեկ ուրիշին իրեն ավելի քիչ միայնակ, ավելի քիչ մեկուսացված զգալ և էլ ավելի ինքնորոշվելու ընդունակ։

Ռոջերսը գտնում էր, որ լսելու հիմնական մարտահրավերը սա է. գիտակցությունները մեկուսացված են միմյանցից, և նրանց միջև առկա են ճանաչողական աղմուկի թավուտներ: Աղմուկը կտրելը ջանք է պահանջում: Ուշադիր լսելը պահանջում է, որ մենք ընկալենք խոսողի ներաշխարհը, հասկանանք, թե նրա տեսանկյունից ինչ է նա մեզ հայտնում։ Այս ապրումակցումն իրական ճիգ է։ Շատ ավելի հեշտ է դատել ուրիշի տեսակետը, վերլուծել այն, դասակարգել: Բայց հարգնել այն, ինչպես մտավոր հագուստ, շատ դժվար է: Ռոջերսը պատմում էր․ «Դեռահաս տարիքում ես նվիրյալ աթեիստ ու ձախական էի: Ես ամեն ինչ շատ պարզ էի տեսնում. բոլոր հավատացյալները դյուրահավատ են, և բոլոր պահպանողականները խելագար են կամ առնվազն անսիրտ: Ես կարող էի կառչել իմ մանիքեական տեսակետից հենց այն պատճառով, որ ջանք չէի գործադրել հասկանալու ուրիշի տեսակետը»։

Իմ մտավոր կաղապարներից ևս մեկը, որին Ռոջերսն էլի անդրադարձել է, այն բնազդն է, որ ցանկացած ոք, ում հետ խոսում եմ, հավանաբար ինձնից ավելի հիմար է: Այս մեծամտությունը սարսափելի է լսելու ցանկացած փորձի համար։ Ըստ Ռոջերսի․ «Մինչև մենք չկարողանանք ի սրտե հարգել անհատի պոտենցիալ արժեքը, մենք չենք լինի լավ ունկնդիր: Նախկինում՝ վատ օրերին, ես բազեի նման կսպասեի բաների, որոնք կարող էի շտկել կամ նսեմացնել։ Կփնտրեի ակնարկներ՝ ապացուցելու, որ տվյալ անձը սխալ է։ Բայց, ինչպես Ռոջերսն է գրում,  ուշադիր լսելու համար մենք պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որը ոչ քննադատական, ոչ գնահատող և ոչ էլ բարոյականացնող կլինի»:

«Մեր զգացմունքները հաճախ մեր ամենավատ թշնամիներն են, երբ մենք փորձում ենք ունկնդիր դառնալ»,գրել է նա։ Մի խոսքով, վատ լսելու մեծ մասը կապված է ինքնատիրապետման բացակայության հետ: Այլոք մեզ կենդանացնում են, մենք բոլորս փոխկապակցված ենք, մխրճված ուրույն գաղափարների մեջ: (Սա է պատճառը, որ ստեղծել ենք զգոն սոցիալական համակարգեր․ օրինակ՝ ընթրիքի ժամանակ կրոնը կամ քաղաքականությունը չեն քննարկվում)։ Ռոջերսը պատմում է․ «Երբ 21 տարեկան էի, անկարող էի չարձագանքել, երբ ինչ-որ մեկը ենթադրում էր, թե ինչ-որ փոփ երաժշտություն բավականին լավն է, կամ կապիտալիզմն ուներ որոշ փրկչական հատկություններ։ Սա շատ դժվարացրեց սեփական կարծիքից բացի ուրիշի կարծիքը լսելը: Ահա թե ինչու, Ռոջերսն ասում է՝ սովորելու առաջին հմտություններից մեկը չմիջամտելն է: Համբերություն։ «Ինքդ քեզ լսելը»,-գրում է նա,-«ուրիշներին լսելու նախապայման է»: Այստեղ ակնհայտ է մեդիտացիայի հետ նմանությունը. մի՛ հետապնդիր յուրաքանչյուր միտք, մի՛ արձագանքիր յուրաքանչյուր ներքին իրադարձության, մնա՛ կենտրոնացած: Այսօր՝ զրույցի ընթացքում, փորձում եմ անընդհատ հիշեցնել ինքս ինձ՝ միայն արձագանքիր կամ միջամտիր՝ երբ քո հերթն է խոսելու կամ երբ դա ակնհայտորեն ողջունելի կլինի։ Սա պրակտիկա է պահանջում, հավանաբար, անվերջ պրակտիկա»:

Եվ երբ մենք միջամտում ենք՝ հետևելով Ռոջերսին, մենք պետք է դիմադրենք զրույցի կիզակետը դեպի մեզ հետ քաշելու մշտառկա մղմանը: Սոցիոլոգներն այս հակումն անվանում են «հերթափոխի արձագանք»: Երբ ընկերս ինձ պատմում է իր՝ Թայլանդ այցելելու ցանկության մասին, ես պետք է դիմադրեմ, հետ պահեմ ինձ նման արձագանք տալու եսասեր ձգտումից․ «Այո՜, Թայլանդը հիանալի է, ես մի անգամ Սուրբ Ծնունդն անցկացրել եմ Կոհ Լանտայում, մի՞թե չեմ պատմել եմ քեզ արածս Մուայ Թայ դասի մասին»։ Փոխարենը պետք է այսպես արտահայտվեմ. «Կոնկրետ որտե՞ղ ես ցանկանում գնալ, և ինչո՞ւ»: Սոցիոլոգները սա անվանում են «աջակցության պատասխան»: Լավ լսել նշանակում է հետ կանգնել և կենտրոնանալ ուրիշի վրա:

Ռոջերսի մոտեցման մեկ այլ հաջող օրինակ՝ վերցված նրա կարիերայից, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների նրա փորձն է: ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ռոջերսին խնդրել էին գնահատել հրաձիգների հոգեբանական առողջությունը, որոնց մոտ բարոյականությունը ցածր է եղել: Լինելով համբերատար, չքննադատող և հոգատար իր ուշադրությամբ՝ Ռոջերսը հայտնաբերեց, որ հրաձիգները բարձրացնում էին իրենց գլխավոր բողոքներից մեկը. նրանք զայրացած էին քաղաքացիների վրա: Վերադառնալով իր հայրենի քաղաքը և ներկա լինելով ֆուտբոլային խաղին՝ օդաչուներից մեկը հայտնեց․ «Այդ ամբողջ կյանքը, ուրախությունն ու շքեղությունը քեզ հունից հանում են»: Ռոջերսը որևէ կտրուկ միջամտություն կամ որևէ փոփոխություն չառաջարկեց։ Նա խորհուրդ տվեց, որ տղամարդկանց թույլ տրվի անկեղծ լինել իրենց զայրույթի հետ և բացահայտորեն, առանց ամաչելու ցույց տալ դա։ «Տղամարդկանց զրուցակիցները»,-ասել է Ռոջերսը,պետք է պարզապես լսեն նրանց մինչև վերջիններիս լիցքաթափվելը, և միայն դրանից հետո արձագանքեն»:

Ինչպես մեդիտացիան, այս կերպ լսելը աշխատանք է պահանջում: Այն կարող է ավելի շատ աշխատանք պահանջել թերապիայի սենյակից դուրս՝ մասնագիտական ​​ակնկալիքների բացակայության դեպքում: Բոլոր ժամանակներում գրեթե բոլորիս ներքին մենախոսությունը հուսահատ կերպով մեր ուղեղից արագորեն հոսում է մեր լեզվի վրա։ Այս հոսքի դադարեցումը նպատակադրում է պահանջում: Սա անհրաժեշտ է, քանի որ, նույնիսկ, երբ մենք կարծում ենք՝ միջամտությունը դրական է, այն կարող է եսակենտրոն լինել: «Մենք կարող ենք դա չզգալ»,ասում է Ռոջերսը,սակայն, շատ դեպքերում, երբ մենք առաջարկում ենք մեր մեկնաբանությունը կամ ներդրումը, սովորաբար արձագանքում ենք աշխարհը որոշակի ձևերով տեսնելու մեր սեփական կարիքներին: Երբ ես առաջին անգամ սկսեցի դիտարկել ինձ որպես ունկնդիր, տեսա, թե որքան դժվարությամբ էի թույլ տալիս, որ մարդիկ ավարտեն իրենց նախադասությունը: Ես նկատեցի անհամբերության անսահման ալիքը, որի վրա հոսում էր ուշադրությունս։ Նկատեցի հարցեր տալու սայթաքուն գայթակղությունը, որոնք իրականում ամենևին էլ հարցեր չէին, այլ կարծիքի պարտադրում՝ քողարկված հարցերի տեսքով։ Հետո հասկացա, որ ճիշտ տարբերակը լռելն էր, սպասելը»։

Ակտիվ ունկնդրի գործը պարզապես տեղում լինելն է, կենտրոնանալ «մարդկանց հետ մտածելու վրա՝ նրանց մասին կամ նրանց համար մտածելու փոխարեն»: Նման մտածողությունը պահանջում է լսել այն, ինչ Ռոջերսն «ընդհանուր իմաստ» է անվանում։ Սա նշանակում է արձանագրել և՛ նրանց ասածների բովանդակությունը, և՛ (ավելի մեղմ ասած) «այդ բովանդակության հիմքում ընկած զգացումը կամ վերաբերմունքը»: Հաճախ արտահայտած զգացմունքն ավելի իրական է, իսկ բովանդակությունը՝ որովայնախոսի խաբեբայություն: Այս զգացողությունը ֆիքսելը ներառում է իրական կենտրոնացում, քանի որ, հատկապես ոչ խոսքային ազդանշանները՝ տատանվելը, փնթփնթալը, կեցվածքի փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն: Անուշադրությունը, կիսով չափ լսելն ու «ընդհանուր իմաստը» մեզ ամբողջովին կհիասթափեցնեն։

Բոլորն ուզում են, որ իրենց լսեն։ Այլապես որտեղից է գալիս այն կարծրատիպը, որ  մարդիկ սիրահարվում են իրենց հոգեբաններին:

Եվ չնայած՝ վատ ունկնդիրը սիրում է ներքին բազմաֆունկցիոնալ առաջադրանքներ կատարել, երբ մեկ ուրիշը խոսում է, բայց կեղծելը չի ​​աշխատի: Ինչպես գրում է Ռոջերսը, մարդիկ զգոն են զուտ «հետաքրքրության նմանակման» նկատմամբ՝ դիտարկելով այն որպես «դատարկ և ստերիլ»: Անկեղծորեն լսել նշանակում է ղեկավարել ազատության, կարեկցանքի, ուշադրության և նվիրվածության մի խառնուրդ: Ըստ Ռոջերսի՝ սա պահանջում է «պրակտիկա», ինչպես նաև «փոփոխություններ մեր սեփական հիմնային վերաբերմունքում»։

Ռոջերսի տեսությունները մշակվել են մի համատեքստում, երբ մի մարդ բացահայտորեն փորձում է օգնել մեկ այլ մարդու բուժվել և աճել: Բայց Ռոջերսը միշտ բացահայտորեն ասում էր, որ իր աշխատանքը «կյանքի մասին» է: Իր տեսությունների մասին նա ասել է, որ նույն օրինաչափությունը կառավարում է բոլոր մարդկային հարաբերությունները:

Կարծում եմ` ես սկսել եմ ավելի ցածր կետից. ըստ էության՝ իմ ուղեղը հակված է ցրվածության և եսասիրության: Բայց պետք չէ լինել վատ ունկնդիր Ռոջերսի գաղափարներից օգուտ քաղելու համար: Նույնիսկ նա, ով ինքնաբերական ռեժիմով ապրումակցող, հետաքրքրված ունկնդիր է, շատ բան կարող է գտնել Ռոջերսի  աշխատանքում: Ռոջերսն ավելին է արել, քան որևէ այլ մեկը՝ ունկնդրումը ուսումնասիրելու, դրա դինամիկան համակարգելու և իր մասնագիտական ​​ուսումնասիրությունները գրանցելու համար:

Լավ ունկնդիր լինելը, անշուշտ, իր ազդեցությունն ունեցավ Ռոջերսի կյանքում: Ինչպես նրա մեկ այլ կենսագիր՝ Հովարդ Կիրշենբաումն է ինձ ասել, ըստ Ռոջերսի՝ «ուրիշներին ապրումակցումով լսելը չափազանց բուժիչ և ազատող էր, ինչպես թերապիայի, այնպես էլ այլ հարաբերություններում»։ Նրա 80-ամյակի խնջույքի ժամանակ կաբարե էր բեմադրվել, որտեղ Կարլ Ռոջերսի երկու նմանակները չափազանցված կարեկցանքով լսում էին միմյանց: Հումորի հիմնական գաղափարը հաճոյախոսությունն էր․ հազվադեպ է հանդիպում, երբ մտավորականները իրականում մարմնավորում էին իրենց պաշտպանած գաղափարները, և Ռոջերսն իրեն ճանաչողների մեջ համարվում էր հիանալի ունկնդիր։ Չնայած այն անհաջողությունները, որոնք կարող են ծանրացնել ցանկացածի կյանքը՝ ալկոհոլից կախվածությունը, միակնությունից հիասթափությունը, Ռոջերսը պարկեշտ մարդ էր թվում՝ ջերմ, սրտաբաց և բարեգութ:

Այն, որ նա կարողացավ իր տեսությունները կիրառել սեփական կյանքում, պետք է քաջալերի նույնիսկ մեզանից նրանց, ովքեր աշխարհահռչակ հոգեբաններ չեն: Բոլորն ուզում են, որ իրենց լսեն։ Այլապես որտեղից է գալիս այն կարծրատիպը,  որ մարդիկ սիրահարվում են իրենց հոգեբաններին: Ահա թե ինչու է ամբողջ հրապուրանքը սկսվում սևեռուն ուշադրությունից: Դիտարկե՛ք ձեր սեփական փորձը և, ամենայն հավանականությամբ, ուղիղ կապ կգտնեք այն մարդկանց միջև, ում կողմից սիրված եք, և այն մարդկանց, ովքեր իրականում լսում են ձեր ասածները: Մարդիկ, ովքեր երբեք մեզ ոչինչ չեն հարցնում, այն մարդիկ են, որոնցից մենք հեռու ենք մնում: Մարդիկ, ովքեր այնքան շատ են լսում, որ մեզնից նոր բաներ են դուրս քաշում, և ովքեր լսում են այն, ինչ մենք նույնիսկ չենք ասել, նրանք են, որոնց ձեռքը բռնում ենք հավետ:

Հավանաբար, ամենից առաջ Ռոջերսը հասկանում էր, թե ինչ խաղադրույքներ կան լավ լսելու մեջ: Մենք բոլորս, երբ մեր լավագույն հոգեվիճակում ենք, ցանկանում ենք նպաստել այն մարդկանց աճին, ում ընտրում ենք մեր ժամանակը տրամադրել: Մենք ցանկանում ենք օգնել նրանց դուրս գալ իրենց սահմանափակող հանգամանքներից, ավելի ձիգ կանգնել, ավելի լավ մտածել: Այս դինամիկան կարող է լինել ոչ այնքան անմիջական, որքան հոգեբանի դեպքում. ավելի շատ հավասար պայմաններ կան, բայց երբ մեր հարաբերությունները առողջ են, մենք ցանկանում ենք, որ մեր շրջապատն էլ աճ ունենա: Լավ լսելը, ցույց տվեց Ռոջերսը, այստեղ ամենապարզ երթուղին է: Մարդկանց հետ անկեղծ եղեք, և նրանք կլցվեն քաջությամբ և ինքնավստահությամբ: Նրանք զգում են ուշադրության արձակող փայլը և զարգացնում ինքնավստահությունը: Եթե ​​մենք այս ամենը չենք ցանկանում մեր ընկերներին, ուրեմն մենք նրանց ընկերը չենք:

Իսկապես, ակտիվ լսելն այնպիսի մեծահոգություն է, որ վերջինիս պրակտիկան կարելի է հոգևորին սահմանակից դիտարկել։ Թեև Ռոջերսը իր 20-ականների սկզբին աստվածաբանությունը փոխանակեց հոգեբանության հետ` նա միշտ պահպանում էր հետաքրքրությունը հոգևորի նկատմամբ: Նա հաճույք էր ստանում էքզիստենցիալիստ քրիստոնյա Սյորեն Կիերկեգորի աշխատանքից, և տարիների ընթացքում հանրային քննարկումներ ունեցավ աստվածաբաններ Փոլ Թիլիքի և Մարտին Բուբերի հետ։ Հաջող թերապիայի սեանսների ժամանակ, ասել է Ռոջերսը, և՛ հոգեբանը, և՛ հաճախորդը կարող են հայտնվել «հիպնոսանման կարգավիճակում», որտեղ, փոխառելով Բուբերի արտահայտությունը, առաջ են գալիս իրական «ես-դու» հարաբերություններ: Իր հաճախորդների հետ հարաբերությունների մասին Ռոջերսն ասաց. «Ես նրա հետ կգնայի զարհուրելի ճանապարհորդության դեպի իր ներաշխարհ»:

Միգուցե սա ձեզնից չափից շատ բան է պահանջում. գուցե դուք կձևակերպեիք ակտիվ լսելը զուտ որպես լավ վարք կամ միջանձնային պարզ միջոց: Բանն այն է, որ ուրիշներին իսկապես լսելը կարող է համարվել իռացիոնալ մեծահոգություն: Մարդիկ կսպառեն ձեր ուշադրությունը. կարող են ժամեր կամ տարիներ անցնել, մինչև նրանք երբևէ նույն ուշադրությունը դարձնեն ձեզ: Երբեմն, ի ուրախություն, ձեր լսելը ինչ-որ նոր բանի կբերի։ Երբեմն, մի ուրիշը կպատասխանի սեփական մեծահոգությամբ, և փոխադարձ վերաբերմունքը հզոր կլինի: Բայց հաճախ՝ ոչինչ։ Շատերը հազվադեպ կնկատեն, էլ ավելի հազվադեպ՝ շնորհակալություն կհայտնեն ձեր ջանքերի համար: Այնուամենայնիվ, ուշադրության այս մեծահոգությունն այն է, ինչին արժանի են մարդիկ:

Եվ որպեսզի այս ամենը բարեպաշտ չհնչի, ակտիվ լսելը մաքուր ալտրուիզմ չէ: Լավ լսելը, ինչպես ասաց Ռոջերսը, «աճի փորձ է»: Այն մեզ թույլ է տալիս մյուսներից ստանալ լավագույնը: Հոգիների կարուսելն անվերջ է։ Մարդիկ ունեն խորությամբ ապրվող և  հետաքրքրաշարժ կյանք, և նրանք կարող են մեզ աշխարհներ ցույց տալ, որոնք այլ կերպ չէինք ճանաչի: Եթե ​​մենք իսկապես լսում ենք, մենք ընդլայնում ենք մեր սեփական ինտելեկտը, հուզական շրջանակը և զգում, որ աշխարհը բաց է բացահայտումների համար: Ակտիվ լսելը բարություն է ուրիշների հանդեպ, բայց, ինչպես Ռոջերսը միշտ շտապում էր պարզաբանել, դա նաև նվեր է ինքներս մեզ:

Ուղեղները սովորում են այլ ուղեղներից, իսկ լավ լսելը մտքի թելը բռնելու, այդ ուղին բացելու ամենապարզ միջոցն է։

Ռոջերսը դարձավ 1960-ականների հակամշակույթի հերոս։ Նա հիանում էր հոգու ազատագրման և անկաշկանդ հաղորդակցության նրանց ուտոպիստական ​​երազանքներով. կյանքի ուշ շրջանում նա հակվել էր Կարլոս Կաստանեդայի Նոր դարաշրջանի ստեղծագործություններին: Այս ամենը խոսում է Ռոջերսի փիլիսոփայության առանցքային քննադատություններից մեկի մասին՝ ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ այսօր՝ նա չափազանց լավատես էր: Ռոջերսն ինքն իրեն համարել է, ինչպես Քոհենն է ասել, «անուղղելիորեն դրական»: Նրա քննադատները նրան անվանում էին մի տեսակ մտքի Պոլլիաննա և կարծում էին` նա միամիտ է այն համոզման համար, որ այնպիսի պարզ միջամտությունները, ինչպիսիք են ապրումակցումն ու լսելը, կարող են փոխակերպումներ առաջացնել մարդկանց մեջ: (Հավանաբար որոշ ընթերցողներ նման քննադատություններ կկրեն իմ սեփական համոզմունքների վերաբերյալ, ինչպես նշվեց այստեղ):

Նրանք, ովքեր հակված են համաձայնել Ռոջերսի մասին այս գնահատականին, հավանաբար կմտածեն, որ ես գերագնահատել եմ դրությունը։ Լսելը` որպես սե՞ր: Լսելը` որպես հոգևոր պրակտիկա՞: Բայց իմ կյանքում լսելու նորացված մոտեցումը բարելավել է իմ հարաբերությունները ուրիշների հետ, և ես այժմ կարծում եմ, որ լսելը անհեթեթորեն  բավարար չի քննարկվում: Լավ լսելը բարդ է, նուրբ, սայթաքուն, բայց այն նաև այստեղ է, այն ապրում է մեր մեջ, և մենք կարող ենք աշխատել դրա վրա ամեն օր: Ի տարբերություն էթիկայի և փիլիսոփայության այսչափ վերացականությունների` մեր լսողությունը պետք է ամեն օր կատարելագործվի: Ինչպես մկանը, այն կարելի է մարզել։ Ինտելեկտի նման այն կարելի է փորձարկել։ Նույն պահին դա կարող է խթանել և՛ մեր, և՛ ուրիշների աճը: Ուղեղները սովորում են այլ ուղեղներից, իսկ լավ լսելը մտքի թելը բռնելու, այդ ուղին բացելու ամենապարզ միջոցն է: Չեմ կարծում՝ պատահականություն է, որ ես չկարողացա գրել ոչ գեղարվեստական ​​գրականություն, որը որևէ մեկն իրականում ցանկանում էր կարդալ, մինչև որ ես սկսեցի փորձել իսկապես լսել:

«Ամենամեծ հաճոյախոսությունը, որ երբևէ տրվել է ինձ»,ասաց Հենրի Դեյվիդ Թորոն,-«այն էր, երբ մեկը հարցրեց, թե ինչ եմ մտածում և հետևեց իմ պատասխանին»: Ինքնաբերականության ռեժիմի վրա մնալով ես դեռ կարող եմ վատ ունկնդիր լինել: Կընդհատեմ, կավարտեմ նախադասությունները, կխանգարեմ մարդկանց: Ես կասկածում եմ, որ ինձ ծանոթ մարդկանցից շատերը դեռ գտնում են, թե ես հավասարակշռված, շարքային ունկնդիր եմ: Բայց ես փորձում եմ։ Յուրաքանչյուրի հետ, ում վրա կարող եմ ազդել, և հատկապես նրանց, ում հոգիները կարող եմ օգնել լուսավորել, ես հետևում եմ Ռոջերսին և առաջարկում եմ այնքան «անվտանգություն, ջերմություն, կարեկից փոխըմբռնում, որքան կարող եմ անկեղծորեն գտնել իմ մեջ՝ տալու համար»: Եվ ես բաց եմ թողնում ինձ դեպի այն ամենը, ինչ կարող եմ սովորել: Ուշադրությունս մարում է, կրկին ու կրկին: Բայց ես նորից ու նորից եմ փորձում: Ես հավատում եմ, որ այն աշխատում է:


Հեղինակի մասին

Մ․ Մ․ Օուենը բրիտանացի ոչ գեղարվեստական գրող է: Նա իր դոկտորական աստիճանը ստացել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանում և այժմ իր ժամանակը բաշխում է Մեծ Բրիտանիայի և Պորտուգալիայի միջև:


Բնօրինակի հեղինակ՝ M M Owen, Aeon

Թարգմանիչ՝ Իռեն Նավոյան (Iren Navoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։