Անկախություն՝ վախի սկիլլայի և հույսի քարիբդայի միջև

Photo:https://www.pinterest.com
Photo:https://www.pinterest.com

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության (ՀՍՍՀ) Գերագույն խորհրդի (ԳԽ) կողմից անկախության հռչակագրի ընդունմամբ և 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով հանրապետությունը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և սեպտեմբերի 23-ին հռչակեց իր անկախությունը։ Այս դասագրքային տողերը շատերի համար պարզապես ամսաթվեր և ժամանակագրություն են, այնինչ այս թվերի և փաստերի հիմքում  իրականացվել է հսկայական աշխատանք, որը սկիզբ էր առել արդեն 1960-ական թվականներին և իր տրամաբանական հանգուցալուծմանը հասել Ղարաբաղյան շարժման սկզբնավորմամբ, վերաձևակերպմամբ և, ի վերջո, անկախության հռչակմամբ։

Մի քիչ ճանապարհի մասին. ցանկալին և իրականը

1960-ական թվականների ազգային զարթոնքի մասին խոսելիս հիմնական և առանցքային են համարվում ցեղասպանության 50-ամյա տարելիցի իրադարձությունները և դրանց հանրային ու քաղաքական արձագանքները։ Հիմնական արդյունքը Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կանգնեցումն էր և ՀՍՍՀ ներքին ինքնավարության ու հանրային տրամադրության որոշակի փոփոխությունը։ Պետք է հիշել, որ որքան էլ կարևոր և առաջնային էր հանրային մասնակցությունը, տարբեր խմբերի և անհատների անձնուրաց նվիրումը այդ գործին, ԽՍՀՄ-ն ինքը շահագրգռված էր այդ ամենով։ Նախ և առաջ խրուշչովյան ձնհալն էր, հետո՝ Սառը պատերազմի մթնոլորտը: Իսկ նախքան դա՝ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բավական իրատեսական շշուկներ կային թուրքական հանրապետության և ԽՍՀՄ միջև հնարավոր բախման վերաբերյալ: Ավելի ուշ՝ արդեն 1955 թվականին, Թուրքիան դարձել էր ՆԱՏՕ-ի անդամ և ռազմավարական անհաճո խնդրի առջև էր կանգնեցրել ԽՍՀՄ-ին: Ապա Կարիբյան ճգնաժամի (1962 թվական) շրջանն էր, որի պատճառը ԱՄՆ-ի կողմից (իհարկե ՆԱՏՕ-ի հովանու ներքո) Թուրքիայի Հանրապետությունում «Յուպիտեր» միջին հեռավորության հրթիռային կայանների տեղադրումն էր՝ ուղղված ԽՍՀՄ-ի դեմ։ Ահա այս և մի շարք այլ աշխարհաքաղաքական պայմանների առկայությունն էր նաև, որ հնարավոր դարձրեց Հայոց ցեղասպանության 50-ամյակի նշումը՝ թույլատրված ԽՍՀՄ իշխանությունների կողմից, և դրա քաղաքական չարչրկումը միջազգային ասպարեզում՝  ի սպաս ԽՍՀՄ միջազգային քաղաքական շահերին։ Հարկավ, կարևոր էր նաև ներհայաստանյան իրավիճակը. 1940-50-ական թվականների «Մեծ հայրենադարձությունը» այն կարևոր խթանն ու կռվանն էր, որ հիմք հանդիսացավ ակտիվ, ազատ ու բանիմաց երիտասարդության ներգրավմանը հանրային քաղաքականությանը։

Հանրային ակտիվիզմը և, ընդհանրապես, ցանկացած 2-3 հոգանոց արգելված հավաք ԽՍՀՄ իշխանությունների կողմից դիտարկվում էր որպես ուղղակի սպառնալիք պետության անվտանգությանը և խեղդվում էր հենց բնում։ Օրինակ՝ 1965 թվականին Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում տեղի ունեցած դեպքը, երբ մի խումբ մարդիկ երկաթներով և քարերով ջարդել էին Օպերայի շենքի պատուհանները այն նույն ժամանակ, երբ երկրի բարձրագույն ղեկավարությունը ներսում նշում էր ցեղասպանության զոհերի հիշատակը, որակվել էր որպես խուլիգանություն և հանրային կարգի խախտում։  Նմանապես և 1966 թվականին տեղի ունեցած դեպքը,  երբ մի խումբ երիտասարդներ, ովքեր Կոմիտասի անվան պանթեոնում որոշել էին հարգանքի տուրք մատուցել Կոմիտասին՝ որպես ցեղասպանության համահավաք կերպարի, խուլիգանության հոդվածով  ձերբակալվել  և 1-10 օր պահվել էին բանտախցերում: Այս ամենը փաստում է այն մասին, որ 1965 թվականի իրադարձությունները և 1967 թվականին հուշահամալիրի բացումը բացարձակապես ձեռնտու էր ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին և առավելապես ուղղորդված էր նրանց կողմից։ Ուղղորդված էր, որովհետև ձնհալի ժամանակաշրջանին հաջորդած հանրային ոլորտի որոշակի ազատականացումը առնվազն ՀՍՍՀ-ում կարող էր վտանգավոր ու վարակիչ լինել, և, ըստ այդմ,  ավելի դյուրին էր այդ շարժումը ուղղորդել դեպի «ազգայինի,  անցյալի» իմա՝ իմանենտ ու իմպոտենտ դաշտ և դրանով իսկ պարպել բողոքի հնարավոր ալիքը ու վերահսկել հնարավոր զարգացումները։

Հասկանալու համար, թե ինչ ահռելի սոցիալ-քաղաքական և մշակութային ազդեցություն են թողել այս իրադարձությունները, հարկ է անդրադառնալ Ղարաբաղյան շարժման որոշ ասպեկտներին. Ղարաբաղյան շարժման գրեթե  բոլոր ականավոր դերակատարները, ինչպես  նաև  ավագ սերունդը ակունքներով այդ շարժումից էին։ Հետագայում արդեն Ղարաբաղյան շարժումը յուրատեսակ դպրոց և փորձադաշտ դարձավ ժամանակի քաղաքական դերակատարների՝ «նոր մարդկանց» ասպարեզ գալու համար, որոնց վիճակված էր կերտել անկախ պետություն՝ բազմաթիվ առավելություններով և թերություններով:

Գաղափարական և քաղաքական հենքերը։ Այլընտրանքներից հստակություն

Ա․ Ի տարբերություն արևելաեվրոպական քաղաքական-ազգային շարժումների (Հունգարիա՝ 1956 թվական, Պրահա՝ 1968 թվական), որտեղ ի սկզբանե  դրված էր քաղաքական ինքնիշխանության (Մոսկվայից) և ազգի բարոյական առանցքի հարցը, Ղարաբաղյան շարժումը որոշակիորեն այլ էր իր հիմքով և զարգացումներով։

Արևելաեվրոպական շարժումները ի սկզբանե հռչակել էին իրենց անքակտելի սուվերենության պահանջը և շեշտում էին, որ դա չի կարող նույնիսկ չնչին շահարկման ենթարկվել. քաղաքական և հասարակական-անհատական ազատությունը չուներ այլընտրանք։ Ի տարբերություն դրա՝ Ղարաբաղյան շարժումը ի սկզբանե այդ խնդիրը չուներ. այստեղ առանցքայինը  Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) միացումն էր ՀՍՍՀ-ին։

Բ Անհատի բարոյական նկարագրի և նրա «մաքրության» հարցը։ Ի՞նչ նկատի ունենք: Չեխոսլովակիայի վերջին և Չեխիայի 1-ին նախագահ, հայտնի այլախոհ, հումանիստ և քաղաքական գործիչ Վացլավ Հավելը իր քաղաքական դիրքորոշմամբ և էսսեներում շեշտում  էր, որ ճշմարտախոսությունը և ազնվությունը այլընտրանք չունեն, որ ամբողջատիրական համակարգին կարելի է հաղթել բացառապես բացարձակ ճշմարտության քարոզի պարագայում (իրականում այս խնդիրը հետագայում բազմիցս քննադատվեց ժամանակի ինտելեկտուալների կողմից՝ իր միակողմանիության և առօրեականությունից կտրվածության պատճառով)։ Ի հակադրություն դրա՝ Ղարաբաղյան շարժման ականավոր դեմքերից մեկը՝ Վազգեն Մանուկյանը, օրինակ, «Մարդու ժամանակը» հաղորդաշարին տված հարցազրույցներից մեկում նշում է, որ ինքը և իր համախոհները պատրաստ էին ասել  ճշմարտության 80%-ը, միայն թե լուսանցքային (մարգինալ) դեմքեր չդառնային և չդասվեին այլախոհների շարքին։ Սա ավելի շատ կարելի է մեկնաբանել որպես քաղաքական պրագմատիզմ։ Այս օրինակը ո՛չ բացարձակ է, ո՛չ էլ ընդհանրական, բայց այն քաղաքական մտքի տարբերության և նույնիսկ հակադրության չափազանց լավ օրինակ է։

Խնդիրը, սակայն, այն է, որ կիսատ ճշմարտության ճանապարհը նաև կիսատ պտուղներ է տալիս։ Ղարաբաղյան շարժման ղեկավարները ցանկանում էին մի զարկով մի քանի նապաստակ որսալ. և՛ սերտ հարաբերություններ պահպանել ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների հետ, և՛ մնալ նրա կազմում, և՛ ՀՍՍՀ-ին միացնել ԼՂԻՄ-ը։ Հետո արդեն Սումգայիթյան դեպքերը, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների և ԱՍՍՀ կոշտ դիրքորոշումները կբերեն նրան, որ կփոխվի քաղաքական օրակարգը, և միակ այլընտրանքը կլինի ԽՍՀՄ-ից անկախանալը և սեփական ուժերով հարցը լուծելը։

Անցյալի վախերը և դրանց փուլային հաղթահարումը

Ինչպես Ունիսթոն Չերչիլն էր ասում՝ հաջողությունը ունակությունն է շարժվելու անհաջողությունից անհաջողություն՝ չկորցնելով խանդավառությունը։ Այս տողերը  հիանալիորեն բնորոշում են Ղարաբաղյան շարժման անցած ուղին և դրա դերակատարների հոգեբանական և բարոյական նկարագիրը։

Եթե հիշենք, թե ինչ պայմաններում խորհրդայնացավ Հայաստանի առաջին հանրապետությունը, կտեսնենք, որ հետագայում՝ անկախության պայքարի շրջանում, այդ վիճակը գլուխ բարձրացրեց  ֆոբիաների տեսքով։ 1-ինը ֆիզիկական անվտանգության հարցն էր, 2-րդը, ինչպես շատերն են սիրում նշել, առաջին հանրապետության հետագա սուվերեն գոյության անհնարինության հարցը («Փոքր պետության» սուվերենության անհնարինության թեզը, թուրքական «գենետիկ» թշնամությունը)՝ պայմանավորված ներքին և արտաքին սահմռկեցուցիչ հանգամանքներով (տնտեսություն, պատերազմ, ժողովրդագրություն և այլն) և աշխարհաքաղաքական իրադրությունով (երկու տարվա ընթացքում պատերազմ երեք հարևանների դեմ, տարածքային կորուստ, սովյալների ահռելի թիվ, քայքայված տնտեսություն, քաղաքական հովանավորների «անգործություն», թուրքական զորքերի կողմից ամբողջական ոչնչացման վտանգ և այլն)։ Ահա այս պայմաններում իշխանությունը փոխվեց, և հաստատվեցին խորհրդային կարգերը։ Այս նարրատիվներն էին, որ ակտիվացել էին Ղարաբաղյան շարժման ժամանակ և բազմաթիվ բախումների տեղիք տվել։ Հասարակական և քաղաքական խմբերի մի մասը նշում էր, որ անկախությունը կբերի նոր պատերազմ Թուրքիայի դեմ, և կրկին ֆիզիկական ոչնչացման խնդիր առաջ կգա: Այս թեզի հիմնական պաշտպանը ՀՅԴ-ն էր, և այն ուժեղ էր ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովրդի հոգեբանության հիմամբ նաև։ Մյուս մասը իսպառ բացառում էր սուվերենության հնարավորությունը որպես փոքր պետություն, և հիմքը թերահավատությունն էր սեփական ուժերի, նյութական և մտավոր պոտենցիալի կազմակերպման հնարավորությունների նկատմամբ։

Բայց իրադարձությունների հետագա ընթացքը՝ անկախության ուղին, ցույց տվեց, որ անհնարին և անփոփոխ ոչինչ չկա, և ամեն ինչ կախված է քաղաքական կամքից։ Ղարաբաղյան պատերազմն արդեն ցույց տվեց, որ ժամանակի իշխանությունները կարողացել են ստեղծել պատերազմը հաղթելուն միտված կենսունակ կառավարման համակարգ, կարողացել են հմտորեն կազմակերպել ու կառավարել բոլոր տեսակի ռեսուրսները և, ի վերջո, հասնել ժամանակավոր հաղթանակի։

 Պատերազմի  ավարտը և հետագա վիճակը

Ազատագրված հայրենիքը ինքնին  արժեք չունի, եթե երկրի քաղաքացիները նվազ ցանկություն չունեն ապրել և արարել այդ հայրենիքում։

Մի բան է ստեղծել ու կազմակերպել համակարգ, որի առաջին և առանցքային խնդիրն է ռազմական գերակայության հասնել թշնամու հանդեպ և, ըստ այդմ, հասնել հաղթանակի, մեկ այլ խնդիր է այդ համակարգի վերաձևակերպումը՝ միտված հանրային շահի կազմակերպմանը և հանրային բարիքի ստեղծմանը՝ ի շահ և ի սպաս քաղաքացիների։ Ահա այս խնդիրն էր, որ դրված է եղել այս 25-ամյա իշխանությունների ուսերին, և որը նրանք հիանալիորեն ձախողել են։

1994 թվականի զինադադարից հետո չափազանց կարևոր էր հաղթահարել հետպատերազմյան սինդրոմը և իրագործել «պատերազմող հասարակության» փոխակերպումը «արարող հասարակության» կամ «երևելի հերոսների», խաղաղ կյանքի կազմակերպումը հասարակական շրջանակներում, պատերազմի հանրայնացման գաղափարի իրացումը,  ըստ որում՝ պատերազմի հաղթանակի պատիվը պետք է դրվեր ժողովրդի ուսերին, այլ ոչ տարատեսակ քրեական հեղինակությունների, ռեմբոների և պատեհապաշտների։ Այս ամենը չարվեց կամ արվեց նվազ և թերի, որի արդյունքն էլ հետագա քաղաքական իրադարձություններում «զինվորական» գործոնի և ռեսուրսի չարչրկումն ու օգտագործումն էր՝ ի սպաս քաղաքական այսրոպեական շահերի։

Ի վերջո պետք է հստակություն մտցնել, թե ինչ խնդիրներ ուներ իր առջև համակարգը 1991 թվականին, երբ «Նոր ուժերը» ինկորպորացնում էին իրենց մեջ հներին[i], անտեսում շահերի բախումը և լուծում իրենց մինիմալ խնդիրները, և  ինչ խնդիրներ ունի ներկայիս համակարգը, երբ իրավիճակը տրամագծորեն այլ է, իսկ ժամանակի առանցքային ու առաջնային խնդիրները դարձել են երկրորդական, բայց ոչ երբեք նվազ կարևոր:


[i]Փայլուն օրինակ է Գերագույն խորհրդի նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը 4 փուլերին, երբ հաղթանակի հովանավորներ դարձան կոմունիստները, որոնք էլ հետագայում ըստ արժանվույն «վարձատրվեցին» ժամանակի համակարգի տրամաբանության պայմաններում։


Գրականություն

  1. Լևոն Աբրահամյան, Ծեսը, նախաթատրոնը և Թատերական հրապարակը. – «Բեմ», 1990, թիվ 1, էջ 7-19։
  2. Հարություն Մարության, Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանու­թյան հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը, Երևան, 2009:
  3. Հարություն Մարության. Ցեղասպանության հիշողությունը եւ Ղարաբաղյան շարժումը։ http://hambardzum.am/hy/articles/marutianeghern.html
  4. Նիկողայոս Ադոնց. Քաղաքական հոսանքները Հին Հայաստանում։ Հ․ 1, Երևան, 2006։
  5. Ռաֆայել Իշխանյան. Երրորդ ուժի բացառման օրենքը: Մաշտոց, 5 սեպտմեբերի 1989:
  6. Վազգեն Մանուկյան. Գնացքից թռչելու ժամանակն է։ Հայք N 15, 19 մայիսի 1990։
  7. Ronald GrigorSuny.Looking Toward Ararat: Armenia in Modern History.Indiana University Press, 1993.
  8. Левон Абрамян, Арутюн Марутян, Борьба за национальную независимость в Прибалтике и Закавказье: раз­ли­­чия и сход­ство. – Всесоюзная научная конференция “Межна­цио­наль­ные проб­ле­мы и конф­лик­ты: поиски путей их решения”. Тезисы док­ла­дов, Бишкек, 1991.
  9. https://www.youtube.com/watch?v=uMWXA5fmSA
  10. https://www.youtube.com/watch?v=98MoJ7xErhE
  11. https://www.youtube.com/watch?v=w9PFYKxCuQ0

Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan):  © Բոլոր իրավունքները պաշտպանված են