Անդրադարձ ՏՏ ոլորտի զարգացմանը

Photo:https://www.dreamstime.com/

Ներկայումս ՏՏ-ը զարգացման ամենաարագ տեմպեր ունեցող ոլորտներից է ամբողջ աշխարհում: Վերջին տասնամյակում համաշխարհային տնտեսության աճի բարձր միտումները գլխավորապես պայմանավորված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տեղի ունեցած առաջընթացով, նորամուծություններով և տնտեսության ամենատարբեր ոլորտներում վերջիններիս տեղայնացմամբ: Այս ամենից անմասն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը:

Մեր երկրի պարագայում ոլորտի զարգացման համար լավ հիմք ծառայեց խորհրդային տարիներից ժառանգություն ստացած ծրագրային ապահովման մշակման, արդյունաբերական հաշվարկման, էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների արտադրության փորձը:

Ստորև փորձ կկատարենք անդրադառնալ ՏՏ ոլորտի զարգացման պատմությանը ՀՀ-ում, առկա նախադրյալներին և համեմատականներ կանցկացնենք համադրելի երկրների հետ՝ պարզելու համար՝ արդյոք պետք է գոհանալ աճի տեմպերով, թե ոչ:

2000-ականների սկզբներին ՀՀ ՏՏ ոլորտը թևակոխեց զարգացման նոր փուլ. 2002 թվականին հիմնադրվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, որը ներկայումս հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից ու կոչված է նպաստելու Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով համապատասխան միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ՏՏ ընկերությունների ընդլայնման համար: Տարիների ընթացքում հիմնադրամը գործընկերային հարաբերություններ է ստեղծել ՀՀ պետական մի շարք մարմինների, հայաստանյան բուհերի, ՏՏ ոլորտի միջազգային այնպիսի լուրջ ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Մայքրոսոֆթը, Այ-Բի-Էմը, Հյուլեթ Պակարդը, Ինթել Կորպորացիան, վերջինս տարբեր երկրների ՏՏ ոլորտների զարգացման գործակալությունների հետ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ՝ միասին իրականացնելով ոլորտի զարգացման բազմաթիվ ներդրումային ծրագրեր:

Այդ ժամանակաշրջանից ի վեր յուրաքանչյուր տարի տնտեսության այս ճյուղը գրանցել է զգալի ծավալներով աճ՝ տարեկան միջինում 18-23 %[i]:

Տարիների ընթացքում բացվել են կենտրոններ. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (հիմնադրվել է 2011 թվականին), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ԵՊՀ-ում՝ որը  ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիր է և իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Երևանում գործում է Վիասֆեր տեխնոպարկը, որը հիմնադրվել է 2001 թվականին: Տեխնոպարկում գործում են ՏՏ ոլորտի բազմաթիվ ընկերություններ (և՛ տեղական, և՛ արտասահմանյան), որոնց զգալի մասը հիմնականում արտահանում է ծառայություններ: Տեխնոպարկ է գործում նաև Գյումրիում, որը հիմնադրվել է 2005 թ. օգոստոսին։ Այն իրենից ներկայացնում է գիտակրթական հիմնադրամ ՏՏ ոլորտում, որի հիմնական նպատակն է ոլորտի զարգացումը հանրապետության հյուսիսային շրջաններում՝ այդպիսով ապակենտրոնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան: Այնուամենայնիվ, կարծում ենք՝ ոլորտը խիստ կենտրոնացված է հիմնականում Երևանում:

Հայաստանում գործում է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը հիմնադրվել է 2011 թվականին, և բացումից ի վեր այն տարեկան 12-18 հազար պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում։ Ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից, ինչպես նաև իրենց տրամադրության տակ ունենալով վերջին թվային գործիքները՝ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը Թումո աշխարհի միջոցով (հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքներին): Կարծում ենք՝ ՏՏ ոլորտին ծառայող կրթօջախներն ամենակարևոր գործոններից են այս ճյուղի զարգացման համար: Այսպիսով, կարող ենք փաստել, որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը բավարար է:

Իսկ ահա 2008 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը N 35 արձանագրային որոշումը: Փորձենք նշել հիմնական կարևոր կետերը: Այս փաստաթղթով սահմանվում է պետական բյուջեից յուրաքանչյուր տարի ոլորտի զարգացման համար տրվող գումարների հատկացման ընթացակարգը. մասնավորապես հայեցակարգով նպատակ դրվեց լրամշակել և վերանայել ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացումն ու առաջնային նշանակությունն ապահովող տեղեկատվական հասարակության կայացումը խթանող իրավական դաշտը, ինչպես նաև սահմանել և ապահովել դրա արդյունավետ կիրառման մեխանիզմները՝ ըստ որոշակի ուղղությունների, օրինակ՝ ներդրումների խթանում, նորաստեղծ ձեռնարկությունների կայացման և հետագա զարգացման աջակցություն, ՏՏ ոլորտում հեղինակային իրավունքի իրավական պաշտպանություն, նոր ընկերությունների գրանցման գործընթացի պարզեցում, հարկային և մաքսային վարչարարության բարեփոխում և կատարելագործում, ՏՏ արտադրանքի և ծառայությունների ներմուծման և արտահանման մեխանիզմների լրամշակում և պարզեցում:

Ներկայացնենք վերջին տարիներին ոլորտի քանակական տվյալների փոփոխությունները՝

17.12.2014թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին»: Սույն օրենքով սահմանվում են որոշակի հարկային արտոնություններ նորաստեղծ ՏՏ ընկերությունների համար. համաձայն նշված օրենքի՝ ՏՏ նորաստեղծ ընկերության համար գրանցման պահից 3 տարվա ընթացքում գործում են հետևյալ հարկային արտոնությունները. շահութահարկի 0% դրույք, իսկ եկամտահարկի համար՝ 10% դրույքաչափ` անկախ ամսական հարկվող եկամտի չափից: Վերը բերված աղյուսակում 2015 թվականին նոր բացված ՏՏ ընկերությունների մեծ քանակը պայմանավորված է հենց ՏՀՏ մասին օրենքի ընդունումով: Կարծում ենք՝ այս քանակները ներառում են նաև այն ընկերությունները, որոնք եկան հարկային դաշտ ընդունված օրենքի արդյունքում. մինչ վերը նշված օրենքի ընդունումը գործում էին ստվերային դաշտում՝ խուսափելով հիմնականում աշխատավարձի գծով վճարվելիք եկամտահարկի հարկային պարտավորություններից:

Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում 2015 թվականին ՏՏ ոլորտի բաժինը ՀՆԱ-ում կազմել է 4.8% (ՀՀ-ում 5%)[ii], Բելառուսի Հանրապետությունում՝ 5.2% (այս երկրում գործում են միջազգային ճանաչում ունեցող ՏՏ ընկերությունների մասնաճյուղեր), Մոլդովայում՝ 6 %:

Կարող ենք նկատել, որ 2016 թվականին ՏՏ ոլորտի շրջանառությունն արդեն գերազանցեց 500 մլն․ ԱՄՆ դոլարը (նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 20%-ով)՝ համապատասխանաբար կազմելով ՀՆԱ-ի շուրջ 6 տոկոսը (ԱՎԾ կողմից 2016 թվականի թվային տվյալները դեռևս ամփոփված չեն, սակայն ՁԻՀ-ը ներկայացրել է իր սեփական հաշվարկների արդյունքները):

Ինչպես նկատեցինք, ՏՏ ոլորտը բավականին զարգացած է ՀՀ-ում, և ՀՆԱ-ի մեջ զբաղեցնում է էական բաժին, որը դեռևս ունի աճի միտում: Սակայն այս ոլորտն ունի զարգացման բարձր մակարդակ առհասարակ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանի հետ համադրելի այլ երկրներում: Ուստի այս պարագայում զարգացման տեմպերը խթանելու համար անհրաժեշտ են պետական քայլեր (ինչպիսին է, օրինակ, 2014 թվականին ընդունված օրենքը հարկային արտոնությունների մասին), ոլորտին ուղղված ներդրումների խրախուսման մեխանիզմներ: Քանի որ մեր օրերում այս ոլորտն ունի կապիտալի բարձր հոսունության մակարդակ, ուստի զարգացումն էապես կապված է նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, մասնավորապես` «կյանքի գնից». ինչքան «էժան է կյանքը» տվյալ երկրում, այնքան մեծ քանակության կապիտալ կհոսի այդ երկիր (այս դեպքում խոսքը վերաբերում է մարդային կապիտալին), և, թերևս, բավարար քայլ կլինի կանխելու մասնագետների արտագաղթը։ Հետևաբար ծրագրային ապահովման, մշակման և տեխնիկական սպասարկման ծառայությունների գները կլինեն ավելի մատչելի, արդյունքում՝ ավելի մրցունակ: Այս պարագայում տվյալ երկրում ընկերությունների հիմնադրման և ներդրումային գրավչության աստիճանը կբարձրանա:


[i] Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտության հաշվետվություն – 2008, 2012, 2013, 2014, 2015:

[ii] Ադրբեջանի վերաբերյալ տվյալներն անհասանելի են:


Հեղինակ` Նարեկ Մուրադյան (Narek Muradyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Տնտեսագետ, ֆինանսիստ, էկոնոմետրիկ, բանկային մոդելավորման մասնագետ, տնտեսական գիտությունների թեկնածու։ Ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգերի վերլուծաբանի, բանկային բիզնես պրոցեսների ավտոմամացման մասնագետի և նախագծերի կառավարչի պաշտոններում թե տեղի թե միջազգային կազմակերպություններում։