Որևէ պետության ու հասարակության բնութագրման, դրանց զարգացման ու կերպափոխման միտումների, տեղի ունեցող սոցիալ-քաղաքական գործընթացների էության ու օրինաչափությունների վերհանման արդյունքում արձանագրում ենք տվյալ հասարակության արժեհամակարգային առանձնահատկությունները, որոնցով և պայմանավորված են տվյալ պետության քաղաքական վարչակարգն ու պետության գործառնության որոշակի սկզբունքներն ու մեխանիզմները: Քաղաքական համակարգի գործունեության արդյունավետության գլխավոր չափորոշիչներից կարելի է համարել հասարակության սոցիալական բարեկեցության, հասարակական-քաղաքական ազատությունների մակարդակը, տարբեր սոցիալական խմբերի և իշխանության միջև ձևավորված փոխհարաբերությունների բնույթը, ի վերջո՝ իշխանության ձևավորման և փոփոխության գործընթացին հասարակական մասնակցության չափը: Իսկ նշված չափորոշիչների առկայությունը կամ բացակայությունը, ընդհանուր առմամբ, դիտարկվում են քաղաքական ռեժիմի տեսակի՝ ժողովրդավարության կամ ավտորիտարիզմի լույսի ներքո:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ պետության կազմակերպման ու իշխանության իրականացման առավել հուսալի ու նախընտրելի ձևը ժողովրդավարությունն է, որը հնարավորություն է ընձեռում իրականություն դարձնելու վերոնշյալ գործոնները: Ինչպես ասում էր Ու. Չերչիլը` «Դեմոկրատիան կառավարման ամենավատ ձևն է, սակայն մարդկությունը դրանից լավ ոչինչ դեռևս չի մտածել»:

Եվ ահա, պետության ու հասարակության զարգացման խնդիրները դիտարկելիս առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում ժողովրդավարացման ու դրա հետ սերտորեն կապված քաղաքական արդիականացման հիմնահարցին:

Քաղաքական արդիականացման էությունը

Է. Շիլլզի բնորոշմամբ՝ քաղաքական արդիականացումը ավանդական տիպի պետությունից արդիական պետություն կերպափոխության գործընթացն է, որը, ըստ էության, հենվում է հասարակության, քաղաքական համակարգի ժողովրդավարացման վրա, քանի որ քաղաքական կառուցվածքի ու քաղաքական մշակույթի փոփոխությունները կարող են իրականանալ միայն ժողովրդավարական արժեքների գերակայության պայմաններում:

20-րդ դարի 70-ականների կեսերից աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում սկիզբ է առնում տոտալիտար ու ավտորիտար քաղաքական ռեժիմների տապալման մի ալիք, որը մոդեռնիստական տեսության խոշոր ներկայացուցիչներից Սամուել Հանդինգթոնի կողմից բնորոշվեց որպես դեմոկրատացման «երրորդ ալիք»: Սա սկիզբ առավ Հարավային Եվրոպայում, երբ տապալվեցին ռազմական դիկտատուրաները Պորտուգալիայում, Իսպանիայում և Հունաստանում: Այնուհետև ալիքը տարածվեց Լատինական Ամերիկա, Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներ, ինչպես նաև համակեց ողջ ԽՍՀՄ-ը, որտեղ սկիզբ առած վերակառուցման քաղաքականության արդյունքը եղավ խորհրդային տոտալիտար կառավարման համակարգի փլուզումը:

Քաղաքական արդիականացման գործընթացները շատ հաճախ ոչ բնականոն հունով են ընթացել, ինչպես դա եղավ Խորհրդային միության դեպքում: Պատճառն այն էր, որ արևմուտքում կայացած ժողովրդավարական ինստիտուտները մեխանիկորեն ներդրվում էին այնպիսի անցումային հասարակություններում, որտեղ ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար անհրաժեշտ սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային, արժեքային-գաղափարական նախադրյալները զգալիորեն քիչ էին կամ իսպառ բացակայում էին: Եվ փորձը ցույց տվեց, որ գործընթացի նման կերպ իրականացումը ոչ միայն չի հանգեցնում ժողովրդավարական հասարակարգի հաստատմանը, այլև հող է հանդիսանում ավտորիտար վարչակարգի մի ձևից մյուսին փոխակերպման համար, և հիմնականում հանգեցնում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական խոր ճգնաժամի: Նմանատիպ գործընթացն ընդունված է անվանել «վազող արդիականացում»:

Կարելի է եզրակացնել, որ արդիականացման գործընթացը ոչ պատշաճ իրացման պարագայում առաջ է բերում տնտեսական ու քաղաքական անկայունություն, քանի որ արհեստականորեն ներդրված պատրաստի մոդելները հաճախ անհամատեղելի են տվյալ հասարակության նորմատիվ սովորութային համակարգի և առանձնահատկությունների հետ:

Հետխորհրդային արդիականացումը

Հետխորհրդային երկրների արդիականացման փորձի պարագայում վերոհիշյալ դիտարկումը առավել քան ակնառու է դառնում:

Որոշ երկրներում կայանում ու ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտները, քաղաքական արդիականացման գործընթացը հաջողում է, մյուսներում այդպիսի ինստիտուտներն ու պրակտիկաները զուգակցվում են ոչ ժողովրդավարական, ավտորիտար, կամ էլ պաշտոնական (ձևական) ժողովրդավարական ընթացակարգերի հետ և օգտագործվում են որպես քող, որի հետևում թաքնված են ինքնիշխանական (ավտոկրատական) կառավարման նոր տարատեսակները: Ամերիկյան հեղինակավոր Freedom House ոչ կառավարական կազմակերպության՝ 2017 թվականի զեկույցում հետխորհրդային երկրներից 7-ը՝ Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը, դասվում են ոչ ազատ երկրների շարքին, 5-ը՝ Ղրղզստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը՝ կիսազատ, և միայն Մերձբալթյան երեք հանրապետություններն են համարվում ազատ երկրներ: Ինչպես տեսնում ենք, ընդհանուր պատմական անցյալ ունեցող երկրների շարքում երեք շերտ է տարբերակվում, ինչը պետք է կապել նախ և առաջ այդ երկրների ազգային-էթնիկական, սոցիալ-մշակութային որոշակի առանձնահատկությունների հետ, որոնք այս կամ այն չափով նպաստել կամ խոչընդոտել են ազատական արժեքների հաստատմանը: Նման արժեքներից մասնավորապես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, քաղաքական ազատ կամարտահայտման հնարավորություններն ու ազատ մրցակցային հարաբերությունների առկայությունը, առանցքային դեր են խաղում ժողովրդավարության կայացման գործընթացում:

Ընդհանուր առմամբ` հետխորհրդային երկրների արդիականացումը չի կարելի մի հարթության մեջ դնել դիցուք՝ հարավեվրոպական, լատինամերիկյան երկրների հետ: Գլխավոր պատճառը հետխորհրդային երկրներում մի հասարակարգից, արժեհամակարգից տրամագծորեն հակառակին անցում կատարելու մեջ է, ինչը առավել բարդ ու հակասական է դարձնում գործընթացը:

Խորհրդային սոցիալիստական համակարգում տոտալ վերահսկողություն էր սահմանված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, բացառված էին քաղաքական ազատություններն ու քաղաքացիների կամարտահայտման հնարավորությունները, պետության ողջ հարստությունն ու տնտեսական համալիրները պետականացված էին, հաստատված էր պլանային տնտեսություն, ինչի հետևանքով տնտեսական ոլորտում մրցակցությունը բացակայում էր: Սրա տրամագծորեն հակառակ սկզբունքների վրա էր խարսխված կապիտալիստական տնտեսությունը. այստեղ առկա է ազատ շուկայական տնտեսական համակարգ, որի գործունեությունը պետության կողմից ճնշման չի ենթարկվում, պետությանը միայն վերապահվում են որոշակի սահմանափակ վերահսկողական գործառույթներ՝ համակարգի կայունությունն ու կենսունակությունն ապահովելու նպատակով:

Ինչպես տեսնում ենք, երկու տնտեսական համակարգերի էությունն ու սկզբունքները չափազանց տարբեր են, ինչից հասկանալի է դառնում, որ մեկից մյուսը անցում կատարելու համար նախ և առաջ անհրաժեշտ են կապիտալիստական հարաբերությունների հաստատմանը նպաստող նախապայմաններ, առանց որոնց գործընթացը կնմանվի գործող համակարգը կոսմետիկ ձևափոխումների ենթարկելու, ինչի արդյունքում բովանդակային առումով գրեթե ամեն բան կմնա նույնը:

Հետխորհրդային երկրների արդիականացման փորձն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ վերոնշյալ պայմանները ի կատար չեն ածվել, և որ դեպի կապիտալիզմ անցման քայլեր կատարվել են առանց այդ գործընթացը հասունացնելու ու դրան նպաստող միջավայրի ձևավորման: Այս պարագայում ավտորիտարիզմից ժողովրդավարության անցումային գործընթացները մի քանի առումներով էականորեն տարբերվում են այլ երկրների փորձից:

Առաջին. Հետխորհրդային արդիականացման գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ փորձ էր արվում ստեղծելու ազատ շուկայական տնտեսություն և պլյուրալիստական դեմոկրատիա միաժամանակ: Փաստ է, որ քաղաքական ու տնտեսական ոլորտները սերտ կապված և պայմանավորված են մեկը մյուսով, քանի որ երկուսն էլ, ըստ էության, համակարգային սկզբունքների առումով նույն օրինաչափությամբ են շարժվում, ուստի ազատական տնտեսական հարաբերությունները կարող են ծառայել նաև քաղաքական կյանքի ազատականացմանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը, և հակառակը, դրանց առկայությունը կարող է նպաստել տնտեսության ազատականացմանն ու մրցակցային հարաբերությունների ձևավորմանը: 1980-ականների կեսերին ԽՍՀՄ-ում սկիզբ առած գորբաչովյան վերակառուցման քաղաքականությունը, որը նախատեսում էր կուտակված բազում սոցիալ-տնտեսական և այլ բնույթի խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ իրականացնել հասարակության սոցիալական կառուցվածքում, քաղաքական ու տնտեսական համակարգերում, ի վերջո նախատեսված արդյունքները չգրանցեց: Դրա հիմնական պատճառ կարելի է համարել այն, որ այդ փոփոխությունները իրականացվում էին տասնամյակներ շարունակ տոտալ վերահսկողության պայմաններում կայացած մի հասարակությունում, որի գործունեության ողջ հոգեբանությունը հիմնված էր վերևից սահմանվող խիստ կենտրոնացման ու ենթարկման հարաբերությունների վրա, ուստի առանց աստիճանական տեղաշարժերի միանգամից ողջ համակարգը ազատականացնելը անիրատեսական էր և անպատեհ: Արդյունքում ռադիկալ տնտեսական բարեփոխումները հանգեցնում են բնակչության կենսամակարդակի անկմանը, ինչը առաջ է բերում սուր լարվածություն և դժգոհություն սոցիալական տարբեր խմբերում, ինչն իր հերթին հանգեցնում է քաղաքական անկայունության, որի պարագայում խիստ դժվարանում է իրավական ու ինստիտուցիոնալ անհրաժեշտ հիմքերի ստեղծումը հետագա սոցիալ-տնտեսական ռեֆորմների իրականացման համար:

Երկրորդ. Հետխորհրդային տարածաշրջանի նշանակալի առանձնահատկություններից մեկը ողջ տարածքում էթնիկական անհամասեռությունն էր, ինչը տարբեր էթնիկական խմբերի միջև կարող է բարձրացնել կոնֆլիկտայնության մակարդակը և պարարտ հող հանդիսանալ ազգայնական հայացքների ընդարձակման համար: Եվ սա պայմանավորված էր նրանով, որ ԽՍՀՄ կազմավորելիս հաշվի չէին առնվել տարբեր հանրապետություններում առկա էթնիկ բաշխվածությունը, ընդհակառակը, որոշակի նկատառումներից ելնելով` իրականացվել էին վարչատարածքային կամայական բաժանումներ, որոնք խախտում էին երկար ժամանակ գոյություն ունեցող տարբեր էթնիկ խմբերի համակեցության սահմանները, ինչը, անկասկած, հանգեցնելու էր տեղերում հակասությունների:
Խորհրդային տարիներին կենտրոնացված տոտալիտար իշխանությունը, ինչպես նաև ստեղծված սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմանները կայունություն էին պահպանում տարբեր էթնիկ խմբերի շրջանում, սակայն խորհրդային վերջին տարիներին հանրային կյանքի խոր ճգնաժամը ու դրանով պայմանավորված գործընթացները, որոնք ի վերջո հանգեցրին ԽՍՀՄ փլուզմանը, խթան դարձան տասնամյակներ շարունակ զսպված ու քնեցված խնդիրների պոռթկմանը: Էթնիկ հակասությունների հիմնական պատճառը տարբեր հանրապետություններում իշխող ու փոքրամասնություն կազմող էթնոսների միջև հարաբերությունների սրումն էր, երբ գերիշխող էթնոսի կողմից փոքրամասնության հանդեպ բռնաճնշումներ, կենսագործունեության համար լուրջ սպառնալիքներ էին գործադրվում: Այսինքն` ազգային ատելության, անհանդուրժողականության, սեփական ազգի առաջնայնության բարդույթով պայմանավորված` հասարակությունը սկսվում է շերտավորվել էթնո-ազգային չափանիշով, ինչը մասնատում ու ապակենտրոնացնում է հասարակությանը՝ էականորեն խոչընդոտելով քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Սրա վառ օրինակներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերություններն են, քանի որ կամայականորեն Ադրբեջանի կազմի մեջ մտցված Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմից գործադրվող բռնաճնշումներն ու էթնիկ զտումները ի վերջո վերաճեցին պատերազմի, իսկ այսօր` 25 տարի անց, շարունակում են նույն պատերազմական կենսառիթմով ՝ ազգային ատելության հողի վրա:

Երրորդ. Մյուս կարևոր առանձնահատկությունը կապված է քաղաքացիական հասարակության հետ: Սրա հիմքը կազմող ժողովրդավարական արժեքները ենթադրում են հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպում ազատական սկզբունքներով, երբ ստեղծվում են պետությունից ինքնավարություն ունեցող որոշակի հասարակական և քաղաքական միավորներ: Անհրաժեշտ է նկատել, որ քաղաքացիական հասարակությունը ենթադրում է ոչ միայն այդ ինքնավար միավորների գոյությունը, այլև դրանց գործառնելու կարողությունը: Հետխորհրդային երկրներում առկա էին լուրջ խոչընդոտներ ազատական քաղաքացիական հասարակության ձևավորման համար: Նման շատ կարևոր խոչընդոտներից մեկն այն էր, որ մի հասարակարգից մյուսին անցումը թեև իրականացվեց ազատական գաղափարներով ու տեսլականներով, սակայն դրանց պրակտիկ կենսագործման հիմքում փաստացի առկա էին տասնամյակներ ձևավորված ու արմատացած նորմերն ու արժեքները, որոնք այպես թե այնպես կրում էին կերպափոխվող հասարակության անդամները: Հատկապես, երբ խոսքը թռիչքային ձևով մի հասարակարգից մյուսին անցման մասին է, հնարավոր չէ միայն նոր հասարակարգի մասին պատկերացումներով ու դրա ստեղծման ցանկությամբ հասնել արդյունքի: Այս խնդիրը հավասարապես տարածվում է թե´ կառավարող ընտրանու և թե´ հասարակության լայն շերտերի վրա:

Հետխորհրդային կառավարող էլիտաները բաղկացած էին ավտորիտար հասարակությունում ծնված ու որպես այդ հասարակության անդամ կայացած մարդկանցից, որոնք ավտորիտար քաղաքական մշակույթից զատ ժողովրդավարական որևէ սկզբունքների կիրառման, ժողովրդավարական մշակույթի ու պրակտիկայի ականատես չեն եղել, և արդեն իրենք, գալով իշխանության, թեև ֆորմալ կերպով պահպանում են հռչակված դեմոկրատական որոշակի ընթացակարգեր ու նորմեր, գործնականում շարժվում են նախորդ համակարգի փոխանցած գործելակերպով ու գործիքակազմով: Ուստի ավտորիտար հասարակության երկարամյա անդամները չէին կարող միանգամից` առանց աստիճանական զարգացման, ձևավորել ժողովրդավարական հասարակարգ: Զ. Բժեզինսկու գնահատմամբ՝ անցումային հասարակություններում ժողովրդավարական ինստիտուտների պատշաճ գործունեությունը և համապատասխան քաղաքական մշակույթի ձևավորումը կարող է տևել մինչև 15 և ավել տարի, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետխորհրդային երկրներում խնդիր էր դրված իրականացնել ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-տնտեսական կյանքի արմատական բարեփոխումներ, ապա արդիականացման գործընթացը առավել բարդ և երկարատև է:

___

Ի մի բերելով վերոնշյալ մոտեցումները՝ ընդհանրացնենք. հետխորհրդային հասարակություններում քաղաքական արդիականացման հիմնական խոչընդոտներ կարող ենք համարել դրա իրականացման սկզբունքը, այն է` «վազող արդիականացում», և կերպափոխման բավականին լայն սպեկտր ընդգրկելը, երբ միաժամանակ անհրաժեշտ էր կատարել թե´ ժողովրդավարական արժեքների հաստատում և թե´ շուկայական տնտեսության կառուցում: Գործընթացների այսպիսի զարգացման արդյունքում բնակչության կենսամակարդակի անկումն ու նյութական ցածր ապահովվածությունը, հասարակության մեջ առկա հիասթափությունն ու դժգոհությունը այսպես թե այնպես ծնում են ընդդիմադիր սուբյեկտների, որոնց գործունությունն էլ պատասխան անհանդուրժողական ռեակցիայի է հանգեցնում՝ արտահայտվելով իշխանության կողմից ժողովրդավարական ազատությունների սահմանափակմամբ՝ զանգվածային ժողովրդական ընդվզումները կանխարգելելու նպատակով, իսկ սա արդեն իսկ հանգեցնում է ավտորիտար կառավարման ռեժիմի ձևավորմանը:

Հիմնվելով սույն վերլուծության մեջ առաջ քաշված մոտեցումների վրա` հաջորդ վերլուծությամբ կփորձենք պարզաբանել հետխորհրդային Հայաստանում քաղաքական արդիականացման գործընթացի առանձնահատկությունները և դրանց ազդեցությամբ ընթացող քաղաքական գործընթացների բնույթն ու քաղաքական համակարգի էվոլյուցիոն միտումները:



Հեղինակ՝ Հայկ Սահակյան (Hayk Sahakyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Քաղաքագետ, լրագրող։ Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը՝ ժողովրդավարացումը հետավտորիտար հասարակություններում, անցումային գործընթացներ, տարածաշրջանային քաղաքականություն։