Անկախության շրջանի հայ գրականություն. Անդրադարձ

Photo: www.goodfon.ru
Photo: www.goodfon.ru

ԱՌԱՋԱԲԱՆ

Անկախության շրջանի գրականության բնույթը, թեմատիկ ընդգրկումները, ձևավորման առանձնահատկությունները հասկանալու համար նախ և առաջ անհրաժեշտ է կատարել գրականության պարբերացում: Այն պետք է կատարվի հասկանալու համար, թե որն է անկախության շրջանը և դրան բնորոշ գրականությունը:

«Գրականության պարբերացումը գրականության զարգացման պատմությունը ժամանակային փուլերի բաժանելն է»,- նշում է գրականագետ և տեսաբան Ժ. Քալանթարյանը: Այդ դասակարգման համար, սակայն, պետք է առանձնացվեն կոնկրետ սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կատարվի բաժանումը: Հայաստանյան նորագույն գրականության համար կատարվում է հետևյալ պարբերացումը.

  1. 1918-20թթ. – Նախապատրաստական փուլ գրականության զարգացման համար:
  2. 1920-30-ական թթ. – Գրականությունը կանգնեց նոր ուղու վրա, ստացավ նոր արծարծումներ, թեմատիկ և գաղափարական ընդգրկումներ, իսկ հերոսն այդ օրերի մարդն էր:
  3. 1941-56թթ. – Այս փուլում երկերի թեման պատերազմն էր, գրվում են ազգի և ազգայինի վերաբերյալ գործեր:
  4. 1956-65թթ. – Խռուշչովյան ձնհալի տարիներ:
  5. 1965-85թթ. – Բրեժնևյան չհայտարարված պաշտամունքի կամ լճացման տարիներ:
  6. 1985-91թթ. – Միջանկյալ շրջան. 1985թ.-ին ղեկավարությունը ստանձնեց Գորբաչովը: Սա որոշակի ազատության փուլ էր, որի ընթացքում նոր տենդենցներ են նկատվում ինչպես քաղաքական, այնպես էլ գրական կյանքում:
  7. 1991թ.-ից մինչ օրս – Սա պայմանականորեն անվանվել է անկախության շրջան:

Բոլոր փուլերի բաժանումները կատարվել են ըստ հետևյալ սկզբունքների.

  • Գաղափարախոսություն

Գրականությունը կապված է ժամանակաշրջանի գաղափարախոսության հետ: Այն ազդում է գրողի մտածողության ու աշխարհայացքի վրա, և այսպես թե այնպես իր ուղղակի կամ անուղղակի դրսևորումն է գտնում գրական ստեղծագործությունում:

  • Թեմա

Այս դիտանկյունից կարևոր է նաև թեմայի ընտրությունը, որովհետև գրականության շրջաններին զուգընթաց փոխվում է նաև գրական ստեղծագործությունների թեման:

  • Հերոս

Պարբերացման հիմք է դառնում նաև հերոսի ընտրությունը, թե որ շրջանում ով էր գրականության հերոսը: 20-րդ դարի քսանականների գրականության հերոսները, օրինակ, հեղափոխականները, բոլշևիկներն էին՝ ճտքավոր կոշիկներով, կաշվե պիջակներով, իսկ 40-50-ական թվականներինը՝ պատերազմական իրողություններին մասնակից հերոսները (Դ. Դեմիրճյան «Վարդանանք», Ստ. Զորյան «Հայոց բերդը», «Պապ թագավոր» և այլն):

  • Ոճ, լեզու, աշխարհայացք

Պարբերացման հիմք են դառնում նաև գրողի ոճը, լեզուն, աշխարհայացքը: Քանի որ սրանց շնորհիվ կարող ենք հասկանալ, թե ստեղծագործությունը որ շրջանին է պատկանում, ինչ հանգամանքներում է գրվել և ինչ է արտացոլում:

Այսինքն՝ գաղափարախոսությունը, թեման, հերոսը, ոճը, լեզուն, աշխարհայացքը հատկանիշներ են, որ թույլ են տալիս մի ժամանակաշրջանը տարբերակել մյուսից:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԻԲՐԵՎ ՀԱՄԱՊԱՏԿԵՐ

Յուրաքանչյուր նոր երևույթ իր ակունքներում կրում է հնի արմատներն ու ազդեցությունը: Հնի ավանդներից անխառն չէ նաև անկախության շրջանի հայ գրականությունը: Սակայն այլ են ժամանակներն ու հասարակական–քաղաքական իրադրությունը, և ինչպես նշում է գրականագետ Ս. Գրիգորյանը «Հայաստանի պոեզիան անկախության շրջանում»  հոդվածում` «Դեռ երեկ պետական պլանով իր գրքերը հրատարակող ու հոնորար ստացող «ազատ» արվեստագետը կարծես միանգամից փոխակերպվեց, դարձավ ցուցարար, գործազուրկ, պատերազմիկ կամ քաղաքական գործիչ: Անկախության տասնամյակը ազատագրեց հայաստանցի բանաստեղծի տեսադաշտը՝ բերելով նրան մեծագույն ազատություն, փրկելով արտաքին գրաքննիչից և աստիճանաբար շղթայազերծելով ներքին աշխարհը»i:

Եթե Խորհրդային միությունում գաղափարախոսությունը հիմնված էր կոմունիստական կուսակցության դրույթների վրա, ապա անկախության շրջանում չկային պարտադրված գաղափարական շեշտեր, քանի որ անկախությունն իր հետ բերել էր նաև մտքի ու գաղափարների ազատություն: Դրական նշան պետք է համարել նաև մամուլի, լրագրության ազատականացումը, որտեղ ստեղծագործողները կարող էին ազատորեն արտահայտել իրենց մտքերն ու հուզող խնդիրները:

Անկախության շրջանի գրականությունը նոր շունչ հաղորդեց «հին» թեմաներին և տվեց նոր ձևակերպումներ: Մի կողմից գրողների, ստեղագործողների համար բացվեց նոր տեսադաշտ` իր բազմապիսի դարուփոսերով, մյուս կողմից` անհրաժեշտ էր ադապտացում այդ նոր իրադրությանը, ինչպես նաև` գրողներ, ովքեր կբանաձևեին պատերազմից հետո հարթակ եկած ձևաչափը: Մինչև անկախացումը ստեղծագործող բանաստեղծներն ու արձակագիրները նոր ճանապարհի բախվելով, կա՛մ վայր են դնում իրենց գրիչները, կա՛մ նոր թափ են հավաքում ավելի մեծ թռիչքի համար: Հովհ. Գրիգորյանը, Արտեմ Հարությունյանը, Արմեն Շեկոյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հենրիկ Էդոյանը, Լևոն Խեչոյանը և այլք նոր ավանդների կրողը դարձան ետանկախացման շրջանում:

Թեմաները դարձյալ բազմազան էին. ոչ վաղ անցյալում տեղի ունեցած երկրաշարժը, երկրում տիրող սոցիալական ծանր դրությունը, քաղաքական իրավիճակը, ետպատերազմյան ճգնաժամը ժողովրդին և մասնավորապես գրողներին նետել էին անհուսության գիրկը:

Այդ փուլում գրեթե բոլոր հեղինակների մոտ դիտվում էր վերադարձի միտում դեպի միֆականին, մասնավորապես աստվածաշնչյան թեմաների, ջրհեղեղի և Փոքր Մհերի առասպելական մոտիվների կիրառությանը: Դա հոգեբանական տեսանկյունից դիտվում է իբրև փախուստ իրականությունից, որն անցանկալի ու անընդունելի էր (Հովհ. Գրիգորյան «Հրեշտակներ մանկության երկնքից», «Երկու ջրհեղեղի արանքում», «Բաց դռների օր Մհերի քարայրում», Արտեմ Հարությունյան «Նամակ Նոյին», «Հուդայի արձակուրդը»):

Ամենից տարածված թեման ժամանակի գրական պատկերումն էր, որ կայացրել են ավագ և երիտասարդ սերունդների բազմաթիվ գրողներ` Հովհ. Գրիգորյան, Լ. Խեչոյան, Ա. Այվազյան, Գ. Խանջյան և այլք: Հայ գրականությունը նոր դրսևորումներ է ունենում Արցախյան շարժման, պատերազմի, ինչպես նաև զինադադարի հաստատման շրջանում: Արցախյան ազատամարտն արտացոլվել է գրականությունում: Դեռ պատերազմի տարիներին գրականության մեջ ի հայտ են եկել ստեղծագործական զարգացման նկատելի առանձնահատկություններ` Ղարաբաղյան պատերազմի գեղարվեստական պատկերում, նյութի ընդգրկման որոշակիություն և այլն: Զինադադարից հետո ստեղծվել են գոյապայքարի տարիները, ազատամարտիկների, բժիշկների, օդաչուների, ուսանողների, կանանց սխրագործությունները, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի առանձին դրվագներ պատկերող վավերագրական, կենսագրական, պատերազմական իրականությունը բնութագրող գործեր (Հովիկ Վարդումյան «Գրոհայինների հրամանատարը», «Աստվածների կանչը», «Շուշիի ազատագրումը», «Կանթեղ», «Բաժանարար գիծ», Արա Նազարեթյան «Ռազմավար պատմվածքներ» և այլն):

Ինչպես նաև անդրադարձ է կատարվում պատմական թեմաներին` զուգադրելով դրանք ներկային, երբեմն էլ` միֆականին (Լ. Խեչոյան «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», «Սև գիրք, ծանր բզեզ», «Մհերի դռան գիրքը», Զ. Խալափյան «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր», «Արա Գեղեցիկ և Շամիրամ» և այլն): Սակայն այս բոլոր թեմաներին զուգահեռ չեն մոռացվում հավերժական թեմաները` սերը, կարոտը (Վ. Գրիգորյան «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում»):

Գեղարվեստական երկերի, պոեզիայի հերոս է դառնում անկախության մեջ ապրող մարդը, որը նույնքան ազատ է իր ապրումների, զգացումների մեջ: Սկսում են անհատին դիտարկել ոչ միայն պարզապես հասարակական էակ, այլև համաշխարհային երևույթների կրող ու հաղորդակից:

Պարբերաբար կիրառվում են նոր մեթոդներ, ուղղություններ, սեռեր և ժանրեր, որոնք թարմատար բնույթ են ունենում անկախության շրջանի հայ գրականության համար: Այս տեսանկյունից նշանակալից էր նաև կաղապարային ձևերի քայքայումը: Դասական բանաստեղծությանը փոխարինելու են գալիս ազատ, արձակ, առանց հանգերի գրված բանաստեղծությունները: Հենց այստեղից է սկսում այն տեսակետը, թե պոեզիա այլևս չկա, իսկ Դավիթ Հովհաննեսը Ա. Հարությունյանի հատորը գրախոսելիս ցավով խոսում է «դժոխային կաթսայում քլթքլթացող աջաբսանդալի մասին, որ «հայ բանաստեղծական իրականություն» է հորջորջվում» («Գարուն», 1999, թիվ 2, էջ 11):

Սրան զուգահեռ` և՛ պոեզիայում, և՛ արձակում նկատվում է լեզվի փոփոխություն: Գրողները իրենց երկերը կառուցում են առօրյա-խոսակցական, երբեմն ժարգոնային բառերի ու արտահայտությունների միջոցով: Ոմանք անգամ դիմում են ծայրահեղությունների` ամբողջությամբ հերքելով գրական- գեղարվեստական լեզուն (Վ. Գրիգորյան, Մ. Պետրոսյան և այլք): Տեքստից դուրս է մղվում կետադրությունը, և յուրաքանչյուրը սկսում է կետադրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Սա բացատրվում է անհատի ներքին չկաղապարվածությամբ ու ասելիքի ազատությամբ:

Այսպիսով` նոր ժամանակներն իրենց հետ բերում են նոր ձևաչափեր, ժամանակակից գրական սերունդները սկսում են ստեղծագործել նոր կանոններով, գրական ասպարեզը լցվում է թեմաների բազմազանությամբ, ամենատարբեր  երևույթները դառնում են գեղարվեստական ստեղծագործության առարկա: Գրողները համամարդկային թեմաներին զուգադրում են անձնականը, դրան զուգահեռ` հերոս է դառնում ոչ միայն ընդհանրական տիպար-կերպարը, այլև հեղինակն ինքը, ինչպես նաև` հասարակական, սոցիալական, քաղաքական էակը, որ գտնվում է իրադարձությունների կենտրոնում և հաղորդակից է ժամանակին: Գրական երկերի լեզուն, ոճը դառնում են չպարտադրված, ազատագրվում են նախկին կաղապարներից, իսկ գրողական աշխարհայացքը ստանում է ինքնատիպ արծարծումներ, որոնք դրսևորվում են ժամանակակից մեթոդներով ու գրական հնարանքներով:



i http://granish.org/poezian-ankaxutyan-shrjanum/


Հեղինակ` Առլինա Սարգսյան (Arlina Sargsyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: