Եհովայի վկաները և Հայաստանը․ մաս 1-ին

Հայաստան աշխարհը անկախություն ձեռք բերելու հետ մեկտեղ անկախություն պարգևեց նաև իր ծոցում քարոզող բազմաթիվ կրոնական կառույցների, որոնք զորանալով նոր խնդիրներ առաջացրին նորանկախ Հայաստանի համար: Արդեն այսօր «չափահաս» Հայաստանում արմատացած են մի շարք կրոնական կառույցներ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում պատերազմող երկրի կայունությանը:  Մեզ պես փոքր ազգերի ու պետությունների պարագայում ցանկացած աննշան պառակտումն ու հասարակական տարաձայնությունը վճռորոշ պահերին իրենց ընդգծված բացասական դերն են ունենում՝ առաջ բերելով բազում խնդիրներ: ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների ցանկում է նաև «Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը»: Կառույցի անդամները վարքային շատ տարբերակիչներ ունեն, որոնք ունեն հատուկ ուշադրության կարիք: Սույն վերլուծությունում փորձ կկատարվի ներկայացնել Դիտարանի ընկերության ստեղծման, վարդապետության առանձնահատկությունների ու ՀՀ-ում նրանց գործունեության վերաբերյալ կարճ տեղեկատվություն: Հարկ է նկատել նաև, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված կրոնական կազմակերպությունները, համաձայն ՀՀ կառավարության կայքում տեղադրված  վերջին տվյալների, 66-ն են, սակայն մի շարք հոգևորականներ ու աստվածաբաններ ՀՀ-ում գործող կրոնական կառույցների թիվը տարբեր հաշվարկներով հասցնում են մինչև 200-ի:

 Ընդհանուր  տեղեկություն և ստեղծման պատմություն

Եհովայի վկաները, որոնք պաշտոնապես կոչվում են Դիտարանի ընկերություն, արևմտյան պաշտամունքների հետևորդների մեջ ամենաեռանդուն գրահրատարակիչներն ու գրատարածիչներն են: Նրանց պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության  համաձայն՝ նրանք գործում են աշխարհի 239 երկրներում. աշխարհում կան 8 201 545 Եհովայի վկաներ (մկրտվածներ), 9 499 933 Աստվածաշունչ  ուսումնասիրողներ՝ մարդիկ, ովքեր դեռ մկրտված վկա չեն, բայց կառույցի հետ  շփում ունեն (այս թիվը խիստ հարաբերական է, այն վերցված է Եհովայի վկաների պաշտոնական կայքից), կան 115 416 մշտական ժողովներ, իսկ Հիսուսի մահվան հիշատակի երեկոներին ընդհանուր առմամբ ներկա է եղել 19 950 019 մարդ: Մեկ այլ հետաքրքիր փաստ էլ այն է, որ նրանց ամսագրի տպաքանակը 100 տարվա ընթացքում աճել է`  տարեկան 6000 օրինակից հասնելով մինչև 400 միլիոնի : Այն լույս է տեսնում շուրջ 150 լեզուներով, այդ թվում նաև՝ հայերեն: Հարկ ենք համարում նշել, որ մի շարք կրոնական կառույցներ, այդ թվում՝ Եհովայի վկաները հրատարակում են իրենց գրականությունը սփյուռքում ապրող հայրենակիցների համար հատուկ արևմտահայերենով, ինչը, թերևս, մտորումների տեղիք է տալիս:

Կառույցի հիմնադիրն է Չարլզ Թեյզ Ռասելը՝ ծնված 1852թ. փետրվարի 16-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող բողոքականների ընտանիքում: 1870-ականներին աստվածաբանական կրթություն չունեցող Ռասելը կազմակերպում է Աստվածաշնչի սերտողության պարապմունքներ: Շուտով նա սկսում է հովվություն անել, իսկ որոշ ժամանակ անց Ռասելին հետևող խմբեր են հայտնվում մոտակա բնակավայրերից: Այս տարիներին լայն տարածում ունեին Ադվենտիստները, որոնց ազդեցությունը որոշակիորեն տարածվում էր նաև Ռասելի վրա: Ադվենտիստները վախճանի օրվա հաշվարկներ էին կատարել, ըստ այդմ՝ 1874 թվականից Քրիստոսը  անտեսանելիորեն ներկա է երկրի վրա. նա պետք է գար, քարոզեր երեք ու կես տարի, իսկ 1878 թ.-ին սրբերի հետ համբառնար երկինք: Սակայն շուտով այս կեղծ հաշվարկները սպառում են իրենց՝ Ադվենտիստական համայնքի համար մեծ պառակտում ստեղծելով, ինչը պարարտ հող էր նախապատրաստում պատանի Ռասելի համար: Անհրաժեշտ է նշել, որ Ռասելը հետագայում նոր տարեթիվ է հաստատում` Քրիստոսի անտեսանելի վերադարձը կանխագուշակելով 1914թ.-ին: Եհովայի վկաների այս կանխագուշակումը սխալ դուրս եկավ, իսկ այս թվականին հաջորդեցին այլ ամսաթվեր. ըստ նրանց՝ 1925թվ.-ին հարություն պետք է առնեին և երկիր վերադառնային Աբրահամը, Իսահակը, Հակոբը և այլք: Չկայացած կանխագուշակության պատճառով  այս կառույցը ամեն անգամ ստիպված է լինում նոր թվականներ մատնանշել, իսկ շուտով նաև որոշակի փոփոխություններ է կատարում վարդապետության մեջ:

Համաձայն հետազոտողների՝ Ռասելը նոր բան չավելացրեց Ադվենտիստների վարդապետության մեջ, փոխեց միայն հաշվարկի ձևերը և մերժեց Սբ. Երրորդության գաղափարը: 1879թ. նա հիմնում է «Սիոնի Դիտարանը» կամ «Քրիստոսի ներկայության ազդարար» հանդեսը, որտեղ տպագրում է Գրքի իր թարգմանությունները: 1889թ. հիմնում է «Դիտարանի ընկերությունը»:

Համաձայն իր հետևորդների տեղեկությունների` Ռասելն իր կյանքի ընթացքում արտասանել է 30000-ից ավելի քարոզ և գրել ավելի քան 50000 էջ: Ռասելին հաջորդում է Ջոզեֆ Ռուտերֆորդը, ով 1931թ. Կոլումբոս քաղաքում գումարված համագումարում  «Դիտարանին» տվեց «Եհովայի վկաներ» անունը: Որոշ հետազոտողներ Ռուտերֆորդի անվան հետ են կապում կառույցի խոշորածավալ զարգացումը: Նա կառույցի կենտրոնը տեղափոխում է Նյու Յորքի Բրուկլին կոչվող արվարձան: Ռուտերֆորդը  վկաներին բաժանում էր 2 դասի` 144000 վերստին ծնված «ընտրյալներ» և մեծ բազմության (այս խումբը երկնքում չէր բնակվելու, բայց հավիտենական կյանք էր ունենալու երկրի վրա):

Համաձայն կառույցի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների՝  այն սկսել է Հայաստանում գործունեություն ծավալել դեռևս խորհրդային տարիներից, ըստ ռուսական որոշ աղբյուրների՝ 1877թ.-ից։ Իրականում նրանք հայտնվել են դեռևս ցարական Ռուսաստանում, իսկ խորհրդային իշխանության տարիներին հալածվել և վտարվել են երկրից:

Դիտարանի ընկերության կառուցվածքը

1971թ.-ին տպագրվեց մի գծապատկեր, ուր Եհովա Աստծուն տեղադրել էին վերևում, նրա պատկերի ներքևում՝ Հիսուս Քրիստոսին, իսկ Հիսուսի պատկերի ներքևում` Ղեկավար մարմինը. վերջինիս է ենթարկվում երկրային ամբողջ ղեկավարությունը: Կազմակերպության հսկայական դերի համար Վկաները այն անվանում են Մայր. «Մենք պետք է ճանաչենք ոչ միայն Եհովա Աստծուն որպես մեր Հայր, այլ նաև նրա կազմակերպությունը` որպես մեր Մայր» («Դիտարան», 1957թ. Մայիսի 1): Ղեկավար մարմինը համարվում է Աստծո հետ կապի միակ ճշմարիտ խողովակը երկրի վրա: Նրանց հոգևոր հայրերը ասում են, որ Աստվածաշունչը պետք է ընթերցել այնպես, ինչպես «Դիտարանի ընկերություն»-ն է ասում:

Ղեկավար մարմինն է տալիս բոլոր հրահանգները, ցուցումները, որոնք անհրաժեշտ են կազմակերպություն-պետության գործունեության ու կենսունակության համար։ Այսօր Ղեկավար մարմինը բաղկացած է տասներկու «օծյալ» ծերունիներից՝  երկնային դասից։ Այս երկնային դասին պատկանողները կամ օծյալները համարվում են 144.000 օծյալների դասի անդամներ, որոնք մահվանից հետո անմիջապես պիտի վերանան երկինք՝ երկնային դասին միանալու համար։ Կազմակերպության անդամները այդ դասին անվերապահորեն հնազանդվում են։ Ցանկացած հասարակ անդամի համար այդ երկնային դասը համարվում է միակ և ամենամեծ հեղինակությունը, որից եկած յուրաքանչյուր հրահանգ համարվում է Աստվածային՝ անձամբ Եհովայից եկած։

Ստորին օղակներ են համարվում ժողովները, իսկ հավաքատեղին՝ ոչ թե եկեղեցի, այլ՝ Թագավորական սրահ։ Այս ժողովները ղեկավարում են վերակացուները կամ ծերերը, որոնք ունեն իրենց օգնական սպասավորները՝ սարկավագները: Քսան ժողովների միությունը կազմում է շրջանը, որը ղեկավարում է շրջանային վերակացուն։ Տարին երկու անգամ շրջաններում անց են կացվում համաժողովներ։ Շրջաններն էլ միավորվում են ավելի մեծ տարածքային միավորման մեջ իրենց համապատասխան վերակացուով: Բոլոր նոր ցուցումները, որ գալիս են Ղեկավար մարմնից, ներկայացնում են այս միավորման համաժողովներին, որոնք իրենց հերթին նույնը ներկայացնում են ստորին օղակներին՝  այդպիսով Եհովայի հրահանգները հասցնելով շարքային վկաներին։

Մարզային ժողովների միավորումը կոչվում է Ճյուղ, Ճյուղերի միավորումը՝ Գոտի (զոնա) և ամենավերին օղակը՝ Կենտրոնակայան (շտաբ), որը գտնվում է Բրուկլինում։

Անդամների քարոզչական վարքը

Ցանկացած Եհովայի վկա համարվում է ավետարանիչ, որը ենթադրում է, որ վերջիններս  գրքեր են տարածում մարդաշատ վայրերում։ Անդամների համար պարտադիր է համարվում պատահական տների դռները թակելը և «բարի լուրը» քարոզելը։ Ամսական 100 ժամից ավելի ավետարանչություն անող «ավետարանիչը» կոչվում է պիոներ, այսինքն՝ պիոները միջին հաշվով օրական 3-4 ժամ պետք է դրսում գրքեր տարածի։ Այս ցուցանիշը բավականին բարձր է, և լավ կազմակերպելու դեպքում նրանք կարող են մի քանի տարում իրենց բարի լուրը՝ Բրուկլինից բխած հրահանգները, հասցնել մեկ միլիոնանոց քաղաքի բոլոր բնակիչներին։ Ավետարանիչների միջին տարեկան պլանը  համարվում է 1200 ժամը։

Քարոզչության մեջ հաջողակ լինելու նպատակով կառույցի անդամները մասնակցում են բազմաբովանդակ խմբակների՝ զարգացնելով իրենց խոսքը, ճիշտ և սահուն արտասանությունը, ձայնի հնչեղությունը, դրա տեղին տատանումները, ինքնատիրապետումը և մի շարք այլ կարևոր հատկանիշներ: Նրանք կարողանում են տիրապետել մարդկանց հետ շփվելու բարձր վարպետության, որի միջոցով  էլ ապահովում են դեպի կառույց մարդկանց կայուն հոսքը: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում կրոնական կազմակերպության անդամների շրջանում լայն կիրառություն ունեցող «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գիրքը, որը նախատեսված է համանուն դպրոցի կարիքները սպասարկելու համար և տրվում է «հավատարիմ մարդկանց»: Համաձայն կառույցի տվյալների՝ ամեն շաբաթ այս գրքից օգտվում են աշխարհի 200-ից ավելի երկրներում բնակվող միլիոնավոր անհատներ: Աստվածապետական այս ուսուցումը կարելի է ստանալ անվճար՝ անկախ տարքիքից, էթնիկական ծագումից և ունեցած կրթությունից:

Յուրաքանչյուր թեմայի ավարտին կան նաև վարժություններ, որոնք ամրապնդում են ստացած գիտելիքները և հանձնարարականներով օգնում առօրյայում քարոզչական գործունեություն իրականացնել: Ձեռնարկը շարադրված է երկրորդ դեմքով, ինչի միջոցով տպավորություն է ստեղծվում, թե հեղինակը զրուցում ու խորհուրդներ է տալիս ընթերցողին: Խորհուրդները հասնում են մի քանի հարյուրի, և արդեն իսկ կայացած կառույցը փաստն է այն բանի, որ դրանց կիրառությունը հանգեցնում է ցանկալի արդյունքի: Խորհուրդները ամփոփված են շուրջ 300 էջից բաղկացած ձեռնարկում (մենք ծանոթ ենք միայն այս ձեռնարկին, չենք բացառում, նման այլ ձեռնարկների գոյությունը): Գրքում ուղերձները փոխանցվում են ծավալուն տեքստի միջոցով, որում կան օրինակներ: Հենց այս մեթոդն է ավելի ընկալելի  ու կիրառական  միջին կրթություն ունեցող անհատի համար: Քարոզելու ընթացքում  հոգեբանական ճիշտ մոտեցում ցույց տալը հավանական է դարձնում հնարավոր հաջողությունը: Պատահական չէ, որ բազում Եհովայի վկաներ, բավարար չտիրապետելով իրենց վարդապետությանը, կարողանում են հաջողության հասնել  քարոզչություն կատարելիս: Մեր օրերում մարդիկ կարիք ունեն հասարակ ուշադրության ու լավ ընկերոջ, որի դերում էլ հաճախ հանդես են Դիտարանի ընկերության ներկայացուցիչները: Երբ շրջապատում չի մնում սիրո աղբյուր, անհատը սկսում է փնտրտուքը՝ իր հոգևոր կարիքները բավարարելու նպատակով: Հիասթափությունը, զգացմունքային ցնցումը կարող են լինել այնքան ուժեղ, որ մարդ կորցնի կողմնորոշվելու հատկությունը: Խոշոր հաշվով առօրյա հոգսերով  լի քաղաքացուն չի հետաքրքրում վարդապետական այս կամ այն անհամատեղելիությունը , նրա համար մեծապես կարևոր է իր հոգևոր պահանջների բավարարումը, որն էլ կառույցի երդվյալ անդամները ապահովում են: Ահա հենց այս մեխանիզմով են աշխատում Եհովայի վկաները նաև Հայաստանում գործելիս, ինչին կարող ենք ականատես լինել անգամ Երևանի փողոցներից որևէ մեկով երկար քայլելիս: Նրանք, ոտք դնելով նորանկախ Հայաստան,  այսօր արդեն նմանօրինակ  այլ կրոնական կառույցների համար կարողացել են դառնալ անմրցելի հակառակորդ: 2014 թվականին Դիտարանի ընկերության  տվյալների համաձայն Հայաստանում կա 11500 Եհովայի վկա. սա «Ավետարանիչ» անդամների քանակն է: Հավանաբար թիվը կեռապատկվի, եթե Եհովայի վկաները  հրապարակեն իրենց կառույցով հետաքրքրվողների թվաքանակը:

Պետք է ամրագրել մեկ փաստ ևս.  բազում կրոնական կառույցներ անհատին բացեիբաց չեն հրավիրում իրենց «ընտանիք», այլ գործադրում են տարբեր մեթոդներ, օրինակ՝ կարող են հրավիրել անվճար անգլերենի կամ այլ լեզվի դասընթացների, համակարգչի կամ որևէ այլ գայթակղիչ դասընթացի: Կարող ենք հանդիպել նաև  ինչ-որ հրաշագործ բժշկի կամ որևէ հետաքրքիր մարդու հետ հանդիպման առաջարկների: Հատկապես շատերը մտահոգված են իրենց առողջությամբ եւ նման կերպով կարող են նախապես լարված ծուղակն ընկնել: Կարող են  պատահական փողոցում մոտենալ և հրավիրել ինչ որ խմբակի, օրինակ `«Ինչպե՞ս գրավել հակառակ սեռի ներկայացուցչին», «Ինչպե՞ս բացել ներքին կարողությունները» և այլն: Հայաստանում դժվար չէ հանդիպել նաև այնպիսի կառույցների ներկայացուցիչների, որոնք  կարող են հրավիրել ինչ-որ երիտասարդական խնջույքի կամ պարերի (հատկապես ակումբային), որոնք նրանք կատարում են իրենց «եկեղեցիներում»:

Վկաների դավանական առանձնահատկությունները.

 Ղևոնդ Մայիլյանը իր՝ «Ժամնակակից աղանդները Հայաստանում» գրքում Եհովայի վկաների վարդապետության վերաբերյալ հետևյալ առանձնահատկություններն  է  կատարել.

  • Արտասովոր ձգտում դեպի Հին Կտակարանը, Նոր Կտակարանի դերի արժեզրկում:
  • Սբ.Երրորդության մերժում. Սուրբ Հոգին ներկայացվում է որպես Եհովայի զորություն, իսկ Հիսուսը՝ միայն որպես մարդ:
  • Պատմական բոլոր եկեղեցիների գլխին, համաձայն նրանց, սատանան է կանգնած:
  • Ձգտում Արմագեդոնի օրը իմանալու հանդեպ, որը օգտակար մեթոդ է անդամներին ակտիվ պահելու համար:

Որոշ աստվածաբաններ, խոսելով Դիտարանի կառույցի մասին,  հաճախ այն նմանեցնում են 4-րդ դարում իր գագաթնակետին հասած Արիոսականության հետ, որը իր ճանկերով ամուր փաթաթվել էր ընդհանրական եկեղեցուն: Սրանից ձերբազատվելու համար է, որ գումարվում է 325 թվականի Նիկեայի առաջին տիեզերական ժողովը, որի ժամանակ էլ ձևավորվում է ուղղադավան եկեղեցու հավատո հանգանակը:   Արիոս Ալեքսանդրացու վարդապետության համաձայն՝ Հիսուսը արարված էակ էր, այլ ոչ թե՝ հավիտենական Աստված: Սույն վարդապետության հետագիծը նշմարվում է դարերի ընթացքում, բայց մինչև Ռասելի ի հայտ գալը այն երբեք նշանակալի դրսևորում չի ունեցել:

Ամփոփելով Եհովայի վկաների մասին այս թեմայով հակիրճ տեղեկությունները՝ հայտնի աստվածաբաններ Մաք-Դաուելի և Ստուարտի «Մոլորեցնողները» գրքից մեջբերենք մի հատված. «Անկեղծ սրտով և ուղիղ մտքով Եհովայի վկաներին խորհուրդ ենք տալիս, որ հետևեն «Դիտարանի ընկերության» հետևյալ հրահանգներին. «Մենք պետք է ուսումնասիրենք ոչ միայն այն, ինչին անձամբ ենք հավատում, այլև այն, ինչ մեր ղեկավար կրոնական կազմակերությունն է մեզ ուսուցանում, անկախ այն բանից` նրա վարդապետությունը համաատասխանում է Աստծո Խոսքին, թե հիմնվում է մարդու ավանդույթների վրա: Եվ եթե մենք սիրում ենք ճշմարտությունը, ապա վախենալու բան չունենք այդպիսի ստուգումից» (The Truth That Leads to Eternal Life, 1968):

 Օգտագործված գրականության ցանկ

  1. Ղևոնդ Մայիլյան, «Ժամանակակից աղանդները Հայաստանում»:
  2. Ջոշ Մաք Դաուել, Դոն Ստուարտ «Մոլորեցնողները»:
  3. Արմեն Պողոսյան, «Պատասխան Եհովայի վկաներին»:
  4. Դիտարանի ընկերության հրատարակած` «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից»։

Հեղինակ՝ Էդգար Վարդանյան (Edgar Vardanyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

Եհովայի վկաները և Հայաստանը․ մաս 2֊րդ