Դասընթացը ներառում էր բազմաթիվ դասախոսություններ, ինտերակտիվ միջոցառումներ, անկաշկանդ ու երկկողմանի մտքերի փոխանակում:
Մեկ շաբաթվա ընթացքում իրենց դասախոսություններով հանդես եկան ԵՎՀԿ անդամներ` Արեգ Քոչինյանը, Աննա Խաչյանը, Դավիթ Պետրոսյանը և Արմինե Մուրադյանը: Անփոխարինելի փորձով ու գիտելիքով կիսվեցին նաև իրենց ոլորտի մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը,Գայանե Մկրտչյանը, Ստյոպա Սաֆարյանը, Էդգար Էլբակյանը և Լիլիթ Մինասյանը:
ԵՎՀԿ փոխնախագահ Աննա Խաչյան. Վերլուծաբանների դպրոցի գլխավոր սկզբունքն ու գաղափարը ԵՎՀԿ հիմնարար գաղափարի և սկզբունքների ածանցյալն է. այն է՝ ստեղծել ողջամիտ վերլուծական դաշտ և բազմաձայն հարթակ, որտեղ կներգրավվեն ամենատարբեր մասնագիտությունների և մտահորիզոնի տեր, ակտիվ և նախանձախնդիր երիտասարդներ, ովքեր իրենց դիտարկումները, հարցադրումները, տեսակետները, դատողությունները կբարձրաձայնեն և լսելի կդարձնեն: Եվ այս դպրոցն էլ, կարծեք թե, փորձառությամբ կիսվելու, փորձի և գիտելիքի փոխանցման, փոխլրացման և «իննովացման» հետաքրքիր նախագիծ էր:
ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյան. Շատ հաճախ մեր հասարակությունում չեն տիրապետում հարցերին, խնդիրներին, երևույթներին անհրաժեշտ խորությամբ և ամբողջ էությամբ: Դրա լուծումը մենք տեսնում ենք ոչ թե պայքարի կամ շարժումների մեջ, այլ կրթվածության մակարդակի և վերլուծական ունակությունների բարելավման միջոցով: Այս և հետագայում բոլոր դպրոցների նպատակը հենց երիտասարդների շրջանում քննադատորեն մտածելը սերմանելն է, վերլուծական ունակություների հաղորդումն է և նպաստելն է նրան, որ երիտասարդները չվախենան հասարակության առջև խոսելուց…
Դպրոցի մասնակից Լուսինե Հովհաննիսյան. Հեշտ չէ կոտրել սառույցը, սակայն այս անձնակազմի ջանքերի ու մոտեցման շնորհիվ անմիջապես կոտրվեց սառույցն ու մենք արդեն հավասարը հավասարի հետ զրույց էինք վարում, և մեզանից յուրաքանչյուրը աննկարագրելի ծավալի գիտելիքներ ստացավ:
Դպրոցի մասնակից Տաթև Գևորգյան. Վերլուծաբանների դպրոցը բավարարեց սպասելիքներս: Ես ձեռք բերեցի վերլուծական հմտությունները զարգացնող նոր գիտելիքներ, հնարավորություն ունեցա հարցեր ուղղել իմ կողմից շատ հարգված և իրենց գործում հմուտ դասախոսների, ինչպես նաև ձեռք բերեցի հրաշալի ընկերներ, ում հետ կիսում ենք կարծիքներ և գաղափարներ: