ԵՎՀԿ նախագահը՝ Ռադիո Վանի հյուր

ԵՎՀԿ գերխնդիրն է չեզոքություն պահպանել քաղաքական վերլուծություններ կատարելիս, առաջնային նպատակը՝ խթանել վերլուծական դաշտի զարգացումը:

Մարտի 23-ին, «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արեգ Քոչինյանը Ռադիո Վանի՝ «Ճշմարտության սահմանին» հաղորդաշարի հյուրն էր:

Հանդիպման սկզբում նախագահը համառոտ նկարագրեց ԵՎՀԿ նպատակները և իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով վերջինիս հայաստանակենտրոն գործելակերպը: Զրույցի առանցքը Հայաստանում ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն էին, որի վերաբերյալ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը» սոցհարցում էր իրականացրել: ԵՎՀԿ նախագահը ամփոփեց հարցման արդյունքում ստացված տվյալները և ներկայացրեց ընտրությունների հնարավոր արդյունքների իր տեսլականը: Հանգամանորեն քննության ենթարկելով ՀՀ կուսակցական համակարգը՝ նախագահը ցույց տվեց, թե կուսակցություններից որոնք ինչ գաղափարական ուղղությունների կողմնակից են՝ ձախից՝ աջ, և թե որ կուսակցություններն են այդ երկու գաղափարախոսությունների սահմանագծին: Նա նշեց, որ երկրի քաղաքական բարեփոխումների հիմքում ընկած է բնակիչների կրթվածությունը, ուստի առավել զարգացած երկիր ունենալու համար անհրաժեշտ է բարձրացնել ժողովրդի իրավական և քաղաքական կրթվածության մակարդակը: Այս առումով նախագահը կարևորեց ԵՎՀԿ դերը, որը հստակ սահմանազատում է պետականակենտրոն մտածելակերպը ժողովրդականից: