ԵՎՀԿ 2-րդ համագումարը կայացավ

2017թ. սեպտեմբերի 3-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում կայացավ ԵՎՀԿ 2-րդ համագումարը, որը ԵՎՀԿ բարձրագույն ղեկավար մարմինն է: Միջոցառման ժամանակ ամփոփվեց կազմակերպության 2017թ. գործունեությունը, նախորդ համագումարի ժամանակ նախանշված ծրագրերի կատարողականը, ներկայացվեցին գալիք նախագծերը, ընթացիկ տարվա պլանը և ռազմավարությունը, ինչպես նաև համագործակցության նոր հեռանկարները: Բաժինների ղեկավարները հանդես եկան հաշվետվություններով՝ ներկայացնելով անցած ամիսներին կատարված աշխատանքները:
Համագումարի հաստատմանն էին ներկայացվել ԵՎՀԿ նոր Կանոնադրության, ներքին Կանոնակարգի, Հռչակագրի և Ռազմավարության նախագծերը: Ակտիվ քննարկումներից ու առաջարկներից հետո համագումարը կողմ քվեարկեց այս փաստաթղթերի ընդունմանը:
Ընտրությունների արդյունքում ձևավորվեց Գործադիր խորհրդի և Վերաքննիչ մարմնի նոր կազմը, ինչպես նաև ընտրվեց նոր Վերստուգողը: Նորընտիր մարմինները իրենց պարտականությունների կատարմանը կանցնեն 1 շաբաթվա ընթացքում՝ երդմնակալությունից հետո:
Համագումարի ժամանակ այն ԵՎՀԿ-ականները, ովքեր կազմակերպության գործունեության մեջ ունեցել են նշանակալի ներդրում և բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները, նպաստելով ԵՎՀԿ զարգացմանը, դրա անխափան ու որակյալ գործունեության ապահովմանը, պարգևատրվեցին հավաստագրերով: