Տերմինուս (Էլիտաների տեսություն)

Տերմինուս ― Հին Հռոմեական աստվածություն, սահմանների հովանավոր: Նրա անվամբ էին կոչվում նաև  սահմանաքարերը, որոնք ունեին զուգահեռանիստի տեսք: Դրանք տեղադրվում էին Կայսրության սահմաններին՝ մի կողմով խրված լինելով հողի մեջ։

«Էլիտա» բառն առաջացել է լատիներեն Eligo բառից, որը թարգմանաբար նշանակում է «ընտրյալ, լավագույն»: Այս եզրույթով քաղաքագիտության մեջ սովորաբար մատնացույց են անում հասարակության մեջ տվյալ պահին առավելագույն ռեսուրսներ ու կառավարման համար հարկավոր միջոցներ ունեցող սոցիալական խումբը։ Վերլուծության մեջ, սակայն, փորձ է արվելու տալ էլիտայի և դրա հետ կապված հասարակական ինստիտուտների ու գործընթացների նոր տեսական նկարագրություն՝ միջգիտակարգային ձևաչափով և անկախ գոյություն ունեցող տեսություններից: Նկարագրությունը  լինելու է ոչ թե քանակական, այլ որակական ձևաչափում, քանի որ հետազոտությունը այս փուլում կրում է տեսական բնույթ և չի հետապնդում նպատակ` բերելու մանրամասնված գիտական հիմնավորումներ։

Էլիտա: Հասարակության քաղաքակրթական ինքնությունը ուղղորդող և այն խտացված կերպով արտահայտող շերտ, որն իրականացնում է հասարակության կառավարումն ու առաջնորդումը ոչ միայն քաղաքական, այլև  մշակութային, տնտեսական ու հոգևոր դաշտում: Էլիտայի իշխանությունը համակարգային է և բոլոր ոլորտները պարառող։ Պատկանելությունը` էլիտան պայմանավորված է ոչ թե արյունակցական կամ զբաղեցվող պաշտոնների առանձնահատկություններով, այլ կրթական, նպատակային, ռեսուրսային և կամային հատկանիշներով: Էլիտային բնորոշ են սոցիալական աստիճանների առկայությունը, որոնց միջոցով յուրաքանչյուրն իր գործունեության արդյունքում կարող է մտնել և դուրս գալ այս սոցիալական խմբից։ Սովորաբար այն վառ կերպով ներկայացնում է և, որպես կանոն, նաև թելադրում տվյալ հասարակությանը բնորոշ սոցիալ-հոգեբանական գծերը, վարվեցողության կանոնները, էթիկան, ճաշակը և անգամ չարի ու բարու մասին պատկերացումները: Էլիտան առաջանում է հասարակական զարգացման այն փուլում, երբ արդեն առկա է սեփական «ես»-ի տեղավորում հասարակական պատկանելության մեջ, և կան իշխանության ձևավորված էլեմենտներ։ Էլիտան` որպես սոցիալական խումբ, անբաժանելիորեն կապված է իշխանության երևույթի հետ՝ քաղաքական, հոգևոր, տնտեսական և այլն, ընդ որում՝ դա կարող է ունենալ ինչպես ինստիտուցիոնալ-ֆունկցիոնալ, այնպես էլ՝ ծիսական բնույթ։

Հակաէլիտա: Էլիտայի ֆիզիկական բնաջնջման կամ դրա բարոյական դեգրադացիայի[i] պայմաններում առաջ եկող հասարակական այն շերտը, որն իր վրա է վերցնում առաջնորդումն ու մշակութային ինքնության ուղղորդումը, սակայն տապալում է կենսունակ համակցական համակարգի ստեղծումը, կոչվում է հակաէլիտա: Հակաէլիտան, չտիրապետելով բավարար մարդկային, կրթական, գաղափարական կամ այլ ռեսուրսների, և չունենալով սոցիալական աստիճանների մեխանիզմները, տապալում է իր օրինակով նոր հասարակության կառուցումն ու տանում այն կա՛մ դեպի կործանում, կա՛մ էլ՝ լճացում։ Սա տեղի է ունենում անհատի ու հասարակության անվտանգությունը, բարեկեցությունն ու բնականոն զարգացումը ապահովող նոր հասարակարգ կառուցելու, կամ դրա կառուցման դեպքում հասարակությունը դրանում տեղավորելու անկարողությունից։ Ընդ որում՝ նոր հասարակարգը չի կարող հիմնված լինել բռնության վրա, քանի որ դա արդեն իսկ բացառում է վերոնշյալը և հանդիսանում նոր ռեժիմի անկարողության ցուցիչ։ Մինչդեռ չկարողանալով մարդկանց տալ որակյալ կյանք՝[ii] հակաէլիտան հիմնականում արդեն հենվում է ֆիզիկական կամ հոգևոր բռնության վրա:[iii]
Մյուս կողմից, երբ հակաէլիտան հին էլիտայի դեգրադացիայի արդյունք է, ինքը` էլիտան է վերածվում հակաէլիտայի։ Երկու դեպքերում էլ հասարակության մեջ լատենտ վիճակում գտնվող էլիտան պետք է ստեղծի այլընտրանք, օրինակ՝ լուսավորականների գործունեություն, որով թոթափում է հակաէլիտայի ստեղծած համակարգը։

Կարելի է անդրադառնալ էլիտայի ֆիզիկական բնաջնջման կամ բարոյական դեգրադացիայի և արդյունքում հակաէլիտայի ստեղծման առավել վառ օրինակներին:

Ռուսաստան – Ռուսական Կայսրությունը կործանած և Ցարիզմի ռեժիմը վերացրած երկու հեղափոխություններն իրենց հետ բերեցին նաև Կայսրության էլիտայի գրեթե ամբողջական ֆիզիկական բնաջնջում և արտագաղթ: Տեղում ստեղծված բոլշևիկյան հակաէլիտան ունակ չէր ստեղծելու վերոնշյալ պահանջները բավարարող համակարգ և շեշտը դնում էր բռնության ու ահաբեկչության գործադրման վրա, որոնց թուլացման հետևանքով համակարգը տապալվեց։ Որոշակի ուշացումը պայմանավորված է համակարգի մասշտաբներով։

Ֆրանսիա – Վերսալյան համաձայնությունների համակարգը[iv] ենթադրում էր աշխարհից ու, որ ավելի կարևոր է, հասարակությունից կտրված, հասարակաշինությամբ չզբաղվող, մշտապես արքունիքում գտնվող և մակաբուծության հասած ազնվականության առկայություն: Արդյունքում Ֆրանսիայում ընդամենը 1 դարի ընթացքում էլիտան դեգրադացվեց՝ հասնելով հակաէլիտայի մակարդակի: Հեղափոխության նախաշեմին ֆրանսիական ազնվականությունը, դեռևս գտնվելով հասարակության նոմինալ ղեկին, կորցրել էր ազդեցության գրեթե բոլոր մեխանիզմները։ Այստեղ պետք է նշել այն հիմնարար տարբերությունը, որ եղավ Ռուսական ու Ֆրանսիական հեղափոխությունների միջև. Ֆրանսիական հեղափոխության արդյունքում հակաէլիտայի մակարդակի հասած էլիտային փոխարինելու եկավ նոր էլիտան, իսկ Ռուսաստանում էլիտան ոչնչացվեց, ու դրա փոխարեն ասպարեզ եկավ հակաէլիտան։

Տերմինուսի տեսություն:[v]
Էլիտան և հակաէլիտան միաժամանակ ֆիզիկապես գոյություն ունեն ցանկացած հասարակությունում: Կապված ժամանակաշրջանի, գոյություն ունեցող ռեսուրսների, կամքի և այլնի հետ՝ դրանցից մեկը ակտիվ է, իսկ մյուսը՝ լատենտ: Անցումային հասարակություններում (հեղափոխություններ, հեղաշրջումներ և այլն) դրանք կարող են դիրքափոխվել: Այն սովորաբար ավարտվում է կողմերից մեկի ֆիզիկական կամ բարոյական ոչնչացմամբ: Այսպես, եթե մենք հասարակությունը համեմատենք Տերմինուսի հետ, ապա քարի վերևինը՝ իշխող մասը էլիտան է, իսկ ներքևինը՝ հողի մեջ խրվածն ու չերևացողը՝ հակաէլիտան, որոնք երկուսն էլ միաժամանակ առկա են, սակայն միայն մեկն է երևում։ Եթե քարը վերցնենք և շուռ տանք, ապա դարձյալ երկուսն էլ առկա կլինեն, պարզապես չի երևա արդեն էլիտան․ այսինքն՝ հասարակության պարուրաձև պատմության մեջ լինում է նշված երկու սոցիալական խմբերի առաջնորդության (ակտիվ-պասիվ դերակատարման) հերթափոխություն։ Ընդ որում՝ հերթափոխության օրինակները կարող են լինել ամենատարբեր ժամանակային ու ֆունկցիոնալ տիրույթում։ Ավելին՝ եթե խմբերից մեկը ուժեղ է, հերթափոխությունը կարող է անգամ ընդհանրապես եղած չլինել, բայց նշված միաժամանակյա առկայությունը գրեթե երաշխավորում է դրա լինելիությունը։ Տերմինուսի օրինակի ընտրությունը պայմանավորված է հեղինակի կողմից՝ ինչպես հակաէլիտայի իշխանության անբնականությունը, այնպես էլ հասարակության կառուցվածքի հիմնարար վտանգներով պայմանավորված անխուսափելիությունը ցույց տալու ցանկությամբ։

Պետականականակերտություն:
Էլիտայի առաջնահերթ նպատակն ու գոյության իմաստը պետականության պահպանումն ու հզորացումն է, քաղաքական, մշակութային և այլ տեսակների սուվերենության ապահովումը: Այս տեսությամբ սահմանված էլիտայի գոյությունը մեր օրերում հնարավոր է միայն տիտղոսակիր հասարակություններում։ Այն պետականակենտրոն է իր բոլոր մակարդակներում և բոլոր ժամանակներում, անգամ քաղաքացիական պատերազմների և հակաիշխանական շարժումների պայմաններում: Անկախ գոյություն ունեցող բարձրագույն իշխանության հետ հարաբերությունների որակից ու դրանց որպիսությունից՝ էլիտան պետականակենտրոն է՝ տարբերակելով իշխանությունը և պետությունը: Օրինակ՝ Արշակ 2-րդի և Խոսրով Կոտակի դեմ ապստամբող ու Սասանյան Պարսկաստանին աջակցող հայ մեծատոհմիկները ևս էլիտայի ներկայացուցիչներ էին, ովքեր, ըստ էության, փորձում էին Հայաստանը զերծ պահել երկու պարսկական արքայատոհմերի գահակալական կռիվներից և իրենց նպատակների մեջ շարունակում էին մնալ պետականակենտրոն: Բանն այն  է, որ այս շրջանի հայ-պարսկական պատերազմները արդյունք էին Սասանյան և Արշակունի արքայատոհմերի միջև հանուն Պարսից գահի ծագած վեճի, որը Հայաստանի հետ ուղիղ կապ չուներ։ Այս ամենը բնորոշ չէ և անգամ հակասում է հակաէլիտայի բնույթին. դրա շահերը հաճախ ուղղակիորեն հակադրվում են սոցիումի շահերին, և առաջինը միշտ նախընտրում է իրենը: Օրինակ՝ մեր արդի հասարակությանը բնորոշ քրեա-օլիգարխիկ վերնախավը, որը նախընտրում է իր նեղ խմբակային շահերը պետական շահից՝ ապացուցելով դա, երբ ԵՄ-ի հետ խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի փոխարեն, որ ամբողջովին ելնում էր ՀՀ պետական ու տնտեսական շահերից, նախընտրեց ԵԱՏՄ-ն՝ ապահովելով սեփական իշխանության վերարտադրությունը, կամ երբ մեկը մյուսի ետևից կեղծում կամ ընտրակաշառքների միջոցով փոփոխում է ընտրությունների արդյունքները՝ Հայաստանում պետական ինստիտուտների ու ժողովրդավարության որակը զոհաբերելով սեփական իշխանության երկարաձգմանը:

Քաղաքակրթություն:
Քաղաքակրթության ձևակերպումը, առկայությունն ու պահպանումը հնարավոր են միայն ակտիվ վիճակում գտնվող էլիտայի առկայության դեպքում, ավելին՝ այն իրենից ներկայացնում է էլիտայի կողմից սերնդեսերունդ փոխանցվող ինֆորմացիայի, գործիքների և ռեսուրսների ամբողջություն: Հակառակ պարագայում հակաէլիտան ձևավորում է պսևդո-մշակույթ, որը նյութական առումով ունակ է բավարարելու հասարակական լայն շերտերի պահանջները, սակայն այն խորքային առումով անգամ մշակույթ էլ չէ, այլ հասարակական կառավարման գործիքակազմ, որն ունի մեկ նպատակ՝ մաքսիմալ իջեցնել հասարակության գիտակցական, բարոյական, մշակութային մակարդակը՝ այն ավելի հեշտ կառավարելի դարձնելու համար: Եթե քաղաքակրթությունը համեմատենք ապրանքի հետ, ապա էլիտան հանդես է գալիս արտադրողի, հասարակությունը՝ սպառողի, իսկ հակաէլիտան՝ շահույթ ստանալու նպատակով ապրանքը կեղծողի դերում:

Բրիտանական և հայկական օրինակները:
Դիրքափոխման պարույրի ինքատիպությունը և բազմաթիվ հանգամանքներից կախվածությունը առավել լավ կարելի է պատկերել Մեծ Բրիտանիայի և Հայաստանի օրինակների համեմատությամբ: Այս երկու երկրների ու դրանց հասարակությունների ճակատագրերի տարբերությունը զգալիորեն պայմանավորված է այն տարբերություններով, որոնք առկա են դրանց էլիտաների պատմության մեջ։ Ներկայացվող տարբերությունը նաև Տերմինուսի էֆֆեկտի (հասարակության մեջ էլիտայի ու հակաէլիտայի դիրքափոխման) նշանակության լավագույն ցուցիչը կլինի։ Բրիտանական էլիտան ներկայումս գոյություն ունեցողներից ամենաշարունակական և կայուն օրինակներից է, որտեղ Ազատությունների մեծ խարտիայից սկսած (13-րդ դար) մինչ օրս էլիտան ոչ միայն չի զիջել իր դիրքերն ու չի վերածվել հակաէլիտայի, այլև չի փոխվել էլիտան կազմավորող հասարակական շերտը՝ ազնվականությունը: Արդյունքում՝ բրիտանական հասարակությունը մշտապես առանձնացել է իր բարձր քաղաքական կազմակերպվածությամբ, առաջադիմությամբ և սեփական մշակութային դիմագիծը պահպանելու ընդգծված ունակությամբ։ Մյուս կողմից՝ հայ իրականության մեջ տեղ են գտել ինչպես օտար նվաճողների վարած հետևողական քաղաքականության արդյունքում էլիտան կազմավորող հասարակական շերտի՝ ազնվականության ֆիզիկական ոչնչացման (բյուզանդացիների, արաբների, թուրքերի, պարսիկների վարած հետևողական քաղաքականության արդյունքում), այնպես էլ՝ էլիտայի բարոյական դեգրադացիայի դեպքեր (Երրորդ հանրապետության քաղաքական էլիտայի այլասերում): Արդյունքում՝ զարգացած միջնադարից սկսած` հայ ժողովուրդը գրեթե դադարում է ինքնուրույն ու կազմակերպված քաղաքական օրակարգեր ունենալ, անհուսալիորեն հետ է մնում արևմտյան այլ հասարակություններից իր զարգացման մակարդակով և զգալիորեն ընկնում իրեն շրջապատած արաբական, թուրքական, պարսկական ու այլ մշակույթների ազդեցության տակ։
Էլիտաների` նման տարբեր ճակատագրեր ունենալու պատճառների շարքում կարելի է նշել աշխարհաքաղաքական խնդիրները, ռազմավարական դիրքի, ռեսուրսների բաշխվածության և ժամանակաշրջանային առանձնահատկությունները։ Վերոնշյալները, սակայն, բացատրելով ֆիզիկական ոչնչացման դեպքերը, չեն բացատրում բարոյական դեգրադացիան: Վերջինիս պատճառն ավելի համակարգային է. բանն այն է, որ հայ իրականությունը գրեթե 500 տարի զրկված է եղել էլիտայից՝ որպես հստակորեն ձևավորված ու գործող խավի[vi], իսկ դրա վերականգնման համար քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծվել են միայն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Բնական է, որ նման հսկայական ընդմիջումից հետո հասարակական այս բարդագույն պրոցեսների համար անհրաժեշտ է ավելի տևական ժամանակ, և մինչ օրս իրական ազգային էլիտայի՝ որպես ձևավորված դասի կամ համակարգայնացված հասարակական միավորի առաջացման միայն «նախերգանքն» է տրված:

Երկու խոսք
Մեր ժամանակներում և մեր իրականությունում էլիտայի վերածնունդը ու հակաէլիտայի լատենտացումը հեղինակը կապում է առաջին հերթին հասարակության կրթված, երիտասարդ ու ակտիվ խավի հետ։ Կրթությունը, ընդ որում, արտասահմանյան առաջադեմ կրթությունը, այն հզոր զենքն է, որով Թումանյանի կամ Շահամիրյանների տիպի ակումբները կարող են վերածվել նոր սոցիալական խավի հիմքի։ Խոսքը գնում է երիտասարդության մասին, քանի որ երիտասարդները փոփոխության ու վերադաստիարակման ենթակա այն հատվածն են, որին հնարավոր է փոխել ու ներգրավել որպես հիմք՝ նոր էլիտայի ձևավորման համար։[vii] Այս ամենն իր հերթին կապվսծ է Ֆրանսիական հեղափոխության տիպով՝ եղածից կամ պաշտոնականից առանձին, սեփական օրակարգի ու հայեցակարգերի մշակման, դրանց հանրայնացման և, ի վերջո, թեկուզ բռնությամբ դրանց պարտադրման հետ, [viii]քանի որ վերջին 26 տարիները ապացուցեցին, որ գոյություն ունեցող համակարգը կառուցած հակաէլիտայի աստիճանական անցումը դեպի էլիտա հնարավոր չէ։


  1. Артур Шопенгауэр, Миркакволяипредставление, Минск, Харвест, 2004.
  2. Жан-Жак Руссо, Избранные сочинения в трех томах, Москва, ГИХЛ, 1961.
  3. Марк Блок, Апология истории, http://www.lib.ru/FILOSOF/BLOK_M/apologia.txt, 22.09.2017
  4. Новая философская энциклопедия, http://iph.ras.ru/enc.htm , 09.2017
  5. Френсис Фукуяма, Конец истории и последний человек, Москва, АСТ, 2015.
  6. Фридрих Ницше, ВолякВласти, Минск, Харвест, 2005.
  7. Johan Huizinga, Homo Ludens http://art.yale.edu/file_columns/0000/1474/homo_ludens_johan_huizinga_routledge_1949_.pdf, 22.09.2017
  8. Norbert Elias, On the Process of Civilisation, edited by Stephen Mennell, Eric Dunning, Johan Goudsblom and Richard Kilminster, Dublin, UCD Press, 2012.
  9. Norbert Elias, The Court Society, edited by Stephen Mennell, Dublin, UCD Press, 2006.
  10. Encyclopedia Britannica, http://www.britannica.com/ , 22.09.2017


[i]Բարոյական դեգրադացիա եզրույթն այստեղ օգտագործվում է նկարագրելու համար շեղումը՝ տվյալ հասարակությունում և տվյալ ժամանակաշրջանում ընդունված բարոյական ու արժեհամակարգային նորմերից։ Ընդ որում՝ շեղմանը չի հաջորդում բարոյական նոր համակարգի հիմնումը կամ հիմնված նոր համակարգը չի ընդունվում հասարակության կողմից։

[ii]Մշակութային, բարոյական, քաղաքական, տնտեսական պայմաններ որոնք ապահովում են մարդու`ժամանակին համընթաց, բարեկեցիկ ու անվտանգ կենսագործունեությունը։

[iii]Հոգևոր-մշակութային, բարոյական, ճաշակի ու կրթության արհեստական անկման կենտրոնացված քաղաքական կազմակերպում։

[iv]Լուի 14-րդ արքայի օրոք բացարձակ միապետության ամրապնդման ֆոնին կնքվեց ոչ ֆորմալ դաշինք թագավորի և ազնվականության միջև։ Մի կողմից ազնվականությունը, փաստորեն, զիջում էր իր քաղաքական և այլ ոլորտների ազդեցությունը արքունիքին, մյուս կողմից թագավորը երաշխավորում էր նրանց ու նրանց սերունդների ապահով կյանքը։

[v]Տերմինուսի տեսությունը վերաբերում է դասական հասարակություններին: Ներկայումս որոշ արևմտաեվրոպական երկրներում ձևավորված հետարդիական իրականությունները (Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա) դուրս են ավանդական սոցիումին հատուկ հարաբերությունների համակարգից: Այստեղ այլևս չկան արտահայտված էլիտա կամ հակաէլիտա. հասարակական լայն զանգվածների կրթական ցենզի բարձրացմանն ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանը հաջորդել է հետարդիական նոր հասարակությունների կազմավորումը:

[vi]Անշուշտ առանձին անհատներ և անգամ խմբակներ եղել են՝ օրինակ Շահամիրյանների ակումբը, Թումանյանի ակումբը և այլն։

[vii]Թեմայով հիանալի աշխատանք է Ժան-Ժակ Ռուսսոյի «Էմիլը, կամ դաստիարակության մասին» աշխատությունը։

[viii]Բռնությունը և պարտադրումը վերաբերում են հակաէլիտային, ոչ թե հասարակությանը ընդհանրապես։


Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here