Հարաբերական հարստություն

Photo: https://journaldumusulman.fr Photo: https://journaldumusulman.fr

Մերօրյա փոփոխվող աշխարհում օրեցօր ավելանում են տնտեսագիտական եզրույթներ ու հասկացություններ, մշակվում և կատարելագործվում են արդեն իսկ գործող հաշվարկային բանաձևերը: Համաշխարհային տնտեսության կարևորագույն խնդիրներից մեկի՝ աղքատության պատկերն էլ տարբեր է՝ ըստ հաշվարկման մեթոդի ընտրության: Սույն նյութում կքննարկվի վերոնշյալ տարբերությունները:
Թեև աշխարհի շատ երկրներում աղքատության դեմ պայքարը հասել է զգալի արդյունքների (վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիարդ մարդ կարողացել է դուրս գալ աղքատությունից), սակայն մինչ այժմ այն համարվում է դժվարլուծելի խնդիր բոլորի համար (աշխարհում շուրջ 760 միլիոն մարդ շարունակում է ապրել աղքատ՝ օրական 1,9 դոլարով):
Միջազգային այս հարցին լուծում տալու համար էր, թերևս, ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Հազարամյակի հռչակագիր»-ը, որն ուղղված է աշխարհում աղքատության հիմնախնդրի լուծմանը: Համաձայն հռչակագրի՝ աղքատության կրճատմանը օժանդակում են և՛ հարուստ, և՛ աղքատ երկրները, քանի որ խնդիրը միջազգային է: Բացի այդ, հռչակագրի բուն նպատակն էր մարդկանց մեջ արժանապատվության ամրապնդումը, խաղաղության և հավասարության հասնելը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Երկրները, ինչպես մարդիկ, ըստ հարստության մակարդակի, բաժանվում են 2 մեծ «բևեռի»՝ հարուստներ և աղքատներ: Նշված բևեռականացումն արտահայտելու համար տնտեսագետները հաճախ օգտագործում են Ջինի գործակիցը և Լորենցի կորը, որոնք ցույց են տալիս, թե համախառն եկամուտների որ մասը բնակչության առանձին խմբերի մոտ ինչպես է կենտրոնացած: Հաշվի առնելով Ջինի գործակցի տրամաբանությունը՝ որքան Ջինի գործակիցը մոտենում է 1-ին, այդքան տվյալ երկրում ազգային եկամտի բաշխման անհամաչափությունը նվազում է և ընդհակառակը՝ որքան մոտենում է 0-ին, այդքան շեղվածությունը մեծանում է: Մասնավորապես՝ 2014թ.-ին ՀՀ-ում Ջինի գործակիցն, ըստ եկամուտների, կազմել է 0.373, իսկ ըստ սպառման` 0.277: Հետևաբար՝ Հայաստանում բնակչության անհավասարությունն ավելի խորն է ըստ եկամուտների ցուցանիշի`սպառման ցուցանիշի համեմատ. որքան փոքր է թիվը, այնքան քիչ է բևեռացվածությունը։ Այնուամենայնիվ, աղքատության մակարդակը, համաձայն Համաշխարհային բանկի տվյալների, 2016թ-ին ՀՀ-ում կազմել է 23.9 տոկոս՝  2015թ-ի 22.6 տոկոսի համեմատ: Ներկայումս Հայաստանի կառավարությունը աղքատության հաղթահարման համար առաջնորդվում է «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման» ծրագրով: Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է աղքատության մակարդակը 2017թ.-ին հասցնել 24%-ի, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 2.4%-ի:
Երկրների աղքատությունը գնահատող ցուցանիշները ժամանակի ընթացքում փոփոխվել են, համալրվել, և նույնիսկ այս դեպքում էլ մնացել հարաբերական:Մասնավորապես՝ նախկինում ընդունված էր աղքատության ոչ հստակ սահմանում՝ հաշվի առնելով բացառապես եկամուտների և սպառման մակարդակը: Ներկայումս կիրառվում է համալիր հասկացություն՝ հաշվի առնելով նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, սոցիալական և քաղաքական հարցերին անձի մասնակցությունը, անձի ազատությունն ու անվտանգությունը և այլն: Ընդ որում, ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից ներդրված համալիր ցուցանիշի կիրառումը նպաստում է առանձին երկրների առանձնահատկությունները հաշվի առնելուն: Իրականացվող հարցումերը անկախ են, չեն պարունակում պետական վերահսկողություն, ինչպես արվում էր 1960-80-ականներին:
Երկրների աղքատության գնահատման հիմնական ցուցանիշը շարունակում է մնալ ՀՆԱ-ն /hամախառն ներքին արդյունք/: ՀՆԱ-ն (անգլ.՝ Gross Domestic Product (GDP)) տվյալ երկրի եկամտի և ներդրման տնտեսության չափաձև է, տնտեսական համակարգում մեկ տարվա ընթացքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը։
Համաշխարհային բանկի տվյալներով` 2017 թվականին ամենամեծ ՀՆԱ-ն ունեցել է ԱՄՆ-ն (19,417.144 միլիարդ ԱՄՆ դոլար), երկրորդը այս ցուցանիշով Չինաստանն է (11,795.297 միլիարդ ԱՄՆ դոլար), այնուհետև՝ Ճապոնիան (4,841.221 միլիարդ ԱՄՆ դոլար): Առաջատարների ցանկը ներկայացված է ստորև՝

Երկիր Անվանական ՀՆԱ (միլիարդ) ԱՄՆ դոլար
ԱՄՆ 19,417.144
Չինաստան 11,795.297
Ճապոնիա 4,841.221
Գերմանիա 3,423.287
Միացյալ Թագավորություն 2,496.757
Հնդկաստան 2,454.458
Ֆրանսիա 2,420.440
Բրազիլիա 2,140.940
Իտալիա 1,807.425
Կանադա 1,600.265

Ամենափոքր ՀՆԱ գրանցած երկիրն է Տուվալուն (0.036 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիայի մասին տվյալները բացակայում են: ՀՀ-ն այս ցուցակում զբաղեցնում է 133-րդ հորիզոնականը՝ 10.741 միլիարդ ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի արդյունքներով ՀՀ-ն 131-րդն էր (10,75 միլիարդ ԱՄՆ դոլար):
Ամբողջ աշխարհի ՀՆԱ-ն կազմել է 77,988 տրիլիոն դոլար, որը 2015 թվականի համեմատ (74 տրիլիոն) աճել է 3,988 տրիլիոն դոլարով: Վերջին 50-ամյակում այս ցուցանիշը աճել է մոտ 55 անգամ: Այս աճը պայմանավորված է եղել մի շարք գործոններով՝ աշխարհի բնակչության աճ, ինչի շնորհիվ մեծացել է աշխարհում արտադրվող բարիքների ծավալը, տեխնոլոգիական առաջընթաց և, իհարկե, սպառողական գների աճ:
Առավել հաճախ որևէ երկրի բնակչի կենսամակարդակի իրական պատկերը ստանալու համար օգտագործվում է 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը, որը հաշվարկվում է երկրի ՀՆԱ-ն բաժանելով տվյալ երկրի բնակչության (ռեզիդենտների) թվաքանակին: Այս ցուցանիշով, սակայն, վարկային սանդղակը այլ պատկեր է արտացոլում: Մասնավորապես՝ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով առաջատար է Լյուքսեմբուրգը (101,715 հազար ԱՄՆ դոլար), այնուհետև` Շվեյցարիան (78,245 հազար ԱՄՆ դոլար), Նորվեգիան (73,450 հազար ԱՄՆ դոլար): Առաջատարների ցանկը ներկայացված է ստորև՝

Երկիր 1 շնչի հաշվով ՀՆԱ /հազար/  ԱՄՆ դոլար
Լյուքսեմբուրգ 101,715
Շվեյցարիա 78,245
Նորվեգիա 73,450
Մակաո հատուկ տարածաշրջան 68,401
Իսլանդիա 67,570
Քաթար 64,447
Իռլանդիա 62,085
ԱՄՆ 59,609
Ավստրալիա 55,215
Դանիա 52,871

ՀՀ-ն այս աղյուսակում 117-րդն է՝ 3,591 հազար ԱՄՆ դոլար ցուցանիշով: Ամենաաղքատներից են Մալավին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը (շուրջ 322 ԱՄՆ դոլար): Հարկ է նշել, որ այս ցուցանիշը նույնպես ընդհանրական է և հաճախ լիովին չի արտացոլում իրական պատկերը: Օրինակ՝ այն երկրներում, որտեղ մեծ է հարուստների և աղքատների միջև բևեռացվածության ցուցանիշը, այն «նույնականացնում» է ռեզիդենտներին՝ հաշվի առնելով վերջիններիս  միջին քանակը: Մինչ այժմ ներկայացված ցուցանիշները քանակական էին և չէին ներառում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կամավորությունը, չգրանցված վաճառքները և այլն: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՄԱԿ-ը 1990 թվականին հրապարակեց մեկ այլ ցուցանիշ՝ «Մարդկային զարգացման ինդեքս»-ը (Human Development Index (HDI)), որն արտացոլում է ռեզիդենտի երկարակեցությունը. հաշվարկվում է կյանքի սպասվող տևողությունը ծնվելու պահին, կրթության միջին տևողությունը, կենսամակարդակը և այլն: ՀՀ-ն, ըստ այս ցուցանիշի, ինչպես և Ուկրաինան, 84-րդն է (0,743 համաթիվ): Առաջատարների տասնյակը ներկայացված է ստորև՝

Երկիր Մարդկային զարգացման ինդեքսի համաթիվ
Նորվեգիա 0,949
Ավստրալիա 0.939
Շվեյցարիա 0.939
Գերմանիա 0.926
Դանիա 0.925
Սինգապուր 0.925
Նիդեռլանդներ 0.924
Իռլանդիա 0.923
Իսլանդիա 0.921
Կանադա 0.920

Այս ցուցանիշը ներառում է նաև գենդերային անհավասարությունը և աղքատության մակարդակը, ինչի հետևանքով էլ ՀՀ-ն 84-րդն է 188 երկրների շարքում: Այսպիսով՝ տնտեսությունների  զարգացմանը զուգընթաց ավելանում են տնտեսական այն ցուցանիշների թիվը, որոնք լավագույնս բնորոշում են մարդու կենսամակարդակը, համեմատում դրանք ըստ երկրների, իսկ միջազգային խոշոր կազմակերպություններն իրենց հերթին մշակում են ծրագրեր, հռչակագրեր և այլն՝ համաձայն որի աղքատության կրճատումը և եկամուտների հավասարություն ապահովելը ոչ միայն աղքատների գերխնդիրն է, այլև հատկապես հարուստների, քանի որ վերջիններիս օժանդակությամբ են աշխարհում ստեղծվում հիմնադրամներ, ֆոնդեր, միջազգային տարբեր կառույցներ, որոնց նպատակն է զսպել և նվազեցնել անխուսափելի համարվող երևույթների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:


Գրականություն

  1. List of Countries by Projected GDP per capita ” http://statisticstimes.com/economy/countries-by-projected-gdp-capita.php
  2. Ազգային վիճակագրական ծառայություն ” http://www.armstat.am
  3. Համաշխարհային բանկ ” https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD
  4. Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016, ԱՎԾ ”http://ampop.am/poverty-in-armenia/
  5. Միավորված ազգերի կազմակերպությունը ՀՀ-ում ” http://www.un.am/hy/p/united-nations-in-armenia


Հեղինակ՝ Անահիտ Զուրաբյան (Anahit Zurabyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: