Կամք, արվեստ և վերագործարկում.մաս 3-րդ

Photo: www.unoosa.org
Photo: www.unoosa.org

Moment salida[i]

Մարդկությունը իր պատմության ընթացքում ստեղծել ու արարել է ամենատարբեր գաղափարախոսություններ[ii], որոնք իրենց հերթին ձևավորել են աշխարհակարգեր, կրոններ, կառավարման համակարգեր և այլն։ Գաղափարախոսություններն ունեցել են խիստ զանազան և անգամ միմյանց հակասող դրույթներ և ուղղություններ։ 

Ավելին,պատմության մեջ եղած կոնֆլիկտների մի զգալի մասը ռեսուրսների բաշխման կամ վերաբաշխման հետ համատեղ ունեցել է նաև գաղափարախոսական բնույթ(խաչակրաց արշավանքներ, երկրորդ համաշխարհային պատերազմ և այլն)։ Ոչ նյութական ամեն մի մարդածին իրողություն՝ հայրենասիրություն, ազատություն, երջանկություն,այսպես թե այնպես արտահայտվում է գաղափարախոսությունների մեջ։ Սակայն, բոլոր տարբերակումներով հանդերձ, մի բան ընդհանրական է բոլորի մոտ. դա դրանց պատմությունների նմանությունն է։ Բոլոր գաղափարախոսություններն ունենում են սեփական պատմության փուլեր, այն է՝ ծագում, հասունացում, տարածում, վերելք, մասսայականացում, ծայրահեղացում, դեկադանս և անկում։ Ընդ որում՝ տարբեր հանրություններում այն կարող է առավել վառ արտահայտված լինել տարբեր կերպարանքներով և փուլերով։ Բանն այն է, որ մեր օրերում, հատկապես՝ արևմտյան քաղաքակրթությունը կրող հասարակություններում, մարդակենտրոն (հումանիստական) գաղափարախոսությունը հասել է ծայրահեղության մակարդակի։ Ամեն ինչի չափանիշ ու նպատակ է դիտարկվում մարդը՝ իբրև անհատ, նրա կրքերն ու ցանկությունները։

Լիբերալ-դեմոկրատական համակարգերն ու արժեքները, խաղալով իրենց բացառիկ առաջադիմական պատմական դերը, այժմ դարձել են հասարակության (վերջին աստիճանով՝ մարդկության) և անհատի շահերի բախման կատալիզատոր։ Այստեղ է նախկինում ներկայացված բոլոր խնդիրների արմատներից մեկը։ Եթե համակարգը կառուցված է այնպես, որ սպասարկի անհատին, կարողանա բավարարել նրա բոլոր կարիքները, ցանկություններն ու քմահաճույքները, ապա այն դատապարտված է լճացման, առավել ևս, եթե այն հասել է ծայրահեղության։ Անհատի կյանքի որակի բարձրացումը՝ որպես նպատակ, որպես հանրային երազանք, զուտ մատերիալիստական  մակարդակում բերում է բարեկեցության, բայց այն մարդու մեջ հետզհետե նաև թուլացնում է կամքի մոդուլը։ Վերջինիս մեծությունը հակադարձ համեմատական է անհատի բավարարվածությանը, քանի որ բավարարվածությունը, որպես կանոն, արդյունք է ձգտումների և նպատակների իրագործման։ Իսկ ինչպես արդեն գիտենք, կամքի բնութագրման մեջ դիտարկվում է ինտելեկտուալ իմպերատիվը՝ նպատակադրված, բանական միտքը, որը ձգտում է նպատակի իրականացմանը։ Իրականացման իրողության առկայության կամ դյուրահասանելիության դեպքում կամքի մոդուլն արդեն ինքնաբերաբար նվազում է: Իսկ հասարակական լայն շերտերի համար բավարարվածությունը նույնականացվում է մատերիալիստական ապահովվածության հետ։ Մնացած մասն էլ դառնում է հեռացված ու չընկալվող, իսկ ժողվրդավարական սկզբունքի՝ մեծամասնության իշխանության պարագայում՝ նաև որպես պակաս ձայնի իրավունք ունեցող խումբ (չհաշված, անշուշտ, մանիպուլյացիոն ճանապարհները)։

Այս ներքին խնդիրն է պատճառը, որը ինձ թույլ է տալիս պնդելու, թե գաղափարների ծայրահեղացման հետևանքով այժմյան զարգացած լիբերալ դեմոկրատական հասարակությունները դատապարտված են լճացման, քանի որ ապահովելով հանրության մեծ մասի նյութական բարեկեցությունը՝ նրանք, ինչպես արդեն ներկայացվեց, թուլացնում են  այդ նույն մեծ մասի կամքի մոդուլը։ Ժողովրդավարական հասարակություններում ի վերջո իշխում է մեծամասնությունը և ստացվում է, որ երկրում իշխանություն ձևավորող հատվածը խեղված ու թուլացած կամքով մեծամասնությունն է, ինչը չի կարող չունենալ իր հետևանքները։

Այստեղ, սակայան կա  մեկ այլ պահ. քանի դեռ համակարգի գերխնդիրն է անհատի կարիքների ու ցանկությունների բավարարումը, գիտությունը և արվեստը նույնպես գամված են այդ խնդրին։ Եվ եթե արվեստի դեպքում դա արտահայտվում է ընկալման ճգնաժամով (նախկին մասերում և այստեղ արդեն նկարագրված պատճառներով), ապա խնդիրն այլ է գիտության ոլորտում։

Վերջին 3-4 տասնամյակների ընթացքում անվիճելի է գիտական աննախադեպ խոշոր ձեռքբերումների ու նվաճումների առկայությունը, որոնք, սակայն, դարձյալ զոհ գնալով ծայրահեղացված անհատակենտրոնությանը, դարձյալ հիմնականում ուղղված են (իսկ ավելի հաճախ արհեստականորեն ծառայեցվում են) անհատի կարիքները հոգալուն։ Առաջընթաց կլիներ գիտության վերածառայեցումը մարդկությանը՝ որպես կենսաբանական տեսակի, այլ ոչ՝ անհատի։ Ի վերջո, կենսատեսակի բնակության արեալի լայնացման հակառակը վերջինիս հետադիմությունն է և հետագա կործանման հնարավորությունը: Իսկ մենք՝ որպես կենսատեսակ, վաղուց դադարել ենք մեր բնակության արեալի լայնացման գործընթացը։ Առաջընթացը մարդկության՝ որպես կենսատեսակի համար անհրաժեշտություն է, մենք բանական կյանքի մեզ հայտնի միակ տեսակն ենք, և մեր ուսերին է դրված բանական կյանքի (և այս պահի դրությամբ նաև՝ ընդհանրապես կյանքի) տարածման առաքելությունը տիեզերքում։

Այստեղ էլ հնարավոր է գտնել բարձրաձայնած խնդրի՝ կամքի մոդուլի թուլացման հաղթահարման ճանապարհը։ Տիեզերքի հետազոտումը կապված է անվերջ առաջընթացի, անվերջ պրոգրեսի հետ՝ ինչպես գիտատեխնիկական, այնպես էլ՝ մարդու՝ որպես կենդանի օրգանիզմի ու բանական էակի։ Իսկ անվերջ պրոգրեսի ձգտումը անվերջ պայքար է, որն էլ, իր հերթին, շեշտակի խթան է կամքի մոդուլի բարձրացման համար։ Տեղին եմ համարում մեջբերել Ֆ. Նիցշեի խոսքերը. «Խաղաղություն մի տենչացեք, այլ փնտրեք Ձեր թշնամուն, Ձեր պատերազմը դուք վարեք, պատերազմը՝ հանուն Ձեր մտքերի…»։

Պայքարն է մարդկային էության լավագույն, ամենաստեղծագործ ու արարիչ տարերքը, իսկ այժմ ստեղծվել է համակարգ, որը գիտակցաբար խեղդում է այդ տարերքը՝ մեզ բերելով համընդհանուր խաղաղության և փոխզիջման ձգտման։ Պատերազմը չպետք է լինի մարդկանց միջև, պատերազմը պետք է լինի մարդկանց շրջապատող անծայրածիր աշխարհի դեմ՝ հանուն դրա նվաճման, հանուն դրա գաղութացման ու բնակեցման, հանուն մեր կենսաբանական առաջընթացի, բայց այն պետք է լինի։ Կենցաղի զարգացումը և մեր մանր, անհատական կարիքների բավարարումը չպետք է դառնա գործունեության մեծ մասի նպատակ։ Նոր իրականությանը և նոր նվաճումներին հարմարվելու համար մարդը պետք է դադարի մտածել իբրև անհատականություն և անցում կատարի որպես կենսաբանական ամբողջության մասնիկ, որպես տեսակ մտածելուն։ Անձնական երջանկությունը չպետք է լինի ամեն ինչի նպատակ,այն պետք է լինի այդ նպատակների արգասիք և արդյունք։ Յուրաքանչյուրիս անհատական նպատակը, անշուշտ, յուրաքանչյուրիս անձնական գործն է, բայց համընդհանուր համակարգային նպատակը պետք է լինի ոչ թե անհատների երջանկությունը, այլ համակարգի առաջընթացը։

Երեք մասերից բաղկացած այս վերլուծությամբ փորձ արվեց ներկայացնելու մեզ շրջապատող աշխարհում (առնվազն դրա արևմտյան հատվածում) գոյություն ունեցող խորքային հիմնարար խնդիրը և իմ մոտեցումները՝ ուղղված դրա լուծմանը։ Խնդրի հիմքը, անշուշտ, կամքի մեջ է, իսկ արվեստը և այլ նկարագրված ուղղություններն ու հասկացությունները բերվեցին իբրև օրինակներ խնդրի լրջությունն ու համատարածվածությունը առավել լավ նկարագրելու համար։ Կուզենայի հավելել, որ բնականաբար, դեռևս չունեմ գոյություն ունեցող խնդրի վերջնական ու ամբողջական մտապատկերում, ինչպես և դրա լուծման մանրամասն բաղադրատոմս։ Այժմ կա լոկ խնդրի պատկերացում, շոշափում ու դրանից հնարավոր ելքի տեսլական։ Մնացյալը՝ ապագայում շատ ավելի լայնածավալ աշխատության թեմա է։

 Գրականության Ցանկ

  1. Фридрих Ницше, Так Говорил Заратустра, Минск, Харвест, 2005
  2. Новая философская энциклопедия, http://iph.ras.ru/enc.htm
  3. Основные направления и течения философии с их представителями, http://studme.org/1667011917702/filosofiya/osnovnye_napravleniya_techeniya_filosofii_predstavitelyami
  4. Encyclopedia Britannica, http://www.britannica.com/

[i]Լատ․- Ելքի պահը, ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունը:

[ii] Գաղափարների և հայացքների համակարգ, արտացոլում է հասարակության տարբեր խավերի, խմբերի վերաբերմունքը իրականության հանդեպ, արտահայտում է նրանց արմատական շահերը, մտայնությունը և պահանջները:


Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

  1. Կամք, արվեստ և վերագործարկում․ մաս 1֊ին
  2. Կամք, արվեստ և վերագործարկում․ մաս 2֊րդ