Լսարանային գրասեղանների գրությունները մշակութային գլոբալացման համատեքստում

Photo: Arevik Harutyunyan

Սույն վերլուծությունը Հայաստանում դրսևորվող մշակութային գլոբալացման ազդեցությունների մասին է` ներկայացված ԵՊՀ Պատմության ֆակուլտետի լսարանային գրասեղանների գրությունների կամ գրասեղանային գրաֆիթիների օրինակով: Որպես տեսական հիմք՝ ընտրված է ամերիկացի սոցիոլոգ Պ. Բերգերի առաջարկած՝ գլոբալ մշակույթի ստեղծմանը նպաստող հինգ գործոնների առանձնացումը: Գրասեղանային գրաֆիթիները ներկայացված և մեկնաբանված են որպես տեղական, տեղայնացված և գլոբալ մշակութային երևույթներ մարդաբանության տեսանկյունից:   

Հայաստանի անկախացումից ի վեր  մեր իրականությունում մի նոր փուլ է սկսվում. մի կողմից՝ վերաարժևորվում է մինչխորհրդային շրջանի  հայկական մշակույթը, «երկաթյա վարագույրի» բացմամբ մեծ ինտենսիվությամբ հայկական իրականություն են ներթափանցում արևմտյան մշակույթի տարբեր ֆենոմեններ, մյուս կողմից՝ խորհրդային շրջանի մշակույթը դեռևս  շարունակում է վերարտադրվել: Եթե փոփոխությունները տեղի են ունենում համատեքստից դուրս, դրանք սկսում են առաջացնել անորոշության միջավայր, որում խաթարվում է հանրության` այդ թվում նաև էթնիկ հանրույթի առանձին հատվածների միջև հոգևոր ընդհանրականություն ձևավորող արժեքային համակարգի համախմբիչ  դերը:

Մեկ հարց է, երբ որևէ երկրում միայն ներքին փոփոխություններ են տեղի ունենում (քաղաքական, տնտեսական, մշակութային), բոլորովին այլ հարց է, երբ ներքին փոփոխությունները մեծ ինտենսիվությամբ կրում են արտաքին ազդեցություններ: Հայաստանում դրսևորվող արտաքին ազդեցությունները պայմանականորեն անվանենք «գլաբալացման մշակութային ազդեցություն»: Գլոբալացման ազդեցության չափման համար իբրեւ տեսական հիմք է ծառայել ամերիկացի սոցիոլոգ Փիթեր Բերգերի գործոնային տիպաբանությունը, որի համաձայն՝ մշակութային գլոբալացման հիմքում ընկած են հետեւյալ գործոնները.

  • Լեզու,
  • Գործարար վերնախավ,
  • Մտավորականների ակումբ,
  • Հասարակական շարժումներ,
  • Զանգվածային մշակույթ:

Տարեցտարի ավելի ու ավելի է շատանում անգլերենը որպես աշխատանքային լեզու օգտագործող մարդկանց թվաքանակը։ Գլխավոր  պատճառներից մեկն այն է, որ անգլերենի իմացությունը  դիտարկվում է որպես հաջողակ կարիերա կառուցելու համար անհրաժեշտ նախադրյալ: Այստեղ պետք է հաշվի առնել, որ նոր լեզուն իր հետ բերում է նաև նոր մտածելակերպ:  Ինչպես Փ. Բերգերն է նշում, ցանկացած օտար լեզվի իմացություն թողնում է անուղղակի հուզական ազդեցություն: Լեզվի միջոցով այնպիսի արտահայտություններ, հետևաբար նաև գաղափարներ կարող են տարածվել, ինչպիսիք են «You have the right to your own opinion», «Sexual orientation» և այլն:

Խոսելով գործարար էլիտայի մասին՝ նշենք, որ գլոբալացման գլխավոր շարժիչ ուժը տնտեսությունն է: Գործարար էլիտայի անդամները կրում են դավոսյան մշակույթը: Դավոսյան մշակույթի շարժիչ ուժը համաշխարհային բիզնեսն է, որը ղեկավարում է տնտեսական և տեխնոլոգիական գլոբալիզացիան:

Փ. Բերգերը մտավորականների ակումբի մասին խոսելիս նկատի է առնում ժամանակաշրջանի հիմնական արժեքային համակարգը ձևավորողներին: Դա տեղի է ունենում համացանցի, բարեգործական բազմաթիվ ֆոնդերի, հասարակական ու գիտական կառույցների միջոցով:  Այդ մտավորականները կարող են զբաղվել կրթական, գիտական և հասարակական գործունեությամբ տարբեր երկրներում, ինչպես նաև մշակութային սահմաններ չճանաչող համացանցում: Սակայն այդ նույն մտավորական ակումբների անդամները կարող են նաև հակագլոբալիստներ լինել:

Հասարակական միջոցառումները Փ. Բերգերը կապում է մտավորականների ակումբների հետ՝ նշելով, որ նրանց գաղափարական հենքի վրա են տեղի ունենում հասարակական միջոցառումները, օրինակ՝ բնապահպանական շարժումները:

Այսօր աշխարհում լայն տարածում գտած զանգվածային մշակույթի տեսակը Փ. Բերգերը համարում է ամերիկյան, որը տարածվում է հիմնականում ԶԼՄ-ների միջոցով: Նա նկատում է նաև, որ ամերիկյան զանգվածային մշակույթի ազդեցությամբ ստեղծվում են տեղական զանգվածային մշակույթի տարբերակներ, որոնց բովանդակությունը ամեն դեպքում նույնը չի լինում:

Գրասեղանային գրաֆիթին իբրև հետազոտության առարկա ընտրելու համար նկատի են առնվել հետևյալ հանգամանքները.

  • Դասասեղանային գրաֆիթիում բավական ամբողջական ու բազմակողմանիորեն են արտահայտված մշակութային գլոբալացման շարժիչ ուժերի նշանային (սեմիոտիկ) դրսևորումները:
  • Երիտասարդությունը (տվյալ դեպքում՝ ուսանողությունը) նորույթներին ամենաարագ արձագանքող և դրանք յուրացնող տարիքային խումբն է:
  • Պատմության ֆակուլտետում ուսանողներին առաջարկվող գիտելիքները վերաբերում են ինքնությունների ամենատարբեր մոդելների՝ պատմական, քաղաքական, էթնիկական, գլոբալ եւ լոկալ, էսթետիկական, մասնագիտական և այլն, որոնց համարաբերակցությանն ու փոխակերպումներին կարելի է հետևել գրասեղանային գրաֆիթիներում:
  • Նախորդ կետում նշված ինքնության մոդելների ընտրությունում հատկապես երևակվում է  ազգայնականությունից աշխարհաքաղաքացիություն փոխակերպման, կամ որ նույնական է՝ էթնոկենտրոնությունից էթնոհարաբերականություն փոխակերպման միտումը:

Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել նաև այն խնդիրները, որոնք խոչընդոտում են առավել ամբողջական և օբյեկտիվ պատկեր ստանալուն: Օրինակ՝ նկատի ենք ունեցել, որ ոչ բոլոր ուսանողներն են իրենց նշագրային հետքը թողնում սեղանների վրա և գրասեղանային գրությունների միջոցով ամբողջ ուսանողության մասին պատկերացում կազմել չենք կարող: Բացի այդ, գրությունների ստույգ հեղինակները շատ դեպքերում մեզ հայտնի չեն, հետևաբար հստակ չեն գրությունների շարժառիթները, դրդապատճառները, ինչպես նաեւ՝ գրային ուղերձների հասցեատերերը:  Որոշակի վերապահմամբ նկատի է առնվել նաև քննվող ֆենոմենի մարգինալ պրակտիկա լինելու հանգամանքը: Այս և նմանատիպ այլ հանգամանքները հաշվի առնելով՝ փորձել ենք մեր վերլուծությունը կառուցել՝ հիմնվելով գլխավորապես գրությունների նշանային եւ իմաստային առումների վրա:

Հաշվի առնելով հետազոտության ընթացքում գրանցված նյութերի արտահայտչական ու բովանդակային առանձնահատկությունները՝ առանձնացրել ենք դասասեղանային գրաֆիթիների հետեւյալ խմբերը.

  • Խորհրդանշանային-պատկերային ուղերձներ
  • Գաղափարներ (ֆաշիզմ, խաղաղություն, հավերժություն…), նկ. 1
  • Կազմակերպությունների, ընկերությունների լոգոտիպեր (սպորտային ակումբներ, մեքենա արտադրող ընկերություններ…), նկ.2,
  • Էթնիկ ինքնության խորհրդանշաններ (Արարատ լեռը) , նկ.3,
  • Չվերծանված պատկերներ
  • Վերբալ ուղերձներ
  • Անձնանուններ, նկ. 4
  • Տեղանուններ, նկ. 5, 6, 7
  • Երաժիշտների (կամ խմբերի) անուններ, նկ. 8, 9
  • Բանաստեղծական հատվածներ, նկ. 10
  • Հայտնի ընկերություններ (բրենդներ, տաքսի ծառայությունների անուններ…), նկ. 11, 12
  • Սպորտային ակումբներ, մարզիկներ, նկ. 13
  • Կուսակցությունների անուններ, նկ. 20, 21
  • Այլ…

Հետազոտվող գրություններում աչքի զարնող օրինաչափություններից մեկը այլալեզու նշագրերի օգտագործումն է: Գրությունների մեծ մասը լատինատառ է: Լատինատառ են գրված  նույնիսկ  այնպիսի բառեր, որոնք վերաբերում են հայ էթնիկ ինքնության խորհրդանշաններին: Օրինակ` Armenia, Ararat, Tigran THE GREAT, Garegin Njdeh  և այլն /նկ. 3/ : Իսկ ինչու՞ է այդպես: Հայաստանի անկախացումից ի վեր, երբ արևմտյան մշակույթի որոշ տարրեր ինտենսիվորեն և առանց խոչընդոտների ներթափանցում են Հայաստան, մինչև անկախացումը միայն խորհրդային համակարգում թույլատրելին տեսած մարդկանց համար այդ մշակույթը կարծես թե դառնում է մինչ այդ չիրականացրած (կամ նույնիսկ չգիտակցած) բոլոր ցանկությունների իրագործման  ազատ հարթակ:  Եվ պատահական չէ, որ սեղանների գրությունների մեծ մասը լատինատառ են.  հետխորհրդային սերունդը նոր՝ խորհրդայինից տարբեր ինքնություն ձևակերպելու համար ավելի հեշտ կարող է յուրացնել համաժամանակյա մշակույթը կամ ինքնության արտահայտման ձևերը, քան 70 տարով հետ գնալ և վերաձևակերպել մինչխորհրդային ինքնությունը: Կարծես թե «լատինական  այբուբենը Արևմուտքի գաղափարական զենքն է», որի միջոցով անուղղակի կերպով տարածվում են նաև արևմտյան արժեքներ: Նույն ձևով կարելի է բացատրել նաև սեղանների պատկերագրության՝ արևմտյան մշակույթից հատվածները: Իսկ ինչ վերաբերում է ռուսաց լեզվին` 70 տարվա գերակայությունից հետո ուսանողական սեղաններին այսօր կարող ենք տեսնել միայն հազվադեպ բեկորներ, և, որ շատ հետաքրքիր է, դրանք հիմնականում քրեական («գողական») ենթամշակույթն են ներկայացնում: Ստացվում է, որ եթե խորհրդային միության տարիներին ռուսերենը համարվում էր «էլիտայի լեզու», այսօր այն որոշ չափով  դարձել է մարգինալ մշակույթի մաս` «գողական ժարգոնի պաշտոնական լեզուն»` ռուսերեն բառերով ու հայկական քերականությամբ. ուսանողական սեղաններին այդպես էլ արտահայտված է(նկ.14):

Օտար լեզուներով գրված վերբալ ուղերձների գոյությունը բացի արևմտամետությունից կամ ռուսամետությունից կարելի է բացատրել նաև այդ լեզուների ցանցային հաղորդակցության հիմնական լեզուներ լինելով: Վերոնշյալ լեզվական ֆենոմենները միանշանակ բացատրվում են ուսանողների՝ օտար լեզուներին (հատկապես՝ անգլերեն) տիրապետելու ցանկությամբ, ավելի կոնկրետ՝ այստեղ գործ ունենք իդեալական կամ գերինքնության հետ: Սակայն, իրականում, ուսանողների ցանկությունները մնում են ցանկությունների մակարդակում, անգլերենի իմացությունը հիմնականում մնում է զանգվածային մշակույթին վերաբերող խիստ սահմանափակ բառապաշարի սահմաններում: Բացի այդ, հաճախ  հանդիպում ենք քերականական սխալների: Տվյալ ֆակուլտետում կրթական գործընթացը տեղի է ունենում հիմնականում հայոց լեզվով, սակայն համաշխարհային գիտությանը առնչվելու համար ստիպված են լինում կարդալ անգլերեն կամ ռուսերեն գրականություն, այնուհետև վերարտադրել հայերեն: Արդյունքում բախվում ենք պարադոքսալ երևույթի հետ. ուսանողները հիմնականում նախընտրում են կարդալ ռուսական գրականություն կամ այլ լեզուներով գրված գրականության ռուսերեն թարգմանությունները, սակայն սեղաններին հիմնականում լատինատառ են գրում:  Այստեղ լավագույնս արտահայտված են ուսանողների իրական և նրանց պատկերացումներով իդեալական ինքնությունների հակադրությունը: Սեղանների վրա հանդիպում ենք նաև իսպաներեն գրառումներ, որոնք բացի լեզվից  ներառում են նաև մշակութային գլոբալացման մեկ այլ  շարժիչ ուժ` զանգվածային մշակույթը:  Այդ գրառումները հիմնականում կապված են սպորտի` հատկապես ֆուտբոլի հետ (նկ.15): Բացի իսպանական ֆուտբոլային ակումբներից  և ֆուտբոլիստներից շատ ենք հանդիպում նաև գերմանական և բրիտանական ակումբների ու ֆուտբոլիստների անուններ: Բացի այն, որ այդ երկրները ֆուտբոլային առաջատարներն են, Հայաստանում դրանց հանրաճանաչությունը կապված է նաև տեղական հեռուստաընկերությունների հեռարձակման հետ, որոնք հիմնականում հենց այդ երկրների ֆուտբոլային առաջնություններն են ցուցադրել: Որպես զանգվածային գլոբալ մշակույթի առում՝  կարող ենք դիտարկել նաև երաժշտությունը: Սեղանների վրա  երաժշտական ժանրերից հիմնականում տեղ են գտել ռոքը և ռեփը` ինչպես արևմտյան խմբեր և կատարողներ, այնպես էլ հայաստանյան (նկ. 16-19): Սակայն պետք է նկատել, որ  սեղաններին գրված հայաստանյան կատարողների (խմբերի) անունները ավելի շատ  խոսում  են այդ մշակույթի տեղայնացված և ոչ թե տեղական լինելու մասին, քանի որ վերը նշված ժանրերը դարձյալ արևմտյան մշակույթի արդյունք են: Գլոբալացվող զանգվածային մշակույթի հետևանքով լայն տարածում են ստանում որոշ կարգախոսներ, օրինակ՝ սեղաններից մեկի վրա տեսնում ենք ամերիկյան անիմացիոն  ֆիլմերից մեկից մի արտահայտություն՝ «wish it, dream it, do it» (նկ. 28), որը կարելի է դիտարկել ոչ միայն որպես տվյալ ֆիլմի կարգախոս, այլ  նաև Արևմուտքի՝ ոչինչ չբացառող մշակույթի կարգախոս, որը, իմ կարծիքով, ոչ արևմտյան ազգերի համար արևմտյան մշակույթը դարձնում է հատկապես գրավիչ:

Մշակութային գլոբալացման մեկ այլ գործոն, որն իր արտահայտությունն է գտել սեղանների վրա, սոցիալական շարժումներն են: Եթե կուսակցությունները դիտարկենք որպես այդիպիսին, ապա պետք է նկատենք, որ սեղանների վրա հիմնականում երկու կուսակցությունների անուններ են, որոնք, համեմատած ՀՀ-ի մնացած կուսակցությունների հետ, ավելի վաղ են ստեղծվել և ավելի արմատական են, դրանցից մեկը գործում է շեշտված ազգայնականականությամբ (ՀՅԴ, ՀՀՇ) (նկ.20-21): Հետաքրքիր է, որ ամենաշատ անդամներ ունեցող և իշխող Հանրապետական կուսակցության մասին սեղանների  վրա նշումներ չկան:   

Եթե որպես սոցիալական շարժում դիտարկենք նաև կրոնը (ինչպես որ արվել էր Բերգերի համահեղինակած գրքում), ապա սեղանների գրությունները զերծ չեն նաև դրանից: Հիմնականում արտահայտված է քրիստոնեությունը` տարբեր արտահայտչաձևերով: Թվում է, թե քրիստոնեությունը նույնպես հայկական ինքնության անբաժանելի մասերից մեկն է և այն դժվար է փոփոխել  գլոբալ մշակույթի ազդեցությամբ: Սակայն պատկերն այլ է: 1988 թվականից սոցիալական, տնտեսական և քաղաքական նկատառումներով Հայաստան թափանցող կրոնական կազմակերպությունների թիվը մեծանում է: Այդ երևույթը մեծ ինտենսիվությամբ շարունակվում է նաև այսօր: Ուսանողական սեղաններին գրեթե չենք հանդիպում հայատառ կամ հայ առաքելական եկեղեցուն բնորոշ որևէ գրառման, մինչդեռ անգլերեն կամ լատինատառ  արտահայտությունները շատ են (նկ. 22) : Բացի անգլերեն արահայտություններից՝ հանդիպում ենք «Հիսուս» բառի լատինատառ տարբերակների  (նկ. 23): Այստեղ դժվար է որևէ ճշգրիտ եզրակացության հանգել, արդյո՞ք այս արտահայտությունները (հատկապես անգլերեն) գլոբալ կրոնական շարժումների անդամ ուսանողներն են գրել, թե՞  հայ առաքելական եկեղեցու հետևորդների ինքնության արտահայտման  նոր ձևերն են` գլոբալացման ազդեցությամբ: Ավելի հավանական է առաջին տարբերակը, քանի որ նման մոտեցումները բնորոշ են դրսից ներթափանցած կրոնական կազմակերպությունների անդամներին` դատելով սոցիալական ցանցերում  նրանց տեղադրած նյութերի նմանությունից:

Սեղանների գրություններում ներկայացված են գլոբալ այլ շարժումներ ևս: Օրինակ` սեղանների վրա շատ է պատկերված կեռխաչը (կեռխաչը տվյալ դեպքում վստահորեն կապում ենք նացիզմի հետ, քանի որ ուսանողության լայն շրջանակներում դրա խորհրդանշային մյուս իմաստները հիմնականում ճանաչելի չեն) և գրված է Հիտլերի անունը (նկ. 23): Մի կողմից Հիտլերը և կեռխաչը հիմնականում աղերսվում են ազգայնականության հետ, մյուս կողմից ազգությամբ հայ ուսանողները ազգայանականությունը արտահայտում են «ոչ հայեցի», գլոբալ միջոցներով:  Հաջորդ շարժումը կարելի է անվանել «հիփփիականության հեռավոր արձագանքներ» (հեռավոր՝ ժամանակի և տարածության առումներով),  որն արտահայտված է և′ երաժշտական խմբերի կամ առանձին երաժիշտների անունների տեսքով, և′  երգերից վերցրած հատվածներով (նկ. 25-26):

Գործարար էլիտայի մշակույթը սեղանների վրա արտահայտված չէ, քանի որ այստեղ գործ ունենք ուսանողության հետ, և մասնավորապես, պատմական ու մշակութաբանական գիտություններ ուսումնասիրող ուսանողների հետ: Փոխարենը, կարող ենք խոսել վերազգային տնտեսության մասին, որը սեղանների վրա արտահայտված է հիմնականում մեքենաշինական ընկերությունների կամ էլէկտրոնային տեխնիկա արտադրող ընկերությունների անունների կամ սիմվոլների տեսքով` աշխարհի տարբեր ծայրերից եկած (նկ. 12) : Երբեմն հանդիպում ենք նաև համաշխարհային հայտնի բրենդների անուններ (նկ. 13): Երկու դեպքում էլ գործ ունենք գլոբալ երևույթների հետ, որտեղ արտահայտվում է հենց գլոբալ ինքնությունը, աշխարհի մաս լինելու փաստը: Բացառված չէ, որ  դրանք  պարզապես արձանագրում են տնտեսապես էլիտար լինելը  կամ լինել ցանկանալը:     

Սեղանների գրությունները ծառայում են հեղինակների  սոցիալ-հոգեբանական ինքնության կառուցմանը` ոչ ինստիտուցիոնալ ձևով:  Բացի այն, որ ուսանողները սեղաններին գլոբալ մշակույթի մաս կազմող երևույթների վերաբերյալ ուղերձներ են արել, այդ նույն սեղանների մոտ նստող  այլ ուսանողները որոշակի ազդեցություն են կրում տվյալ գրառումներից, երբեմն իրենց գրառումները անում են ըստ տվյալ սեղանի համատեքստի (իհարկե բացառություններ ևս կան) (նկ. 29), երբեմն էլ հանդես են գալիս «պասիվ ընդունողի» դերում: Այլ կերպ ասած՝ տեղի է ունենում սիմվոլիկ ինտերակցիա: Գերմանացի սոցիոլոգ Ֆրիդրիխ Թեմբրուկի ձևակերպմամբ՝ գործ ունենք ռեպրեզենտատիվ մշակույթի մակրոհամակարգի  հետ, որտեղ  մշակութային էքսպերտները (սեղաններին ուղերձներ անող ուսանողները) ակտիվորեն կիսում են տարբեր գաղափարներ, մտքեր, հավատալիքներ և պատկերացումներ, որոնք հիմնականում պասիվ կերպով ընդունվում են այլ ուսանողների կողմից:  Սեղանների տեքստերը կարող են առաջացնել իշանության ձևավորման և իրացման նպաստավոր դաշտ («իշխանություն» եզրն  այստեղ կիրառում ենք այն իմաստներով, որոնք տվել են Հ. Արենտը և Մ. Ֆուկոն. ընդհանուր առմամբ՝ իշխանությունը ուրիշի միտքը կամ գործողությունները կառուցելու ակտ է): Այսինքն՝ տվյալ դեպքում սեղանների տեքստերը նոր գիտելիք են, որ հնարավոր է ազդեցություն ունենան հետագայում այդ սեղանների մոտ նստող ուսանողների վրա, առաջացնեն նոր միտք կամ դրդեն նոր գործողքության:

Մշակութային գլոբալացման համատեքստում հետազոտելով  ԵՊՀ Պատմության ֆակուլտետի սեղանների գրությունները և պատկերները՝ նկատում ենք, որ հայ ինքնության ավանդական` ձևով և բովանդակությամբ հայկական  արտացոլում գրեթե չկա: Սակայն չի բացառվում նաև, որ ավելի պահպանողական ուսանողները սեղաններին պարզապես չեն գրում: Այնուամենայնիվ, իմ հետազոտության շրջանակներում ներառված են գրող ուսանողները և նրանց ինքնությունները: Տեղեկատվական հասարակության ձևավորման և գլոբալացման պայմաններում ձևավորվում են նշանային նոր համակարգեր, ինչպես նաև նոր ինքնություններ, որտեղ մի կողմից փորձում են ծանոթանալ կամ յուրացնել ամեն ինչ, առաջանում է ունիվերսալացում, էթնիկ ինքնության տարրալուծում, մյուս կողմից՝ շատ հաճախ տեղի են ունենում հակառակ ռեակցիաներ: Սակայն մեր պարագայում, ինչպես տեսանք, հակառակ ռեակցիաները հիմնականում նույնպես արտահայտվում են գլոբալ (արևմտյան) միջոցներով: Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք եզրակացնել, որ հայկական մշակույթը նույնպես կցված է մշակութային գլոբալացման անկասելի հոսանքին:

Գրականություն

  1. ԳաբրիելյանՄ., ԴաբաղյանԱ., Թադևոսյան Ա., Մարգարյան Ն., Հոգևոր անվտանգության ապահովման և բարոյական արժեքների պահպանման հիմնադրույթները ազգային անվտանգության համատեքստում, Երևան, 2002,

http://www.noravank.am/upload/pdf/5.Mkhitar%20Gabrielyan.pdf , 02.02.2016:

  1. Белкин А. И., Психосоциальная идентичность авторов граффити, Вестник Самарской гуманитарной академии, серия «Психология», 2 (4), 2008

http://cyberleninka.ru/article/n/psihosotsialnaya-identichnost-avtorov-graffiti, 02.02.2016.

  1. Ионин Л. Г., Социология культуры: путь в новое тысячелетие 3-е издание, Москва, 2000, http://www.gumer.info/bibliotek_Buks/Sociolog/Ionin/_01_1.php , 02.02.2016.
  2. Масленникова Н., Азбучные глобализаторы: латынский алфавит как идеологическое оружие Запада, http://www.stoletie.ru/kultura/azbuchnyje_globalizatory_925.htm, 02.02.2016.
  3. Berger L. Peter, The Cultural Dynamics of Globalization. (This essay was originally published as the introduction to Many Globalizations: Cultural Diversity in the Contemporary World by Peter L. Berger and Samuel P. Huntington and was reprinted with the permission of Oxford University Press),

http://www.onbeing.org/program/globalization-and-rise-religion/feature/cultural-dynamics-globalization/938, 02.02.2016.

  1. Robert J. Sampson and Stephen W. Raudenbush, Systematic Social Observation of Public Spaces: A new Look at Disorder in Urban Neighborhoods., American Journal of Sociology, Vol. 105, No. 3 (November 1999), pp. 603-651,

http://www.jstor.org/stable/10.1086/210356?Search=yes&resultItemClick=true&searchText=graffiti&searchUri=%2Faction%2FdoBasicSearch%3FQuery%3Dgraffiti%26amp%3Bacc%3Don%26amp%3Bwc%3Don%26amp%3Bfc%3Doff%26amp%3Bgroup%3Dnone&seq=1#page_scan_tab_contents , 02.02.2016.

Հավելված

Հեղինակ՝ Արևիկ Հարությունյան (Arevik Harutyunyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: