«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը համալրում է իր շարքերը՝ ներգրավելով ճկուն և ստեղծագործ վերլուծական միտք ունեցող մասնագետների [քաղաքագետ, միջազգայնագետ, տնտեսագետ, իրավագետ, գրականագետ, պատմաբան, արվեստաբան, մշակութաբան, մարդաբան, լեզվաբան, ընկերաբան, հանրային կառավարման մասնագետ, կրթության կառավարման մասնագետ և այլն], ովքեր պատրաստ են հրապարակել և հանրայնացնել իրենց տեսակետներն ու հարցադրումները տարբեր ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով:
Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:
Գործառույթները
- Ամսվա ընթացքում առնվազն մեկ վերլուծական նախագծի ներկայացում, որը քննարկվում է նիստի ընթացքում և ընդունելության դեպքում անցնում համապատասխան ընթացակարգով՝ խմբագրություն և հրապարակում, կամ՝ մասնագիտական երկու նյութի թարգմանություն: [«Ինլայթ»-ի վերլուծաբաններն ազատ են թեմայի ընտրության հարցում: Ներկայացվող վերլուծությունները պետք է լինեն գիտահանրամատչելի՝ համադրելով փաստական նյութերը հեղինակի վերլուծության հետ: Վերլուծությունները հրապարակվում են կազմակերպության պաշտոնական կայքէջում և սոց. ցանցերում, թարգմանվում չորս լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն: Լավագույն վերլուծությունները զետեղվում են ամենամյա վերլուծական հանդեսում]:
- Վերլուծական ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառումների և նախագծերի ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն:
- Առավել ակտիվ վերլուծաբանները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության Կանոնադրական մարմինների ընտրություններում ու ստանալ կազմակերպության ղեկավարմանը մասնակցելու հնարավորություն։
- Վերլուծաբանները վճարում են Խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճար։
Պահանջվող որակները
- Վերլուծական ճկուն միտք և ստեղծարարություն
- Արհեստավարժություն և անաչառություն
- Նախանձախնդրություն և համարձակություն
- Իրազեկվածություն
- Պատասխանատվություն
«Ինլայթ»-ից Ձեր ակնկալիքները
Հրապարակայնություն: Ձեր խոսքը լսելի կդառնա հանրությանը, Դուք կունենաք հրապարակված վերլուծություններ՝ խմբագրված, սրբագրված, թարգմանված չորս լեզուներով:
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ: Կունենաք գործնական փորձ, ինչը կնպաստի Ձեր մասնագիտական աճին։ Հնարավորություն կունենաք ներկայանալու որպես կենտրոնի անդամ, օգտվելու կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցելու վերջինիս կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին և նախագծերին:
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
Անդամագրության ընթացակարգը
Վերլուծաբանի կարգավիճակ ստանալու գործընթացը տևում է չորս շաբաթ, որի ընթացքում թեկնածուն ներկայացնում է երկու վերլուծական նախագիծ, որը դրվում է քվեարկության: Քվեարկությունը հաղթահարած նյութը անցնում է խմբագրության ընթացակարգով: Թեկնածության շրջանը հաղթահարած թեկնածուն ստանում է վերլուծաբանի կարգավիճակ:
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնում վերլուծաբանի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։