Դիցաբանական և առասպելական շերտերը «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպում

Photo: http://upub.am/books/kyanqy-hin-hrovmeakan-janaparhi-vra/
Photo: http://upub.am/books/kyanqy-hin-hrovmeakan-janaparhi-vra/

Ցանկացած գեղարվեստական գրքում, անգամ այնտեղ, որտեղ առաջին հայացքից չկա ոչ մի առասպելական երևույթ, խորը ուսումնասիրության պարագայում կարելի է գտնել դիցաբանական և առասպելական տարբեր շերտեր: Գրականության մեջ ներքին կոդով փոխանցվում են մարդկության նախնական մտածողության տարրերը, որոնք ժամանակի ընթացքում, ճիշտ է, ենթարկվում են տարաբնույթ փոփոխությունների, բայց այնուամենայնիվ ավանդվում են սերնդեսերունդ: Մեր վերլուծությունը ներկայացնում է XX դարի հայ հեղինակ Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպում առկա առասպելական և դիցաբանական տարբեր շերտերը և դրանց համեմատությունը տարբեր երկրների առասպելների հետ:

Մարդն իր հիշողության մեջ առհասարակ պահում է այն պատկերները, որոնք ավելի հարազատ են. այդ հիշողությունները տարիների ընթացքում խամրում են: Հետագայում երևակայության միջոցով փորձ է արվում վերականգնել դրանք, և վերականգնման ամեն մի ջանքից հետո մարդն ավելի ու ավելի է հեռանում ներկա պահից` իդեալականացնելով և՛ հիշողությունները, և՛ մարդկանց:

Այսպես և Վ. Թոթովենցն իր երկում տասնամյակների խորքից նայում է իր մանկության տարիներին, շոշափում հիշողությունների ծաղկեփունջը, հոտ է քաշում դրանից, սակայն երբ թոշնում են ծաղիկները, մեր գիտակցությունը, խաբկանք ապրելով երևակայությունից, ամենավառ կերպով զգում է բուրմունքը ամենավառ կերպով: Այդպես էլ Թոթովենցը փորձում է զգալ անցած, փոքր-ինչ մոռացված բուրմունքը: Վեպը գրված է էպիստոլյար ժանրով՝ դեպքերը պատմում է հեղինակը առաջին դեմքով. պատկերվում է հեղինակի մանկությունը, որը տարիներ անց ներկայացնում է գլխավոր հերոսը՝ հիշողությունների շղթայի միջոցով:

Ուսումնասիրելով Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը` պարզ է դառնում, որ թեև այս ստեղծագործությունը առաջին հայացքից կապ չունի բանահյուսական երևույթների հետ, բայց իրականում այն սերտ կապերով կապված է դիցաբանական տարբեր իրողություններին: Խոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկում կան ոչ միայն դիցաբանական, էպոսային զանազան ազդեցություններ, այլ նաև  երևան են գալիս  վաղ շրջանի հավատալիքների արտահայտություններ:

Ստեղծագործության մեջ երևում են տոտեմական պաշտամունքի ազդեցություններ` ընտանիքն իր շուրջը հավաքող օջախը և տոտեմ-կենդանիները:

Այսպիսով, «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը մի կուռ կառույց է, որտեղ իրականի կողքին իրենց մարմնացումն են գտել տոտեմականը, առասպելականը, դիցաբանականը, էպոսայինն ու աստվածաշնչյանը: Ստեղծագործության մեջ միահյուսվել են արևելյան, հայկական մշակույթների տարրերը: Հեղինակը տարբեր կերպարների միջոցով ու անտեսանելի թելերով կապում է իր ժողովրդի անցյալն ու ներկան:

Քաղաքը՝ իբրև դիցաբանական տարածք

Թոթովենցը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի Մեզիրե քաղաքում, սակայն  ստեղծագործության մեջ նկարագրվող քաղաքի անունը, որը պատկերվում է որպես գլխավոր հերոսի ծննդավայր, և որտեղ տեղի են ունենում գլխավոր դեպքերը, նշված չէ: Սա արված է նպատակադրված: Ինչպես հեքիաթների մեջ թագավորություններն ու քաղաքներն անուններ չունեն, այդպես էլ իր մանկության հեքիաթի քաղաքը, չունի անուն: Այն դառնում է ժամանակատարածական մի բեկումնային կետ, որտեղ հատվում են ճակատագրերն ու իրադարձությունները, ժամանակները ետ ու առաջ են անում և ստեղծում անցքեր, որոնց միջոցով հեղինակը ընթերցողին ականատես է դարձնում տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձություններին:

Վեպի ամբողջ ընթացքում նման անցումների միջոցով ծանոթանում ենք քաղաքին, մարդկանց, հերոսների ապրումներին: Հենց այդ քաղաքում էլ խաչվում են հին հռովմեական ճանապարհները, այդտեղով են անցնում արևելյան հեքիաթներն ու անապատի առեղծվածները: Այդ ուղիով են անցել նաև հռոմեական զինվորները, և վերջապես հենց այդտեղ է վճռվել հայկական ճակատագիրը:

Ինչպես Մարկեսի «Հարյուր տարվա մենության» մեջ Մակոնդոն է գրողի երազանքի ուտոպիան, այնպես էլ այս Քաղաքն է դառնում հավաքական, երազային պատկեր, ինչու չէ նաև Արևմտյան Հայաստանի հավաքական պատկեր-կերպարը:

Մոր պատկերը

Վեպը սկսվում է գլխավոր հերոսի ծնունդով, և իրադարձությունները ներկայացվում են վերհուշի տեսքով: Ծնվում է կապուտաչյա, խարտյաշ մանկիկ, ով  առաջինը  հայտվում է մոր գրկում, և հենց այդ օրվանից են սկսում նրա մասին իր հիշողությունները, տրվում են մոր նկարագրի առաջին շտրիխները: Մայրը աստվածավախ կին էր, կարդացած միակ գիրքը Ավետարանն էր: Նա աղքատների հետ ճաշի էր նստում, բարեգործություններ անում՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա իր օգնության մասին, և, որ ամենից էականն է, նա անվերջ աղոթում էր: Վ. Թոթովենցը քայլ առ քայլ մոր պատկերը հասցնում է սրբացման՝ վերջինիս համեմատելով Հիսուս Քրիստոսի հետ. «… աշխարհում եղել են երկու քրիստոնյա: Մեկը ինքը` Քրիստոսը, հրեա, իսկ մյուսը` մայրս, հայ»:

Մորը նկարագրելով` հեղինակը նրան վեր է բարձրացնում միջավայրից, աստվածաշնչյան հատկանիշներին զուգահեռ տալիս նաև առասպելական բնութագրումներ: Հերոսուհին,  իմանալով ամուսնու սիրուհի ունենալու փաստը, լուռ համբերությամբ տանում է այդ փաստը, համակերպվում և սիրելով ամուսնուն` սիրում նրա հանցանքը:

Դավաճանության ներման երևույթը առկա է նաև «Սասնա ծռեր» հայկական էպոսում, վեպի հերոսուհու համեմատությամբ, սակայն Արմաղանը` Մեծ Մհերի կինը, իմանալով ամուսնու Մըսր գնալու մասին, երդվում է այլևս ետ չընդունել ամուսնուն և դառնալ նրա համար քույր, ոչ թե կին: Էպոսում չի ներվում դավաճանությունը, դա համարվում է ոչ թե ուժ, այլ թուլություն: Վերջում Արմաղանը վերջում մահվան գնով դրժում է իր խոստումը և ընդունում Մեծ Մհերին, բայց ընդունում է միայն նրան ոչ թե ներելով, այլ ժառանգ ունենալու նպատակով: Էպոսային հայ կինը երդմնազանց է լինում՝ միայն ազգի ծուխը վառ պահելու նպատակով: Մեր էպոսում սերը ստորադասվում է պատվին, պատիվն ու կյանքը՝ ազգի հարատևությանը:

Չնայած այս ակնբախ տարբերությանը՝ վեպի հերոսուհու կերպարում առկա են էպոսային տարբեր հատկանիշներ: Նա ունի գերբնական ուժ, հեշտությամբ բարձրացնում է ջրով լցված տաշտը և առարկաներ տեղափոխելու համար երբեք ոչ ոքի օգնության չի կանչում: Նա իր գերմարդկային ուժը դրսևորում է նաև ծննդաբերության ժամանակ. «Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ-որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը: Ասում էին, որ մեզանից մեկ-երկուսը դեռ լույսը չտեսած, ոտները մորս փորի մեջ, սկսել են ճչալ»: Էպոսային է նաև նրա մայրական կաթը, որն այնքան հորդահոս է, որ կաթ չունեցող մայրերը բերում են իրենց երեխաներին կերակրելու:

Մոր պատկերը պատվում է ամենաջերմ ու քաղցր երանգներով, նա դառնում է կապույտ լեռների միջից բարձրացող արև ու այդ արևի միջից անգամ լսվում է նրա ձայնը: «Արևը ինքը` մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով»: Մայրը, սակայն, գնում է արևի հետ, և ամեն անգամ հեղինակն անհամբերությամբ սպասում է երանելի առավոտին, երբ մայրը նորից «կճչա արևի հակինթյա սրինգով»:

Մահվան խորհուրդը

Վեպում ներքին երանգով իր արտահայտությունն է գտնում նաև մահվան սահմռկեցուցիչ խորհուրդը: Մահից առաջ հեղինակի հայրը զգում է, որ մոտենում է իր հեռանալու ժամանակը, և կանչում է հյուսն ուստա Մարգարին, որ դագաղ պատրաստի. Հաջի էֆենդին իր մահվանն այնպես էր պատրաստվում, ինչպես փեսան հարսանիքին: Նա մի մարգարեական շնչով զգում է, որ մոտ մեկ ամսից պետք է մահանա, և խաղաղ լռությամբ պատրաստվում է այդ օրվան: Մահվան շուտափույթ այցի գգացողությունը ապագա հանգուցյալի մոտ նույնպես ունի իր դիցաբանական, առասպելական հիմքերը: Հին հունական դիցաբանությունում Մահը երբեմն իր արբանյակի (жнец) միջոցով նախօրոք տարբեր միջոցներով հայտնում էր իր գալու մասին, և մարդը սկսում էր նախապատրաստություններ տեսնել այդ օրվա համար: Հաջի էֆենդին ևս բոլորին անհայտ և միայն իրեն հայտնի միջոցներով զգացել էր իր մոտալուտ մահն ու հաստատում էր, որ ինքը գիտի, իրեն զգուշացրել են այդ մասին:

Օջախ, ընտանիք

Անկախ ամեն ինչից և անկախ նրանից, թե այդ տանն ապրողները արյունակից են, թե ոչ, բոլորն էլ միմյանց իրենց ընտանիքի անբաժանելի մասն էին համարում: Բոլորը՝ տան տերերից սկսած և աշխատողներով վերջացրած, այդ «օջախի» մասն էին կազմում: Ամբողջ վեպի ընթացքում կարևորվում է օջախի, ընտանիքի միասնության գաղափարը, դառնում ընտանիքը միմյանց կապող անտեսանլի մի ուժ, որի շուրջ էլ հյուսվում է ողջ դիպաշարը: Հին ժամանակներում արդեն կարևորվում էր օջախի գաղափարը: Սկզբնական շրջանում այն զուտ տան կենտրոնում վառված կրակն էր, որը վառ էին պահում կանայք, մինչև ամուսինները կվերադառնային որսորդությունից: Ժամանակի ընթացքում այս երևույթը մետամորֆոզի է ենթարկվում և վերածվում ընտանիքը մարմնավորող գաղափարի, անգամ պաշտամունքի առարկայի:

Վեպում օջախի սրբազան գաղափարի շուրջ են հավաքվում ոչ միայն ընտանիքի անդամները, այլ նաև ոչ արյունակիցները: Օրինակ՝ Գոգոն` ծառան, ոչ մի արյունակցական կապ չուներ Հաջի Էֆենդու ընտանքի հետ, բայց այնքան նվիրված էր և այնքան շատ էր սիրում տիրոջ երեխաներին, որ չարություն անելու դեպքում իրեն իրավունք էր վերապահում երեխաներին ապտակելու: Նույնը շարունակվում է նաև Էֆենդու մահից հետո, երբ Գոգոն հայրական սիրով և համբերատարությամբ շարունակում է տանել երեխաների քմահաճույքները:

Կենդանիները

Ստեղծագործության մեջ առկա են մարդու հնագույն հավատի այլ արտահայտություններ ևս: Ճիշտ է` վեպում դրանք չեն երևում հնագույն ձևով և իրենց նախնական վիճակով, սակայն երևան են գալիս դրանց կերպարանափոխված, ժամանակի ընթացքում այլ իմաստներ ստացած ձևերը: Դրանցից է մարդկային պատմության վաղ շրջանից եկած կենդանիների պաշտամունքը: Հնագույն մարդը պաշտել, երկրպագել է որոշ կենդանիների` ելնելով կենսակերպից և պատկերացումներից: Հին հայերի նախնական հավատալիքներում տեղ են գտել շան, կովի, ցուլի, ձիու, եզան տոտեմները: Մարդն իր ապրուստի միջոցները հայթայթելու ճանապարհին քրտնաջան տքնել է եզան հետ, եզը նրա համար հացի աղբյուր էր, և բնականաբար պետք է երգեին եզան մասին, պաշտեին, սիրեին, որ ավելի լավ աշխատեր: Մենք ունենք «Արա Գեղեցիկի և Շամիրամի» առասպելը, որտեղ հստակ երևում է, որ հավատում էին ու երկրպագում շան կերպարանքով հարալեզներին, որոնք, վերքերը լիզելով, կենդանացնում էին մեռյալներին: Բացի այդ` «Սասնա ծռեր»-ում Քուռկիկ Ջալալին հրեղեն ձի էր և ընդունվում էր ոչ թե որպես կենդանի, փոխադրամիջոց, այլ սիրվում էր ընտանիքի անդամի պես: Հակոբի ձին` Մարանը, նույնպես արժանացել էր այս տեսակ ուշադրության ու սիրո: Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս տան մեջ, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջ, նա գալիս էր, դունչը դնում Հակոբիկի ուսին և սպասում նրա շաքար տալուն:

Ամեն գիշեր Հակոբը գնում էր Մարանի մոտ, շոյում, համբուրում և վերադառնում անկողին: Մարանը մեղմ վրնջում էր, և Հաջի էֆենդին ասում էր. «Ակոբը գնաց սիրեկանին քով»:

Դեռևս շատ հին ժամանակներից է մեզ ավանդվել ձիու պաշտամունքը: Ձին համարել են սրբազան կենդանի, նրան մատուցել են զոհեր, երբեմն էլ անգամ նրան են զոհաբերել՝ կարծելով, որ ձին ունի կախարդական հատկանիշներ:

Քարավանը

Ինչպես արդեն նշվել է վերլուծության սկզբում, Քաղաքը տարբեր ճանապարհների միջև խոյացող խաչմերուկ էր: «Մեր փողոցը Հին Արևելքի այն ճանապարհի մասնիկն էր, որ ծայր էր առնում Հին Հռովմից, գալիս հասնում էր Բյուզանդիայի հին մայրաքաղաքը, ընդհատվում էր՝ օղակելով ամբողջ Փոքր Ասիան, գալիս-անցնում էր մեր տան առջևից և գնում մինչև «աշխարհի ծայրը»-Բաղդադ»: Այդ հասարակ մարդկանց պատկերացման մեջ աշխարհի ծայրը Բաղդադն էր: Այդտեղ էին սկսում հազար ու մի գիշերների հեքիաթները, և այդտեղ էին հյուսվում ու ավարտվում արևելյան զրույցները: Եվ արևելյան հեքիաթի մի անբաժանելի մասնիկն է ուղտը: Հեղինակը հիշում է, թե ինչպես էին իրենց դռան առջևից անցնում ուղտերի քարավանները, որոնք գալիս էին Միջագետքից, գնում մինչև Սեբաստիա, Փոքր Ասիայի զանազան վաճառաշատ քաղաքներ, և աշնանը, երբ պարտեզներն արգասավորության լրումն էին առնում, վերադառնում էին դեպի անծայրածիր անապատները, դեպի բաբելոնական և արաբական հարուստ քաղաքները՝ լի ադամանդով ու լուսաստղերի պես պայծառ քարերով: Արևելյան հեքիաթի պես գալիս ու գնում էին քարավանները, և հիշողության մեջ մի առեղծվածային երևույթ է թվում այն՝ անհասանելի ու անիրական երազ: Հիշողությունները հարավի քաղցր արմավի պես քաղցրացնում են գրողի քիմքը, տարիների հեռավորությունից նա շոշափելի պատկերներով է տեսնում դեպքերը, վերստին ապրում անցյալը. «Ահա անցնում է մի ուղտ՝ զարդարված արևելյան հարսի նման, փոքրիկ հայելու կտորներով, գարնան հնչունակության բոժոժներով, մետաքսի կտորներով, գույնզգույն բրդյա հյուսվածքներով»:

Սիրո խորհուրդը

Դեռևս հեթանոս ժամանակներից մարդիկ տոնում էին աշնան գալուստը, բերքահավաքը, երգում, պարում և ուրախանում:

Հին Հունաստանում կար Դիոնիսոս աստծո պաշտամունքը, ով համարվում էր բնության վերարտադրողը, խաղողագործության ու գինեգործության աստվածը, ուստի նրան ավելի շատ երկրպագում էին ավելի շատ գյուղացիները: Աշնանը` այգեկութի ժամանակ, երիտասարդները խարույկ էին վառում և այծի մորթիներով պարում: Տեղի էր ունենում խելահեղ խրախճանք, հենց այդ ժամանակ էին երկրի արգանդից հավաքում բերքերը, այդ օրերին էին շատերը սիրահարվում և շնորհակալություն հայտնում աստվածներին: Հեթանոս հայերը ևս ունեցել են այս աստվածության համարժեքը` Արա կամ Արա Գեղեցիկ: Եվ վեպում ևս իր արձագանքն է գտնում այս հնագույն հավատալիք-առասպելը: Մանկության հեքիաթի Քաղաքում այգեկութի ժամանակ այգիներում ևս խարույկ էին վառում: Բոլոր աղջիկներին ազատություն էր տրվում խարույկի շուրջը պարելու: Այդ օրերին աղջիկների մեծագույն մասը հանդիպում էր իր նշանածին: Պարից, երգից և խարույկից տաքացած` վառվում էին և նրանց սրտերը: Նրանք, որոնք գտել էին մի ջահել սիրտ, կորսվում էին մեծ թփերի ետևում՝ խարույկներից հեռու, կարմրած, քաղցրացած ողկույզների տակ, և վառվում էր սիրո հավիտենական խարույկը:

Աղավնու խորհրդանիշը

Քաղաքում ապրում էին տարբեր մարդիկ, ամեն մեկն ապրում էր իր սովորական կյանքով՝ իր չգիտակցված հեքիաթով: Դրանցից մեկը «աղվընիկ խաղցնող» Ակոբն էր: Աղվընիկ խաղցնելը համարվում էր ամենաստոր զբաղմունքը: Ծերերն ասում էին. «Աղվընիկն անմեղ է, բայց մահ է»: Աղավնին չարագուշակ էր նաև երազում. երբ երազում աղավնի էին տեսնում, սարսափում էին, երբ կտուրին աղավնի էր իջնում, խաչակնքում էին: Որևէ մեկին անարգելու համար անվանում էին նրան «աղվընիկ խաղցնող»: Մանուկները, սակայն, սիրում էին աղավնիներին: Թոթովենցի մայրը` այդ տարօրինակ սնոտիապաշտական երևույթներով կաղապարված կինը, որքան էլ որ սարսափում էր աղավնուց, բայց լավ բաները համեմատում էր ճերմակ աղավնու հետ: Աղավնիները համարվում են աստվածային թռչուններ: Աստվածաշնչյան այդ փխրուն կենդանիները, սակայն, ընկալվում են նաև իբրև դժբախտություն բերող: Վեպի հերոսներից մեկը՝ հայր Ակոբը, հանուն աղջկա զոհաբերում է իր համար ամենաթանկը` աղավնիները: Նա ինքն իր ձեռքով կտրում է նրանց գլուխները, և կարմիր արյունը ներկում է սպիտակ շապիկը:

Եվ պատահական չէ, որ հենց այսպես էլ ավարտվում է վեպը: Հեղինակը ստեղծում է մի սիմվոլիկ պատկեր՝ տալով համադրություններ իրականության, երազի և մանկության տարիների հիշողությունների միջև:

Այսպիսով, քննելով «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը՝ պարզ է դառնում, որ երկը առասպելական և դիցաբանական տարաբնույթ կոդերի կրողն է, որոնցից շատերը թաքնված են ընդհանուր դիպաշարի քողի տակ և երևան են գալիս միայն մանրազնին ուսումնասիրության պարագայում:

Օգտագործած գրականության ցանկ

  1. Թոթովենց Վ., Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա, Ե., 1966:
  2. Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներ ու առասպելներ, Ե.,1989:
  3. Սասունցի Դավիթ, Ե., 1961:
  4. Мифы народов мира, М., 1980:

Հեղինակ՝ Առլինա Սարգսյան (Arlina Sargsyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: