Քաղաքացիական շարժումները և քաղաքական խնդիրները

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

Գուցե պարադոքսալ թվա, գուցե ոչ այնքան, ներկայումս Հայաստանում գոյություն ունեցող բոլոր լուրջ խնդիրներն ունեն քաղաքական հիմքեր և պահանջում են քաղաքական լուծումներ։ Ասվածը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ անվտանգություն, առողջապահություն, քաղաքաշինություն, կրթություն։ Սակայն վերջին 5 տարիների ներքաղաքական զարգացումների արդյունքում Հայատանում քաղաքական պայքարը, ըստ էության, դադարել է, ու իրական քաղաքական գործընթացներն էլ փոխարինվել են ծիսական և նոմինալ իրողություններով։ Հասարակական ակտիվ հատվածն էլ բացառապես քաղաքական բովանդակություն ու լուծումներ պահանջող հարցերը փորձում է քննել քաղաքական կոնտինիումից դուրս ու հասնել դրանց լուծմանը։

Մանրամասնենք

ա) Սկսած 2012 թվականի ԱԺ ընտրություններից՝ Հայաստանում չկա որևէ ռեալ քաղաքական ուժ, որն անգամ տեսականորեն վտանգ ներկայացնի իշխող խմբի դիրքերին մասնավորապես և համակարգին ընդհանրապես։ Չկա սեփական օրակարգը ունեցող ռեալ քաղաքական այլընտրանք, որն ունակ է կառուցելու գոյություն ունեցող համակարգին փոխարինող որևէ այլ համակարգ, և որպես այս ամենի արդյունք՝ չկա քաղաքական պայքար։ Իշխող խումբն էլ իր կրթական, մշակութային, անվտանգության փսեվդո-քաղաքականությամբ, որն ավելի շատ հիշեցնում է նոմինալ կարգավորումներ, միայն նպաստում է այս ամենի ծիսականացմանը։ Այն, որ քաղաքական պայքարը երկրում արդեն վաղուց մտել է ծիսականի դաշտ, կարծում եմ՝ հիմնավորման կարիք չունի, բայց ներկայացնենք օրինակներով։

  • Ընտրությունները և հանրաքվեները Հայաստանում անցկացվում են նախապես հայտնի արդյունքներով՝ (ընդ որում՝ այդ արդյունքները հայտնի են թե՛ «կողմ»-երին, թե՛ «դեմ»-երին) 2012 Աժ ընտրություններ, 2013 նախագահական ընտրություններ, Սահմանադրական հանրաքվե, 2017 թվականի ԱԺ ընտրություններ։
  • Պետական նշանակության որոշումները, օրենքների ընդունումը, դատական որոշումները, պաշտոնական նշանակումները տեղի են ունենում ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ու պետական շահից ելնելով, այլ ամենատարբեր ուղղորդիչների ազդեցությամբ. օրենքների մի մասը ընդունվում է արտաքին ուժերի ճնշմամբ (Ընտանեկան բռնության օրենքը), մի մասն էլ՝ մեկ կամ երկու հոգու անձնական ամբիցիաները բավարարելու համար (սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ տվեցին ՍՍ-ին մնալու իշխանության)։
  • Արտաքին քաղաքականությունը վարվում է՝ ռեժիմը սպասարկող քրեա-օլիգարխիկ էլեմենտների շահերը հաշվի առնելով (ՀՀ-ԵԱՏՄ բանակցությունները, որոնց միջոցով պապհանվել են որոշ մոնոպոիլստների դիրքերը):

Այս ամենը հիմնավորում է մի բան՝ Հայաստանում իրական քաղաքական գործընթացները կանգ են առել։

բ) Հասարակական ակտիվ զանգվածը, ի դեմս որոշակի կրթական ցենզ ունեցող երիտասարդության, պարբերաբար դիպվածային փորձեր է անում առանձին թիրախային լուծումներ տալու իրենց տեսանկյունից էական կամ ակտուալ հարցերին։ Նշվածի առավել հայտնի օրինակներից են 100 դրամի շարժումը, Էլեկտրիկ Երևանը, Մաշտոցի պուրակի շարժումը և այլն (ցուցակը, որոշակի վերապահումով, կարելի է շարունակել նաև բանակին լվացքի մեքենաներ, բանակին տուֆե սալիկներ, ԵՊՀ-ին զուգարանի թուղթ, Դուրս մեր գրպանից ու նմանատիպ շարժումներով)։ Դրանք բոլորն էլ ծնվում ու զարգանում են միևնույն ձևաչափով ու բախվում են միևնույն սխալին՝ ավելի կամ նվազ հաջող արդյունքներով։ Շարժումը սկիզբ է առնում որոշակի անբարենպաստ սոցիալական հենքի կամ հասարակական որևէ խմբի շահերի ոտնահարման դեպքում, զարգանում և ծավալվում  է Հայաստանում գոյություն ունեցող մշտական դժգոհության ու ոչ քաղաքական երիտասարդական շարժումների թրենդայնության ֆոնի վրա, փակուղային է դառնում առաջնորդության և համակարգվածության բացակայության, ռազմավարական սխալ պլանավորման պատճառով և սկսում է անկում ապրել ապաքաղաքական ֆորմատում որևէ լուրջ և երկարաժամկետ խնդիր լուծելու անընդունակության պատճառով։ Լուծումն էլ հաճախ կարող է արտահայտվել իշխող համակարգի կողմից որոշակի սիմվոլիկ զիջումներով՝ 100 դրամը կմնա նույնը, հոսանքը ժամանակավորապես չի թանկանա և այլն, որոնք շարժման կազմակերպիչների համար ապահովում են լեգիտիմ հիմք «տներով ցրվելու» համար, ու շարժումը մարում է։ Այս ամենը ոչ միայն չի վնասում գոյություն ունեցող համակարգին, ոչ միայն չի օգնում նորը կառուցելուն, այլև, ըստ էության, օգնում է գոյություն ունեցող համակարգին՝ նպաստելով վերջինիս հետագա վերարտադրմանը (գոլորշու բաց թողման հնարք)։[i]

Բանն այն է, որ հասարակական ակտիվ զանգվածը[ii] անփորձությունից, քաղաքական անգրագիտությունից կամ գործընթացների կոնյուկտուրայից վեր կանգնելու անկարողությունից չի կարողանում ընկալել մեկ ֆունդամենտալ ճշմարտություն՝ առանց իրական քաղաքական գործընթացների ծավալման ու դրանց բարեհաջող իմպլեմենտացման հնարավոր չէ Հայաստանում որևէ ուղղութամբ դույզն-ինչ երկարաժամկետ ու հիմնարար (պատանեկական ռոմանտիզմից զատ) հաջողության հասնել։ Ավելի հստակ. Հայաստանում խնդիրների լուծումը ունի քաղաքական, այլ ոչ քաղաքացիական ձևաչափ, և դրանց լուծմանը հասնելու համար հարկավոր է դնել քաղաքական նպատակներ։ Սակայն ինքը՝ հասարակական ակտիվ զանգվածը, չի կարողանում և ունակ էլ չէ առաջադրելու քաղաքական նպատակներ ու հասնելու քաղաքական խնդիրների լուծմանը։

Սակայն, ինչպես ցույց տվեցին վրացական ու ուկրաինական օրինակները, բավարար չեն հին համակարգի կործանումը ու իշխանավորների տեղահանումը։ Իրավիճակը արմատապես փոխելու համար հարկավոր է գոյություն ունեցող էլիտային այլընտրանք, սոցիալական խումբ, որն ունի սեփական հենարաններ ու հայեցակարգեր, որ ունակ կլինի երկրում նոր օրակարգ սահմանելու։ Սա իր հերթին չի կարող տեղի ունենալ մեկ օրում և պահանջում է էլիտագենեզ։[iii]

Ֆրանսիական ու ամերիկյան հեղափոխությունների օրինակի վրա կարելի է սովորել, որ լավագույն ձևաչափը ինտելեկտուալ խմբակների հիման վրա նոր մտածողությամբ հեղինակների ու նրանց լսարանի ձևավորումն է։ Այս խմբակների գործունեության արդյունքում պետք է ձևավորվի նոր էլիտա ու դրա շահառուն հանդիսացող արդի հասարակություն։ Առանց այս ամենի հեղափոխության փորձի առավել հավանական վախճանը «Սասնա ծռեր» խմբի տարբերակն է։ Միայն նշված քայլերի հերթական կատարման արդյունքում է հնարավոր խորքային խնդիրների շեշտակի փոփոխության ապահովումը հանրապետությունում, մնացածը զուտ կոսմետիկ միջոցառումներ են կամ ինքնախաբեություններ։

  • Ինտելեկտուալ խմբակների հիմնում, ինքնակրթության ու արտասահմանյան կրթական փորձառության միջոցով ինքնաամբողջատիրացումից ազատագրում, երկրում ստեղծված կոնտյուկտուրայից դուրս պրծում և սեփական հայեցակարգի մշակում։
  • Լսարանի ներգրավում և հրապարակային պարզաբանումների, կրթական ու քաղաքացիական միջոցառումների, լուսավորության և այլընտրանքի ներկայացման միջոցով լսարանի վերածում համախոհների բանակի։
  • Խմբակ-Լսարան հարաբերությունների վերածում Էլիտա-արդի հասարակություն դիսկուրսի։
  • Հեղափոխություն. կա՛մ ընտրությունների, կա՛մ խաղաղ չենթարկման, կա՛մ պայքարի միջոցով պետական իշխանության զբաղեցում նոր էլիտայի կողմից։
  • Արմատական փոփոխություններ Հայաստանի քաղաքական, սոցիոհոգեբանական, մշակութային, տնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում. անցումային գործընթացների մեկնարկ։
  • Ազատական, իրավական արդի հասարակության կառուցում։

Կոռուպցիա: Հայաստանում կոռուպցիան բրգաձև է, ցանկացած մակարդակում տեղի ունեցող կոռուպցիան, մեծամասամբ, ներհամակարգային սև սխեմաներով հարկվում է մինչև ամենավերև։ Հետևաբար Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար հնարավոր է միայն մի պարագայում՝ երբ առաջին 5 դեմքերը պայքարեն դրա դեմ (այս դեպքում խնդիրը զգալի տոկոսով կլուծվի առաջին երկու շաբաթների ընթացքում)։ Սա հնարավոր է միմիայն իրական քաղաքական գործընթացների արդյունքում՝ իշխանության մեջ վերադասավորումների միջոցով։ Դժվար թե ընթերցողների մեջ գտնվի մեկը, ով  կպնդի, թե այսօրվա իշխանությունը ունի կամք և բարոյական ռեսուրսներ զբաղվելու այս հարցով։ Իսկ կրթական ոլորտում առկա կոռուպցիան մասն է միայն նկարագրված համակարգի, որի դեմ պայքարն առանձին վերցված ոլորտում հեռատեսական չէ:

Կրթության թերֆինանսավորում։ Բոլոնյան գործընթացը, որի մասնակիցն է նաև Հայաստանը, իր ավարտին է հասնելու 2025 թվականին[iv], որից հետո մեկնարկվելու է Սորբոնյան գործընթացը։ Սակայն այս երկրորդին Հայաստանը ներկայիս պայմաններում չի կարող մասնակցել, քանի որ Սորբոնյան գործընթացին մասնակից դառնալու համար երկրի ՀՆԱ-ի 5 տոկոսը պետք է ծախսվի կրթության ոլորտի վրա։ Մինչդեռ Հայաստանում 2015 թվականի դրությամբ այդ թիվը կազմել  է ընդամենը 2.2 տոկոս, որից միայն և 0,3 տոկոսն է հատկացվել բարձրագույն կրթության համակարգին: 2016 թվականին այդ թիվը նվազեց, իսկ արդեն 2017 թվականի համար պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը 0.02 %-ով պակաս էին, քան 2016 թվականին էր։[v] Իմիջիայլոց, ՀՀ կրթության պետական ֆինանսավորումը ամենացածրն է հետխորհրդային պետությունների շարքում։[vi]

Ընդհանրապես, ավտորիտար ու կիսաավոտրիտար պետությունները վարում են բավականին ինքնատիպ կրթական քաղաքականություն (մեր պարագայում՝ պսեվդո-քաղաքականություն)։ Կրթության ոլորտը   կամ ընդհանրապես չի ֆինանսավորվում հասարակությանը խավարամիտ պահելու համար, կամ ֆինանսավորվում է այնքան, որ հնարավոր լինի հասարակությանը կրթել ու դաստիարակել համակարգին սպասարկող տրամաբանության մեջ։ Մեր դեպքում դրա ցուցիչներն են «հայրենասիրական/պսեվդո-հայրենասիրական» կրթությունը,  էթնիկ կամ մշակութային նացիոնալիզմը, ժողովրդավարության՝ որպես ինստիտուտի հանդեպ հավատի բացակայությունը: Կրթության ֆինանսավորումը առկա համակարգի շրջանակներում չի կարող ավելացվել ոչ միայն ֆինանսավորման սղության պատճառով, այլև ռեժիմի տրամաբանությունից ելնելով, քանզի կրթված մարդը ընտրությունների ժամանակ 5000 դրամով չի վաճառի իր ձայնը կամ չի դառնա քաղաքական մանիպուլյացիաների զոհը։

Կրթության շուկա և կրթություն – աշխատաշուկա կապի բացակայություն։ Սոցիալական ու սերնդադաստիարակչական նշանակությունից զատ, 21-րդ դարի կրթությունը նաև առանձնանում է իր արդյունաբերական մասշտաբներով ու շուկայական կարգավորումներով։ Շուկայական տնտեսության տրամաբանության մեջ փոքր շուկան, որքան էլ որ լավ կարգավորված լինի, խոցելի է: Հայաստանի կրթական համակարգի խոշորագույն խնդիրներից է վերջինիս սակավամարդությունը, որի հնարավոր լուծումներից է կրթական միջավայրի միջազգայնացումը, ինչը, սակայն, պահանջում է թե՛ զգալի ռեսուրսներ, թե՛ առաջնակարգ կառավարչական ունակություններ: Միջազգային կրթական միջավայրը ենթադրում է կրթության ու գիտության լիովին այլ՝ ժամանակակից ու անկախ ֆորմացիա, որը, սակայն, համակարգին քաղաքականապես նպատակահարմար չէ։ Մյուս կողմից աշխատաշուկան, որի կապը կրթական համակարգի հետ բավականին թույլ է կամ բացակայում է,  չի կարողանում դրան տալ անհրաժեշտ կարգավորումներ արհմիությունների թերզարգացվածության, պետական ապարատի ուռճացվածության ու կոռուպացվածության և, վերջապես, արտագաղթի միտումնավոր խթանման քաղաքականության պատճառով։ Արդյունքում կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, թերանում է սպասարկել կրթական շուկան և չի կարողանում ապահովել շրջանավարտի՝ մասնագիտությամբ աշխատանքի ընդունվելը և կարիերայի աճը։ Արդ՝ չի նպաստում նաև գիտության զարգացմանը: Կրթության որակի հետ կապված նշված բոլոր խնդիրները դարձյալ ունեն զուտ քաղաքական աստառ, և, թերևս, սրանք այն ամենածավալուն խնդիրներն են, որոնք առկա համակարգի շրջանակում լուծելի չեն։

Կրթության պերիֆերիալացում: Կրթական ոլորտի առավել հիմնարար խնդիրներից է նաև հետգաղութային դիսկուրսի շրջանակներում դրա պերեֆերիալացումը, որն արդյունք է տեղական էլիտայի պերեֆերիալ էությանը։

«Գիտելիքակենտրոն» կրթություն: Հայաստանի կրթական համակարգը չի տալիս շրջանավարտին համապատասխան կոմպետենցիա միջազգային շուկայում աշխատելու համար: Կրթության համակարգի ցանկացած օղակում տրվող գիտելիքները չեն թարմացվում, ուստի կրթությունը վերարտադրում է ինքն իրեն և չի զարգանում: Կրթական համակարգը, սակայն, մնում է «գիտելիքակենտրոն», այսինքն՝ չի տալիս հմտություն և կարողություն: Անցած դարին հատուկ արխետիպերի ու արխայիզմի առկայությունը,  երբեմն դրանց գերակայությունը գիտականության վրա, հետամբողջատիրական լճացումը, սերնդափոխության բացակայությունը  խնդիրներ են, որոնց ամբողջական լուծումը դարձյալ հնարավոր է բացառապես իշխանության լծակների տիրապետման պարագայում՝ տևական ու մասնագիտական միջոցառումների արդյունքում:

Այս խնդիրներից զատ, մնացյալ խնդիրները կա՛մ սրանց ածանցյալներն են, կա՛մ կոսմետիկ բնույթ են կրում։ Ոլորտը հնարավոր է կարգավորել միայն քաղաքական կամքի, իրական քաղաքական գործընթացների և բարեփոխումների արդյունքում։

Արդ՝ ժամանակն է վերջ տալ հասարակության ինքնախաբեությանը, դուրս գալ մեզ կլանած կոնյուկտուրայից և սկսել զբաղվել լուրջ ու երկարաժամկետ խնդիրների լուծմամբ։ Պատանեկական փնտրտուքներ հիշեցնող քաղաքացիական անսթափ շարժումների ժամանակն անցել է, եկել է լրջանալու պահը։


Գրականություն

  1.     ՀՀ ԱԺ պաշտոնական կայք, http://www.parliament.am/
  2.    Жан-Жак Руссо, Избранные сочинения в трех томах, Москва, ГИХЛ, 1961
  3.    Johan Huizinga, Homo Ludens http://art.yale.edu/file_columns/0000/1474/homo_ludens_johan_huizinga_routledge_1949_.pdf , 22.09.2017
  4.    Norbert Elias, On the Process of Civilisation, edited by Stephen Mennell, Eric Dunning, Johan Goudsblom and Richard Kilminster, Dublin, UCD Press, 2012.
  5.    Norbert Elias, The Court Society, edited by Stephen Mennell, Dublin, UCD Press, 2006.
  6.     Encyclopedia Britannica, http://www.britannica.com/ , 22.09.2017


[i] Պարբերաբար տեղի ունեցող փոքր և լոկալ խնդիրներ լուծող շարժումները ոչ միան շեղում են հանրության ուշադրությունը հիմնական խնդրից, այլև, լիցքաթափումներ ապահովելով, թույլ չեն տալիս, որ հասունանա խոշոր բողոքի ալիք։

[ii] Քաղաքացիական շարժումների մասնակիցներ ու կազմակերպիչներ

[iii] Էլիտայի ծնունդ

[iv] Սա նշանակում է, որ հավելյալ ֆինանսավորում չպահանջող և արդեն ներառված ծրագրերն ու մոդելները պահպանվելու են, բայց հետագա զարգացումներ չեն լինելու։

[v] Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիր http://www.parliament.am/committee_docs_5/fv/text2017.pdf

[vi] J. Klein, The state of education series, Teritary Education, Global report, , UNESCO Institute for Statistics in EdStats, 2011


Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: