Տնտեսական աճը ՀՀ-ում

Կենսամակարդակը հասարակության սոցիալական վիճակը բնութագրող կարևորագույն գործոն է, որի ներքո հասկացվում է բնակչության ապահովվածությունն՝ անհրաժեշտ նյութական բարիքներով և ծառայություններով և դրանց սպառման մակարդակը: Տնտեսական բարձր և կայուն աճը նախադրյալներ է ստեղծում կենսամակարդակի բարձրացման համար:

Ըստ Համաշխարհային բանկի՝ աղքատությունը դրսևորվում է հնարավորությունների պակաuով՝ եկամուտների և ծախuերի ցածր մակարդակով, uոցիալական ծառայությունների ցածր մատչելիությամբ, անվտանգության ցածր մակարդակով, ինչպես նաև քաղաքացու՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքին ազդեցութան հնարավորության պակասով։ Աղքատության կրճատման աստիճանը կախված է այն բանից, թե զուգորդվել է արդյոք տնտեսական աճը՝ եկամուտների բաշխվածության փոփոխությամբ: Ինչպես նաև աղքատության կրճատումն ուղիղ համեմատական է եկամուտներում, ռեսուրսներում և հնարավորություններում առկա նախնական անհավասարությանը, ինչը բացասականորեն է անդրադառնում անապահով ընտանիքների՝ տնտեսական աճի առավելություններից օգտվելու հնարավորությունների վրա։

Ըստ ԱՎԾ տվյալների՝  ՀՀ-ում աղքատ բնակչության թիվը տոկոսային հարաբերությամբ 2015 թ.-ին կազմել է 29,8 %:

Կենսամակարդակի վրա ազդող կարևոր գործոններից է համախառն եկամուտների բաշխվածությունը բնակչության առանձին խմբերում. վերջինս գնահատելու համար կիրառվում են Ջինիի գործակիցը և Լորենցի կորը:

Ըստ Լորենցի կորի՝ աբցիսների առանցքին համապատասխանում է բնակչության թվաքանակը, իսկ օրդինատների առանցքին՝ ազգային եկամուտը, ինչը պատկերված է ստորև բերված գրաֆիկում.

Ջինիի գործակիցը Լորենցի կորի և հավասարակշռության կորի հատումից առաջացած մարմնի մակերեսի հարաբերությունն է այն եռանկյան մակերեսին, որը առաջացել է հավասարության և անհավասարության կորերի հատումից:

Ջինիի գործակիցը գտնվում է 0-1 տիրույթում, ընդ որում՝ որքան գործակիցը մոտենում է 1-ին, այնքան տվյալ երկրում ազգային եկամտի բաշխման անհամաչափությունը մեծանում է, և ընդհակառակը՝ որքան մոտենում է 0-ին, այնքան բևեռացվածությունը նվազում է:

2014թ. Հայաստանում Ջինիի գործակիցն ըստ եկամուտների կազմել է 0.373, իսկ ըստ սպառման` 0.277: Որքան փոքր է թիվը, այնքան քիչ է բևեռացվածությունը։

Հայաստանի օրինակով՝ որոշակի պահի դրությամբ աղքատության կրճատմանը նպաստում է նաև արտասահմանից մասնավոր տրանսֆերտների աճը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ տրանսֆերտների բարձր մակարդակը բնորոշում է երկրի տնտեսության թույլ զարգացվածությունը:

Ըստ ՀՀ ԿԲ՝ 2016 թ. հունիսի տվյալները 17%-ով ավելի ցածր են եղել քան նախորդ տարի, ինչն իր հերթին հանգեցնում է ներքին սպառման կրճատմանը:

Բնակչության կենսամակարդակի և աղքատության վերաբերյալ հավաստի տվյալներ ստանալու համար կիրառվում է «աղքատության գիծ» հասկացությունը՝ ներառելով երկու բաղադրիչ՝ աղքատության պարենային գիծը և ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների արժեքը:

Աղքատության պարենային գիծն այն նվազագույն պարենային զամբյուղի արժեքն է, որը բաղկացած է 106 հիմնական սննդատեսակից և ոչ ալկոհոլային խմիչքներից, ունի 2232 կկալ՝ օրական մեկ շնչի հաշվով էներգետիկ արժեք:

2015թ.-ին աղքատության վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ գծերը՝ ըստ սպառման՝ արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար եղել են, համապատասխանաբար, 41 698 դրամ (կամ 87.2 ԱՄՆ դոլար), 34 234 դրամ (կամ 71.6 ԱՄՆ դոլար) և 24109 դրամ (կամ 50.4 ԱՄՆ դոլար):

Սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկվում է պարենային զամբյուղի հիման վրա՝ բազմապատկելով այն 1.77 գործակցով:

Սպառողական զամբյուղը 2017թ. 1-ին եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական կտրվածքով 32 157.5 դրամ:

Երկրում աղքատության մակարդակը ուղիղ համեմատական է գործազրկության մակարդակին: Աղքատության մակարդակը զգալի բարձր է գործազուրկների և տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շրջանում: Այն հատկապես լայն արտահայտված է գյուղական բնակավայրերում, որտեղ, ըստ 2013թ. տվյալների, աղքատության վերին գծից ներքև գտնվողների շրջանում գործազուրկների թիվը կազմել է 40,7%:

Այսօր ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կազմում է 55000 դրամ, ինչը միտված է նպաստելու երկրում աղքատության մակարդակի զսպմանը:

Ըստ ԱՄՀ տվյալների՝ ՀՀ-ում 2014թ. բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 7374 ԱՄՆ դոլար՝ զբաղեցնելով 116-րդ հորիզոնականը 186 երկրների շարքում: Աղքատ բնակչության կենսամակարդակի բարձրացման առումով կարևոր է ուշադրություն դարձնել սպառողական զամբյուղի հասանելիությանը, զբաղվածության ընդլայնմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը: Գերակայություն պետք է տալ զբաղվածության ընդլայնմանը՝ շեշտադրելով որակյալ, բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմանն ուղղված գործողությունները: Մարդկային կապիտալի զարգացման գործողությունները պետք է միտված լինեն կրթական, առողջապահական, գիտական, մշակութային ոլորտների մատչելիությանը, Ինչպես, օրինակ, անվճար բարձրագույն կրթության և բուժօգնության տրամադրում անապահով խավին: Պետք է տրամադրվեն սոցիալական երաշխիքներ, միևնույն ժամանակ գործողություններ ծավալվեն սոցիալապես անապահով բնակչությանը տրվող սոցիալական դրամական աջակցությունը փոխարինելու համալիր փաթեթների տրամադրմամբ:


Գրականություն

    1. «Առողջապահության պարզեցված բյուջե», 2014. Տնտեսական Զարգացման և Հետազոտությունների Կենտրոն,

    http://arm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/SB-Health-2014-Final.arm.pdf

    (07.08.2017)

    1. «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիր», ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային խումբ,

    http://www.parliament.am/committee_docs_5/FV/2016_Byuje_Text.pdf(07.08.2017)

    1. «ՀՀ սոցիալական վիճակը 2017թ. հունվար-մայիս». ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայք,

    http://www.armstat.am/am/?nid=82&id=1927(07.08.2017)


Հեղինակ` Նարինե Խաչատրյան (Narine Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: