Հարաբերական իշխանության և իշխանության հարաբերության մասին

Հանրային խոսքում ընդունված է նշել, որ մեդիան չորրորդ իշխանությունն է՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից հետո։ Ինչպես «իշխանություն» ընդհանուր հասկացությունը, այնպես էլ ի մասնավորի մեդիա իշխանությունը ունի իր առանձնահատկությունները, գործունեության դաշտերը, շահառուները և թիրախները։ Հայաստանյան հետհեղափոխական իշխանությունների և հայկական մեդիայի հարաբերությունները, ընթացիկ կամ հնարավոր զարգացումները հասկանալու համար կարիք է առաջանում նախ հասկանալ իշխանությունը, ապա մեդիան, և միայն դրանից հետո՝ մեդիայի և իշխանության հարաբերությունը։

Իշխանության մասին խոսելիս կարիք ունենք որոշակիացնելու իշխանության ֆենոմենի ընկալումը մեր կողմից, որպեսզի ընթերցողի համար պարզ լինի մեր մեկնակետը։ Այսպես, իշխանությունը հարաբերության (հարաբերություն ենթադրող) ունակություն է՝ գործընթաց, որը թույլ է տալիս համապատասխան հնարավորություն ունեցող սուբյեկտին (սոցիալական դերակատար) անհամաչափ ազդեցություն ունենալ մյուսի (այլ սոցիալական դերակատար) վրա։ Ազդեցությունը ենթադրում է, որ այդ սուբյեկտը առաջնորդվելու է ազդողի կամքով, հետաքրքրություններով և արժեքներով։ Իշխանությունը կարող է իրացվել հարկադրանքի (ֆիզիկական բռնություն կամ դրա հնարավորություն) և/կամ իմաստների կառուցման՝ դիսկուրսի միջոցով, որով առաջնորդվում են սոցիալական դերակատարները։ Իշխանական հարաբերությունները իրականանում են  հասարակական ինստիտուտներին համապատասխան տիրապետման (domination) միջոցով։ Իշխանության հարաբերականությունը, ըստ այդմ, պայմանավորված է, բայց չի սահմանվում տիրապետման կառուցվածքային հնարավորություններով[i]։

Իշխանության հարաբերական էություն նշանակում է, որ իշխանությունը դիտարկվում է ոչ որպես թե առարկա, այլ՝ հարաբերություն։ Անհամաչափ, նշանակում է, որ չնայած իշխանական հարաբերությունների փոխադարձ լինելուն՝ դրանք փոխադարձաբար համարժեք ու հավասար չեն, այլ միշտ կա ինչ-որ մի կողմի գերակայություն։ Հիշենք, որ  ինչպես գոյություն չունի բացարձակ իշխանություն, այնպես էլ չկա զրոյական ազդեցություն  ենթարկվողների կողմից։ Այստեղից պարզ է դառնում, որ միշտ գոյություն ունի դիմադրության հնարավորություն, որը կարող է կասկածի տակ դնել իշխանական հարաբերության տվյալ իրավիճակը։ Ավելին, ցանկացած իշխանական հարաբերության պայմաններում գոյություն ունի համաձայնության որոշակի աստիճան, որի դեպքում ենթարկվողները գիտակցաբար իրացնում են հրամայողի կամքը։ Երբ հակադրությունը և դիմադրությունը որակապես և քանակապես գերակայում են համոզմանն ու ենթարկմանը, իշխանական հարաբերություններն այդ ժամանակ վերափոխման են ենթարկվում. փոխվում են պայմանները, իշխանություն կրողները կորցնում են այն, և արդյունքում տեղի են ունենում թե՛ կառուցվածքային, թե՛ ինստիտուցիոնալ փոփոխություններ։

Կամ էլ հակառակը, իշխանական հարաբերությունները կարող են ապասոցիալականացվել։ Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ իշխանական հարաբերությունները կենսագործվում են համակարգային տիրապետման միջոցով, ուղղակի և տևական ֆիզիկական ուժի կիրառմամբ։ Այդ դեպքում ֆիզիկական բռնությունը ոչնչացնում է ենթարկվողների դիմադրության հնարավորությունը և, ըստ այդմ, իշխանության հարաբերականությունը։ Այստեղ կարել է պնդել, որ համակարգային ֆիզիկական բռնությունը չի կարող սոցիալական հարաբերություն  համարվել, որովհետև այդ բռնության արդյունքում ոչնչանում է հարաբերության կողմերից մեկը։ Բայց, այնուամենայնիվ, այն կարող է դիտարկվել որպես սոցիալական, քանի որ այդ բռնությունը կարող է ազդել կենդանի մնացածների վրա։ Այսպիսով` կարող ենք համարել որ ֆիզիկական բռնության գործընթացը ժամանակավորապես դադարեցնում է իշխանական հարաբերությունը՝ ստեղծելով իշխանության վակուում, իսկ հետո՝ որպես արդյունք, կրկին վերականգնում այն։ Խսքը ըստ այդմ «ստեղծարար բռնության» մասին է։ Բռնություն, որի նպատակը ոչ միայն նախկին կարգի տապալումն է, այլ՝ նորի ստեղծումը։ Հիշենք, որ աշխարհի սկզբի բոլոր առասպելները սկսվում են բռնությամբ, պայթյունով, քաոսից և այլն։

Ըստ այդմ, իշխանության ձևավորման երկու հիմնական մեխանիզմների՝ բռնության (հարկադրանք) և համաձայնության (համոզում, դիսկուրս) միջև գոյություն ունի դիալեկտիկ(տրամաբանական) կապ։ Իշխանության բոլոր տեսությունները այս կամ այն կերպ մեկնարկում են այս աքսիոմայից։ Մաքս Վեբերը  սոցիալական իշխանությունը սահմանում է որպես «հնարավորություն, երբ մի դերակատար սոցիալական հարաբերության սահմաններում ունակ է իրացնել իր կամքը, ի հեճուկս դիմադրության և անկախ պատճառներից»[ii]։ Վեբերը իշխանությունը կապում էր քաղաքականության հետ, իսկ քաղաքականությունը՝ պետության, որտեղ մի խումբ մարդիկ լեգիտիմ բռնության միջոցով տիրապետում են մյուսներին՝ հավելելով, որ բռնությունը այս պարագայում պետական կարգի պահպանման առաջնային միջոց է։  Յու. Հաբերմասը, նույն ավանդույթի սահմաններում, տիրապետման լեգիտիմացիան համարում է քաղաքական կարգի պահպանման բանալի[iii]։ Այստեղից արդեն կարող ենք ուրվագծել իշխանության երկու ուղղություն՝ իշխանություն «հանուն» և «հանդեպ»[iv]։ Մեկնակետը, ըստ այդմ, ընկալումն է, որ  սոցիալական դերակատարների լիազորությունները չեն կարող իրենց մարմնավորած հասարակական ինստիտուտներից զատ դիտարկվել։ Դրանք հարանմանությամբ ուղղված են այլ սոցիալական դերակատարների և նրանց ներկայացրած ինստիտուտների դեմ։

Իհարկե, ընթերցողի մոտ կարող է արդարացիորեն հարց առաջանալ համընդհանուր համերաշխության և համաձայնության վերաբերյալ՝ այնպիսի հասարակության մոդելի համար, որում չկա մեկի կողմից մյուսի հանդեպ մրցակցություն և տիրապետում,  այդ տեսակետը կարելի՞ է համարել ամենաքիչը ուտոպիա։ Ինչպես Հաննա Արենդտն էր նշում՝ ինչ-որ բան անելու իշխանությունը միշտ իշխանություն է՝ անել ինչ-որ բան ի հակադրություն մեկ ուրիշի աշխարհայացքի, արժեքների և մարմնավորած սոցիալական ինստիտուտի[v]։

Այդպիսով՝ հասարակություններում կոնֆլիկտները երբեք չեն դադարում, դրանք միայն հարաբերականորեն դադար են առնում շնորհիվ ժամանակավոր համաձայնությունների, որոնք իրենց հերթին վերափոխվում են որպես տիրապետման համակարգեր և մարմնավորում են այն սոցիալական դերակատարներին, որոնք իշխանության համար պայքարում հասել են իրենց համար շահավետ դիրքի։ Այսինքն՝ այդ դադարները ինստիտուցիոնալիզացնում են մեկի տիրապետումը մյուսի նկատմամբ[vi]։

Տիրապետման համակարգեցման գործընթացները բազմաշերտ են ու բազմակողմ։ Դրանք գործում են սոցիալական գործընթացների տարբեր ճակատներում ու փուլերում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, ռազմական, էկոլոգիական և այլն։

Ի մի բերենք վերոգրյալը. իշխանությունը տեղայնացված է ոչ թե մեկ կոնկրետ վերցված ոլորտում կամ ինստիտուտում, այլ բաշխված է մարդկային գործունեության բոլոր ոլորտներում[vii]։ Բայց և այնպես՝ գոյություն ունեն ոլորտներ, որտեղ իշխանության կենտրոնացումը առավել քան նկատելի է ու ազդեցիկ, քան մեկ այլ տեղ, օրինակ՝ քաղաքական իշխանությունը էկոլոգիականի համեմատ կամ ռազմականը՝ տնտեսականի։ Այս բնորոշիչներն արդեն կապված են կոնկրետ հասարակությունների, նրանց պատմական ավանդույթի և վերափոխման դինամիկաների հետ։

Այսքանը նախնական ուրվագծման համար, այնուհետ կանդրադառնանք հետհեղափոխական Հայաստանին և նրանում քաղաքական իշխանության ու մեդիա-իշխանության հարաբերությանը։

Հղումներ

[i] Castells M.  Communication Power, Oxford, Oxford university, 2009.

[ii]  Weber M. Economy and Society. Berkeley (CA): University of California Press, 1978, p. 53.

[iii] Хабермас Ю. Проблема легитимации позднего капитализма / пер. с нем. М.: Рзаксис, 2010.

[iv] Parsons T. On the Concept of Political Power // Proceedings of the American Philosophical Society. 1963.

[v] Арендт X. Vita active, или О деятельной жизни. СПб, Алетейя, 2000.

[vi] Манн M. Власть в XXI столетии / пер. с англ. М.: Изд. дом ВШЭ, 2014.

[vii] Фуко М. Надзирать и наказывать. Рождение тюрьмы / пер. с фр. M.: Ad Marginem, 1999.

Գրականություն

  1. Castells M.  Communication Power, Oxford, Oxford university, 2009.
  2.  Parsons T. On the Concept of Political Power // Proceedings of the American Philosophical Society. 1963.
  3. Weber M. Economy and Society. Berkeley (CA): University of California Press, 1978.
  4. Арендт X. Vita active, или О деятельной жизни. СПб, Алетейя, 2000.
  5. Манн M. Власть в XXI столетии / пер. с англ. М.: Изд. дом ВШЭ, 2014.
  6. Хабермас Ю. Проблема легитимации позднего капитализма / пер. с нем. М.: Рзаксис, 2010.
  7. Фуко М. Надзирать и наказывать. Рождение тюрьмы / пер. с фр. M.: Ad Marginem, 1999.


Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: