Փարիզի ազատագրումն ու Կամյուի նամակները

 Փարիզի ազատագրումը. Ֆրանսիա. 22-25 օգոստոսի 1944թ.

«Ճշմարտությունը բացահայտումն է այն բանի, ինչը մարդկանց դարձնում է վստահ, հստակ և ուժեղ իրենց գործողություններում և գիտելիքներում», միայն այդպիսի «ճշմարտությունն» է, որ պարտավոր է խոսել: 1933 թ. հիտլերյան հայտարարության մեջ այսպես է գրում Մարտին Հայդեգերը: Հետագայում այս խոսքերի և նացիստներին իր աջակցության համար Հայդեգերը բազում քննադատությունների կենթարկվեր:

75 տարի առաջ Փարիզն ազատագրվեց նացիստական օկուպացիայից: Օկուպացիայի շուրջ չորս տարիները (14 հունիսի 1940-25 օգոստոս 1944) Փարիզին և փարիզեցիներին բերեցին մի շարք հիասթափություններ, նվաստացումներ, բայց և ազատագրում: 1944 թվականի օգոստոսի 25-ին քաղաքն ու քաղաքացիներն ազատագրվեցին:

Ֆրանսիական դիմադրության տարիներին գործում էին ընդհատակյա մի քանի հրատարակություններ, որոնցից «Պայքար» (Combat) թերթի աշխատանքները պատերազմի տարիներին և դրանցի հետո կազմակերպում էին Ժան Պոլ Սարտրը,  Ալբերտ Կամյուն և Սիմոն դը Բովուարը: 1944-1947 թթ. Կամյուն դարձավ վերջինիս խմբագիրը, որտեղ տպագրում էր նաև հեղինակային նյութեր: Իր ընթերցողներին Կամյուն հորդորում էր «կասկածել նրանց, ովքեր բարձրաձայն խոսում են հանուն ժողովրդավարական իդեալների և արդարացումների, բայց որոնց նպատակը հակառակորդներին վախի ներշնչումն ու տարաձայնությունների լռեցումն էր»:

Այս նույն շրջանում էլ Կամյուն գրում է «Նամակներ գերմանացի բարեկամին»-ը: Այս նամակներից առաջինը լույս է տեսել 1943թ., երկրորդը՝ 1944թ․։ Մյուս երկուսը՝ մնացել են չհրապարակված մինչև ազատագրումը։ 

Կամյուի այս նամակները կարծեք թե հակադարձումը լինեին 1933թ. հայդեգերյան ճշմարտության բանաձևին: «Ի՞նչ է ճշմարտությունը», «Ի՞նչ է արդարությունը», «Ի՞նչ է ոգին», «Ի՞նչ է մարդը», «Ի՞նչ է հայրենիքը»,-հարցնում է Կամյուն: Եվ այս բոլոր հարցերի մեկնարկը գերմանացի բարեկամի «Դուք չեք սիրում ձեր հայրենիքը» պնդումն էր, որին ի պատասխան Կամյուն բարձրաձայնում է այս հարցերը և տալիս դրանց պատասխանները: Թերևս, այս հարցերն ու պատասխանները խիստ հետաքրքրական և արժեքավոր մենախոսություն-երկխոսություն են, որ մտավորականը՝ այս պարագային Ալբեր Կամյուն, նախաձեռնել էր:

Օրերս Magnum-ը հրապարակել է Ռոբերտ Կապայի, Անրի Կարտիե Բրեսոնի և Ջորջ Ռոջերի 75 տարի առաջ Փարիզի ազատագրումն՝ այս պատմական իրադարձությունն, արձանագրած լուսանկարները: Այս լուսանկարներին ընթացակից, ընտրել ենք հատվածներ Կամյուի վերոհիշյալ նամակներից՝ իբրև խորագիր, իբրև սղագիր և իբրև ճշմարտությունը վեր հանելու մտավորականի ճիգ։ 

Նամակ առաջին

Ոչ մի հաղթանակ հատուցում չի բերում, մինչդեռ մարդու ամենայն աղճատում և խեղում անդառնալի է լինում:

Դուք ասում էիք ինձ․ «Անգնահատելի է իմ երկրի փառքն ու մեծությունը։ Լավ է այն ամենը, ինչը նպաստում է նրա բարգավաճմանը։ Աշխարհում, ուր ամեն բան զուրկ է իմաստից, նրանք, ովքեր մեզ՝ երիտասարդ գերմանացիներիս նման բախտ են ունեցել այն գտնել իրենց ազգի ճակատագրի մեջ, պիտի ամեն ինչ զոհաբերեն նրան»։ Մի ժամանակ սիրում էի ձեզ, բայց դա արդեն մեզ բաժանում էր իրարից։ «Ոչ,-ասում էի ձեզ,-չեմ կարող ընդունել, թե հարկավոր է ամեն ինչ ծառայեցնել հետապնդվող նպատակին։ Կան միջոցներ, որոնք չեն ներվում։ Ես կուզեի իմ երկիրը սիրել կարողանալ՝ լիովին սիրելով արդարությունը։ Նրան չեմ կամենա պատեհ-անպատեհ մի փառք, որին խառնված է արյուն ու կեղծիք։ Կուզեի արդարությունը կյանքի կոչելով՝ նրան կյանք ապահովել»։ Ինձ պատասխանեցիք․ «Որ այդպես է, դուք չեք սիրում ձեր երկիրը»։ 

© Henri Cartier-Bresson Magnum Photos

Հինգ տարի է անցել այն օրվանից, մենք բաժանվեցինք, կարող եմ ասել, թե այդ երկարուձիգ (սակայն ձեզ համար անյքա՜ն կարճատև, այնքա՜ն կայծակնային տարիների մեջ չկա մի օր, որ միտքս չգա ձեր խոսքը. «Դուք չեք սիրում ձեր երկիրը»: Երբ այսօր մտածում եմ այդ մասին, կոկորդումս ինչ որ բան է սեղմվում: Ո՛չ, չեմ սիրում, եթե չսիրել նշանակում է վեր հանել անարդարը այն ամենի մեջ, ինչը սիրում ենք, եթե չսիրել նշանակում է պահանջել, որ սիրելի էակը նույնանա նրա մասին ունեցած մեր ամենագեղեցիկ պատկերացման հետ։ 

Ես երբեք չեմ հավատացել ինքնանպատակ ճշմարտության ուժին: Բայց արդեն մեծ բան է նշանակում գիտենալ, որ հավասարազոր ուժերի դեպքում ճշմարտությունը տանում է հաղթանակ ստի նկատմամբ: Մենք հասել ենք այդ դժվար հավասարակշռությանը: Եվ այսօր պայքարում ենք՝ հիմք ունենալով այդ նրբերանգը: Նույնիսկ համարձակվում եմ ասել, որ ուղղակի կռվում ենք հանուն նրբերանգների, այն նրբերանգների, որոնք կարևոր են, ինչպես մարդը։ 

© Henri Cartier-Bresson Magnum Photos

Ահա, թե ինչ է ուզում ձեզ ասել ոչ թէ այս գոտեմարտից դուրս, այլ հենց նրա մեջ: Ահա թե ինչ է ուզում պատասխանել «դուք չեք սիրում ձեր երկիրը» խոսիքին, որն ինձ հետապնդում է դեռ: Բայց կամենում եմ ձեզ հետ լինել շիտակ: Կարծում եմ, Ֆրանսիան կորցրել է իր հզորությունն ու գերիշխանությունը երկար ժամանակ և  երկար ժամանակ նրան հարկ կլինի մի հուսակտուր համբերություն, աչալուրջ ընդվզում, որպեսզի վերագտնի հեղինակության իր մասնաբաժինը, հեղինակություն, որ անհրաժեշտ է ցանկացած մշակույթի: Սակայն կարծում եմ, թե նա կորցրեց այդ ամենը անբասիր նկատառումներից ելնելով: Ահա ինչու հույսն ինձ չի լքում: Սա է նամակիս բուն իմաստը: Մարդը, որին հինգ տարի առաջ կարեկցեցիք իր երկրի նկատմամբ այնքան ծածկամիտ լինելու համար, նույն անձնավորությունն է, որն այսօր ուզում է ձեզ ասել, ձեզ և մեր դարաշրջանում Եվրոպայում, ամբողջ աշխարհում ապրող բոլոր մարդկանց. «Ես պատկանում եմ մի հրաշալի և հարատևող ազգի, որն իր մոլորությունների ու թուլությունների երկար շարանի մեջ չի կորցրել իր փառքն ու մեծությունը կազմող գաղափարը, ինչը նրա ժողովուրդն անվերջ, անդադար, իսկ ընտրյալ խավը երբեմն ջանում է ավելի ու ավելի լավ ձևակերպել: Ես պատկանում եմ մի ազգի, որը չորս տարի առաջ սկսել է վերանայել իր ողջ պատմությունը և այժմ ավերակների մեջ հանգիստ ու վստահ պատրաստվում է այլ կերպ կերտել այն ու իր բախտը փորձել մի խաղի մեջ, որին մասնակցում է առանց հաղթախաղերի: Այս երկիրն արժանի է, որ սիրեմ նրան դժվարին ու պահանջկոտ սիրով, ինչպիսին իմն է: Կարծում եմ՝ հիմա արդեն ավելի շատ արժե կռվել հանուն նրա, քանզի նա արժանի է բարձրագույն սիրո: Եվ ասում եմ՝ ձեր ազգն իր զավակներից, ընդհակառակը, ստացավ միայն իրեն արժանի մի սեր, որը կույր էր: Ամեն սիրով չես արդարանա: Հենց դա մեզ մատնեց կորստյան: Եվ դուք, որ արդեն պարտված էիք ձեր ամենամեծ հաղթանակների մեջ, ի՞նչ եք լինելու վրա հասնող պարտության մեջ»:

Հուլիս, 1943թ.

Նամակ երկրորդ

Մենք վերածել էինք մեր երկիրը գաղափարի, որը դնում էր նրան իր արժանի տեղը, այլ մեծությունների՝ բարեկամության, մարդու, երջանկության, արդարության մեր ձգտման կողքին: Եվ դա մեզ մղում էր նրա նկատմամբ խստապահանջ լինելու:

Մարդ մտորում է հատկապես գիշերը։ Երեք տարի է, ինչ դուք գիշեր եք փռել մեր քաղաքների վրա և մեր սրտերում։ Երեք տարի է, մենք խավարի մեջ հետամուտ ենք լինում այն գաղափարին, որն այսօր զենքի ձևով հառնում է ձեր դեմ։ Այժմ կարող եմ ձեզ հետ խոսել բանականության մասին։ 

… Արդեն պատասխանել եմ «դուք չեք սիրում ձեր երկիրը» խոսքին, որ երբեմն-երբեմն նետում էիք երեսիս և որի հիշողությունը դեռ չի լքել ինձ: Այսօր միայն ուզում եմ պատասխանել ձեր անհամբեր, անփույթ ժպիտին, որ հանդես էիք բերում բանականություն բառը լսելիս: «Իր ողջ բանականությամբ հանդերձ,-ասում էիք ինձ,-Ֆրանսիան ժխտում է ինքն իրեն: Ձեր մտավորականները իրեն երկրից ավելի նախընտրում են, նայած հանգամանքներին, հուսահատությունը կամ անհավանական ճշմարտության հետամտումը: Իսկ մենք Գերմանիան դասում ենք ճշմարտությունից առաջ, հուսահատությունից վեր»: Ըստ երևույթին դա ճիշտ էր: Բայց արդեն ասացի, որ եթե մենք երբեմն կարծես նախապատվությունը տվել ենք արդարությանը, ոչ թե երկրին, պատճառն այն է, որ ուզել ենք սիրել մեր երկիրը միայն արդարության մեջ, ինչպես կուզեինք սիրել նրան ճշմարտության և հույսի մեջ: Սրանով ենք մենք տարբերվում ձեզնից, մենք պահանջկոտ էինք ինքներս մեր հանդեպ: Դուք գոհանում էիք ձեր ազգի հզորությանը զինվորագրվել, մենք երազում էինք ճշմարտությունը մատուցել մեր ազգին: Դուք բավականանում էիք իրական քաղաքականությանը ծառայելով, մենք մեր ծանրածանր մոլորությունների մեջ տարտամորեն պահպանում էինք պատվի քաղաքականության գաղափարը, որը վերագտել ենք այսօր: Ասում եմ «մենք», ոչ թե մեր ղեկավարները: Ի վերջո ղեկավարը դեռ ոչինչ չի նշանակում:

© Henri Cartier-Bresson Magnum Photos

«Ի՞նչ է ճշմարտությունը»,-ասում էին դուք: Անշուշտ, դրա պատասխանը չկա, բայց մենք գոնե գիտենք, թե ինչ է սուտը: Դա հենց այն է, ինչը դուք սովորեցրիք մեզ: «Իսկ ի՞նչ է ոգին»: Մեզ ծանոթ է դրա հակառակը, որը սպանությունն է: «Եվ ի՞նչ է մարդը»: Բայց այստեղ ձեզ կընդհատեմ, քանզի դա արդեն մենք գիտենք: Նա այն ուժն է, որ վերջիվերջո հակակշռում է և բռնակալներին, և աստվածներին: Նա ակներևության ուժն է: Մարդկային այդ ակներևությունը պիտի պահպանենք մենք, և այժյան մեր համոզմունքը բխում է նրանից, որ մարդու ու մեր երկրի ճակատագրերը կապված են միմյանց: Եթե ոչ մի բան իմաստ չունենար, դուք ճիշտ կլինեիք: Սակայն կա ինչ որ բան, որը դեռևս ունի իմաստ:

Չեմ կարող չափից դուրս կրկնել, բայց հենց դրանով ենք մենք տարբերվում ձեզնից: Մենք վերածել էինք մեր երկիրը գաղափարի, որը դնում էր նրան իր արժանի տեղը, այլ մեծությունների՝ բարեկամության, մարդու, երջանկության, արդարության մեր ձգտման կողքին: Եվ դա մեզ մղում էր նրա նկատմամբ խստապահանջ լինելու: Սակայն ի վերջո իրավացի դուրս եկանք մենք: Մեր հայրենիքին մենք չտվեցինք ստրուկներ, ոչինչ չնսեմացրինք հանուն նրա: Համբերությամբ սպասեցինք, որ պարզ տեսնենք և թշվառության ու ցավի մեջ ձեռք բերեցինք ուրախություն, որ միաժամանակ կարող ենք մարտնչել հանուն այն ամենի, ինչը սիրում ենք մենք: Դուք, ընդհակառակը, կռվում եք մարդու այն մասի դեմ, որը չի պատկանում հայրենիքին: Ձեր զոհողություններն անիմաստ են, քանզի ձեր հիերարխիան կատարյալ չէ և ձեր արժեքները իրենց տեղում չեն: Միայն սրտին չէ, որ դուք դավաճանեցիք: Եվ հիմա բանականությունը իր վրեժն է լուծում։

© Robert Capa Magnum Photos

… Ձեզ արդեն ասացի, որ համոզվածությունը չի լիացնում սիրտը զվարթությամբ: Մենք գիտենք, թե ինչ կորցրեցինք այդ երկարուձիգ շրջադարձի ընթացքում: Գիտենք ինքներս մեզ հետ հաշտ լինելով կռվելու այդ դառը ուրախության գինը: Քանզի ունենք անդառնալիության սուր զգացում, քանզի մեր կռիվն էլ իր մեջ ունի նույնքան դառնություն, որքան վստահություն հաղթանակի հանդեպ: Պատերազմը չէր գոհացնում մեզ: Մեր փաստարկները դեռևս պատրաստ չէին: Մեր ժողովուրդը ընտրեց քաղաքացիական պատերազմը, համառ ու հավաքական պայքարը, առանց մեկնաբանությունների զոհողությունը: Սա պատերազմ է, որ նա հայտարարեց ինքն իր դեմ և ոչ թե ընդունեց տխմար ու թուլամորթ կառավարություններից: Պատերազմ, որի մեջ վերագտավ ինքն իրեն և կռվում է հանուն այն գաղափարի, որ կազմել է ինքն իր մասին: Բայց ինքն իրեն թույլ տված այդ շքեղությունը ահավոր թանկ նստեց նրա վրա: Այդտեղ ևս այս ժողովուրդը առավել արժանիք ունի, քան ձերն է: Քանզի կենացմահու այդ կռվում ընկան նրա լավագուն զավակները. ահա իմ ամենադաժան միտքը: Պատերազմի հեգնանքի մեջ կա հեգնանքի առավելություն: Մահը տարածվում է ամենուր և բախտապավեն: Մեր մղած պատերազմի մեջ արիությունը դրսևորվում էր ինքնաբուխ, և դուք հանապազօր գնդակահարցիք մեր ամենաարդար ոգին: Քանզի ձեր պարզամտությունը զուրկ չէ կանխատեսությունից: Դուք երբեք չիմացաք, թե ինչ է հարկավոր ընտրել, բայց գիտեք, թե ինչ է հարկավոր ավերել: Իսկ մենք, որ մեզ համարում ենք ոգու պաշտպաններ, գիտենք, սակայն, որ ոգին կարող է մեռնել, երբ նրան ջախջախող ուժը բավականաչափ մեծ է: Բայց մենք հավատում ենք մի այլ ուժի: Դուք կարծում եք, թե համրացած, այս աշխարհին արդեն հրաժեշտ տված այդ դեմքերը գնդակներով ծածկելով այլանդակում եք մեր ճշմարտության դեմքը: Բայց դուք հաշվի չեք առնում համառությունը, որը պարտադրում է Ֆրանսիային կռվել ժամանակի հետ: Դժվարին ժամերին մեզ սատար է կանգնում այս վհատեցնող հույսը. մեր ընկերները կլինեն ավելի համբերատար, քան դահիճները և առավել շատ, քան գնդակները: Տեսնում եք, ֆրանսիացիներն ընդունակ են ցասման:

Դեկտեմբեր 1943թ. 

Նամակ երրորդ

… Ամենից դաժանորեն տառապում ես այն դեպքում, երբ տեսնում ես, թե ինչպես են ծանակում և աղավաղում այն, ինչ սիրում ես: Եվրոպայի գաղափարը, որ դուք խլեցիք մեր ամենալավ մարդկանցից՝ նրան տալով ձեր ընտրած վիրավորական իմաստը, այդ նորոգ և հզոր Եվրոպայի գաղափարը մեր հոգիներում փայփայելու համար պիտի հանդես բերենք գիտակցված սիրո մեծ ուժ և կարողություն: Մի ածական կա, որ մենք այլևս չենք գործածում, իսկ դուք եվրոպական եք կոչել ստրուկների բանակը, որպեսզի  նախանձախնդրորեն պահպանենք մեզ համար իր զուտ իմաստը երբևէ չկորցրած բառը, ինչը հիմա կներկայացնեմ ձեզ:

© Discover Walks

 

Դուք խոսում եք Եվրոպայի մասին, բայց այն տարբերությամբ, որ Եվրոպան ձեզ համար սեփականություն է, մինչդեռ մենք մեզ զգում ենք նրա ենթակաները: Դուք սկսեցիք Եվրոպայի մասին այդպես խոսել այն օրվանից, ինչ կորցրեցիք Աֆրիկան: Այդ տեսակ սերը արտասովոր է: Այս հողը, որտեղ բազում դարեր թողել են իրենց հետքը, ձեզ համար սոսկ պարտադրված նահանջ է, մինչդեռ մեզ համար՝ սրբազան հույս։

Դուք ասում եք Եվրոպա, բայց ձեր մտքում դա ռազմական տարածք է, ցորենի ամբար, կենցաղային արդյունաբերություն, կառավարվող միտք։ … որտեղ Գերմանիան սկսել է մի խաղ, որի ողջ համագումարը իր իսկ ճակատագիրն է: Բայց այդ Եվրոպան մեզ համար ոգու օրրանն է, ուր քսան դար շարունակ արարվել է մարդկային ոգու ամենազարմանալի խորհուրդը: Նա այն բացառիկ ասպարեզն է, որտեղ արևմուտքի մարդու պայքարը ընդդեմ աշխարհի, ընդդեմ աստվածների, ընդդեմ ինքն իրեն այսօր հասնում է իր ամենացնցումնալից պահին: Տեսնում եք, մենք չունենք ընդանուր չափանիշ …

… Մեր մղած պայքարը հաղթանակի համոզմունք է կրում իր մեջ, քանզի ունի գարունների համառություն:

Վերջապես գիտեմ, որ ձեր պարտությամբ ամեն ինչ չի կարգավորվի: Եվրոպան պիտի նորից ստեղծվի: Նրան պիտի միշտ ստեղծել: Բայց առնվազն նորից կմնա Եվրոպա, այսինքն՝ այն ինչ ձեզ արդեն ներկայացրի: Ոչինչ չի կորչի: Իսկ հիմա պատկերացրեք մեզ՝ վստահ մեր փաստարկների վրա, սիրահարված մեր հայրենիքին, հափշտակված ողջ Եվրոպայով և ճիշտ հավասարակշությունը գտած զոհողության և երջանկության, ոգու ու սրի միջև: Սա ասում եմ դարձյալ, քանզի անհրաժեշտ է ասել, քանզի դա է ճշմարտությունը, և այդ ճշմարտությունը ձեզ ցույց կտա այն ուղին, որ իմ երկիրն ու ես անցանք մեր բարեկամությունից ի վեր. այսուհետ մեր մեջ կա մի գերազանցություն, որը կսպանի ձեզ:

Ապրիլ 1944թ.

Նամակ չորրորդ

«Մարդ մահկանացու է: Հնարավոր է, բայց մահն ընդունենք դիմակայելով, և եթե մեզ վերապահված է անէություն, այնպես չանենք, որ դա դառնա դատաստան»:

                                                                                                                    Օբերման, նամակ 90

Ահա և եկավ ձեր պարտության ժամը: Ձեզ գրում եմ աշխարհահռչակ մի քաղաքից, որն ըննդեմ ձեզ պատրաստում է ազատության վաղվա օրը: Նա գիտի, որ դա հեշտ չէ և իրեն հարկավոր է մինչ այդ դարձյալ հաղթահարել ավելի մութ ու խավար մի գիշեր, քան այն գիշերը, որին սկիզբ դրեց չորս տարի առաջ ձեր գալուստը: Ձեզ գրում եմ ամեն ինչ կորցրած, լույս ու կրակից զրկված, սովի մատնված, բայց երբեք չծնկած մի քաղաքից: Ուր որ է, շատ շուտով մի նոր շունչ կփչի այնտեղ, որի մասին դուք դեռ գաղափար չունեք: Եթե մեր բախտը բերեր, կհայտնվեինք դեմ դիմաց: Այնժամ կկարողանայինք կռվել գործիմաց կերպով. ես՝ ճշմարիտ պատկերացում կազմած ձեր դրդապատճառների մասին, դուք՝ շատ լավ ըմբռնած մեր շարժառիթները:

Հուլիսյան այս գիշերները միաժամանակ թեթև են ու ծանր: Թեթև են Սենայի ծառերի տակ, ծանր՝ նրանց սրտում, ովքեր սպասում են հետայսու բաղձալի միակ արշալույսին:

© Henri Cartier-Bresson Magnum Photo

… Դուք երբեք չհավատացիք, որ այս աշխարհը իմաստ ունի և դրանից եզրակացրիք, թե ամեն բան նույն արժեքն ունի, թե բարին ու չարը կարելի է բնորոշել ըստ ցանկության: Դուք ենթադրեցիք, որ մարդկային կամ աստվածային ամենայն բարոյականության բացակայության դեպքում միակ արժեքները կենդանական աշխարհը ղեկավարող արժեքներն են, այսինքն՝ բռնությունն ու խաբեությունը: Սրանից էլ եզրակացրիք, թե մարդը ոչինչ է և կարելի է սպանել նրա հոգին, թե ամենից իմաստազուրկ այս պատմության մեջ անհատի խնդիրն է իր ուժի և հզորության գործադրությունը, իսկ նրա բարոյականությունը՝ նվաճումների իրողությունը։

… մարդ պիտի արդարություն հաստատի, որպեսզի դիմակայի հավերժական անարդարությանը, երջանկություն արարի, որպես բողոք ընդդեմ դժբախությունների աշխարհի: 

Դուք ձեր հուսահատությունը վերածեցիք գինովության, ձերբազատվեցիք նրանից՝ սարքելով այն սկզբունք, հեշտությամբ հանձն առաք կործանել մարդու ստեղծագործությունները և կռվել նրա դեմ՝ վերջնակետին հասցնելու համար նրա հանապազօրյա թշվառությունը: Իսկ ես մերժելով այդ հուսահատությունը և այդ չարչրկված աշխարհը, կամենում էի միայն, որ մարդիկ վերագտնեն իրենց համերաշխությունը և պայքար մեջ մտնեն իրենց անօրեն ճակատագրի հետ:

Տեսնում եք, միևնույն սկզբունքից մենք քաղել ենք բարոյական տարբեր դասեր: Պարզապես դուք ճանապարհին հրաժարվեցիք ողջախոհությունից և ավելի հարմար (դուք կասեիք անտարբեր) համարեցիք, որ մեկ ուրիշը մտածի ձեր և միլիոնավոր գերմանացիների փոխարեն: Քանի որ հոգնել էիք երկնքի դեմ կռվելուց, շունչ առաք այս ուժասպառ արկածախնդրության մեջ, որտեղ ձեր խնդիրն է հոգիներ խեղանդամելն ու աշխարհը կործանելը: Մի խոսքով, դուք ընտրեցիք անարդարությունը և ձեզ նույնացրիք աստվածների հետ: Ձեր տրմաբանությունը մնաց երևութական:

© Robert Capa International Center of Photography

«Իսկ ի՞նչ է նշանակում փրկել մարդուն» …-դա նշանակում է չայլանդակել նրան և տալ արդարության բոլոր հնարավորությունները, արդարություն, որ միայն նա է ընդունակ ըմբռնելու:

Ես, ընդհակառակը, ընտրեցի արդարությունը, որպեսզի հավատարիմ մնամ աշխարհին: Բայց շարունակում եմ կարծել, թե այս աշխարհը չունի բարձրագույն իմաստ: Թեև գիտեմ, որ ինչ-որ բան նրա մեջ ունի իմաստ, և դա մարդն է, քանզի նա միակ արարածն է, որ պահանջ ունի ձեռք բերելու այդ իմաստը: Այս աշխարհն առնվազն ունի մարդու ճշմարտությունը, և մեր խնդիրն է նրան տալ անհրաժեշտ փաստարկներ ընդդեմ ճակատագրի մարտնչելու համար: Իսկ նա մարդ լինելուց զատ այլ փաստարկներ չունի, և հենց մարդուն է պետք փրկել, եթե ուզում ենք փրկել կյանքի մասին ունեցած մեր պատկերացումը: Ձեր ժպիտն ու արհամարհանքը կասեն ինձ. «Իսկ ի՞նչ է նշանակում փրկել մարդուն»: Բայց ես իմ ողջ էությամբ գոռում եմ՝ դա նշանակում է չայլանդակել նրան և տալ արդարության բոլոր հնարավորությունները, արդարություն, որ միայն նա է ընդունակ ըմբռնելու:

Ահա ինչու մենք ելանք ձեր դեմ … 

Հուլիս 1944թ.

© BBC

«Նամակներ գերմանացի բարեկամին»-ը հայերեն՝ ֆրանսերենից Արուս Բոյաջյանի թարգմանությամբ, հրապարակվել է 1999 թվականին Ռուբիկոն գեղարվեստական-մշակութաբանական եռամսյա հանդեսում:

Գրականություն

  1. Ալբեր Կամյու, Նամակներ գերմանացի բարեկամին /թրգմ. ֆրանսերենից՝ Արուս Բոյաջյանի, Ռուբիկոն գեղարվեստական-մշակութաբանական եռամսյա հանդես, Ե., 1999, էջ 34-44:
  2. Between Hell and Reason: Essays from the Resistance Newspaper Combat, 1944–1947, Publisher: Wesleyan University Press; Trans. from the French edition (August 15, 1991).
  3. The Liberation of Paris From Nazi Rule                           https://www.magnumphotos.com/newsroom/conflict/the-liberation-of-paris-from-nazi-rule/?fbclid=IwAR3oTP4UWLV31nTYXcCED_Z63huQvlg5GF52WpFYKfBUZMi5vpSIhnxvNUI
  4. Letter to a Germanist Friend: On Camus and Heidegger                       https://www.academia.edu/29452263/Letter_to_a_Germanist_Friend_On_Camus_and_Heidegger
  5. Albert Camus – Letters to a German friend http://r3lativ.blogspot.com/2011/02/albert-camus-letters-to-german-friend.html
  6. A history of Paris during Nazi occupation https://www.washingtonpost.com/opinions/a-history-of-paris-during-nazi-occupation/2014/08/29/fce9e112-222c-11e4-958c-268a320a60ce_story.html
  7. Albert Camus, Editor of the French Resistance Newspaper Combat, Writes Movingly About Life, Politics & War (1944-47) http://www.openculture.com/2017/01/albert-camus-edited-the-french-resistance-newspaper-combat.html
  8. How Paris changed how we think http://www.bbc.com/culture/story/20180213-how-paris-changed-how-we-think
  9. Noam Chomsky ” The Responsibility of Intellectuals  https://chomsky.info/19670223/