Ուղեղազուրկ ռոբոտի իմաստությունը

Պատկերացրեք տանգո պարող մի զույգի, որը սահում է սենյակով և միմյանցից ֆիզիկական նուրբ ազդակներ ստանում։ Նրանք առանց ջանքերի, ջրի պես սահուն շարժվում են խնամքով գծված քայլերի լաբիրինթոսում։ Նրանց բանականությունը ոչ թե միայն իրենց գլխի մեջ է, այլև մկանների, հյուսվածքների և մաշկի։ Այն ֆիզիկական է։

Գիտնակաները աստիճանաբար ավելի են կենտրոնացնում իրենց ջանքերը ռոբոտների մեջ ֆիզիկական այսպիսի բանականություն ստեղծելու համար։ Որպեսզի ռոբոտները ևս ունենան մարդկանց և կենսաբանական այլ արարածների բանականության նման մակարդակ, դրանց ի վերջո անհրաժեշտ է ոչ միայն ուղեղի նմանվող հաշվողական հզորություն, այլև ֆիզիկական բանականություն՝ շրջապատից զգայական նշաններն ընկալելու և այդ տեղեկատվության միջոցով սովորելու և որոշումներ կայացնելու կարողություն։

Մեր նպատակն էր ստեղծել ռոբոտ, որը կկարողանար ինքնուրույն դուրս գալ լաբիրինթոսից:

Վերջերս Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի գիտնականները լուրջ հաջողություն գրանցեցին այդ ոլորտում. նրանք ստեղծեցին ռոբոտ, որն աշխատում է միայն ֆիզիկական բանականությամբ։ «Ուղեղազուրկ» այդ ռոբոտն առաջինն է, որ կարող է առանց համակարգչի կամ մարդու ուղղորդման կողմնորոշվել բարդ լաբիրինթոսներում։ 

«Մենք ցանկանում էինք ստեղծել մի ռոբոտ, որը կկարողանար ինքնուրույն դուրս գալ լաբիրինթոսից», ” նշում է հետազոտության համահեղինակ և Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի մեխանիկական և օդատիեզերական ճարտարագիտության դոցենտ Ջի Յինը։ Ինչպես վերջինս է նշում, մինչև այսօր ռոբոտները կարողանում էին կողմնորոշվել բազմաշերտ լաբիրինթոսներում, եթե էլեկտրոնիկական ներկառուցված կարգավորիչներ և սենսորներ պարունակեին կամ էլ դրսից կառավարվեին լույսի կամ մագնիսների միջոցով։

Յինի և նրա թիմի նախագծած ռոբոտը բացարձակ նման չէ ռոբոտների վերաբերյալ տարածված պատկերացումներին․ այն ութոտնուկի մարմնի նման փափուկ մարմին ունի, պատրաստված է ժապավենատիպ հեղուկբյուրեղային էլաստոմերներից և ֆուսիլի կամ ռոտինի մակարոնի ձև ունի։ Այն տեղաշարժվում է գլորվելով՝ էներգիա ստանալով տաք մակերևույթներից (առնվազն 55°C)․ ինչքան մակերեսը տաք է, այնքան ավելի արագ է այն տեղաշարժվում։ Քանի որ ռոբոտը չունի կոշտ նյութեր կամ սուր եզրեր, կարողանում է ազատ տեղաշարժվել նեղ տարածքերում և ավելի անվտանգ է մարդկանց հետ փոխգործակցության մեջ։

Հետազոտողները նախկինում նմանատիպ ռոբոտներով փորձարկումներ արել էին, սակայն դրանք խճճվում էին լաբիրինթոսի երկու զուգահեռ օբյեկտների արանքում։ Այս անգամ նրանք նաև ռոբոտի դիզայնն են անհամաչափ դարձրել, ինչը նրան հնարավորություն է տալիս կորագիծ շարժվել և արագ դուրս գալ խճճված տեղանքներից։ «Այն կարող է թեքվել ցանկացած ուղղությամբ, փոխել իր ձևը և սեղմվել իր մարմնից ավելի փոքր տարածությունում», ” նշում է Յինը: Պատկերացրեք լայն ըմպանով և նեղ հիմքով բաժակ․ այն ուղիղ գնալու փոխարեն գլորվելով է շարժվում։

Յինը հավելում է, որ եթե այս ռոբոտը նաև պարունակեր սենսորներ և տեսախցիկներ, այն իդեալական կլիներ մարդկանց համար չափազանց տաք, անապատային տարածքներից տվյալների հավաքագրման, ճանապարհների որակի գնահատման և նույնիսկ Լուսնի վրա, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել մոտ 205°C-ի, որոշ առաքելությունների իրականացման համար։

Յինի ռոբոտները ավելի շատ մակարոնի, քան մարդու են նման, բայց նրանց ունեցած բանականության մասին ChatGPT-ն միայն կարող է երազել։

Բնօրինակի հեղինակ՝ Քրիստեն Ֆրենչ, Նաուտիլուս

Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան  (Inesa Avagyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: