«Զարթիր, լաո…»

… 1988 թ. նոյեմբերին, նույն տարվա ապրիլի համեմատ, իրավիճակն այլ էր. սումգայիթյան իրադարձություններին Միության բարձրագույն ղեկավարությունը քաղաքական գնահատական չէր տվել, ջարդարարների նկատմամբ դատավարությունը համեմատվում էր խեղկատակության հետ, ղարաբաղյան հարցի արդարացի լուծման առիթով տեղի էին ունեցել և շարունակում էին ընթանալ հացադուլներ, մարդիկ դիմել էին քաղաքական խաղաղ պայքարի գործադուլային եղանակին, տեղ էին գտել «Զվարթնոցի» դեպքերը և Խոջալուի ընդհարումները, ցույցերն ու հանրահավաքներն ավելի ու ավելի բազմամարդ էին դառնում, քաղաքական պայքարը կազմակերպչական նորանոր երանգներ էր ձեռք բերում և այլն, և այլն։  

Ահա այս հենքի վրա էր, որ «խորհրդային» վերջին շքերթի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, մարդկանց ձեռքին հայտնվեց «Զարթի՛ր, լաո, մը՛ռնիմ քը՛զի» (նկ. 93, 199) տրանսպարանտը։

Նկար 93. Դրվագ շքերթից։ «Խորհրդային» վերջին շքերթի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, մարդկանց ձեռքին հայտնված «Զարթի՛ր, լաո, մը՛ռնիմ քը՛զի» տրանսպարանտը։ 7 նոյեմբերի 1988 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

Այս տողը մաս է կազմում ազատագրական պայքարի երգերի մի ստվար բաժնի՝ հայդուկային (ֆիդայական) երգերից մեկի, որը հետաքրքիր ճակատագիր է ունեցել. այն կազմավորվել է պատմական հենքի վրա, նվիրված է եղել հայ առաջին ֆիդայիներից Արաբոյին (1863-1893), սակայն հետագա գործածության ժամանակ այդ հանգամանքը մատնվել է մոռացության, ինչը դրսևորվել է նաև վերնագրերում՝ «Արաբոյի երգ», «Քաջ Արաբոյի երգ», «Մշեցու երգ», «Զարթիր լաո» և այլն։ Առաջին անգամ 1898 թ. լույս տեսած երգի սկզբնական բնագիրը վերագրվում է աշուղ Ֆահրատին։ Երգի հերոսը՝ Արաբոն, որը հայտնի հայդուկ էր ու իր խմբով գործում էր Սասնո, Տարոնի շրջանում, զոհվում է Խնուսից Մուշ ճանապարհին, քրդական բանդաների դեմ մղած անհավասար մարտի ժամանակ։ Երգում նա այլևս չի գիտակցվում որպես իրական պատմական անհատ, այլ հանդես է գալիս իբրև ազատամարտիկի խորհրդանիշ։  

Նկար 199. Դրվագ շքերթից։ Տրանսպարանտներին (ձախից աջ) գրված է. ա) «Զարթի՛ր, լաո, մը՛ռնիմ քը՛զի», բ) «Հայ ժողովուրդ, քո փրկությունը միասնության մեջ է» և այլն։ Երևան, Լենինի պողոտա, 7 նոյեմբերի 1988 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

«Արաբոյի երգը» հորինված է ավանդական օրորների նմանությամբ, միայն հակառակ նպատակադրմամբ՝ արթնացնել, ոտքի հանել մանուկին-լաոյին, զենքի կոչել։ Օրորում կենտրոնական դեմքը մայրն է։ Նա որդուն պատմում է հայության թշվառ վիճակի մասին ու առաջարկում է զենքի դիմել, կշտամբում է նրան սին հույսերով տարվելու ու պատեհ առիթը բաց թողնելու համար։ Մայրը, մատնացույց անելով Արաբոյին, հորդորում է որդուն հետևել սիրված հերոսի օրինակին՝ զինվորագրվել հայրենիքի ազատության գործին։ Երգի հիմնական բովանդակությունը բացահայտված է «զարթիր լաո, մեռնիմ քըզի» կրկնակի միջոցով, որը պայքարի ելնելու կոչ է՝ ուղղված ողջ հայությանը։ Այս երգը սիրված և առավել տարածված, բազմաթիվ տարբերակներով գոյատևած ստեղծագործություններից էր նաև խորհրդահայ իրականության մեջ, հատկապես 1967 թ. էկրանին հայտնված «Եռանկյունի» ֆիլմում հնչելուց հետո։ 


Հատված Հարություն Մարությանի «Հայ ինքնության պատկերագրությունը. Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» գրքից [Անցյալի և ներկայի վերագնահատման գործընթացը հայոց ինքնության մեջ. Գլուխ վեցերորդ] (Երևան, 2009)

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ