Խոշորը հեռվից է դիտվում | Թեզ 1,2

Ռաֆայել Ղազարյան «Հաշվետու եմ»
Խոշորը հեռվից է դիտվում

Лицом к лицу. Лица не увидать.
Большое видится на расстоянье.
-Сергей Есенин

Միայն Աստծուն է հայտնի՝ երբ իմ տեսողությունը «ստոպ» հրամանը կարձակի. մի բան պարզ է՝ ծրագրածս ծավալը (տարեգրությունը) չեմ իրագործի, ուստի փորձեմ Արցախյան ազատագրական շարժման իմ ընկալումն ու գնահատականը տալ: Եվ քանի որ տարբեր տարիներին այն հնչեցրել եմ իմ ելույթներում ու հրապարակել մամուլի էջերում, ապա այժմ թույլ կտամ ինձ ներկայացնել դրանք թեզերի տեսքով.

Թեզ 1. 1988-ի ազատագրական շարժումը պատմական անարդարության դեմ մեր ողջ ժողովրդի հոգում կուտակված բացասական լիցքի պարպումն էր:

Ի սկզբանե այն մաքուր էր, անձնվեր, ընդհուպ մինչև անձնազոհություն: Մանրակրկիտ սոցիոլոգը, տարրալուծելով այդ լիցքը, կհայտնաբերեր այնտեղ և՛ եղեռնը, և՛ Ղարաբաղի ու Նախիջևանի բռնանջատումը, և՛ քսանամյա տևողության «37» թիվը, և՛ գաղափարական պարտադիր միակարծությունը, և՛ հայոց լեզվի հետ կապված հայտնի խնդիրներ…

Սակայն 88-ին գերիշխողն Արցախի՝ կորցրած մեր Հայրենիքի այն հողակտորի ազատագրումն էր, որից դեռ չէին հասցրել արտաքսել բնիկ էթնոսը:

Ուստի շահարկելով օբյեկտիվ ծանրագույն հանգամանքների (երկրաշարժ, տրանսպորտային շրջափակում, արտադրական և տնտեսական կապերի խզում ԽՍՀՄ ողջ տարածքում, պատերազմի վերաճած ընդհարումներ) և որոշ լիդերների հետագա բարոյական այլասերման հետևանքով ծանրացած սոցիալական վիճակը հետին թվով նորովի որակել շարժումը, վարկաբեկել, պղտորել այն՝ սրբապղծություն է, ավելին՝ անբարոյականություն ողջ ժողովրդի հոգևոր ու կամային անօրինակ վերելքի նկատմամբ: Մեր պատմության մեջ այնքան էլ շատ չեն նման պայծառ էջերը: Չարժե դրանք «ծրտոտել»: Ազնիվ մոտեցումը միակն է. դեպքերի և դեմքերի գնահատականը պետք է տրվի ժամանակաիրադարձային համատեքստում: Կիրառելով այդ մոտեցումը՝ կփորձեմ իմ «պաշտպանական ելույթը» տարածել 88-ին հաջորդած մեկ-երկու տարվա վրա:

Հիշենք` հսկա երկրի հոգևարքն ավարտվում է նրա շռնդալից փլուզումով: Իշխանափոխություն կենտրոնում, նաև Հայաստանում: Մեկը մյուսի ետևից կտրվում են արտադրատնտեսական կապերը: Խախտվում է պետական կառույցների նորմալ գործունեությունը: Հատկապես ծանրանում է Հայաստանի վիճակը. շրջափակում, էներգետիկ «սով»: Կանգ են առնում երկրաշարժից տուժած շրջանների վերականգնողական աշխատանքները: Հարյուր հազարավոր տուժածներ դեռ վրաններում են կամ արտերկրում: Փախստականների բանակ: Արյունոտ սադրանքներ Ադրբեջանի կողմից, ի վերջո՝ պարտադրված պատերազմ: Կենտրոնացված կառավարմամբ «քեոփսյան բուրգի» փլուզումից հետո հաստատված տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում իրենց գլուխն էին կորցրել անգամ անհամեմատ ավելի բարվոք պայմաններում հայտնված հանրապետությունների փորձառու այն ղեկավարները, ովքեր, փոխելով զբաղեցրած պաշտոնի անվանումը, պահպանել էին աթոռը: Առավել ևս չես նախանձի ղեկավարման փորձից զուրկ իշխանության եկած թիմին: Ստիպված էինք արտաքին և ներքին լարվածության վիճակում անհապաղ արձագանքել գլխներիս ծառացած բազում պրոբլեմներին: Ընդ որում պետականա-և բանակաշինության առանցքային գերխնդիրների, ինչպես և սոցիալ-տնտեսական լուծումների պատասխանատվությունը ծանրացել էր հիմնականում նախագահի (Լևոն Տեր-Պետրոսյանի), վարչապետի (Վազգեն Մանուկյանի), անվտանգության ոլորտը տնօրինող Աշոտ Մանուչարյանի, մի փոքր ուշ` նաև Վազգեն Սարգսյանի ուսերին (և այս կամ այն չափով կոմիտեի մյուս անդամների և այլ ակտիվ գործիչների վրա): Այս իրադրության մեջ մեղադրել որևէ մեկին քրիստոնեական այս կամ այն պատվիրանը խախտելու համար, մեղմ ասած, արդարացի չէր լինի: Եղել են սուր, ճակատագրական պահեր: Բերենք մեկ օրինակ. 91-ի օգոստոսյան պուտչի օրերը: Չէի ցանկանա այդ օրը հայտնվել Լևոնի տեղում: Ի վերջո, գերլարված, օր տևած նրա սպասողական տակտիկան, որն իմ մեջ դժգոհություն էր առաջացրել, պարզվեց՝ ճիշտ լուծում էր:

Համարում եմ արդարացված և պատասխանատու որոշում Հայկական ատոմակայանի վերագործարկումը: Ավելի ուշ կանդրադառնամ այդ խնդրի հետ կապված իմ անձնական հակասական վիճակին: Առայժմ ասեմ միայն, որ ՀԱԿ-ը, ինչպես և Հրազդանի ՊՇԵԿ-ը, կառուցել էր եղբայրս` Վազգեն Կազարովը (Ղազարյանը), սակայն Չեռնոբիլից հետո ստիպված էի միանալ Կանաչներին, երբ պատկերացնում էի նման մի աղետ Հայաստանում: Երբ որոշվեց վերագործարկել այն, առերես հակազդում էի, որովհետև հանդիպելով հանգուցյալ եղբորս Մոսկվայի գործընկերների հետ, պարզել էի, որ անհրաժեշտ է, և որ նրանք ի վիճակի են կատարելագործել ազդակային պաշտպանական համակարգը: Տագնապս պայմանավորված էր նաև ՀԱԿ-ում ստեղծված մի լարված պահով, երբ աշխատակազմի զգոնությունն ու օպերատիվությունը փրկեցին մեզ վերահաս աղետից: Ի վերջո դա իրագործվեց, թեև մինչ օրս իր արմատական լուծումը չի գտել թափոնների պահպանման կամ հեռացման խնդիրը:

Անշուշտ, առաջին շրջանում եղել են և՛ բացթողումներ, և՛ վրիպումներ, անհաջող կադրային նշանակումներ կամ որոշումներ, երկիմաստ ալյանսներ: Մեծամասամբ դրանք փորձի պակասի կամ սեփական հնարավորությունների գերագնահատման հետևանք էին: Եղան և իրենց շրջապատում թաթերը «տաքացնող» ճարպիկներ, վստահությունը չարաշահած «գործընկերներ»: Մի բան կարելի է վստահաբար պնդել՝ չարամիտ քայլեր առաջին մեկ-երկու տարում չեմ հիշում: Ուստի երբ ավելի ուշ անդրադառնանք որոշ բացթողումների, հիշենք նշածս հանգամանքները և լինենք հանդուրժող:

Առաջնորդների բարոյական խաթարումը սկսվեց ավելի ուշ, երբ նրանց համար գերխնդիր դարձավ զբաղեցրած պաշտոնների «հավերժացումը»: Նախագահի շուրջը հայտնվեցին գործիչներ, որոնց դժվար է շարժման ջատագովների շարքը դասել: Ավելի շուտ՝ հակառակը: Սկսվեց խորհրդարանի «խոցելի» պատգամավորների «մշակումը», որից հետո հնարավոր դարձավ անցկացնել արատավոր և՛ ընտրական օրենքը, և՛ սահմանադրությունը: Արցախը նրանց համար գլխավոր նպատակից հետզհետե (հատկապես 94-ի զինադադարից հետո) վերածվեց ծանր բեռի. դա արտահայտվեց և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության մեջ, ու որպես հետևանք՝ խեղաթյուրված ընտրություններ, համընդհանուր հիասթափություն, խորացող դժգոհություն, արտադրության շարունակվող քայքայում, ահագնացող արտագաղթ ու Լիսաբոնի կատարյալ պարտություն: Խոստովանեմ` տղաների ու հատկապես Լևոնի խորացող խոտորումը մեր որդեգրած վարքագծից և առաջին հերթին Արցախի հիմնախնդրի հանդեպ նրա մոտեցման արմատական փոփոխությունն ինձ համար ծանր հիասթափության և տևական ապրումների պատճառ դարձավ: Բանն այն է, որ Լևոնին առանձնացնում էի մյուս տղաներից՝ համարելով նրան հոգեպես ինձ ավելի մոտ: Երկուսս էլ կարոտում էինք մեր գիտաշխատանքը: Սկզբնական շրջանում, եթե չէր կեղծում, կիսում էր իմ անհամբերությունն Արցախի խնդրի շուտափույթ լուծման և մեր մասնագիտությանը վերադառնալու առթիվ: Պահանջվեց տարիներ տևած ներքին ծանր պայքար ինձ հաճելի կերպարի վերագնահատման համար: Սկզբնական շրջանի ելույթներիս և հոդվածներիս ընկերական մեղմ հորդորները հետզհետե ավելի խիստ քննադատական բնույթ ստացան: 95-ի և 96-ի ընտրություններից և հատկապես Արցախը հրապարակավ լքելուց հետո նա ինձ համար անձնավորեց մեր շարժման և ազգի հակառակորդի կերպարը, ինչի մասին հայտարարեցի 96-ի սեպտեմբերի 16-ին` իմ հեռուստաելույթում: Սակայն մինչ օրս ափսոսանքով եմ վերհիշում նրա բարոյական ինքնոչնչացումը:

 Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ”

Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:

-Ե. Չարենց

Պետք է խոնարհվել մեր ժողովրդի այն մեծամասնության առջև, որը սոցիալական և կենցաղային ծանրագույն պայմաններում (որոնց մի մասը կարծես ծրագրավորված էր նրա համառությունը կոտրելու ակնկալիքով` ասենք «երիտհայերի» իրագործած էներգակիրների հետ կատարված «գործարքը» դրան հաջորդած ցուրտ ու մութ ձմեռներով) չներեց «պայքար մինչև վերջ» վանկարկող իր նախկին կուռքի նահանջը և հավատարիմ մնաց Արցախի ապագաղութացման սուրբ գործին:

Հետաքրքիր է շարժման հակառակորդների և քննադատողների «անատոմիան»: Որոշ ընդհանրացումներով (անշուշտ բացառություններով) նրանց կարելի է բաժանել 2 բանակի. առաջինը կազմում են բարձր և միջին պարտնոմենկլատուրան, որոշ պետական պաշտոնյաներ (խոսքս արտադրության ղեկավարների մասին չէ. պարտտոմսը նրանց անհրաժեշտ էր իրենց մասնագիտական հնարավորություններն իրագործելու համար): Կեղծ քարոզչությամբ, «նվիրատվություններով» ձեռք բերված դիրքերը կորցնելու հեռանկարը մոբիլիզացրել էր նրանց ընդդեմ շարժման ավելի կամ պակաս ակտիվ գործողությունների: Հետագայում, երբ շարժումը հաղթեց, լենինիզմի այդ նվիրյալ մարտիկներն առանց վարանելու մի կողմ դրեցին հացի կարմիր գրքույկները (մեկ անգամ ևս հաստատելով այն փաստը, որ պարտտոմսերը պահել են ոչ թե սրտում, այլ ծոցագրպանում) և գունափոխվելով, այն էլ մեկ անգամ չէ, (ոմանք ԼՏՊ-ի աջակցությամբ) գրավեցին հանգուցային դիրքեր: Որոշ ապաշնորհ ու անազնիվ բախտախնդիրներ էլ պետական բարձր աթոռներին բազմեցին, ավա՜ղ, Վազգեն Սարգսյանի կամքով:

Ուստի առանձնահատուկ հարգանքի են արժանի նշված կատեգորիայի այն գործիչները, որոնք համազգային շահերն անվերապահորեն վեր դասեցին անձնականից: Ըստ իս, առաջին տեղին հավակնում է Իջևանի շրջանի նախկին ղեկավար Ջեմա Անանյանը, որը ոչ միայն շրջանը բարեկարգած հոգատար մայր էր ողջ շրջանի համար, այլև առաջին օրերից գործեց ի նպաստ շարժմանն ու մասնակցեց շրջանի պաշտպանական գործողությունների կազմակերպմանը:

Մեջբերում. (կամ, հազար ներողություն, «ք… սրտի մխիթարանք»)

Մեզ սփոփենք նրանով, որ դա զուտ հայկական երևույթ չէ: Սոցիալիզմի լենինյան-ստալինյան տարբերակի՝ «անառիկ ամրոցի» փլուզումն ի ցույց բերեց Գորբաչովի և իր նմանակների՝ Ելցինի, Ալիևի, Նազարբաևի, Շևարդնաձեի, Դեմիրճյանի, էլ չեմ ասում միջին մակարդակի «տոկուն բոլշևիկների» «հարգանք» ու զարմանք առաջացնող գաղափարական «սկզբունքայնությունը, հավատարմությունը կոմունիզմի ու լենինիզմի անմահ ուսմունքին», որի «կրակոտ» քարոզչությամբ ապահովել են իշխանական իրենց բարեկեցիկ գոյությունը: Փոքրաթիվ բացառությամբ նրանք բազմեցին նույն աթոռներին, նախապես փոխելով պաշտոնի անվանումը ու սկսնակի անփորձությամբ խաչակնքվելով ու նամազ կատարելով՝ անցան միանգամայն այլ գաղափարների ոչ պակաս «կրակոտ» քարոզչությանը: Ու ոչ մի փորձ չարեցին ղեկավարելու իրենց նախկին բարերար կոմպարտիան կամ, թեկուզ, հարելու նրան: “Свято место пусто не бывает” (սրբատեղը դատարկ չի մնում) … Տեսնելով, թե ինչպես են «աննկուն» կոմունիստները հապճեպ ցրվում նորաբույծ կուսակցությունների «կենսախորշերը», նրանց հերթափոխը խոհեմաբար զերծ մնաց նոր տեղերի խլխլոցից և խաղաղ հեծավ ազատված սայլը ու բարոյական նպաստավոր դիրքերից նզովեց «դավաճաններին»:

Մտքով անցկացրեք ԱՊՀ-ի խաչակնքող ու նամազ անող նախկին առաջին քարտուղարներին՝ այսօրվա կուռք-պրեզիդենտներին ու այլ բարձրաստիճան պարտգործիչներին ու համաձայնեք. «Համա թե երես ունեն»:

Ինձ զվարճացնում է նախկին կոմունիստների ուրացման շաբլոն դարձած միօրինակ վարքը. 20 տարուց ի վեր տևած ստալինյան մսաղացը, դրան զոհ գնացած միլիոնավոր անմեղներ (ուրացողներից շատերի նաև մոտ հարազատներ), դրանց թվում՝ մեր բոլորի հարազատներ Թոթովենցը, Չարենցը, Բակունցը, Նժդեհը, Խանջյանը, չսասանեցին նրանց նվիրվածությունը «հարազատ» պարտիային (կարծես կար ուրիշը), սակայն 90-ին միահամուռ ու միաժամանակ «գլխի ընկան» ու «հիասթափվեցին»…

Շարժումը կշտամբողների մյուս խումբը մտավորականներն են, հատկապես մտավորական վերնախավի այն ներկայացուցիչները, որոնք շարժման սկզբում վախվորած հետևում էին դեպքերի զարգացմանը: Հետագայում, տեսնելով կոմիտեականների ուռճացած համբավը, նախանձեցին ու չներեցին մեզ իրենց սեփական զգուշավորությունը: Ինքնարդարացման համար ընտրեցին շարժման և նրա լիդերների հետին թվով պսակազերծման ոչ ամենաարժանավայել եղանակը: «Բա դու չտեսա՞ր, թե դրանք ովքեր են, ” բազմիցս հանդիմանել են ակադեմիայի գործընկերներս, ” մենք քեզ էինք ճանաչում, քեզ հավատացինք…»: Նախ պատասխանեմ «Բա դրանք ովքեր էին…» սակրամենտալ հարց-կշտամբանքին. Իգոր Մուրադյան՝ տնտեսագետ գիտաշխատող, Վազգեն Մանուկյան և Բաբկեն Արարքցյան՝ համալսարանի գիտաշխատողներ (մաթեմատիկոսներ), Դավիթ Վարդանյան՝ ֆիզիկոս, գիտությունների թեկնածու, համալսարանի գիտաշխատող, Լևոն Տեր-Պետրոսյան՝ մատենադարանի գիտաշխատող, դոկտոր, Աշոտ Մանուչարյան և Սամսոն Ղազարյան՝ մանկավարժներ (առաջինը՝ դպրոցի ուսմասվար), Վանո Սիրադեղյան՝ գրող, Համբարձում Գալստյան, Ալեքսան Հակոբյան՝ այն օրերին ասպիրանտներ (պատմության, ազգագրության), Սամվել Գևորգյան՝ ռադիոյի աշխատող: Դրանցից մի քանիսը (Վազգենը, Բաբկենը, Դավիթը, Աշոտը, Համբարձումը և այլք) դեռ ուսանողական տարիներից ակտիվ էին ազգային-հասարակական կյանքում: Ակտիվ քաղաքական կյանքի բեմում էին ակադեմիկոսներ Սիլվա Կապուտիկյանը, Լենդրուշ Խուրշուդյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Լենսեր Աղալովյանը, միութենական ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը, ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանը, ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը, հրապարակախոս Զորի Բալայանը, բանաստեղծուհի Սեդա Վերմիշևան, բանասեր, դոկտոր Սուրեն Զոլյանը, Ռաֆայել Իշխանյանը, գրողներ Անահիտ Սահինյանը և Մարո Մարգարյանը, ինժեներ Հրանտ Խաչատրյանը և շատ ուրիշներ: Անմասն չմնացին ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը և կաթողիկոս Վազգեն I-ը: Պահեստային կոմիտեում էին Արշակ Սադոյանը, Վազգեն Սարգսյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Վիտյա Այվազյանը, Ավետիք Իշխանյանը, Աղասի Արշակյանը, Կիմ Բալայանը, Երջանիկ Աբգարյանը և այլք: Ինչպես տեսնում եք, բոլորն` անխտիր մտավորականներ: Համոզված եմ՝ ողջ լիներ Պարույր Սևակը, կգար մեզ հետ: Ուրեմն ինչու՞ պիտի վարանեի… Եվ վերջապես, սիրելի կուռքաշեն ժողովուրդ, եկեք ազնվաբար խոստովանենք` Լևոնը դուր էր եկել ոչ միայն մեզ, այլև ժողովրդի 82 տոկոսին, ինչը նա ապացուցեց 91-ի սև տեխնոլոգիաներից զերծ նախագահական ընտրություններում: Իսկ այսօր, մոռանալով սեփական հրճվանքը, կշտամբում եք մեզ. «Էս ի՞նչ արիք»:

Ու ամեն անգամ կրկնում եմ. «Դուք կանգնեիք իմ կողքին… Ու՞ր էիք, ինչ-որ չնշմարեցի հորիզոնում: Տեսա նրանց, ովքեր, անտեսելով վտանգը (դա անվիճելի ճշմարտություն է), նետվեցին շարժման հորձանուտը հանուն Արցախի ազատագրման»: Ու ամեն ինչ անմիջական էր, անկեղծ… Աստեղայինը հետո եկավ: Ուստի կանգնեցի նրանց կողքին ճիշտ այնպես, ինչպես 65-ին կանգնեցի Պարույր Սևակի, Սարգիս Մուրադյանի, Վարագ Առաքելյանի, Բագրատ Ուլուբաբյանի կողքին: Ու կրկին՝ հանուն Արցախի: Փորձում եմ արդարանալ. «Չէի կարող չմասնակցել այդ շարժմանն ու դրան գալիս էի մանկությանս օրերին արգելված Րաֆֆու, Մուրացանի վեպերով ու Անդրանիկի հրետանավորի՝ հայրիկիս, պատմածներով «թունավորված» մանկությունից: Եվ Հայ Դատով եմ հիվանդ, էլի մանկությունից: Ընդ որում, ի տարբերություն ՁԻԱՀ-ի, դրա դեմ չկա «Արմենիկում»… Միակ «դարմանը» Արմենիան է… Չէի կարող չնետվել 88-ի շարժման մեջ, ինչպես ծնողը նետվում է ջուրը՝ խեղդվող զավակին փրկելու բնազդով, անկախ լողորդի իր ունակություններից: Չմասնակցելը կբերեր բարոյական մահվան, անձիս կործանման: Աղոթախառն երախտիքս եմ ուղղում Աստծուն, որ արժանացրեց, թեև կյանքիս մայրամուտին, մասնակցելու Հայ Դատի առաջին քայլի իրականացմանը: Մնում է պահպանենք ու հիշելով Եսենինի վերը բերված տողերը՝ չշտապենք վերջնական վերդիկտը կայացնել:

Տեղին եմ գտնում այս թեզը լրացնել հետևյալ ենթաթեզով. 80-ականների վերջին տարիներին ստեղծված մթնոլորտում «Կռունկի» կամ «Ղարաբաղ» կոմիտեի նման ստրուկտուրայի երևան գալը անխուսափելի էր` պատմական անհրաժեշտություն: Իրոք, սովետական արգելք-մոխրի տակ 7 տասնամյակ մարմրող արցախյան ցավ-կրակը համազգային էր (ներառյալ Սփյուռքը): Պարտմուշտրա (խստավարություն) անցած նոմենկլատուրան, որը հոգու խորքում, համոզված եմ, միակարծիք էր ժողովրդին, ինչպես տեսանք, հոգեբանորեն պատրաստ չէր շարժման գլուխ կանգնելու: Այս պարագայում անհրաժեշտաբար պետք է ծնվեր մի ստրուկտուրա, որն իր վրա կվերցներ ժողովրդի «փողհարի» դերը և կապահովեր շարժման օրինական, սահմանադրական ձևը: Մասնավորապես, նույն դրույթն են պաշտպանում «Մոսկովսկայա տրիբունայի» «Սոգլասիե» թերթի մարտի 14-ի համարում տպագրված հոդվածի հեղինակները (Անդրեյ Սախարով և ուրիշներ): Բերենք մի հատված. «…Ղարաբաղյան շարժման կոմիտեի ձերբակալված ղեկավարները կրքեր չեն բորբոքել, այլ ազատության մեջ գտնված ժամանակ ջանացել են ուղղել այն (ժողովրդական զանգվածները – Ռ.Ղ.) խաղաղ և օրինական ճանապարհով… Տարերային աղետի առաջին իսկ ժամերին, տասնյակ հազարավոր մարդկանց հուսալքության, քաոսի և խառնաշփոթության պայմաններում շարժման առաջնորդներն ու ակտիվիստները գործուն մասնակցություն ունեցան փրկարար աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում…»: Չլիներ այս կազմի կոմիտեն` կծնվեր մեկ ուրիշը: Երբեմն ինձ հարցնում են` արդյո՞ք հնարավոր է այսօրվա վիճակին ադեկվատ (համարժեք) նման ստրուկտուրայի ծնունդը: Ցավում եմ, բայց կարծում եմ` ո՛չ: Վերջին տասնամյակի գերխնդիրը և գերվտանգը ողջ երկրի գոյությանը, էլ չեմ ասում քաղաքակիրթ հասարակարգի կայացմանը` սպառնացող կոռուպցիան է և նրանով պայմանավորված արտագաղթը: Ցավոք այս ահագնացող համազգային վտանգը չի կարող ծնել համազգային ընբոստացում: Իրոք, թեև ծանր վիճակում հայտնված բնակչության ճնշող մեծամասնությունը կտրուկ դատապարտում է ստեղծված կացությունը, սակայն մի զգալի շերտ, հարմարվելով տիրող պայմաններին, ապահովում է բավարար, ոմանք` բարգավաճ, գոյություն, ուստի ցնցումների հեռանկարը նրանց բոլորովին չի ոգևորում: Առաջին հերթին դա վերից վար կոռումպացված իշխանական բուրգն է` կաշառակերության մեջ թաղված չինովնիկական ստվար բանակը, որը չի խորշի ոչ մի միջոցից, որպեսզի կասեցնի ստեղծված բուրգի կայունությանը սպառնացող որևէ ոտնձգություն, դա և կաշառատվության հետ համակերպված փոքր ու միջին գործարարների խավն է, որը, ղեկավարվելով «Աստված բեթարից ազատի» ժողովրդական «իմաստախոսությամբ», չի ուզենա վտանգել դժվարությամբ ստեղծածը, դա նվազագույն պահանջները բավարարող աշխատավարձի տեր դարձած երջանիկներն են և այլն: Այսինքն երկրին սպառնացող վտանգը` կոռուպցիան, իր դեմ միավորելու փոխարեն տարբաժանում է բնակչությունը հակադիր բանակների` ամրացնելով իր դիրքերը: Տարանջատմանը, այս անգամ, իբր, գաղափարական հողի վրա, ցավոք, նպաստում է նաև կուսակցությունների երամակը, որոնց ճնշող մեծամասնությունը հետապնդում է նեղ կուսակցական, ի վերջո, կենցաղային բարեկեցության նպատակներ: Սոցիալական ծանր կացության դեմ պայքարն ընդունում է անձնավորված բնույթ` մեկին մղելով բարոյալքման, մյուսին` արտերկիր: Այն չի ոգևորում` հուսալքում է: Ուստի «Ղարաբաղ» կոմիտեի նմանակը չի կարող ծնվել: Նրան փոխարինում են կուսակցությունների դեպքից դեպք ստեղծվող դաշինքները, որոնք իրենց առջև դրված խնդիրը լուծելուց կամ տապալելուց հետո լուծարվում են և հաճախ` հակադրվում:

Վտանգը պիտի դառնա համընդհանուր, սպառնա բոլորի գոյությանը, որպեսզի միավորի իշխանամետ և ընդդիմադիր ուժերը` դառնա համազգային:

Թեզ 2. Արցախյան ազատագրական շարժումը սկսվեց պատմական միակ ճիշտ պահին:

Իրոք, գորբաչովյան «գլասնոստից» առաջ նման խնդիրներ լուծում էր միայն Կրեմլը: Որևէ նախաձեռնություն ներքևից վճռականապես (Ստալինի օրոք՝ դաժանաբար) կճնշվեր: Էլ չեմ ասում անկախության դրոշը «ժամանակավրեպ» բարձրացրած «Սասնա ծռերի» մասին: Նրանց սպասում էր Զատիկյան-Հայրիկյան կուսակցության հանդուգների ճակատագիրը:

Սակայն երբ նման ցանկություն անցավ Կրեմլի տիրոջ սրտով՝ Ղրիմ-ադամանդը շողշողաց Ուկրաինայի թագի վրա: Ցավոք, մենք չենք ունեցել նման բարձր դիրքի մեր Խրուշչովը: Մեր ղեկավարների քաղաքավարի դիմումները չխանդավառեցին Կրեմլին՝ չկար մոխրի տակ մարմրող ածուխը խառնելու արտաքին կամ ներքին դրդապատճառ: Ավելի հեռուն գնաց ազնիվ հայրենասեր Զարոբյանը. իր պատասխանատվությամբ կազմակերպված, միության մեջ նախադեպը չունեցող երթով սկիզբ առած համեստ շարժումն ի վերջո ճնշվեց (ստորև այդ մասին կխոսենք ավելի մանրամասն): Մյուս կողմից, «88-ը» անհնարին կդառնար 90-ից հետո. կդիտվեր որպես ագրեսիա անկախ պետության դեմ: Մինչդեռ 88-ին այն սկսվեց միասնական պետության մեջ՝ լիակատար համապատասխանելով այդ երկրում գործող սահմանադրությանը: Կասկածից վեր է, որ անկախանալուն պես Ադրբեջանն օպերատիվ կերպով (սումգայիթավարի) կլուծեր Արցախի հայաթափման «ձգձգված» խնդիրը: Թերահավատներն աչքի առաջ ունենան Սովետական ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների «եղբայրության» կրկներգի ներքո հայաթափված Նախիջևանը:

Մի քանի խոսք տարբեր տարիներին ողջ կոմիտեի կամ նրա առանձին անդամների հասցեին տարածվող ասեկոսեների մասին: Այսպես.

ա) «Այդ բոլորը Մոսկվան է սադրել». անկեղծ ասած տրամաբանություն չեմ տեսնում շարժումը սադրելու և այն ԶԼՄ-ների վայրահաչով նենգափոխելու, «Զվարթնոց», «Կոլցո» և այլ հետապնդումներ կազմակերպելու մեջ:

բ) «Կոմիտեի բոլոր կամ առանձին անդամներ ԿԳԲ-ի գործակալներ են»: Որքան գիտեմ այդ մեղադրանքը հաստատող ոչ մի փաստարկ չի ներկայացվել: Հաստատ գիտեմ, որ ես չեմ եղել: Ինչ վերաբերում է դաշնակցության կողմից Լևոնին դա վերագրելու փորձին, ապա, ինչպես ինձ բացատրեց Աշոտ Մանուչարյանը, դա անհեթեթություն է. այդ զորքերի սպան (Լևոնը լեյտենանտ էր) և «ստուկաչը» անհամատեղելի են:

գ) Վերջերս լսեցի «մտքի» ամենացնցող ու ամենակեղտոտ «պայծառացումը», որն իբր սփյուռքից է ներմուծվել. «կոմիտեի ձերբակալումը թատրոն էր». ըստ էության չենք ձերբակալվել (!?)… սրտի ինֆարկտն էլ, ըստ երևույթին, հանգստյան տանն եմ ստացել…

դ) «Բոլորը կաշառված են եղել»,-հայտարարեց ինձ մի «էլիտար մտավորական»: Խնդրեցի՝ հիշեցնի՝ որքա՞ն եմ ստացել: «Դու ու՞մ էիր պետք, քեզ օգտագործել են…»: Ասենք, այդպես է, սակայն վերհիշելով Աշոտի, Դավիթի, Սամսոնի, Խաչիկի, Սամվելի հետբանտային վիճակը, պետք է ենթադրեմ, որ բանտը զրկել էր նրանց հիշողությունից՝ մոռացել էին ստացված կաշառքի թաքստոցը: Իսկ Աշոտը մինչ օրս չի գտնում… Ի միջի այլոց շարժման առաջին տարիներին նույն այդ մտավորականը համառորեն սիրաշահում էր ինձ (և մյուսներին)՝ համոզված լինելով, որ ես այդքան «հարիֆ» չեմ գտնվի և օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ անպայման մի «լավ» պաշտոն կչանթեմ: Նեղանալով մեր անդրդվելիությունից ու հիասթափվելով իմ անբուժելի «անբաշարությունից»՝ գտավ «մուռը հանելու» իր «վսեմ» միջոցը: Երևի այդքանը…

Հետադարձ հայացք գցելով կարող ենք փաստել. Արևմուտքը եռանդուն «թեժացնում» էր ամենափոքր կրակը ԽՍՀՄ-ի (որն արդեն դատապարտված էր) փլուզումն արագացնելու ձգտումով: Հիշենք, թե ինչ գրոհի ու ճնշման ենթարկեցին Գորբաչովին պետությունների ղեկավարներ, պետական ու հասարակական գործիչներ, սենատորներ, գիտնականներ` ի սատար Արցախյան շարժման ու ձերբակալված լիդերների: Եվ տրամագծորեն հակառակ ինչ դիրք են գրավել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ տեսնում են Արցախն այն Ադրբեջանի կազմում միայն, որը 70 տարի բոլոր միջոցներով լուծում էր նրա հայաթափման «սուրբ» առաքելությունը…

Այնուհանդերձ, անգամ եթե ընդունենք այս կամ այն արտաքին ուժերի սադրիչ միջամտության փաստը, ապա և՛ դրանք, և՛ Արևմուտքի անբարո քաղաքականությունը մեր (88-ի) պարագայում կանխորոշեցին շարժման սկսվելու ճիշտ պահը: Ուստի, իմ խորին համոզմամբ, պահի ընտրությունն Աստծո կամոք է եղել, որն առկա էր նաև մեզանից քանակով և սպառազինությամբ զգալի գերազանցող հակառակորդի դեմ ձեռք բերած հաղթանակում: Ու եթե հավատանք դրան, ապա գուցե ավելի զուսպ լինենք եսապաշտական ամեն տեսակի դրսևորումներում: Գուցե մեզ տրված վերջին քննությո՞ւնն է դա:

Շարունակելի ..


Հատված Ռաֆայել Ղազարյանի «Հաշվետու եմ» գրքից (Երևան, 2003)

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ