Կրեմլը հայտնիություն է վայելում Մերձավոր Արևելքում, որտեղ Ռուսաստանի ռազմական միջամտությունը Սիրիայում փոխեց երկրի քաղաքացիական պատերազմի ընթացքը: Կրեմլի գործողությունները Մերձավոր Արևելքում ունեն խորը պատմական արմատներ, բայց հնարավոր ռուսական ազդեցությունը չպետք է չափազանցված լինի:

Արդյո՞ք Ռուսաստանը փորձում է փոխարինել Միացյալ Նահանգներին որպես Մերձավոր Արեւելքի խոշորագույն էներգետիկ միջնորդ

Չնայած քաոսին, որ սանձազերծվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսային Սիրիայից զորքի կտրուկ դուրսբերման արդյունքում, սխալ կլիներ ենթադրել, թե Ռուսաստանը ցանկանում է ամբողջովին թուլացնել ԱՄՆ-ի դերը Մերձավոր Արևելքում: Ռուսաստանի ղեկավարները, հավանաբար, ցանկանում են, որ Մոսկվան ԱՄՆ-ի հետ լինի հավասար դիրքերում և տարածաշրջանային էներգետիկ միջնորդ հանդիսանա:

Կրեմլը զգույշ է եղել, որպեսզի չգերլարի իրավիճակը: Այն Սիրիայում տեղակայել է համեմատաբար փոքր թվով զինծառայողների և ռազմական գործողությունները կազմակերպել է այնպես, որ նվազագույնի հասցնի ռուսական կողմի զոհերի ռիսկը: Իհարկե, ռուսական զինված ուժերը փորձել են զսպված մնալ դաժան օդային գրոհ իրականացնելիս, որի հետևանքով զոհվեցին բազմաթիվ սիրիացիներ: Սակայն նրանք զգույշ էին իրենց անձնակազմին վտանգի տակ չդնելու հարցում:

Ինչպե՞ս է Ռուսաստանն օգտագործում Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ի քաղաքական դաշտում կատարված փոփոխությունները Մերձավոր Արևելքի առնչությամբ

Մի կողմ թողնելով Թրամփի ծայրաստիճան իմպուլսիվ մոտեցումը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը կարգավորելու հետ կապված բեմադրությանը, տխուր իրականությունն այն է, որ ԱՄՆ-ն վերջին երկու տասնամյակների ընթացքում գերագնահատել է ինքն իրեն Մերձավոր Արևելքում, իսկ Ռուսաստանը՝ ոչ: Կրեմլը զերծ է մնում մասշտաբային ռազմական պարտավորություններից Մերձավոր Արևելքի նկատմամբ: Մենք չենք տեսել Պուտինին Մերձավոր Արևելք հարյուր հազարանոց զորք ուղարկելիս:

Կրեմլն առավել բազմաբնույթ նպատակներ է հետապնդում, քան այն, ինչին ԱՄՆ-ն փորձեց հասնել նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշի օրոք: Ռուսաստանը գոհ էր ներկա իրավիճակից։ Այն շահագրգռված էր ոչ թե ժողովրդավարության խթանմամբ, այլ` կայունությամբ: Ռուսաստանի ղեկավարները շարունակում են ԱՄՆ քաղաքականությունը տեսնել որպես ողջ տարածաշրջանը խիստ ապակայունացնող գործոն, ներառյալ Իրանի հետ վերջերս լարված հարաբերությունների սրացումը։

Ի՞նչ էր անում Ռուսաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում

Ռուսաստանը հայտնվել է Մերձավոր Արևելքում որպես առանցքային ուժային միջնորդ և ռազմական դերակատար: 2015-ին այն  Սիրիա ուղարկեց իր օդուժը և սահմանափակ թվով ցամաքային զորքեր: Այդ միջամտությունը փոխեց սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքը և փրկեց նախագահ Բաշշար ալ-Ասադի ռեժիմը պարտության նմանվող իրավիճակից։

Օգտագործելով իր հաջողությունները Սիրիայում որպես պլացդարմ՝ Ռուսաստանը վերափոխեց հին հարաբերությունները ողջ տարածաշրջանում և ստեղծեց նորերը: Կրեմլը նպաստել է իր ուշադրության գրավականի աճին Պարսից ծոցի արաբական պետությունների շրջանում: Մոսկվան ցույց է տալիս տարածաշրջանի ղեկավարներին, որ կարող է լինել հուսալի գործընկեր ի տարբերություն Միացյալ Նահանգների, որը ավելի քան երեք տասնամյակից ավելի համագործակցություն ունենալուց հետո խզեց կապերը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հետ՝ չնչին դժվարության բախվելու արդյունքում: Ի հակադրություն, Կրեմլը հիսուն տարի շարունակ բիզնես է վարել Սիրիայի Ասադի ընտանիքի հետ և սատարել է նրան։ 

Մերձավոր Արևելքի քաղաքականության մեկ այլ ուշագրավ իրադարձություն էր Ռուսաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացումը: Իսրայելը տարածաշրջանի ամենահզոր ռազմական առաջնորդն է, որի ազդեցությունը համաշխարհային բեմում շատ ավելին է, քան իր տարածքը: Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնման շնորհիվ, Ռուսաստանն այժմ, ըստ էության, Իսրայելի հարևանն է, ինչը վճռորոշ է Սիրիայում Իրանին և նրա աջակիցներին դիմակայելու հարցում:

Ո՞րն է  Ռուսաստանի պատմությունը Մերձավոր Արևելքում 

Մերձավոր Արևելքի հետ Ռուսաստանի կապերը դարերի պատմություն ունեն և կարևոր հիմք են ապահովում հետագայի համար: Տաք ջրերի նավահանգիստների որոնումից և 18-րդ դարում միջերկրածովյան տարածքներ մուտք գործելու հնարավորության փորձից մինչև 19-րդ դարում Օսմանյան երկրներում ապրող հայրենակից ուղղափառ քրիստոնյաներին պաշտպանելու իր քաղաքականությունը, Ռուսաստանը պատմականորեն հանդիսացել է մերձավորարևելյան քաղաքականության և աշխարհաքաղաքականության գործոն: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, գաղութարար տերությունների անկումից հետո, Ռուսաստանը ինքնիշխանություն հաստատեց արաբական նոր պետություններում: Դեռ վաղուց այն զենքի խոշոր մատակարարն էր տարածաշրջանի շատ երկրներում:

Ինչու՞ է Ռուսաստանն այժմ ցանկանում իր ներկայությունն ապահովել Մերձավոր Արևելքում

Ռուսաստանը մեծ տերություն է: Որպես այդպիսին, Կրեմլը ցանկանում է ցույց տալ, որ հանդիսանում է աշխարհի կարևորագույն շրջաններից մեկը, որտեղ հատվում են շատ տերությունների շահեր՝ ԱՄՆ, Եվրամիություն և, նույնիսկ Չինաստան: Ռուսաստանը պարզապես «տարածաշրջանային տերություն» չէ (ինչպես ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման էր արհամարհանքով բնորոշել ժամանակին): Կրեմլը առաջ է մղում սեփական շահերը և ցույց է տալիս, որ Ռուսաստանն առավել հաստատակամ կարող է դուրս գալ իր շրջագծից:

Մոսկվան փորձում է վերականգնել երկարամյա հարաբերությունները Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ այն բանից հետո, երբ վերջիններս կտրուկ թուլացրին կապերը 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին: Ռուսաստանը և Պարսից ծոցի երկրները հանդիսանում են նավթի և գազի խոշոր արտահանողներ և հսկայական բաժնեմասեր ունեն էներգիայի համաշխարհային շուկաներում: Նավթը և գազը չափազանց կարևոր են Ռուսաստանի տնտեսության, ներքին քաղաքական կայունության, շարունակական արտաքին քաղաքականության ու ռազմական ձեռնարկների ֆինանսավորման կարողության  համար:

Ռուսաստանի վերաբերյալ ի՞նչը կզարմացնի Մերձավոր Արևելքի ժողովրդին

Մերձավոր Արևելքում Ռուսաստանի երկարամյա պատմությունն ու հարաբերությունների կապը անտեսելու միտում կա: Շատերը որպես սահմանված կարգ ընդունեցին 90-ականներին Ռուսաստանի՝ Մերձավոր Արևելքի տեսադաշտից դուրս գալու համեմատաբար կարճ ժամանակահատվածը: Բայց դա, իրականում, մոլորություն էր:

Մյուս անակնկալը Ռուսաստանի և Իսրայելի միջև սերտ կապն է: Իսրայելցիները հպարտանում են, որ հանդիսանում են Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավար պետությունը և ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը տարածաշրջանում: Սառը պատերազմի ընթացքում Խորհրդային Միությունը սատարում էր Իսրայելի երդվյալ թշնամուն՝ Պաղեստինի ազատության կազմակերպությանը, իսկ հակասեմիտիզմը սովետական ​​քարոզչության հիմնաքարն էր:

Բայց այսօր Ռուսաստանն ու Իսրայելը շատ սերտ հարաբերություններ ունեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարեկամական կապեր ունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դոլարային արժեքը կարող է այդքան էլ տպավորիչ չլինել, բայց մարդկային կապերը չափազանց սերտ են՝ մասամբ շնորհիվ առանց վիզայի մուտքի տուրիստական ռեժիմի: Իսրայելում յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի արմատներով Ռուսաստանից է կամ նախկին Սովետական ​​Միությունից և, հավանաբար, ռուսախոս է:

Որքանո՞վ է ոգեշնչող ռուսական հանրության կարծիքը Մերձավոր Արևելքում Պուտինի վարած ռազմավարության վերաբերյալ

Դժվար է ասել, քանի որ Ռուսաստանում Պուտինի ժողովրդականությունը նվազել է: Հնչում է ավելի վատ, քան իրականում է, քանի որ նա որևէ մրցակցություն չունի, և իր քաղաքական հակառակորդներից ոչ ոք հնարավորություն չունի մարտահրավեր նետել։

Հետևաբար, իր հեղինակությունն ընտրություններում նշանակություն ունի, քանի որ ժողովրդականությունն ունի օրինականացնող հատկություն: 2014-ին Ղրիմի բռնակցումը մեծ խթան տվեց Պուտինին: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի նոր նշանակությունը նպատակ ունի ցույց տալ, որ Ռուսաստանը մեծ տերություն է, և որ Պուտինը «կրկին Մեծ Ռուսիայի ճանապարհին է»:

Բայց այս խաղաքարտն օգտագործելն ունի իր սահմանափակումները: Ռուսներն իրենց ներքին քաղաքականության մասին ասում են. «Դա մրցակցություն է հեռուստացույցի և սառնարանի միջև»: Այլ կերպ ասած, լավ նորությունն ու քարոզչությունը հեռուստատեսությամբ կոչված են մեկի դատարկ սառնարանը լցնելու: Ըստ վերջին հարցումների հեռուստատեսության արդյունավետությունը նվազում է:

Ինչպիսի՞ն է Ռուսաստանի ապագան Մերձավոր Արևելքում

Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայի համար կմնա Մերձավոր Արևելքի կարևոր դերակատար: Կրեմլը զգույշ է եղել հաղթանակած չերևալու հարցում: Այն ավելորդ հայտարարություն չէր անում և իրականացնում էր ակտիվ դիվանագիտական ​​ռազմավարություն, որը Ռուսաստանին շատ քիչ կորուստ է հասցրել։

Միացյալ Նահանգների մի մասի համար Ռուսաստանը կարող է թվալ որպես փլուզվող տերություն: Բայց շատ այլ երկրների համար այն մեծ դիվանագիտական ​​դերակատար է և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ​​անդամ: Քիչ հավանական է, որ  Ռուսաստանը հանդես կգա որպես ռազմական դերակատար՝ Միացյալ Նահանգների հետ համեմատելի մասշտաբով: Ռուսաստանն իրեն դիրքավորում է ոչ թե որպես գերիշխող խաղացող, այլ որպես այնպիսի երկիր, որը հնարավորություն կունենա մարտահրավեր նետել այն մյուս երկրներին, որոնք ձգտում են տարածաշրջանում գերիշխող դառնալ: Թվում է, թե խելացի ժխտման ռազմավարություն է, որը կարող է շատ բան լրացնել համեմատաբար փոքր առաջատար ներդրումներով:

Ռուսաստանը շատ լավ աշխատանք է կատարում իր դիրքերն ընդլայնելու համար: Կախված նրանից, թե ինչպես է դա չափվում, Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 3 տոկոսը: Բայց Ռուսաստանին հաջողվել է շատ ավելի մեծ դեր խաղալ համաշխարհային շուկայում: Մերձավոր Արևելքն այն վայրերից մեկն է, որտեղ Ռուսաստանն առավելություն է վայելում իր ներկայությունն ընդլայնելու հարցում:

Որո՞նք են այդ առավելությունները 

Ռուսաստանն օգտագործում է Մերձավոր Արևելքում ներգրավվածության երկարամյա պատմություն, և սա աշխարհի այն մասն է, որտեղ պատմությունը նշանակություն ունի: Աշխարհագրական դիրքով Ռուսաստանը տարածաշրջանում համարվում է հարևան երկիր։ Եվ այն վարել է շատ ակտիվ դիվանագիտություն ողջ Մերձավոր Արևելքում:

Նույնքան կարևոր է, որ Ռուսաստանն ընդունում է այդ երկրներին և ղեկավարներին այնպիսին, ինչպիսին նրանք կան, ոչ թե ինչպես ինքն է ցանկանում, որ վերջիններս լինեն: Մինչև Թրամփի ղեկավարման ժամանակաշրջանը Միացյալ Նահանգները հաճախ պնդում էր, որ երկրներն ընդունեն իր վերափոխող նպատակները որպես լավ հարաբերությունների պայման: Ռուսները նման հավակնություններ չունեն:

Արդյո՞ք Ռուսաստանը որոշ ռիսկերի է դիմում՝ ընդգրկվելով Մերձավոր Արևելքի քաղաքականության և հակամարտությունների մեջ

Միանշանակ. Ռուսական զինուժը զգաց հաղթանակի համը Սիրիայում: Դա կարող է կախվածություն առաջացնել: Հարցը հետևյալն է՝ նրանք բավարարվա՞ծ կլինեն տարածաշրջանում իրենց համեմատաբար համեստ դիրքում մնալու համար, թե՞ գայթակղվելու են այլ հակամարտություններում ավելի անմիջականորեն ներգրավվելով: Ռուսերեն մի ասացվածք կա՝ ախորժակն ուտելիս է գալիս: Մինչ այժմ նրանք զգուշավոր են եղել, բայց ռիսկ միշտ էլ կա։

Կա նաև Իրանի հետ գործ ունենալու մարտահրավեր: Սիրիայի հարցում ռուսական և իրանական շահերը չեն համընկնում:

Ռուսաստանը շահագրգռված չէ Սիրիայում կամ նրա սահմաններից դուրս հակամարտության ձգձգումով: Բայց Իրանը և նրա աջակիցներն իրենց ուշադրությունը սևեռել են դիմակայող Իսրայելի վրա: Դա կարող էր Ռուսաստանի հետ տարաձայնության աղբյուր դառնալ, ինչը դժվար կլինի կառավարել:

Եթե ​​ռուսները ցանկանում են իսկական էներգետիկ միջնորդ լինել տարածաշրջանում, լինելով այն կողմը, որի հետ բոլորը կապ ունեն, կարող է բավարար չլինել: Նրանք ստիպված կլինեն իրենց ուժերը գործադրել աշխատելու, կողմեր ներգրավելու և որոշ դերակատարների հակազդելու ռիսկերը կառավարելու համար: Սա կլինի դիվանագիտական ​​մարտահրավեր, նույնիսկ եթե Ռուսաստանի համար անվտանգության խնդիր չլինի:

Այս հետազոտությունն իրականացվել է Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության, Ռուսաստանի ռազմավարական նախաձեռնության ֆինանսական աջակցությամբ: Տեսակետներն ու եզրակացությունները հեղինակի կարծիքներն են և չպետք է մեկնաբանվեն որպես Միացյալ Նահանգների Կառավարության արտահայտված կամ ենթադրյալ պաշտոնական քաղաքականություն: Լրացուցիչ ֆինանսավորում են տրամադրել Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:

Թարգմանիչ՝  Լորան Օհանյան (Loran Ohanyan), խմբագիր՝ Անի Առստամյան (Ani Arstamyan)  © Բոլոր իրավունքները պաշտպանված են: