Մեծ դեպրեսիայից ի վեր ամենախորը տնտեսական անկումը

Մեծ ինքնամեկուսացում. ամենախորը տնտեսական անկումը Մեծ դեպրեսիայից ի վեր

Հունվարին «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցի վերջին տեղեկագրի հրապարակումից հետո, անցած երեք ամիսների ընթացքում աշխարհը կտրուկ փոխվել է: Հազվագյուտ աղետը՝ կորոնավիրուսային համավարակը, հանգեցրել է մեծ թվով մարդկային կյանքերի ողբերգական կորստի: Համավարակի տարածումը կանխելու նպատակով երկրների՝ անհրաժեշտ մեկուսացման և սոցիալական հեռավորության միջոցառումների սահմանման արդյունքում աշխարհը հայտնվել է «Մեծ ինքնամեկուսացման» մեջ: Տնտեսական գործունեության հետագա անկման մասշտաբը և արագությունը մեր ժամանակների համար աննախադեպ են:

Այս ճգնաժամի նմանը երբևէ չի եղել, և բնակչության կյանքի ու տնտեսական իրավիճակի վրա դրա ունեցած ազդեցությունը անորոշ է: Շատ բան կախված է վիրուսի համաճարակաբանությունից, զսպման միջոցների արդյունավետությունից և դեղերի ու պատվաստանյութերի մշակումից, որոնք դժվար է կանխատեսել: Բացի այդ, այժմ շատ երկրներ գտնվում են բազմաթիվ ճգնաժամերի մեջ՝ առողջապահության, ֆինանսական ոլորտներում, ինչպես նաև բորսայական ապրանքների գների անկում, որոնք բարդ ձևով փոխազդում են միմյանց վրա: Կառավարող մարմիններն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում հանրությանը, ընկերություններին և ֆինանսական շուկաներին։ Չնայած այդ միջոցառումները կարևոր նշանակություն ունեն տնտեսության կայուն վերականգնման համար, դեռևս անորոշ է, թե ինչպիսին կլինի տնտեսական լանդշաֆտը մեկուսացումից հետո:

Ենթադրելով, որ տարվա երկրորդ կեսին սպասվում է տնտեսական անկում, իսկ աշխարհի շատ երկրներում համավարակի գագաթնակետն ու զսպման անհրաժեշտ միջոցառումների ընդունումը կլինի երկրորդ եռամսյակում, «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների» ապրիլյան համարում մենք 2020թ․ կանխատեսում ենք մինչև 3% գլոբալ տնտեսական աճի անկում: 2020թ․ հունվարին կանխատեսված 6,3%-ի նվազումը շատ մեծ վերանայում է այդպիսի կարճ ժամանակահատվածի համար: Այսպիսով, Մեծ ինքնամեկուսացումը դառնում է ամենամեծ տնտեսական անկումը Մեծ դեպրեսիայից ի վեր և շատ ավելի լուրջ է, քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:

Այն պայմանով, որ համավարակը կնահանջի 2020թ․ երկրորդ կեսին, իսկ ամբողջ աշխարհում ընդունված քաղաքականության միջոցառումները կկարողանան արդյունավետորեն կանխել ընկերությունների մեծածավալ սնանկացումը, աշխատատեղերի լայնածավալ կրճատումը և համակարգային մասշտաբով ֆինանսական լարվածությունը, մենք կանխատեսում ենք, որ համաշխարհային տնտեսությունը 2021թ. մինչև 5,8 տոկոսով կվերականգնվի:

2021թ․ վերականգնումը կլինի միայն մասնակի, քանի որ կանխատեսումների համաձայն տնտեսական ակտիվության մակարդակը նախքան վիրուսի տարածումը 2021թ․ համար կանխատեսված մակարդակից ցածր կլինի: Համավարակով պայմանավորված ճգնաժամում համաշխարհային ՀՆԱ-ի համախառն կորուստները 2020 և 2021 թվականներին կարող են կազմել մոտ 9 տրիլիոն դոլար, ավելին, քան Ճապոնիայի և Գերմանիայի տնտեսությունների չափերը միասին վերցված:

Սա, իսկապես, գլոբալ ճգնաժամ է, որը չի շրջանցելու որևէ երկիր: Հատկապես ուժեղ ապակայունացման են ենթարկվում այն պետությունները, որոնց տնտեսության աճը կախված է զբոսաշրջությունից, ճանապարհորդությունից, հյուրընկալության և զվարճանքների ոլորտից: Զարգացող և անցումային տնտեսության երկրները բախվում են լրացուցիչ դժվարությունների կապիտալի հոսքերի ուղղության աննախադեպ փոփոխության պատճառով, որը կապված է ռիսկի դիմելու պատրաստակամության նվազման, ինչպես նաև արժութային ճնշումների նկատմամբ զգայունության մեծացման հետ. այնուամենայնիվ, նրանց առողջապահական համակարգերը պակաս զարգացած են, և բյուջետային հնարավորությունները աջակցություն ցույց տալու համար սահմանափակ են: Բացի այդ, մի շարք երկրներ հաղթահարել են այս ճգնաժամը խոցելի պայմաններում՝ թույլ աճով և պարտքերի բարձր մակարդակով:

Մեծ դեպրեսիայից ի վեր առաջին անգամ տնտեսական անկում է նկատվել ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում։ Այս տարի զարգացած երկրներում տնտեսական աճը կանխատեսվում է -6,1%: Զարգացող և անցումային տնտեսության երկրներում, որոնք սովորաբար ունեն տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր, քան զարգացած երկրները, նույնպես կանխատեսվում են տնտեսական աճի բացասական տեմպեր` 2020թ.՝ -1,0% չափով (-2.2%` առանց Չինաստանը հաշվի առնելու)։ Ավելի քան 170 երկրում կանխատեսվում է մեկ շնչի հաշվով եկամտի անկում: 2021թ. մասնակի վերականգնում սպասվում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում։

Այլընտրանքային անբարենպաստ սցենարներ

Նկարագրված սցենարը հիմնականն է, բայց, հաշվի առնելով առողջապահական ճգնաժամի տևողության և խորության ծայրահեղ անորոշությունը, մենք դիտարկում ենք նաև այլընտրանքային ավելի անբարենպաստ սցենարները: Համավարակը կարող է այս տարվա երկրորդ կեսին չնահանջել, ինչը կհանգեցնի միջոցառումների երկարաձգման, ֆինանսական պայմանների վատթարացման և գլոբալ մատակարարման ցանցերի շարունակական քայքայման: Այս դեպքում համաշխարհային ՀՆԱ-ն ավելի շատ կնվազի։ Եթե համավարակն այս տարի ավելի երկար տևի, ՀՆԱ-ն կնվազի լրացուցիչ 3 տոկոսով, իսկ 2021 թվականին շարունակվելու դեպքում՝ մինչև 8 տոկոսով՝ համեմատած մեր հիմնական սցենարի հետ:

Քաղաքականության բացառիկ միջոցառումները

Մեկուսացման ռեժիմի միջոցով Covid-19-ի տարածումը կանխելը թույլ է տալիս առողջապահական համակարգերին հաղթահարել հիվանդությունը, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս շարունակել տնտեսական գործունեությունը: Այս իմաստով ընտրություն չկա կյանք փրկելու և գոյության միջոցների ապահովման միջև: Երկրները պետք է շարունակեն ֆինանսավորել առողջապահական համակարգերը, իրականացնել մասշտաբային թեստավորում և զերծ մնալ բժշկական նշանակության պարագաների վաճառքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելուց: Գլոբալ ջանքերը պետք է ուղղված լինեն ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ երկրներին մշակվող անհրաժեշտ դեղերին և պատվաստանյութերին արագ հասանելիություն ապահովելուն։

Տնտեսության դադարի պայմաններում, երբ համավարակի սուր փուլն ավարտված կլինի, ղեկավարող մարմինները պետք է կարողանան բնակչության համար ստեղծել հնարավորություն՝ բավարարելու իրենց պահանջմունքները, իսկ բիզնեսին՝ վերսկսելու գործունեությունը: Շատ ղեկավարող մարմինների կողմից արդեն ընդունված դրամավարկային, հարկաբյուջետային, ֆինանսական քաղաքականությունների լայն, ճիշտ ժամանակին և նպատակային միջոցառումները (ներառյալ վարկային երաշխիքները, իրացվելիության ապահովման մեխանիզմները, պարտքերի հետաձգումը, գործազրկության երկարաձգված ապահովագրությունը, ավելացված նպաստներն ու հարկային արտոնությունները) փրկօղակ հանդիսացան բնակչության և բիզնեսի համար: Նման աջակցությունների տրամադրումը պետք է շարունակվի հիվանդության տարածումը կանխելու ընթացքում, որպեսզի նվազագույնի հասցվեն այն անուղղելի հետևանքները, որոնք կարող են նկատվել այս լուրջ անկման ընթացքում ներդրումների և աշխատատեղերի կրճատման արդյունքում:

Ղեկավար մարմինները նույնպես պետք է պլանավորեն վերականգնման միջոցառումներ: Սահմանափակման միջոցառումների ավարտից հետո քաղաքականության միջոցառումները պետք է ուղղվեն  լրացուցիչ պահանջարկի ձևավորմանը՝ խթանելով աշխատողների վարձումը և վերականգնելով մասնավոր ու պետական ​​հատվածներում հաշվեկշիռները, որպեսզի նպաստեն տնտեսության զարգացմանը: Բյուջետային խթանումները, որոնք հետևողականորեն իրականացվում են բյուջետային հնարավորություններ ունեցող երկրներում, օգուտ կբերեն բոլոր երկրներին: Հնարավոր է, որ պարտքերի մարման կամ վերաձևակերպման փուլում պահանջվի պարտքերի մարման տևողության երկարացում:

Բազմակողմ համագործակցությունը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության առողջացման համար: Զարգացող երկրներում անհրաժեշտ ծախսերը սատարելու համար երկկողմ պայմանագրերով միջոցներ տրամադրող վարկատուները և միջազգային ֆինանսական հաստատությունները պետք է ապահովեն ֆինանսավորում, դրամաշնորհներ և պարտքերի մարման թեթևացում:

Առաջատար կենտրոնական բանկերի միջև վարկային փոխանակման գծերի ակտիվացումը և կայացումը նպաստել են միջազգային իրացվելիության պակասի նվազեցմանը և, հնարավոր է, որ այդպիսի միջոցառումներ իրականացվեն ավելի մեծ թվով երկրներում: Համատեղ ջանքեր են հարկավոր աշխարհի դեգլոբալիզացիան կանխելու համար՝ խուսափելու արդյունավետության հետագա անկման արդյունքում վերականգնման գործընթացին պատճառված վնասներից:

Մենք՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, ակտիվորեն օգտագործում ենք մեզ հասանելի ռեսուրսները՝ խոցելի երկրներին աջակցելու նպատակով իրականացնել 1 տրիլիոն դոլարի չափով վարկավորում, ներառյալ արտակարգ ֆինանսավորման հաշվին միջոցների արագացված տրամադրմամբ, ինչպես նաև թեթևացնելով անդամ աղքատ երկրների պարտքերի սպասարկման բեռը, և հորդորում ենք պաշտոնական երկկողմ դոնորներին անել նույնը:

Կան հուսադրող նշաններ, որ առողջապահական այս ճգնաժամը շուտով կավարտվի: Մինչ այժմ երկրները առաջընթաց են արձանագրել վիրուսի տարածումը կանխելու հարցում սոցիալական հեռավորության պահպանման, թեստավորման և շփումների բացահայտման միջոցով, իսկ դեղերը ու պատվաստանյութերը կարող են հայտնվել ավելի արագ, քան սպասվում է:

Այս ընթացքում մենք բախվում ենք ծայրահեղ անորոշության՝ կապված ապագայի հետ: Ճգնաժամի մասշտաբի և արագության համամասնությամբ ներքին և միջազգային քաղաքականության պատասխան միջոցառումները պետք է կրեն մասշտաբային բնույթ, արագ տեղակայվեն և նոր տվյալների ի հայտ գալու ժամանակ անհապաղ ճշգրտվեն։ Այս ճգնաժամը միասին հաղթահարելու համար ողջ աշխարհի ղեկավար մարմինների ջանքերը պետք է համեմատելի լինեն բժիշկների և բուժքույրերի քաջարի աշխատանքի հետ:


Թարգմանիչ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: