Ինլայթ համալսարան EnlightTalks Բանախոսություն «Հարկային օրենսգիրքը և դրա բովանդակությունը» թեմայով

Բանախոսություն «Հարկային օրենսգիրքը և դրա բովանդակությունը» թեմայով

#EnlightTalks բանախոսությունների շարք՝ «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում: 

Օգոստոսի 10-ին վելուծական պրակտիկայի շրջանակներում տեղի ունեցավ «Ինլայթ»-ի վերլուծաբաններ, մասնագիտությամբ տնտեսագետներ Մարիաննա Մանվելյանի և Մարիամ Խաչատրյանի համատեղ բանախոսությունը՝ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ հարկային հաշվառման մասին» թեմայի շուրջ։

Հանդիպման ընթացքում խոսվեց հարկային օրենսգրքի բովանդակության մասին և առավել մանրամասն այն մասին, թե ինչ է եկամտային հարկը, անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը և շահութահարկը։

Բանախոսները հանդիպման սկզբում նաև կարճ ներկայացրին՝ ինչ է հարկային հաշվառումը և ինչպես է այն առաջացել։ Արդ՝ հարկային հաշվառման առաջացման հիմնական պատճառը հասարակության շրջանում պետության դերի մեծացումն էր։ Սկզբում առավել տարածված էր ֆինանսական և հաշվապահական հաշվառումը, իսկ հարկային հաշվառումը ձևավորվել էր հիմնականում պատերազմը ֆինանսավորելու նպատակով։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ առաջացել էր դրամական միջոցների դիֆիցիտ պետական բյուջեն լրացնելու համար պետությունը ստեղծեց հարկերը։

Ներկայացնելով եկամտային հարկը՝ նշվեց, որ այն հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկն է, որը մյուս բոլոր հարկերի տեսակների նման ունենալով հարկման օբյեկտ (ֆիզիկական անձանց համախառն եկամուտը) ու հարկման բազա (համախառն եկամտի և համապատասխան նվազեցումների տարբերությունը), վճարվում է պետական բյուջե։ Անդրադարձ կատարվեց նաև եկամտահարկի հաշվարկման հաշվեգրման և դրամարկղային մեթոդներին:

Խոսելով եկամտի ստացման աղբյուրների մասին՝ նշվեց, որ դրանցից են աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ստացվող աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտները, պասիվ եկամուտները (տոկոսներ, վարձակալական վճարներ, շահաբաժիններ, ռոյալթի) և այլ եկամուտներ։ Խոսվեց նաև նվազեցվող եկամուտների մասին։

Այնուհետև բանախոսներն անդրադարձան անշարժ գույքի հարկին և փոխադրամիջոցների գույքահարկին։ Ինչպես նաև ներկայացվեց անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի դեպքում տեղական բյուջե վճարման ենթակա հարկի գումարի հարկման կարգը։

Բանախոսները անդրադարձան նաև շահութահարկին, շահութահարկ վճարող սուբյեկտներին և վերջինիս հարկման օբյեկտին ու հարկման բազային:

Հանդիպման վերջում բանախոսները պարզաբանեցին հարկային օրենսգրքում հանդիպող տարբեր ծախսերի տեսակների բնույթը և, պատասխանելով մասնակիցներին հետաքրքրող որոշ հարցերին, ամփոփեցին հանդիպումը։

 

Պատրաստեց՝ Մարիամ Մանուկյանը


Մարիամ Խաչատրյանի հեղինակած նյութերին ծանոթացեք հղմամբ:

Մարիաննա Մանվելյանի հեղինակած նյութերին ծանոթացեք հղմամբ: