Եվրոպան պետք է օգնության հասնի Հայաստանին

“Le Point” շաբաթաթերթի իր բլոկնոտում Բեռնար-Անրի Լևին հրապարակել է մի շատ ազդեցիկ տեքստ՝ կոչ անելով Եվրոպային օգնության հասնել Հայաստանին։

«Շատ լավ գիտեմ, որ մենք բոլորս զբաղված ենք վարակի դեմ պայքարով։ Եվ ներկա ժամանակներում հավակնել նայել ավելի հեռուն, քան սեփական քթի ծայրը կամ սեփական դիմակը, գրեթե քաղաքացիական անպատասխանատվություն է, եթե չասենք՝ քովիդյան սրբապղծություն։

Միայն թե, սարսափելի իրադարձություն է տեղի ունենում Եվրոպայի շեմին՝ հենց մեր աչքի առաջ։

Եվ այդ իրադարձությունը, որ այդպես դժվար է հասնում մեր գիտակցությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև մի քանի շաբաթ ի վեր սկսված նոր պատերազմն է։

Ամփոփեմ:

Ամեն ինչ տեղի է ունենում Կովկասի կենտրոնում գտնվող մի հողակտորում, որ կոչվում է Լեռնային Ղարաբաղ՝ բնակեցված 150 000 լեռնցիներով, որոնց 90% հայեր են, որն էլ վիճարկվում է հարևան Ադրբեջանի կողմից։

Վերջինս արդեն 25 տարի է, սկսած այն պահից, երբ այս փոքրիկ տարածքը համարձակություն ունեցավ ինքնահռչակվելու անկախ և հայտնելու իր ցանկությունը միանալ իր մյուս հարևանին՝ Հայաստանին, թույլ ուժգնության պատերազմ է վարում, որի զոհն է դարձել 30 000 մարդ։

Ինչպես միշտ, երբ բարձր քաղաքականությունը նահանջում է, ցածրը, այսինքն՝ զուտ իշխելու կամքն է հաղթականում, ծաղկում և այնպես անում, որ քողարկված պատերազմը վերածվում է մեծածավալ, ի վերջո անօրինական բախման, որի արդյունքում Ղարաբաղի, երբեմն հենց Հայաստանի խրամատների, ինչպես նաև դպրոցների, հիվանդանոցների, եկեղեցիների վրա անօդաչու սարքերի անձրև է տեղում։

Գալիս է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ գերարուի իր ողջ գերհաստատմամբ, գերխաղալով իր պարծենկոտությունն ու վիրավորանքները Մակրոնին և վիրավորված մուսուլմանների պաշտպանի ու խալիֆի իր նոր դերը, և ազերական ազգի մեջ «եղբայրական ազգ» է տեսնում, որն այնքանով է կոչված վճռորոշ դեր խաղալու իր կայսրության վերականգնման մեջ, որքանով, որ այնտեղ խոսում են թուրքերենին հարևան լեզվով, իսկ փոքրիկ հայկական ազգը, հակառակ դրա, դիտարկում է որպես ավելորդ հող, որի հարևանությունը, այլությունը, հինավուրց քրիստոնեական հիշողությունը անարգանք են իր նեո-օսմանական կենսական տարածքի՝ ”Lebensraum”-ի համար։

Այս պատճառով է, որ հայերը՝ վատ սպառազինված, գրեթե միայնակ, որպես դաշնակից ունենալով մի Ռուսաստան, որը չի դադարում զենք մատակարարել իրենց հակառակորդներին և, տեսնելով սիրիական ու լիբիական ռազմաճակատներից Անակարայի կողմից բերված պատերազմական շների հայտնվելը, հիշում են, որ դաժան XX դարի բացումն իրենք են արել՝ լինելով ժամանակակից պատմության առաջին ցեղասպանության զոհերը։ Այս պատճառով է, որ հայերը մտորում են այն մասին, որ թուրքերը՝ այդ ցեղասպանության հեղինակները, ժխտողականության լուսավոր ու հրեշավոր գաղափարով լցվեցին, որը դարձավ այդ ոճրագործության կրկնությունը, և որը շարունակվում է մինչ այսօր։ Եվ այս պատճառով է, որ հայերն ինչպես Աղդամի ռազմաճակատում, այնպես էլ Երևանում, պատահական խրամատներում, որտեղ հարյուրավոր հայրենասեր երիտասարդներ և միջազգային կամավորներ են թաղված պողպատե ամպրոպների տակ, ինչպես մեծ քաղաքներում, որտեղ նրանց նախնիներն անցյալում ապաստան էին գտել, նորից նահատակվելու մտահոգությունն ունեն։

Արդ, միշտ էլ չարամիտներ կգտնվեն, ովքեր կփորձեն իմաստակել։

Եվ լսում ենք, թե ինչպես են անվերջանալի պարոն դը Նորպուաները բացատրում, թե ըստ միջազգային իրավունքի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է պատկանում այն օրվանից, ինչ ոմն Ստալին, որ ժամանակին ազգերի կոմիսար էր, միակցեց Ղարաբաղը Բաքվին 1921 թվականին։

Իրականությունն այն է, որ սարսափած ենք՝ չարագույնի հավերժ վերադարձի հեռանկարից։

Եվ հնարավոր չէ լինել եվրոպացի, իսկապես եվրոպացի, այսինքն՝ համակված պատերազմի և բնաջնջման «այլևս երբեք»-ի վրա հիմնված Եվրոպայի գաղափարով, առանց Հայաստանի կողքին կանգնելու։

Կարող ենք դա արտահայտել Վիյոնի և իր «եղբայրների»* օրինակով, որ քիչ մնաց, չփրկվեին։

Կամ էլ Հյուգոյի պես, որի քնարական դատողությունը սահմանել է, որ ինքնամտահոգությունը արժեք ունի միայն, եթե այն տոգորված է առավել դժբախտների «հեկեկոցով», «զոհաբերությամբ», «շիրիմով»։

Մտաբերում ես Յան Պատոչկայի կողմից տեսաբանված «խարխլվածների համերաշխությունը», հատկապես, երբ հրեա ես, որը բոլոր մեծ կոտորածներից փրկվածների պարտքն է համարում հիշել այն մութ ու խավար եղբայրությունը, որը նրանց միավորում է։

Հայաստանը միայն Հայաստանը չէ։

Այս անունն ունեին մտքում նրանք, ովքեր  Շոայից (Հոլոքոստից) հետո կռեցին «հանցագործություն մարդկության դեմ» հասկացությունը։

Սա ոչ միայն աշխարհի, այլև մտքի այն վայրերից է, որոնք ծառայել են որպես օրրանն այն բանի, որ ընդունված է անվանել համամարդկային գիտակցություն։

Եվ ժողովուրդը, որն այնտեղ ապրում է, այն հազվագյուտներից է, որոնք, այն պատճառով, որ իրենց պատմության մեջ մարդկային ճակատագրի մի մասն է խաղացվել, մի քիչ ավելի մեծ են իրենք իրենցից։

Հենց այս պատճառներով է ստեղծվել իմ տեսությունը։

Եվ կրկին,  եթե չլքենք Եվրոպան կազմող և ամրացնող մտքի հին պատվարները, մենք այլ ընտրություն չունենք, քան ասել, որ առաջին ցեղասպանության փրկվածների այս ապաստան-պետությունը, այս փոքրիկ ցավոտ երկիրը, որ ավելի հին է, քան իր տարիքը, սկզբունքորեն, այո՛, սկզբունքորեն իրավունք ունի մեր լիակատար աջակցության, երբ գտնվում է անդունդի եզրին։

Ավելացնեմ, որ սկզբունքային հայտարարություններն, այս հարցերում, բավարար չեն։

Եվ ուժերի անհամաչափությունն այնքան մեծ է, որ պետք է օգնել զոհերի ժառանգներին այս անգամ դիմադրել իրենց դահիճներին։

1936-ին աշխարհը չլսեց հանրապետականներին, որոնք պահանջում էին վճռական աջակցություն ցուցաբերել Իսպանիային։

Աշխարհն ի վերջո լսեց, բայց այդքան ուշ, նրանց, ովքեր 1992-ին ուզում էին փրկել ռմբակոծվող Սարաևոյի մուսուլմաններին։

Կկարողանա արդյո՞ք աշխարհը հիշել այս խրատը և թույլ չտա նորից, որ հաղթի ավելի ուժեղի օրենքը․ պատմության տեսանկյունից այս հավերժ ողբերգությունը արդարացում է միայն ցինիկների և տխմարների համար, և կանգնել Հայաստանի կողքին՝ մետաֆիզիկական, բարոյական և քաղաքական հրամայական է։

Ծանոթագրություն

* Հեղինակը նկատի ունի Ֆրանսուա Վիյոնի «Կախաղան հանվելուց առաջ» («Frères humains») բանաստեղծությունը (թարգմանչի կողմից)։


Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: