Կազմակերպություն Հարցազրույց. Հեղինե Ալեքսանյան

Հարցազրույց. Հեղինե Ալեքսանյան

©Սյուզի Մելքոնյան

Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության վելուծաբան, վերլուծական ֆորումի համակարգող Հեղինե Ալեքսանյանի հետ:

Հեղինե, ե՞րբ և ինչպե՞ս եք իմացել «Ինլայթ»-ի մասին:

«Ինլայթ»ին միացել եմ 2018 թվականին: Այն ժամանակ դեռ անվանափոխություն տեղի չէր ունեցել, և կազմակերպությունը կոչվում էր ԵՎՀԿ: Իրականում կազմակերպությանը միանալու համար պարտական եմ Գրիշա Գասպարյանին, որն այն ժամանակ ԵՎՀԿ մամլո խոսնակն էր, եթե հիշողությունս չի դավաճանում: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Գրիշան շուրջ մեկ տարի շարունակ ինձ անընդհատ պատմում էր կազմակերպության մասին, ուղարկում վերլուծաբանների նյութերը, որպեսզի ծանոթանամ և ինքս դիմեմ՝ հաշվի առնելով, թե որքան բան ունեի պատմելու: Հիշում եմ, որ ինձ շատ էր տպավորել Առլինա Սարգսյանի նյութը` «Դանտե Ալիգիերիի թվերի և սիմվոլների աշխարհը»: Այդպես սկսեցի պարբերաբար հետևել վերլուծական ֆորումի աշխատանքներին, հիանալ կազմակերպությամբ՝ որպես արժեքավոր շտեմարան ձևավորող հարթակ, և ի վերջո լրացրի վերլուծաբանների թիմին անդամակցության հայտը:

«Ինլայթ»-ը հայաստանյան հասարակական կազմակերպությունների շրջանում ինքնատիպ և, ինչու ոչ, լավագույն հարթակներից մեկն է. ըստ Ձեզ` ո՞րն է կազմակերպության հաջողության բանալին:

«Ինլայթ»-ի մեծագույն հարստությունը նրա անդամներ են, իսկ ստեղծված արդյունքը, մշակույթն ու հստակ կազմակերպված աշխատակարգը՝ կազմակերպության անգին ժառանգությունը: Տարբեր մասնագիտություններ, մոտեցումներ, ձեռագիր, ոճ ունեցող վերլուծաբաններ, սեղանի շուրջ նստած, բուռն քննարկում են բազմաբնույթ թեմաներ՝ սկսած էլեկտրոնային կառավարման վերափոխումներից մինչև Շեքսպիր և ճապոնական Կո-Է. իմ կարծիքով հենց սա է «Ինլայթ»-ի կենսունակության երաշխիքը, որը ոչ մի այլ տեղ չես տեսնի:

Ո՞րն է վերլուծական ֆորումի համակարգողի առաջնային խնդիրը և առաքելությունը: 

Այս հարցին պատասխանելու համար պետք է մի փոքր համեմատություն անեմ. վերլուծաբանները «Ինլայթ»-ի արյունն են ու կենարար ուժը. հենց արյունն է մատակարարում օրգանիզմը թթվածնով և սննդարար նյութերով, իսկ վերլուծական ֆորումի համակարգողի դերը թերևս արյունատար անոթ լինելն է, այսինքն՝ այն փոխադրիչը, որն ապահովում է արյան շարժը՝ ինքնին փակ մնալով օրգանիզմից դուրս գտնվողի համար: Կարծում եմ՝ վերլուծական ֆորումի համակարգողի գլխավոր խնդիրը հենց վերլուծաբանների համար նման փոխադրիչ լինելն է, որը ոչ միայն ապահովում է նրանց բնականոն ընթացքը, այլև նոր ճանապարհներ է ստեղծում նրանց համար՝ նպաստելով նրանց ինքնակատարելագործմանն ու աճին, և արտաքին աշխարհի համար ավելի տեսանելի դարձնելով նրանց՝ իբրև թարմ արյան կարևորություն:

Անդրադարձ կատարելով Ձեր նյութերին և աչքի անցկացնելով Ձեր աշխատանքները` հասկանալի է դառնում, որ հետաքրքրությունների բավականին մեծ շրջանան ունեք` սկսած ռեփ-բաթթլի ազդեցությունից մինչև ճապոնական մանգայի պատմական զարգացման ու տարածման մասին նյութեր: Կմանրամասնե՞ք` ինչ սկզբունքով եք ընտրում նյութերի թեմաները:

Իրականում նյութեր գրելիս ես ոչ մի ընտրություն չեմ կատարում, ամեն ինչ կարծես ինքնըստինքյան է ստացվում: Ընդհանուր առմամբ, ցանկացած ստեղծագործության կամ նյութի, որին ծանոթանում եմ և սկսում եմ ուսումնասիրել, մոտենում եմ իբրև թաքնված գանձի, որն ինձ բախտ է վիճակվել բացահայտելու: Եվ դրանք անչափ կարևորելով՝ ցանկանում եմ անդրադառնալ, ձևակերպել այն բոլոր մտորումները, որոնք նվիրել է ինձ ծանոթությունն այդ նյութին/երևույթին, և ընդգծել այն հարստությունը, որն ունեն ստեղծագործության հեղինակը կամ այդ ժառանգության կրողները:

«Ինլայթը», հիմնական կարգախոսից զատ, այս տարի ունի նոր կարգախոս` «Սովորի´ր, որ փոխես». ինչպե՞ս է այն ազդել և ազդելու կազմակերպության հետագա գործունեությանը:

«Ինլայթ»-ն աճող օրգանիզմ է: Ինչպես արդեն նշեցի, երբ միանում էի կազմակերպությանը, այն դեռևս «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» էր կոչվում, և ըստ էության, ես ականատեսն եմ եղել այն վերափոխումներին, որոնցով անցել է մեր կազմակերպությունը՝ ընդլայնելով իր գործունեության շրջանակը: Կարծում եմ՝ կարգախոսը, որն ընտրել են մեր անդամները, այն ուղենիշն է, որը վկայում է, թե ինչ ճանապարհով է «Ինլայթ»-ը շարունակելու իր ընթացքը:

Հեղինակների համար կա՞ն նյութերի ընտրության սահմանափակումներ: Կա՞ն թեմաներ, որոնց առաջնահերթություն է տրվում:

Ոչ, որևէ սահմանափակում չկա և չի էլ կարող լինել: Հենց սրանում է նաև «Ինլայթ»-ի յուրահատկությունը: Այն ամբողջությամբ հիմնված է իր անդամների նախաձեռնողականության և գաղափարների վրա, և յուրաքանչյուրը գրում է այն թեմաներով, որոնք իր համար կարևոր են և հետաքրքիր: Ոչ էլ անգամ տվյալ մարդու մասնագիտությունը կարող է սահմանափակել թեմայի ընտրությանը: Ես էլ՝ վառ օրինակ: 

Մեր օրերում շատ չեն այն մարդիկ, որոնք սիրում են վերլուծական նյութեր կարդալ` գերադասելով առօրյա-տեղեկատվականը: Որքանո՞վ է լուրջ այս խնդիրը, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել այն լուծելու համար:

Յուրաքանչյուր ժամանակահատված թելադրում է իր տենդենցները, բայց չեմ կարծում, որ պետք է դրանց հարմարվել կամ առաջնորդվել լսարանի նախասիրություններով: Ես, ընդհակառակը, շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ ծավալուն վերլուծություններ, մի պարբերության հասնող նախադասություններ, որևէ երևույթի խորքային վերլուծություն, հղումներ նյութերի, որոնք գրվել են 19-20 դարից այն կողմ, երբ երևում է, թե որքան հեռու է ունակ նայելու վերլուծության հեղինակը: Այս ամենը ծավալուն և երկար աշխատանք է պահանջում, և չեմ կարծում, որ այն ներկայացնելու ֆորմատը կարևոր է: Ցանկացած աշխատանք, ինչ ֆորմատով էլ որ այն լինի, կգտնի իր ընթերցողին, յուրաքանչյուր հեղինակ ինքը պետք է որոշի, թե ինչպես է ցանկանում փոխանցել իր ասելիքը: Այնպես որ, չեմ կարծում, որ որևէ քայլ ձեռնարկելու կարիք կա:

Ո՞ր տարիքային խմբերն են առավել հետաքրքրություն ցուցաբերում վերլուծական նյութեր գրելուն ու կարդալուն:

Չեմ կարծում, որ վերլուծական նյութեր գրելու կամ կարդալու ժամանակ տարիքային խումբը որևէ դեր է խաղում:

Ինչպիսի՞ն եք պատկերացնում «Ինլայթ»-ը մի քանի տարի անց: Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել այն տարիներ հետո:

Այս հարցի մասին մտածելիս ամեն անգամ բազմաթիվ սցենարներ են աչքիս առաջ գալիս, որոնք ինձ թույլ կտան նույն կազմակերպության համար հարյուրավոր նկարագրեր կազմել: Որոշներում «Ինլայթ»-ը շատ ավելի հաջողակ է, ավելի շատ իրացված հնարավորություններով, որոշներում՝ նվազ արդյունավետ՝ համեմատած նրան, ինչ կարող էր լինել կազմակերպությունը, և հաշվի առնելով իր ներուժը: Բայց թե ինչպիսին կցանկանամ տեսնել կազմակերպությունը տարիներ անց, չեմ կարող ասել: Ներքին համոզմունք ունեմ, որ ապագայի վերաբերյալ ցանկություններ և սպասելիքներ ունենալն անիմաստ է, երբեմն էլ՝ խանգարող, քանի որ թույլ չի տալիս իրացնել տվյալ պահին ունեցածդ ողջ ներուժը: Մնում է շարունակ աշխատել և գործել: Չէ՞ որ մեր նպատակը ապագայում ինչ-որ տեղում հայտնվելը չէ, այլ այն, ինչ արդեն իսկ անում ենք:  Հետևաբար տեղում հաստատ չենք դոփի:

Հարցազրույցը վարեց՝ Աննա Մանուկյանը