Դրամավարկային քաղաքականության գործիքները

Դրամավարկային քաղաքականությունը փողի առաջարկի կամ փողի գնի (տոկոսադրույքի) կարգավորման գործընթացն է:

Հայաստանի Հանրապետությունում դրամավարկային քաղաքականությունն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից։ Նրա կողմից է կարգավորվում տնտեսության մեջ փողի առաջարկը։ Այստեղ կարևոր է դիտարկել, թե երկրի Կենտրոնական բանկը ինչ գործիքներ և լծակներ է օգտագործում դրամավարկային քաղաքականությունն իրականացնելու համար։

Տնտեսության մեջ դրամական զանգվածի կարգավորման նպատակով երկրի գլխավոր դրամատունը կարող է կիրառել ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի գործիքներ։ Ուղղակի գործիքներն են՝

  1. Վարկավորման սահմանները
  2. Տոկոսադրույքի ուղղակի կարգավորումը

Ժամանակակից պայմաններում զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում օգտագործվում են երեք հիմնական անուղղակի գործիքներ, որոնց միջոցով ԿԲ-ն իրականացնում է դրամավարկային ոլորտի կարգավորում։ Այդ գործիքներն են՝

  1. Բաց շուկայում գործառնությունների իրականացում
  2. Վերաֆինանսավորման տոկոսադրույք
  3. Պարտադիր պահուստավորման նորմա

Բաց շուկայում գործառնությունները դրամավարկային քաղաքականության ամենակարևոր գործիքն են, քանի որ դրանք տոկոսադրույքների և փողի բազայի որոշիչներն են։ Դրանք նաև փողի առաջարկի տատանումների հիմնական աղբյուրն են։ Բաց շուկայական գնումները ընդլայնում են դրամական բազան և պահուստները, հետևաբար նաև ավելացնում փողի առաջարկն ու նվազեցնում կարճաժամկետ տոկոսադրույքները։ Բաց շուկայական վաճառքը փոքրացնում է դրամական բազան և պահուստները՝ նվազեցնելով փողի առաջարկն ու բարձրացնելով կարճաժամկետ տոկոսադրույքները։

Կենտրոնական բանկի կողմից պարտատոմսերի գնումը բերում է առևտրային բանկերի պահուստների աճին, որը նաև մեծացնում է դրամական բազան։ Ստանալով հավելյալ ռեսուրսներ՝ առևտրային բանկերն ավելի շատ վարկեր կտրամադրեն, որը կհանգեցնի վարկային էմիսիային։ Եթե Կենտրոնական բանկը կատարում է հակառակ գործընթացը, այսինքն՝ վաճառում է պարտատոմսերը, ապա տնտեսության մեջ տեղի է ունենում դրամական հոսք դեպի Կենտրոնական բանկ, և դրամական զանգվածի քանակությունը իջնում է։

Մշտական հնարավորության գործիքներ

Մշտական հնարավորության գործիքները ձևավորում են դրամավարկային քաղաքականություն գործիքների տոկոսադրույքների վերին և ստորին սահմանը և դրանով իսկ շուկան ապահովագրում տոկոսադրույքների կտրուկ տատանումներից։

Դրամաշրջանառության գործընթացի վրա առավել ուժեղ ազդեցություն է ունենում վերաֆինանսավորման (դիսկոնտային) քաղաքականությունը։ Դիսկոնտային քաղաքականությունը դրամավարկային կարգավորման կարևոր գործիք է, որի հիմնական ուղղությունները մշակվում են տվյալ երկրի ԿԲ-ի կողմից։ Վերջինիս կողմից դիսկոնտային քաղաքականությունը իրականացվում է պաշտոնական տոկոսադրույքների 2 հիմնական տեսակների սահմանման և վերանայման միջոցով.

  1. վերահաշվառման տոկոսադրույքները՝ պետական արժեթղթերի վերահաշվառման նպատակով։
  2. բանկային տոկոսի հաշվարկային դրույքները՝ կառավարության և բանկային հաստատությունների վարկավորման նպատակներով։

Դրույքը, որով ԿԲ-ը առևտրային բանկերին տրամադրում է վարկեր, անվանում են անվանական դրույք կամ վերաֆինանսավորման դրույք։

Երբ բանկերը վարկ են վերցնում ԿԲ-ից, առաջարկվող վարկի պայմանները ավելի շահեկան պետք է լինեն, քան միջբանկային շուկայում, քանի որ ԿԲ-ից փոխառությունները փոխարինում են միջբանկային փոխառություններին։ Մնացած բոլոր գործոնները անփոփոխ մնալու պարագայում (ներառյալ ԿԲ-ի կողմից սահմանված տոկոսադրույքները), միջբանկային շուկայի տոկոսադրույքները բարձրանալու դեպքում բանկերը ավելի մեծ ցանկություն կունենան վարկ վերցնելու ԿԲ-ից։ Արդյունքում ԿԲ-ի կողմից իրացվելիության ներարկումները (վարկավորումը) կաճեն։ Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը վերահաշվառման տոկոսադրույքից բարձր է, քանի որ բանկերի վարկավորման գործառնությունները ավելի թանկ են գնահատվում, քան առևտրակոմիսիոն գործառնությունները։ 

Դրամավարկային քաղաքականություն իրականացնելիս ԿԲ-ները օգտագործում են ոչ միայն տնտեսական, այլև վարչական գործիքներ, ինչպես, օրինակ, առևտրային և մասնագիտացված բանկերի շուկայական տոկոսադրույքների նկատմամբ ուղղակի վերահսկողություն, վարկային մարժայի սահմանափակում, վարկերի առանձին տեսակների տոկոսադրույքների վերին սահմանների հաստատում։ Մշտական հնարավորության վարկերի աճը մեծացնում է առաջարկվող պահուստների քանակը։ Դրա հետևանքով ավելանում է փողի բազան։ Վերաֆինանսավորման դրույքի բարձրացումը հանգեցնում է նրան, որ առևտրային բանկերը կձգտեն ավելի քիչ վարկեր վերցնել, և դրա հետևանքով նրանք ավելի քիչ վարկ կտրամադրեն, որը կիջեցնի տնտեսության մեջ դրամական զանգվածի քանակությունը։ Իսկ վերաֆինանսավորման դրույքի իջեցումը կհանգեցնի հակառակ պրոցեսին։

Պարտադիր պահուստ

Պարտադիր պահուստները ավանդների որոշակի մասն են, որոնք առևտրային բանկերը պահում են ԿԲ-ի կողմից հատկացված իրենց թղթակցային հաշիվներում, և դրանք չեն կարող օգտագործվել վարկ տրամադրելու, ինչպես նաև այլ ակտիվային գործառույթների համար։ Առաջին անգամ պարտադիր պահուստների համակարգը կիրառվել է 1913 թվականին ԱՄՆ-ում՝ ֆեդերալ ռեզերվային համակարգի ստեղծմանը զուգընթաց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս համակարգը կիրառություն գտավ նաև շատ այլ երկրների բանկային ոլորտներում։ Պարտադիր պահուստն իրենից ներկայացնում է առևտրային բանկերի ռեսուրսների այն մինիմալ մակարդակը, որն անհրաժեշտ է 2 գործառույթ իրականացնելու համար։ Առաջին հերթին պետք է լուծի իրացվելիության խնդիրը, քանի որ ցանկացած ժամանակ ավանդատուն կարող է հետ պահանջել իր գումարը, և բանկը պետք է պատրաստ լինի դրան։ Այն անհրաժեշտ է նաև այլ բանկերի հետ գործառույթներ իրականացնելու համար, որի ընթացքում մի բանկի պարտադիր պահուստային հաշվից գումարը տեղափոխվում է մյուսի հաշվին։ Երկրորդ հերթին դա ԿԲ-ի ձեռքին լծակ է, որով կարգավորվում է դրամական զանգվածը։ Այս պահուստների փոփոխությունն ուղղակիորեն ազդում է առևտրային բանկերի վրա։ Պարտադիր պահուստավորման դրույքաչափի ավելացումը նաև ավելացնում է պահուստների նկատմամբ պահանջարկը և նպաստում միջբանկային տոկոսադրույքի աճին։ Դրա հետևանքով առաջանում է փողի առաջարկի նվազեցում։ Հակառակ դեպքում տեղի է ունենում փողի առաջարկի աճ և միջբանկային տոկոսադրույքների նվազեցում։


Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝  Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն

EconoMix նախագծի մասին