Ավազի պակա՞ս

Ավազի պակա՞ս. աշխարհում սպառվում է կարևոր, բայց չգնահատված հումք
Առանցքային դրույթներ․
  • Ավազը ջրից հետո աշխարհում ամենաշատ սպառվող չմշակված հումքն ու մեր առօրյայի շատ կարևոր բաղադրիչն է։
  • Այնուամենայնիվ, աշխարհում կա ավազի պակաս, և կլիմայագետների կարծիքով՝ սա 21-րդ դարի կայունության ամենաէական մարտահրավերներից է։
  • «Ժամանա՞կն է խուճապի մատնվելու։ Դե, դա իհարկե ոչնչով չի օգնի, բայց ժամանակն է ուշադրություն դարձնելու ու փոխելու ավազի վերաբերյալ մեր ընկալումը»,- նշել է  ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կլիմայագետ Պասկալ Պեդուցին։

Տասնյակ բեռնատարներ հարյուրհազարավոր տոննա ավազ են լցնում Մայամի ծովափին, ինչպես ԱՄՆ-ի կառավարությունն է նշում, Ֆլորիդայի զբոսաշրջային տարածքները կլիմայական փոփոխություններից պաշտպանելու համար։

Աշխարհի ամենակարևոր և ամենաքիչ գնահատված հումքի՝ ավազի համաշխարհային անհագ տենչը դժվար թե շուտ հագենա։  Այնուամենայնիվ, խնդիրն այն է, որ այս ռեսուրսը սպառվում է։

Մեր ողջ հասարակությունն է հիմնված ավազի վրա։ Այն ջրից հետո աշխարհում ամենաշատ սպառվող չմշակված հումքն ու մեր առօրյայի շատ կարևոր բաղադրիչն է։

Ավազն այն հիմնական նյութն է, որ օգտագործվում է ճանապարհների, կամուրջների, արագընթաց գնացքների կառուցման և անգամ հողերի վերականգման նախագծերում։ Ավազը, մանրախիճն ու ապարը միասին հալեցվում և օգտագործվում են յուրաքանչյուր պատուհանի ապակիների, համակարգիչների և սմարթֆոնների էկրանների պատրաստման մեջ։ Անգամ սիլիկոնե չիպերի պատրաստման մեջ է ավազ օգտագործվում։  

Այնուամենայնիվ, աշխարհում կա ավազի պակաս, և կլիմայագետների կարծիքով՝ սա 21-րդ դարի կայունության ամենաէական մարտահրավերներից է։

«Ժամանա՞կն է խուճապի մատնվելու։ Դե, դա իհարկե ոչնչով չի օգնի, բայց ժամանակն է ուշադրություն դարձնելու ու փոխելու ավազի վերաբերյալ մեր ընկալումը»,- նշել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կլիմայագետ Պասկալ Պեդուցին Chatham House վերլուծական կենտրոնի հրավիրած վեբինարի ժամանակ։

Երբեք չենք մտածել, որ ավազը կսպառվի, բայց որոշ վայրերում այս գործընթացը արդեն սկսվում է։

Պասկալ Պեդուցի

Պեդուցին, ով ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Ռեսուրսների տեղեկատվության գլոբալ շտեմարանի տնօրենն է Շվեյցարիայում՝ Ժնևում, նկարագրել է ավազի ռեսուրսների համաշխարհային կառավարումը ինչպես փիղը սենյակում՝ ակնհայտ խնդիր, որն անուշադրության է մատնվում։

«Մենք ուղղակի կարծում ենք, թե ավազն ամենուր է։ Երբեք չենք մտածել, որ այն կարող է սպառվել, բայց որոշ վայրերում այս գործընթացն արդեն սկսվում է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է կանխատեսելուն այն, թե ինչ կարող է լինել հաջորդ տասնամյակում, եթե պատրաստ չլինենք, եթե չնախատեսնենք դա, ապա ավազի մատակարարման, ինչպես նաև հողաշինության հետ կապված հսկայական խնդիրների կառերեսվենք»,-ավելացրել է նա։

Ավազաշեն կառույցների բում

Ներկայումս անհնար է ճշգրտորեն վերահսկել ավազի համաշխարհային օգտագործումը։ Այնուամենայնիվ, Պեդուցին ասել է, որ այն հնարավոր է չափել անուղղակիորեն՝ մեջբերելով ավազի և ցեմենտի օգտագործման «շատ-շատ արդյունավետ» հարաբերակցությունը։

Համաձայն ՄԱԿ-ի՝ տարեկան արտադրվում է 4․1 միլիարդ տոննա ցեմենտ՝ Չինաստանի գլխավորությամբ, որը կազմում է այսօվա ավազաշեն կառույցների բումի 58 տոկոսը։

Պարզվել է, որ ավազի և մանրախճի համաշխարհային օգտագործումը 10 անգամ գերազանցում է ցեմենտինը։ Նշանակում է, որ միայն շինարարության մեջ աշխարհում տարեկան սպառվում է 40-50 միլիարդ տոննա ավազ։ Սա բավական է 27 մետր բարձրություն ու 27 մետր երկարություն ունեցող մի պատ կառուցելու համար, որը ամեն տարի կպտտվեր մոլորակի շուրջ։

Սահարա անապատի ավազաթմբերը

Ավազի սպառման գլոբալ տեմպը, որը վերջին երկու տասնամյակների ընթացքում եռապատկվել է մասամբ աճող ուրբանիզացիայի արդյունքում, գերազանցում է քամու և ջրի պատճառով ապարների քայքայման հետևանքով ավազի համալրման տեմպը։

Ավազ կարելի է գտնել Երկիր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երկրում․ այն ծածկում է աշխարհի անապատներն ու ծովափերը։ Բայց սա չի նշանակում, որ ցանկացած տեսակի ավազ օգտակար է։ Անապատի ավազահատիկները, որ ավելի շատ քամուց են քայքայվում, քան ջրից, չափազանց հարթ ու կլոր են շինարարական նպատակներով իրար կպչելու համար։

Ամենաշատ փնտրվող ավազը ավելի կոշտ է, ու հատիկները կպչում են իրար։ Այն սովորաբար ստանում և արդյունահանում են աշխարհի ծովերի հատակից, ծովափերից, հանքերից և գետերից։

«Փոփոխության հատիկը»

Լուիզ Գալահերը՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Ռեսուրսների տեղեկատվության գլոբալ շտեմարանի Ժնևի համաշխարհային աստղադիտարանի նախագծի կառավարության ղեկավարը, նշել է, որ ավազի վերաբերյալ խնդիրները դարձել են «ցրված» և «բարդ»։

Օրինակ, նա ասել է, որ գետերի ավազի արդյունահանման արգելքը անխուսափելիորեն շղթայական ռեակցիա կունենար այն մարդկանց ու համայնքների համար, որոնք ապրուստ վաստակելու համար հիմնվում են այս պրակտիկայի վրա։

Չինաստանն ու Հնդկաստանը գլխավորում են այն տարածքների ցանկը, որտեղ ավազի արդյունահանումը ազդեցություն է ունենում գետերի, լճերի ու ծովափերի վրա՝ մեծապես աճող ենթակառուցվածքների և շինարարական պահանջմունքի արդյունքում։

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը նախկինում էլ ահազանգել է զարգացող «ավազի մաֆիաների» մասին, որոնք կազմված են շինարարներից, առևտրականներից և բիզնեսմեններից, որ գործունեություն են ծավալում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կամբոջան, Վիետնամը, Քենիան, Սիերա Լեոնեն։ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի տվյալների համաձայն՝ իրենց գործունեության վրա լույս սփռող ակտիվիստներին սպառնում և անգամ սպանում են։

2019 թ․ նոյեմբերի 6-ին շինարարական վերամբարձ կռունկներն ու տրանսպորտային միջոցները Կենտրոնական Ֆրանսիայի մոտակայքում Փարիզն ու Բորդոն իրար միացնող Ա10 մայրուղին ավազով են ծածկում։

Ավազը ընդունվում է «որպես էժան, հասանելի և անսահմանափակ, ու սա մասամբ այն պատճառով է, որ բնապահպանական և սոցիալական ծախսերը հաշվի չեն առնվում»,- ասել է Գալահերը նույն վեբինարի ընթացքում։

«Թվում է՝ մենք կարծում ենք, որ հենց հիմա այս հումքի օգտագործման ամենաբարձր արժեքը այն բնական միջավայրից հանելն է, ոչ թե այն պահելը համակարգում այլ շահերի համար, որ ստանում ենք դրանից, ինչպես օրինակ ափամերձ շրջաններում կլիմայական կայունությունը»,- շարունակել է նա։

«Մենք պետք է մտածենք այդ մասնատված պատկերի քաոսը մի փոքր կանոնակարգելու մասին, ու դա արդեն իրականացվում է։ Սա է լավ լուրը։ Իմ կարծիքով մենք այլևս չենք անտեսում այս խնդիրը։ Այն այլևս այնքան անտեսանելի չէ, որքան առաջ»։

Գալահերը նշել է հաջորդ երկու տարիների ընթացքում ավազի ռեսուրսների կառավարման հինգ առաջնահերթություններ՝ համաշխարհային մակարդակի համագործակցություն բոլոր ոլորտների միջև, շահավետ գնով և կենսունակ այլընտրանքներ գետի կամ ծովի ավազի փոխարեն, ֆինանսական ոլորտում շրջակա միջավայրի, սոցիալական և համագործակցության կառավարական շրջանակների թարմացում՝ ներառելու հասարակության ձայնը և ավազի՝ ճիշտ մասշտաբով օգտագործման տարածաշրջանային, ազգային ու համաշխարհային նպատակների առաջադրումը։

«Ոչ ոք անգամ չի խոսում այս հիմնախնդրի մասին»

«Ես կասեի՝ մի ավազահատիկը կարող է փոփոխության մի հատիկ լինել»,- ասել է հետազոտող և SandStories.org-ի հիմնադիր Կիրան Պերեյրան։

«Կարևոր է կենտրոնանալ այն դրական իրադարձությունների վրա, որ տեղի են ունենում։ Ցյուրիխը, օրինակ, շինություններ է կառուցում 98% վերամշակված բետոնից։ Ամստերդամը նպատակ է դրել մինչև 2050 թվականը տնտեսությունը դարձնել շրջանաձև, ու նրանք մտադիր են նվազեցնել իրենց բնական ռեսուրսների օգտագործումը մինչև 2030 թվականը։ Սա է ճիշտ ճանապարհը»,- ասել է Պերեյրան։

Պեդուցին նշել է, որ համաշխարհային ավազի պակասի առաջին ահազանգը հնչեց 2019 թ․, երբ կառավարությունները առաջին անգամ ընդունեցին բնապահպանական ճգնաժամը, և հիմնախնդիրը վերջապես ՄԱԿ-ի բանաձևի արդյունքում մուտք գործեց քաղաքական օրակարգ։

Էքսկավատորն ու բուլդոզերը աշխատում են Max Bögl ընկերությունների խմբի մանրախճի գործարանի և բետոնի խառնման գործարանի տարածքում։

CNBC-ին տված հարցազրույցի ընթացքում Պեդուցին նշել է, որ դժբախտաբար այս մարտահրավերին դեռևս պատշաճ լուծում չի տրվել համաշխարհային հարթակում։

«Սա դեռևս նորություն է։ Զարգացման շատ քաղաքականություններում անգամ չի խոսվում ավազի այս հիմնախնդրի մասին, դրա առաջացման, սոցիալական կամ շրջակա միջավայրի ազգեցությունների մասին, ուստի դեռ շատ անելիքներ կան»,-  շարունակել է նա։

«Այնուամենայնիվ, դեռ չկան մեծ ծրագրեր, չկա ոչ մի չափանիշ, թե ինչպես այն պետք է արդյունահանվի, չկա հողօգտագործման ծրագիր այն մասին, թե որտեղից պետք է արտահանել, շատ վայրերում չի վերահսկվում, թե այն որտեղից է առաջանում, (և) չկա օրենքների պարտադրում, որովհետև երկրները տատանվում են զարգացման կարիքների ու շրջակա միջավայրի պաշտպանության միջև»։

Նայելով առաջ՝ արդյունաբերականացումը, բնակչության աճն ու ուրբանիզացումը այնպիսի միտումներ են, որ կարող են նպաստել ավազի պահանջարկի պայթյունավտանգ աճին։

«Արթնանալու ժամանակն է»,- ասել է Պեդուցին։

Սույն հոդվածը թարմացվել է՝ հստակեցնելու համար, որ, փաստացի, ավազի համաշխարհային օգտագործումը 10 անգամ գերազանցում է ցեմենտի օգտագործմանը։ 


Բնօրինակի հեղինակ՝ Sam Meredith, CNBC

Թարգմանիչ՝ Լիլիթ Արսենյան (Lilit Arsenyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։