Ռուս-թուրքական հարաբերություններ. պատմություն և հեռանկարներ

Photo: http://blogs.blouinnews.com
Photo: http://blogs.blouinnews.com

Վերջին տասնամյակում նկատվում է Ռուսաստանի դերակատարության զգալի փոփոխություն, Մերձավոր Արևելքում դրա ակտիվության և ազդեցության մեծացում, վերջերս էլ՝ սիրիական կոնֆլիկտում Ռուսաստանի ռազմական ուղիղ միջամտություն, ինչն ուղեկցվում է նույն կոնֆլիկտում Թուրքիայի ուղղակի և անուղղակի մասնակցությամբ և այս ու այլ հարցերում Ռուսաստան-Թուրքիա հակադրությամբ:   Շատ արդիական է դառնում նրանց հարաբերությունների և տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ շահերի վերլուծությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սկիզբը համարվում է 1701 թ., երբ Կոստանդնուպոլսում բացվեց ռուսական դեսպանատուն: Չնայած դրան՝ ավելի ցածր մակարդակով երկկողմանի հարաբերություններ եղել են նաև մինչև 18-րդ դարը: Պատմաբաններն այդ հարաբերությունների սկիզբ են համարում 1492 թ.-ին Ռուսաստանի ցար Իվան 3-րդի՝ ծովային առևտրին վերաբերող նամակը սուլթան Բայազիդ 2-րդին: Ռուս-թուրքական հարաբերությունները հենց սկզբից էլ եղել են լարված. Օսմանյան կայսրությունը բազմիցս աջակցել է Ղրիմի թաթարներին Ռուսաստանի դեմ արշավանքներում: Իսկ ահա 1568 թվականը տվեց  ռուս-թուրքական 13 պատերազմներից առաջինի մեկնարկը (13-ից 8-ը ավարտվել են Ռուսաստանի հաղթանակով):

Երկու երկրների միջև լարված հարաբերությունները խորթ չեն նաև մեր օրերին: Սույն թվականի նոյեմբերի 24-ին Սիրիայում՝ Թուրքիայի սահմանի մոտակայքում, թուրքական F16-ի կողմից հրթիռահարվեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը, որից հետո ռուս-թուրքական հարաբերությունները խիստ սրվեցին: Թուրքական կողմը հայտարարում է, որ ռմբակոծիչը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, իսկ ռուսները հայտարարում են, թե ունեն ապացույցներ, որ ռմբակոծիչը հրթիռահարվել է Սիրիայի տարածքում: Այս դեպքերին հաջորդեցին նոր լարումներ ու խնդիրներ երկկողմ հարաբերություններում:

Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքական համագործակցության, ինչպես նաև քաղաքական շահերի բախման արմատները հասկանալու համար ճիշտ կլինի նախ և առաջ տեսնել, թե վերջիններս ինչ քաղաքական ամբիցիաներ ունեն: Երկու երկրների այժմյան ղեկավարները՝ թե՛ Պուտինը և թե՛ Էրդողանը, ունեն բավականին մեծ ամբիցիաներ: Պուտինը գիտակցում է, որ Ռուսաստանը պետք է ստեղծի իր համար բուֆերային գոտիներ Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում: Միաժամանակ Էրդողանն էլ գիտակցում է, որ Թուրքիան պետք է լինի մեծ ազդեցություն ունեցող երկիր Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, որպեսզի ձեռք բերի Եվրոպայի վրա ազդեցության լծակներ: Ամեն ինչ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմից, որտեղ Օսմանյան Թուրքիան, Կայզերական Գերմանիան և Ավստրիան պարտվեցին: Հաղթած դաշնակիցները Սևրի պայմանագրով բաժանեցին Թուրքիայի տարածքները և ազդեցության գոտիները Հունաստանի, Հայաստանի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև, ինչին ի պատասխան՝ Թուրքիայում առաջ եկավ քեմալիզմը: Մուստաֆա Քեմալը, զիջելով կայսրության ոչ անատոլիական տարածքները, դրանց փոխարեն փորձեց կառուցել նոր՝ մոնոէթնիկ և աշխարհիկ Թուրքիա: Քեմալը փորձում էր փոխել Թուրքիայի քաղաքական կուրսը դեպի արևմուտք, սակայն այդ ճանապարհին խնդիր էր Թուրքիայի աշխարհագրական դիրքը՝ արևմուտքի և արևելքի միջև լինելը: Այս քաղաքականության մեջ փորձեց իր ուղղումները մտցնել 1983թ. իշխանության եկած Թուրգութ Օզալը: Նրան հաջողվեց նվազեցնել քեմալականների ազդեցությունը ներքին քաղաքականության մեջ և վարել արտաքին քաղաքականությունն իր տեսլականով: Օզալը Թուրքիան տեսնում էր որպես ապագա հզոր տերություն, որը կարիք չունի դառնալու եվրոպամետ երկիր և խնդիր չունի ընտրություն կատարելու արևելքի և արևմուտքի միջև, այլ պետք է դառնա այդ երկու աշխարհները միավորող ուժ: Նա նաև բարձրացրեց իսլամի դերը՝ Էրդողանից դեռ 20 տարի առաջ Թուրքիան դիտարկելով որպես իսլամական աշխարհում չափավոր իսլամիզմի լիդեր: Օզալի քաղաքականության հետ շատ ընդհանուր կետեր ունեցող քաղաքականություն է վարում Էրդողանը: Այդ երկուսի վարած քաղաքականությունների ամենամեծ ընդհանրությունը քեմալիզմից հետագա հեռացման միտումն է: Էրդողանը ավելի շատ կարևորում է տնտեսական հարաբերությունների զարգացման և իսլամական աշխարհի նոր բևեռի ստեղծման շնորհիվ Հյուսիսային Աֆրիկայից մինչև Իրանական սարահարթ թուրքական ազդեցության գոտու ստեղծումը, սակայն Մերձավոր Արևելքում թուրքական ազդեցության տարածումը լի է դժվարություններով, և առկա իրավիճակը կասկածի տակ է դնում այդ նպատակը իրագործելու համար Թուրքիային անհրաժեշտ քաղաքական և ռազմական հզորությունը: Թուրքիան ամեն կերպ փորձում է մեծացնել առևտրաշրջանառությունը արևելքի պետությունների հետ, սակայն նույնիսկ ԵՄ-ի հետ դեռևս չի հասել ապրանքաշրջանառության մեծ ծավալների, ավելին՝ վերջինս անկում է գրանցում: Բացի այդ՝ Թուրքիան ունի շատ լուրջ ներքին խնդիրներ, օրինակ՝ քրդական հարցը: Սիրիայի անկումը և Իրաքի թուլացումը տեղի քրդերին ավելի ազատ գործելու հնարավորություն են տվել և կարող են նրանց մոտ Անատոլիայի ռադիկալ քրդերի հետ միավորվելու ցանկություն առաջացնել՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության հաշվին քրդական պետության ստեղծման նպատակով: Թուրքիան ցանկանում է ազդել Մերձավոր Արևելքի վրա, բայց խնդիրն այն է, որ ինքն էլ է այդ տարածաշրջանի մի մասը, և տարածաշրջանային իրադարձությունները ուղղակի ազդեցություն են ունենում Թուրքիայի վրա: Պատահական չէր, որ վերջին զարգացումներից հետո Ռուսաստանի առաջին պատասխաններից մեկը Սիրիայի քրդերին զենք տրամադրելն էր:

ԽՍՀՄ անկումից հետո Ռուսաստանի նախագահ Ելցինը այնքան էր զբաղված ներքաղաքական հարցերով, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանը ակտիվ քաղաքականություն չէր վարում: Իրավիճակը կտրուկ փոխվեց Պուտինի նախագահության տարիներին, հատկապես նրա նախագահության երկրորդ ժամկետում: Պուտինը, իշխանության գալով, ներքաղաքական խնդիրները լուծելուց հետո փորձեց ընդլայնել ՌԴ ազդեցությունը նրա համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջաններում, որոնցից գլխավորը թերևս Մերձավոր Արևելքն էր: ՌԴ-ն Լաթաքիայում ունի ռազմաբազա, որը ռուսական նավատորմի համար Միջերկրական ծովում մնալու միակ միջոցն է: Բացի այդ՝ Պուտինը փորձում է Ռուսաստանը ներկայացնել որպես գերտերություն, որը կարող է միայն իր մասնակցությամբ փոխել կոնֆլիկտի ելքը (օրինակ՝ Սիրիայի ավիահարվածները): ՌԴ-ն խնդիր ունի թույլ չտալու Մերձավոր Արևելքում ամբողջովին արևմտամետ կողմնորոշման հաստատումը և տարածաշրջանում Թուրքիայի՝ չափից ավելի հզորացումը: Մոսկվան երկար ժամանակ ընդդիմանում էր Թուրքիային՝ որպես իրեն հավասար պետություն ընդունելուց, սակայն ներկայումս Մոսկվայի և Անկարայի միջև տարածաշրջանային հարցերը լուծվում և համաձայնեցվում են պրակտիկորեն որպես հավասարը հավասարի: Ըստ որոշ գնահատականների՝ թուրքական և ռուսական իշխանությունները ունեն նման մոտեցումներ շատ հարցերում, և բացի այդ՝ երկուսն էլ գտնվում են նման իրավիճակներում և ունեն իրար կարիքը ավելին, քան երբևէ, սակայն վերջիններիս հարաբերությունների զարգացումը հիմնականում խոչընդոտում են տարածաշրջանային կոնֆլիկտներում տարբեր մոտեցումները: Այդ հակասություններից մեկը ի ցույց դրվեց ապրիլի 24-ին  Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Պուտինի՝ Երևան կատարած այցով: Հայաստանը կարևոր դեր ունի Ռուսաստանի համար հենց միայն այն պատճառով, որ ՀՀ-ում ռուսական զինուժի առկայությամբ է պայմանավորված նաև տարածաշրջանում ռուսական ազդեցությունը, և բացի այդ՝ այն կարող է զսպել Թուրքիայի հետագա հզորացման դեպքում ՌԴ-ի համար անցանկալի հետևանքների առաջացումը:

Մյուս կարևոր երկիրը, որտեղ կա ՌԴ-Թուրքիա ազդեցությունների հակադրություն, Ադրբեջանն է: Երբ 2009 թ. իրատեսական էր դարձել Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հեռանկարը, Ադրբեջանում հակաթուրքական ընդվզումներ սկսվեցին: Բանը հասավ նրան, որ Թուրքիայի «փոքր եղբայր» Ադրբեջանում նույնիսկ թուրքական դրոշներ սկսեցին այրել: Թուրքիան հայ-թուրքական հարաբերություններում հետ քայլ արեց, փոխարենը Ադրբեջանում խոստացան մնալ թուրքական ազդեցության ուղեծրում՝ չմիանալով ոչ մի ինտեգրացիոն կառույցի: Թուրքիայի համար ցանկալի չէ Ադրբեջանի ցանկացած ինքնագործունեություն, եթե դա միտված է որևէ ինտեգրացիոն միավորմանը անդամակցելուն: Արևմտյան ուղղությամբ Թուրքիան հանդիսանում է էներգակամուրջ եվրոպական երկրների և Ադրբեջանի միջև և ունի շատ մեծ ազդեցություն Ադրբեջանի վրա, որը արտահայտվում է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Թվում է, թե էներգետիկ ոլորտում համագործակցության չափերը պետք է շատ մեծ լինեն, բայց դրանք բավականին փոքր են: Թուրքիան չի ցանկանում Ադրբեջանի վրա իր ունեցած ազդեցությունը զիջել Ռուսաստանին և  հակված չէ ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացմանը, քանի որ Իրանին տեսնում է որպես տարածաշրջանային գերտերություն դառնալու հարցում գլխավոր մրցակից: Այսպիսով, Հարավային Կովկասում ինչ-որ առումով ձևավորվում է երկու զույգ՝ Հայաստան ու Ռուսաստան և Թուրքիա ու Ադրբեջան: Այսպիսի իրադրությունը և նաև ԼՂ կոնֆլիկտը ձեռնտու են Թուրքիային՝ Ադրբեջանն անվերապահորեն իր ազդեցության տակ պահելու առումով: Հայ-թուրքական մերձեցման դեպքում Ադրբեջանի համար սպառնալիք  կարող է դառնալ Թուրքիայի ներկայությունը Նախիջևանում: Ղարաբաղյան կոնֆլիկտը հարմար առիթ է նաև Ռուսաստանի համար Ադրբեջանից զիջումներ կորզելու հարցում: Կոնֆլիկտի առկայության հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են, սակայն այդ կոնֆլիկտը նրանք օգտագործում են Ադրբեջանից տրամագծորեն հակառակ սպասումներ իրականացնելու համար:

Ռուսաստանը և Թուրքիան շատ հարցերում ունեն ընդհանուր հետաքրքրություններ, և մինչև ռուսական ռմբակոծիչի հրթիռահարումը այս երկրների հարաբերությունները գործընկերային էին: 2011 թ.-ից նրանց միջև չէր գործում վիզային ռեժիմ, և ամեն տարի Թուրքիա էր այցելում միջինը 3-4 մլն ռուս զբոսաշրջիկ, սակայն վերջին զարգացումներից հետո ՌԴ-ն Թուրքիայի դեմ սկսեց կիրառել պատժամիջոցներ՝ այդ թվում Թուրքիայի քաղաքացիների համար մտցվեց վիզային ռեժիմ, արգելվեցին թուրքական որոշ ապրանքների ներկրումը և Թուրքիայի իրավազորության տակ գտնվող ընկերությունների գործունեությունը ՌԴ տարածքում: Ըստ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2012 թ. ՌԴ-ի հետ եղել է 33.3 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, որից արտահանումը ՝ 6,7 մլրդ դոլար և ներմուծումը ՝ 26,6 մլրդ դոլար: ՌԴ-ից Թուրքիա ներմուծվող ապրանքների մեջ ամենամեծ բաժինն ունեն էներգառեսուրսները և մետաղները, իսկ Թուրքիայից ՌԴ ներմուծվող ապրանքների մեջ՝ պարենամթերքը, տեքստիլը և մեքենաշինության ոլորտի սարքավորումներն ու մեքենաների պահեստամասերը: Էրդողան-Պուտին վերջին հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ պլանավորվում է մինչև 2023 թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել    100 միլիարդ դոլարի: ՌԴ ապրանքների արտահանման երկրների ցուցակում Թուրքիան 5.2% ցուցանիշով զբաղեցնում է 5-րդ տեղը: Թուրքիան ռուսական պարենամթերքի շուկան ապահովող երկրների ցանկում ևս 5-րդն է, սակայն արևմուտքի կողմից մտցված պատժամիջոցներից հետո Թուրքիայի դերը կարող էր ավելի մեծանալ: 2013թ. հունվարից սկսած՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է 14%-ով, այնուամենայնիվ ռուսական պատժամիջոցներից հետո կգրանցվի անկում: Եթե նույնիսկ չլինեին վերջին իրադարձությունները, հասնել 100 միլիարդի իրատեսական չէր: Դրա պատճառներից մեկը ռուս-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների ոչ բալանսավորված լինելն է: Ապրանքաշրջանառության սալդոն (ներկրման և արտահանման տարբերությունը) կազմում է մոտ 20 մլրդ դոլար: Թուրքիան դա որոշակիորեն փորձում էր կոմպենսացնել տուրիզմի եկամուտներից, Ռուսաստանից եկող տրանսֆերներից և Ռուսաստանում գործունեություն ծավալած թուրքական շինարարական ընկերությունների հաշվին (ընդհանուր գնահատվում է տարեկան մոտ 5 մլրդ դոլար): Այժմ անդրադառնանք ռուս-թուրքական հարաբերությունների կիզակետում գտնվող էներգառեսուրսների խնդրին: Էներգետիկ գործոնը մեծ դեր ունի ՌԴ սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքականության ձևավորման հարցում, իսկ Թուրքիան իր բացառիկ աշխարհագրական դիրքի շնորհիվ միջմայրցամաքային կամուրջ է էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանների և դրանց ամենամեծ սպառողի՝ Եվրոպայի միջև: Թուրքիայի տնտեսությունը 15-րդն է աշխարհում և գրանցում է ստաբիլ աճ:  Կապված արդյունաբերական աճի տեմպերի մեծացման հետ՝ Թուրքիայում աճում է էներգառեսուրսների օգտագործման ծավալը և դրանց պահանջը, մինդչեռ երկիրը հարուստ չէ դրանցով: Էներգետիկ գերտերության՝ Ռուսաստանի հետ աշխարհագրական մոտ և հարմար դիրքում գտնվելը հանգեցրել է նրան, որ Թուրքիան Եվրոպայում ամենաշատ ռուսական գազ ներկրող 2-րդ երկիրն է Գերմանիայից հետո: Բացի այդ՝ Թուրքիան ձգտում է դառնալ տրանզիտային երկիր և ունի դրա բոլոր հնարավորությունները: Այն ունի լուրջ ինֆրաստրուկտուրա և աշխատում է դրա մեծացման վրա, օրինակ ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Ջեյհանում նավթավերամշակման գործարան, Իրանի հետ գազամուղ, Սև ծովով Ռուսաստանի հետ կառուցվող խողովակաշար (վերջինիս կառուցման աշխատանքները սառեցվել են): ՌԴ-ի մասնակցությամբ Թուրքիայում կառուցվում է ատոմակայան: Ուկրաինայում ստեղծված ոչ ստաբիլ իրավիճակի պայմաններում Թուրքիայի տարածքով ռուսական գազի տրանսֆերը դեպի Եվրոպա ձեռնտու է, և դրանից հետո կտրուկ կբարձրանա Թուրքիայի դերը՝ որպես գեոպոլիտիկ խաղացողի:

ՌԴ-Թուրքիա հարաբերություններն ունեն նաև բավական ամուր իրավական բազա, օրինակ ՝ 1992 թ. համագործակցության սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը, 2004թ. համատեղ հռչակագիրը և այլն: 1997թ.-ի դեկտեմբերի 15-ին ռուսական «Գազպրոմ»-ի և թուրքական «Բոտաս»-ի միջև ստորագրվեց պայմանագիր, ըստ որի՝ 25 տարվա ընթացքում «Երկնագույն հոսք» գազատարով պետք է Թուրքիա անցներ 365 մլրդ մ3 գազ: 1995 թ. ստորագրվել է տուրիզմի ոլորտում համագործակցության համաձայնագիր, իսկ 1994թ.՝ միջկառավարական համաձայնագիր ռազմատեխնիկական և ռազմական արդյունաբերության ոլորտներում համագործակցության մասին, որը առաջին նմանատիպ փաստաթուղթն էր ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետության միջև: Հնարավոր է, որ Թուրքիան դրանով փորձեց համեմատաբար ավելի անկախ դիրք գրավել ՆԱՏՕ-ում իր գլխավոր դաշնակցի՝ ԱՄՆ-ի հանդեպ: Ի տարբերություն տնտեսական հարաբերությունների՝ քաղաքական ոլորտում ամեն ինչ ավելի բարդ է, օրինակ՝ 2011թ. սեպտեմբերին Անկարան և Վաշինգտոնը ստորագրեցին հուշագիր, ըստ որի՝ Թուրքիան համաձայնություն տվեց իր տարածքում տեղակայել հակահրթիռային համակարգեր, իսկ ՌԴ-ն այդ հարցում հայտնել է իր դժգոհությունը, որին ի պատասխան հայտարարվել է, թե հակահրթիռային համակարգերը ուղղված են ոչ թե Ռուսաստանի, այլ Իրանի դեմ: Կարծում ենք, որ Թուրքիան համաձայնել է իր տարածքում տեղադրել հակահրթիռային համակարգերը առաջին հերթին քաղաքական պատճառներով, օրինակ՝ տարածաշրջանում անընդհատ աճող ռուսական ազդեցությունը սահմանափակելու համար: Թուրքիան ձգտում է դառնալու տարածաշրջանային գերտերություն, այդ իսկ պատճառով փորձում է ինչ-որ կերպ բալանսավորել հարաբերությունները թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ՝ սահմանափակելով երկուսի ազդեցությունն էլ, սակայն ՌԴ օդուժի և Կասպից ծովի նավատորմի կողմից Սիրիայում իրականացվող հարվածները ցույց են տալիս, որ ՌԴ-ն մտադիր է էլ ավելի մեծացնել իր ազդեցությունը: Սա կարող է լինել ռուսական ռմբակոծիչի հրթիռահարման պատճառներից մեկը:

ՌԴ-ի և Թուրքիայի շահերը սիրիական կոնֆլիկտում չեն համընկնում, սակայն դրանով պայմանավորված երկու պետությունների հարաբերությունների կտրուկ սրումը այդքան էլ կանխատեսելի չէր, քանի որ մի շարք այլ հարցերում կան ընդհանուր շահեր, օրինակ՝ ԼՂ հակամարտության պարագայում: Երկու պետություններին էլ ձեռնտու է կոնֆլիկտի սրացումը, քանի որ դրա միջոցով երկուսն էլ մեծացնում են իրենց ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա: Պետք չէ մոռանալ նաև ռուս-վրացական պատերազմը, երբ Թուրքիան վրացամետ դիրք չբռնեց և նույնիսկ արգելեց ՆԱՏՕ-ի իր դաշնակցի՝ ԱՄՆ-ի ռազմանավերի անցումը իր նեղուցներով: Ռուսաստանը միշտ վերապահումով էր մոտենում Թուրքիային Մերձավոր Արևելքում և Բալկաններում նրա գործողությունների ու դիրքորոշման պատճառով: Մինդչեռ 2003 թ. Թուրքիան արգելեց ամերիկյան զորքերին իր տարածքով անցնել դեպի Իրաք: Այս հարցում և նշված ռուս-վրացական պատերազմում թուրքական դիրքորոշումը ցույց են տալիս, որ Թուրքիան իր հարաբերությունները ՌԴ-ի հետ դիտարկում է ՆԱՏՕ բլոկի դաշնակիցներից անկախ: Կապված ուկրաինական զարգացումների հետ՝ Ռուսաստանը ստիպված եղավ փոխել իր քաղաքական կուրսը նաև դեպի Թուրքիա: Թուրքիան հրաժարվել է կիրառել պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ և փորձում է օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից: ԵՄ-ին էներգառեսուրսների վաճառքի հարցում ՌԴ-ն փորձում է գործել՝ շրջանցելով Կիևը: Հաշվի առնելով, որ Ուկրաինայի հետ գազի տրանզիտի մասին պայմանագիրը ավարտվում է 2019թ.-ին՝ ձախողված «Հարավային հոսքի» փոխարեն ՌԴ-ն Թուրքիայի հետ համաձայնեցրել էր կառուցել «Թուրքական հոսք» գազամուղը: Այս ամենը պարարտ հող էր ստեղծում երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման համար այն դեպքում, եթե սիրիական հարցում նրանց տարբեր դիրքորոշումների պատճառով ստեղծված հակասությունները ավելի չսրվեին:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թուրք-ռուսական հարաբերությունները քաղաքական առումով ավելի ջերմանալու հեռանկար գրեթե չունեն, սակայն հարաբերությունների վատացումը ևս կողմերից ոչ մեկին պետք չէ:

Գրականության ցանկ

  1. http://cyberleninka.ru/article/n/rossiysko-turetskie-otnosheniya-v-novyh-geopoliticheskih-usloviyah-v-otrazhenii-smi
  2. http://lenta.ru/news/2011/09/14/turk/
  3. http://www.dissercat.com/content/vzaimodeistvie-turtsii-i-rossii-v-sfere-energeticheskoi-politiki-opyt-perspektivy-vliyanie-n
  4. http://iimes.ru/rus/stat/2011/01-12-11a.htm
  5. http://www.dslib.net/glob-razvitie/geopoliticheskie-aspekty-dalnejshego-rasshirenija-evropejskogo-sojuza-na-primere.html
  6. http://www.kp.ru/daily/24492/646794#
  7. http://www.spectrum.am/ru/article/rossiya-i-turciya-na-yuzhnom-kavkaze-geostrategicheskoe-izmerenie-2/
  8. http://www.haaretz.com/middle-east-news/1.667728
  9. http://www.hurriyetdailynews.com/turkey-plays-key-role-in-transferring-iraqi-kurdish-oil“-.aspx?pageID=238&nID=87015&NewsCatID=348

Հեղինակ՝ Հմայակ Բաղրամյան (Hmayak Baghramyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: