Կ. Գ. Յունգ. Արքետիպն իբրև անգիտակցականի թարգման

Illustrative image of sub conscious level

Հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝ անալիտիկ հոգեբանության հիմնադիր է համարվում Կարլ Գուստավ Յունգը: 1909-1913թթ.՝ ուսանողական տարիներին, ծանոթանալով Զ. Ֆրոյդի հետ, դառնում է Ֆրոյդի հոգեվերլուծական տեսության կողմնակիցը: Սակայն հետագայում սկսում է կասկածի տակ դնել կլասիկ հոգեվերլուծության մի շարք կայուն դրույթներ (օրինակ՝ լիբիդոյի գերիշխումը, «Լիբիդոյի փոխակերպումները և խորհրդանիշերը») և, ավելի լայնացնելով հոգեվերլուծության սահմանները, անցնում է առասպելաբանության, կրոնների, տարբեր մշակութային արարողությունների ուսումնասիրությանը, որտեղից էլ և տեղի է ունենում նրա ու Ֆրոյդի հակասությունն ու տարանջատումը: Նա ստեղծում է սեփական հոգեբանական տեսություն և թերապիա, որը անվանում է «անալիտիկ հոգեբանություն»[i] ։ Իր գաղափարներով Կ. Յունգը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն հոգեբուժության և հոգեբանության, այլև մարդաբանության, էթնոգիտության, մշակութաբանության, համեմատական կրոնագիտության, մանկավարժության, գրականության ու գրականագիտության վրա:

Հոգեվերլուծական ու արքետիպային դպրոց

Յունգը հիմք դրեց «արքետիպ»[ii]հասկացությանը: Այս տերմինը մինչ Յունգը նաև օգտագործել են Արիստոտելը, Պլատոնը, այնուհետև՝ Գյոթեն: Չնայած այս ամենին՝ արքետիպերը իրենց արդի հոգեբանական բացատրությունը ստացան հենց Յունգի կողմից: Ըստ նրա` դրանք տարբեր ազգերի մոտ գոյություն ունեցող (շատ դեպքերում իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր պատկերացումներն են:

Յունգը անալիտիկ հոգեբանության խնդիրը համարում էր արքետիպիկ պատկերների մեկնաբանությունը: Եթե Ֆրոյդի պատկերացմամբ անգիտակցականը գիտակցությունից արտամղվածի, ճնշվածի և թաքցվածի գաղտնարանն է, Յունգի ըմբռնմամբ անգիտակցականը պատմության անծայրածիր շղթայի, պատմական դեպքերի անհատակ գանձարանն է: Նա կարծում էր, որ կոլեկտիվ անգիտակցականի բովանդակությունը այնտեղ կուտակված պատմական նստվածքներն են, անհատի մեջ այդ շերտում նստած է պատմությունն ինքը: Յունգի պատկերացմամբ ուղեղը ևս ունի իր պատմությունը, որը հյուսվել է միլիոնավոր տարիների ընթացքում և արտացոլում-խտացնում է իր մեջ ողջ պատմությունը` լինելով դրա արդյունքը: Եթե թափանցենք ուղեղի կառուցվածքի մեջ, այնտեղ հնարավոր է գտնել արխայիկ բանականության հետքերը: Երազատեսության, նևրոտիկ ֆանտազիաների կամ գեղարվեստական արարման պահին դուրս են լողում արքետիպերը` հուշելով, «պատմելով» մարդկային հոգեկերտվածքին և փոխհարաբերություններին բնորոշ, աշխարհատեսությանը և կենսազգացողությանը ներհատուկ պատմականորեն ձևավորված ներթաքույց ճշմարտություններ: Իհարկե, յուրաքանչյուր անձի համար այդ համընդհանուր կամ համազգային արքետիպերն ունենում են իրենց անհատական պարունակությունը: Ճիշտ է՝ որոշ ընդհանուր գծեր, որոնք միավորում են մարդկությանը, նրանց բարոյական արժեքները և հանդիսանում են վախի, հույսի, հավատի օբյեկտներ, մնում են:

Իսկ «անհատական անգիտակցականը»[iii] ներառում է իր մեջ կոնֆլիկտներն ու հիշողությունները, որոնք ինչ-որ ժամանակ գիտակցվել են, բայց այժմ ճնշված են կամ մոռացված։ Անհատական անգիտակցականի մեջ են մտնում նաև այն զգայական տպավորությունները, որոնք իրենց աղոտության պատճառով չեն արտացոլվել գիտակցության կողմից։ Այսպիսով՝ յունգյան անհատական անգիտակցականի կոնցեպցիան որոշակիորեն նման է Զիգմունդ Ֆրոյդի անգիտակցականին։ Սակայն Յունգը Ֆրոյդի ստեղծած հիմքերի վրա զարգացրեց այդ հիմնադրույթը և ընդգծեց, որ անհատական անգիտակցականն իր մեջ ունի համակարգեր կամ հուզականորեն լիցքավորված մտքեր, զգացմունքներ և հիշողություններ, որոնք դուրս են հանվել անհատի կողմից իր կամ ցեղի ժառանգական փորձից։ Ստացվում է՝ «արքետիպերը բնածին գաղափարներն են կամ հիշողությունները, որոնք մարդկանց մղում են ընկալել, վերապրել և արտացոլել որոշ իրադարձություններ կոնկրետ ձևերով»[iv]:

***

Յունգը հսկայական աշխատանք է տարել տարբեր ազգերի մշակույթների, ավանդույթների, առասպելների և կրոնների ուսումնասիրության հարցում: Նա առասպելները համարում էր համամարդկային երևույթ, որոնցում կրկնվում են միևնույն մոտիվները, հաճախ՝ միևնույն ձևերով։ Դրանք տարբեր երկրներում ու տարբեր ժամանակներում ունեցել են ազգի և ժամանակի շունչն արտահայտող որոշ առանձնահատկություններ: Առասպելների առանցքը կազմող շրջիկ և անվերջ կրկնվող սյուժեներն ու կերպարները Յունգը կոչել է արքետիպեր: Օրինակ.

  • Թշնամի, հակահերոս,
  • Հերոս-փրկչի մասին պատկերացում, որտեղ հերոսը մահանում է, սակայն հրաշալի կերպով հարություն է առնում,
  • Երրորդության արքետիպը (օրինակ ՝ Հայր, Որդի և Սուրբ հոգի),
  • Փիլիսոփայական քար,
  • Կվինտեսենցիա,
  • Երկրի կենտրոն, Համաշխարհային ծառ,
  • Հավիտենական կյանք,
  • Վտարում դրախտից,
  • Փորձություններ,
  • Հրեշտակներ և Դևեր,
  • Աստված ու մարդ և այլն[1]:

Այսինքն՝ վերոնշյալ մոտիվները կամ արքետիպերը ունեն համամարդկային բնույթ ու բնորոշ են գրեթե բոլոր ազգերի աշխարհըմբռնմանը, միայն թե ունենում են տեղային վարիացիաներ: Սրանք նստած են մարդկության ենթագիտակցության խորը շերտերում, այդ իսկ պատճառով ստեղծագործելու կամ պատկերավոր մտածողության պահին դրանք դուրս են լողում իբրև չգիտակցված երևույթներ (արքետիպեր):

Խոսելով մարդկային էության ու անհատական բնավորության մասին՝ Յունգը նշում է, որ ստեղծագործելիս անհատները դրսևորում են անգիտակցականի մեջ կուտակված ինֆորմացիան, որը, ինչպես նշում է հոգեբանը, համընդհանրական է:  Սրա շնորհիվ էլ կարողացել է առանձնացնել այն հիմնական վեց արքետիպերը, որոնք, տարբեր ազգերի մոտ տարբեր անվանումներ ունենալով հանդերձ, միավորված են մեկ համընդհանուր սկզբունքային գծով: Դրա համար Յունգը արքետիպերն անվանեց ոչ թե իրենց ազգային անուններով, այլ տեսակներով: Հիմնական վեց արքետիպերն են`

  • Պերսոնա,
  • Ստվեր,
  • Անիմա,
  • Անիմուս,
  • Էգո,
  • Ինքնություն[v]:

Պերսոնան  մեր «սոցիալական դիմակն» է, սեփական անձի ընդունումը, նաև՝ ինչպես ենք մենք մեզ դրսևորում տարբեր անձանց հետ, տարբեր վայրերում, ինչպիսի արտաքին տեսք ենք մատուցում այլ անձանց: Դա հենց մեր կարծիքն է մեր մասին:

Ստվերը  նույնպես կենտրոն է, բայց ոչ թե գիտակցության, այլ անգիտակցականի: Ստվերը կազմված է արտամղված այն ցանկություններից, հիշողություններից ու հույզերից, որոնք անհատի կողմից ժխտվում են սոցիալական ստանդարտներին և իդեալներին համապատասախան չլինելու պատճառով:

Անիման  անգիտակցական կնոջ հիմքն է տղամարդու մեջ: Հոգեբանը անիման կապում է էմոցիաների, տրամադրությունների ու հուզական ուղղվածություն ունեցող որոշումների հետ:

Անիմուս՝  անգիտակցական տղամարդու հիմքը կնոջ մեջ: Յունգը անիմուսը կապում էր կատեգորիկ, կոշտ, չափազանց սկզբունքային, ռացիոնալ որոշումների հետ:

Յունգը ենթադրում էր, որ յուրաքանչյուր մարդ ունի թե՛ անիմայի և թե՛ անիմուսի տարրեր այնպիսի չափաբաժիններով, որոնք պայմանավորված չեն նրա սեռական պատկանելությամբ։ Օրինակ՝ տղամարդու բնավորության մեջ կարող է գերակայել անիմուսը, սակայն առկա լինել նաև անիման:

Էգոն մեր գիտակցության կենտրոնն է, որը տրամաբանորեն ու նպատակաուղղված ձևով  կառավարում և ուղղորդում է մեր վարքը մեր նպատակներին և օբյեկտիվ պայմաններին համապատասխան:

Ինքնությունը  ամբողջականության մարմնացումն է: Սա այն կետն է, անձի այն կենտրոնը,  որտեղ տեղի է ունենում անգիտակցականի և գիտակցականի կորելացում ու ադապտացում, այսինքն՝ տեղի է ունենում փոխզիջում:

Ինքնությունը կոորդինացնում է գիտակցությունն ու անգիտակցականը և պատասխանատվություն է կրում անձի ամբողջականության պահպանման համար, իսկ այն դեպքում, երբ ինքնությունը չի կարողանում կատարել իր պարտականությունը,  ի հայտ են գալիս նևրոզներ, ներանձնային կոնֆլիկտներ և նույնիսկ հոգեկան խանգարումներ:

Այսինքն՝ Յունգը մարդկային հոգեբանության ու վարքագծի պատճառները և արդյունքները փնտրում էր անգիտակցականում: Եվ, ինչպես նկատեցինք, ի տարբերություն Ֆրոյդի, սեռական բնազդին չէր տալիս առաջնային կարևորություն: Թվարկված հատկանիշներով Յունգը դրեց հիմքեր, որպեսզի ուսումնասիրվեն անգիտակցականի ոչ միայն կենսաբանական, այլև հոգեբանական առանձնահատկությունները:


Գրականություն

  1. Юнг К. Г., Аналитическая психология и психотерапия, Москва 2001, изд. «Питер», с. 505
  2. Юнг К. Г., Архетип и символ, Москва 1991, изд. «Ренессанс», с. 267-285.
  3. http://shenavan-aragatsotn.schoolsite.am
  4. https://hy.wikipedia.org


[1] https://hy.wikipedia.org

[i] Юнг К. Г., Аналитическая психология и психотерапия, стр. 55.

[ii] Տե՛ս նույն տեղում, էջ 263.

[iii] Տե՛ս նույն տեղում, էջ 265:

[iv] http://shenavan-aragatsotn.schoolsite.am

[v] Юнг К. Г. Аналитическая психология и психотерапия, стр. 365-449.


Հեղինակ` Առլինա Սարգսյան (Arlina Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: