ՆԱՏՕ-Հարավային Կովկաս փոխգործակցության զարգացման առանձնահատկությունները և հեռանկարները

Photo: http://www.nato.int/
Photo: http://www.nato.int/

ԽՍՀՄ փլուզումից մինչ այսօր Հարավային Կովկասի գլխավոր մարտահրավեր և տարածաշրջանային կայունության հաստատման ճանապարհին հիմնական արգելք շարունակում են մնալ «սառեցված» հակամարտությունները: Հարավկովկասյան երեք հանրապետությունների առջև ծառացել է պետության անվտանգության ապահովման խնդիր, քանի որ անկախությունից անմիջապես հետո դրանք ներքաշվեցին զինված հակամարտությունների մեջ, և իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ էր փնտրել անվտանգության համապատասխան ձևաչափ: Այս վերլուծության մեջ կդիտարկենք ՆԱՏՕ-ի՝ որպես ռազմաքաղաքական կառույցի դերը հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության երաշխավորման հարցում, և թե դա ինչքանով է հնարավոր: Բայց, նախևառաջ, անդրադառնանք ՆԱՏՕ-ի «ընդարձակման» քաղաքականության սկզբնավորմանը:  1949 թ. ապրիլի 4-ի՝ Վաշինգտոնի պայմանագրի կնքումը նախանշեց Հյուսիսատլանտյան դաշինքի ձևավորումը, որը տարիների ընթացքում դարձավ Եվրո-Ատլանտյան անվտանգության հիմնաքարը սառը պատերազմի ընթացքում: Չնայած պայմանագիրը չէր վկայակոչում որևէ հստակ հակառակորդի, բայց դա ակնհայտորեն նպատակաուղղված էր Խորհրդային Միության աճող ռազմական հզորության և կոմունիստական գաղափարախոսության սպառնալիքի դեմ: Այժմ իր շուրջը միավորելով 28 երկիր՝ Հյուսիսատլանտյան դաշինքը առաջնորդվում է անվտանգության պահանջների բավարարման և հավաքական անվտանգության ապահովման սկզբունքներով: 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ի առջև ծառացել էր իր դերակատարության վերափոխման և վերարժևորման խնդիր:  Նախագահ Բիլլ Քլինթոնի վարչակազմը կողմնակից էր ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակմանը դեպի արևելք և նախկին խորհրդային բլոկում ժողովրդավարական ձեռքբերումների ամրապնդմանը: Մյուս կողմից էլ, ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաներ ցանկանում էին դադարեցնել Պենտագոնի պարտավորությունները  Եվրոպայում խորհրդային վտանգի վերացումից հետո: ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները նույնպես տարակարծիք էին այս հարցի շուրջ: Մեծ Բրիտանիան գտնում էր, որ կազմակերպության հետագա ընդլայնումը կպառակտի դաշինքը, իսկ Ֆրանսիան հավատացած էր, որ դա կմեծացնի կազմակերպության ազդեցությունը, և ցանկություն ուներ հետխորհրդային երկրներին ինտեգրել եվրոպական ինստիտուտներում: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի ընդլայնումը Սպիտակ տան համար առավել կարևոր նշանակություն ուներ: 1994թ. հունվարին՝ դեպի Եվրոպա իր առաջին ուղևորության ժամանակ, նախագահ Քլինթոնը հայտարարեց. «ՆԱՏՕ-ի ընդլայնումը այլևս խնդիր չէ, հարցական է միայն այն, թե երբ և ինչպես կլինի»: Իսկ մի քանի օր առաջ Դաշինքի ղեկավարները հավանություն էին տվել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մեկնարկին, որի նպատակն էր ամրապնդել հարաբերությունները ոչ միայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, այլև նախկին խորհրդային հանրապետությունների հետ:

Այսպիսով, ՆԱՏՕ-ն ընտրեց «փոփոխություն հանուն գոյության» տարբերակը՝ իրականացնելով ֆունկցիոնալ փոփոխություններ, ձեռք բերելով անվտանգության նոր բնագավառներ: Իսկ այդպիսի վերափոխումը պահանջում էր նաև նոր տարածքների ընդգրկում: ՆԱՏՕ-ի այս քայլը Ռուսաստանը դիտարկեց որպես սպառնալիք իր անվտանգության նկատմամբ և  1990 թ.՝ Գերմանիայի վերամիավորումից հետո դեպի արևելք չընդարձակվելու երաշխիքների պայմանավորվածության խախտում:

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն սկսեց աստիճանաբար ընդլայնվել դեպի արևելք` գործընկերության տարբեր ձևաչափեր առաջարկելով  ողջ հետխորհդային տարածքներին՝ այդ թվում Հարավային Կովկասին: Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում հայտնվեց մի շարք դրդապատճառներով:

  1. Առաջին հերթին, Հարավային Կովկասը հարուստ է ածխաջրածնային ռեսուրսներով: Այստեղ արդեն իսկ իրենց գործունեությունն են ծավալել այնպիսի անդրազգային կորպորացիաներ, ինչպիսիք են «British Petroleum», «Statoil», «Total» և «ConocoPhillips»:
  2. Այս տարածաշրջանով են անցնում նավթի և գազի տեղափոխող կարևոր խողովակաշարերը: Հարավային Կովկասը հանդիսանում է Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող տարածաշրջան: Էներգոռեսուրսների դիվերսիֆիկացումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների առանցքային խնդիրն է:
  3. Ռազմավարական առումով Հարավային Կովկասը կարևոր պլացդարմ(զինադաշտ) է Իրանի վրա ճնշում գործադրելու համար: Չնայած արևմուտքը վերջերս փոխել է իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ, որն ուղեկցվեց տնտեսական պատժամիջոցների մեծ մասի չեղարկմամբ, այնուամենայնիվ, այն դեռ մնում է խնդրահարույց երկիր Արևմուտքի համար:
  4. Եվ, ամենակարևորը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացումը կխարխլի Ռուսաստանի դիրքերը այս տարածաշրջանում: Ռուսաստանը մեծ դեր ունի տարածաշրջանում, որը պայմանավորված է առաջին հերթին իր ռազմաբազաներով: Գյումրի քաղաքում տեղակայված է 102-րդ ռազմական բազան, իսկ  Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում` 3624-րդ ռազմաօդային բազան: Վրաստանի տարածքում՝ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում են գտնվում ռուսական «խաղաղապահ» զորքերը, իսկ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների վրա  ծառայում  են ռուս սահմանապահներ:

Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի և հարավկովկասյան երկրների միջև փոխհարաբերությունների հաստատման ընթացքում առաջ եկան մի շարք խնդիրներ:  Ի տարբերություն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների, որոնք հստակ ցանկանում էին համագործակցել ՆԱՏՕ-ի հետ և հետագայում այդ կազմակերպության անդամը դառնալ, (ինչը կապահովագրեր նրանց ռուսական սպառնալիքից), Հարավային Կովկասի երեք հանրապետություններն էլ տարբեր դիրքորոշումներ որդեգրեցին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության տեսլականին: Թեև ՆԱՏՕ-ի և Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջև ի սկզբանե հաստատվեցին գործընկերական  հարաբերություններ[i], սակայն  գոյություն ունեին օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ, որոնք խոչընդոտում էին հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը: Նախ և առաջ Հարավային Կովկասի երեք երկրներն էլ նախկին խորհրդային հանրապետություններ էին և կրում էին խորհրդային համակարգի ժառանգությունը: Լինելով ԽՍՀՄ-ի կազմում՝ ՆԱՏՕ-ն դիտարկվել է սոցիալիստական ճամբարի թշնամի խմբավորում, և այդ ընկալումը անմիջապես չվերացավ անկախության ձեռքբերումից հետո: ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնելու հեռանկարի վրա բացասաբար ազդեց նաև հարավկովկասյան հանրապետությունների զինված ուժերի անհամապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին: Դա ենթադրում էր այնպիսի հարցեր, ինչպիսիք էին զինտեխնիկայի արդիականացում, զինված ուժերի ժողովրդական վերահսկողություն, զինվորների իրավունքների պաշտպանություն և այլն: Իսկ այդ ամենը պահանջում էր հավելյալ հատկացումներ բյուջեից պաշտպանության ոլորտին: Պետք է նշել նաև, որ հարավկովկասյան երկրների դիրքորոշումները ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում մասնավորապես հիմնված էր իրենց ազգային անվտանգության և ազգային շահերի հրամայականներով: Բայց հիմնական գործոնը, որն ազդում է ՆԱՏՕ-Հարավային Կովկաս համագործակցությանը, ռուսական դերի գործոնը տարածաշրջանում: Մոսկվայում տարածված է այն տեսակետը, որ ՆԱՏՕ-ն փորձում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, հասնել ռուսական ռազմաբազաների փակմանը, և պետք է ամեն գնով կանգնեցնել այդ առաջընթացը: Հարավկովկասյան երեք երկրներն էլ տարբեր դիրքորոշումներ ունեն ՆԱՏՕ-ի վերաբերյալ, այդ պատճառով հարկ է դիտարկել յուրաքանչյուր պետության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ առանձին վերցրած:

ՆԱՏՕՎրաստան 

Ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի՝ Վրաստանն  առանձնանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հստակ դիրքորոշմամբ: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Վրաստանը ընկալում է որպես Ռուսաստանին հավասարակշռելու միջոց: Ռուս-վրացական հարաբերությունների լարումը տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո` կապված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատողական ձգտումների հետ, ընդ որում  այս տարածաշրջաններին Ռուսաստանն օժանդակում էր և՛ քաղաքականապես, և′ ռազմականորեն: Թբիլիսին ընկալում է Ռուսաստանը որպես սպառնալիք, և ՆԱՏՕ-ն դիտարկվում է միջոց՝ զսպելու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Վարդերի հեղափոխության արդյունքում, Մ. Սահակաշվիլիի՝ իշխանություն գալուց հետո Վրաստանը դարձավ առավել արևմտամետ, քան առաջ: Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ երկու ուղղությամբ էր իրականացվում: Առաջինը, որ արագ աճ է գրանցել պաշտպանության բյուջեն: Վրաստանը փորձում է այդպիսով իր պաշտպանության ոլորտը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին: Ռուսաստանը այդ առիթով քննադատեց Վրաստանին՝ տարածաշրջանում անվտանգության երկընտրանք ստեղծելու համար, քանի որ դրանք կարող են օգտագործվել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեմ:                                     

Երկրորդ ուղղությունը կապված է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու բուն գործընթացի հետ: Այդ ուղղությամբ Թբիլիսին ջանքեր չի խնայում՝ իրականացնելով «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագիրը՝ անդամ հանդիսանալով արագացված երկխոսությանը և անդամակցության  գործողությունների ծրագրին: 2008թ. հնգօրյա պատերազմը ակնհայտ դարձրեց Վրաստանի խոցելիությունը և Ռուսաստանի դերի մեծացումը տարածաշրջանում: Պատերազմի ժամանակ Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի կողմից տրվող օժանդակությունը սահմանափակվեց միայն քաղաքական առումով:                 

Չնայած Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր ջանքերին, դեռ 2007թ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յապ դե Հուպը հայտարարել էր, որ առաջին հերթին Վրաստանը պետք է կարգավորի իր ներքին հակամարտությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ. միայն այդ դեպքում հնարավորություն կստեղծվի ՆԱՏՕ-ին անդամակցել: Հարկ է նշել, որ 2013թ. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՆԱՏՕ-ից Անդամության գործողությունների պլան (MAP) ստանալը հայտարարեց իբրև  2014թ.-ի հիրմնական նպատակ: Սակայն ՆԱՏՕ-ն, առավել սերտ համագործակցությունից և լայնածավալ ռազմական օգնությունից բացի, ոչինչ չի խոստանում: Որպես Վրաստանին Դաշինք չընդունելու  հիմնական պատճառաբանություն՝  ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ Վրաստանի քաղաքական համակարգը, անվտանգության և պաշտպանության ոլորտները, չնայած բարեփոխումներին, դեռ չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափորոշիչներին: Այնուամենայնիվ, Վրաստանի գլխավոր արգելքը դեպի ՆԱՏՕ շարունակում են մնալ Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրները:

ՆԱՏՕ-Ադրբեջան.

Անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանը ձգտում է հետևել Քեմալական Թուրքիայի պետականության օրինակին՝ հանդիսանալ Եվրո-Ատլանտյան հանրույթի անդամ՝ պահպանելով մուսուլմանական ինքնությունը: Այդ պատճառով Ադրբեջանը համագործակցում էր Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: 1994 թ. Ադրբեջանը եղել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ակտիվ անդամ և մասնակցել Թուրքիայի հետ միջազգային խաղաղապահ մի քանի առաքելությունների: Այնուամենայնիվ, Ադրբեջանը՝ ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը համարում է տարբերակ, բայց ո՛չ առաջնահերթություն: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հարևան երկրներ Իրանի և Ռուսատանի համար ՆԱՏՕ-ի ընդլայնման ամեն մի փորձ բացասաբար է ընկալվում, և Ադրբեջանը իր հերթին դա օգտագործում է երկու կողմից զիջումներ ստանալու համար՝ պահպանելով հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ: 2007 թ. Իլհամ Ալիևը Deutsche Welle-ին տված հարցազրույցում նշել է. «Ադրբեջանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցությանը և չի ցանկանում անիրատեսական նպատակներ առաջադրել»: Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է, վերջինիս անկախությունը համարում է իր «տարածքային ամբողջականության» սկզբունքի խախտում: Ադրբեջանի Հանրապետության բոլոր նախագահները որդեգրում են այնպիսի արտաքին և անվտանգ քաղաքականություն, որտեղ առաջնահերթ էր հենց այս հիմնախնդրի լուծումը: Այս հանգամանքը նաև արտահայտվում է Ադրբեջանի՝ այս կամ այն միջազգային կազմակերպությանը (կլինի դա ՆԱՏՕ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլն) անդամակցելու  քաղաքականությամբ:

Այդպիսով, Ադրբեջանի ներգրավվածությունը որևէ միջազգային կազմակերպության կախված է եղել նրանից, թե ինչքանով այդ կառույցները կպաշտպանեն Ադրբեջանի վերահսկողության «վերականգնմանը» Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այս առումով Ադրբեջանի ակնկալիքները ՆԱՏՕ-ից մեծ չեն, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հերթին,  ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և ընդունում ու աջակցում է ներկայիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման միակ նախընտրելի ձևաչափ: Երկրորդ հերթին, Ադրբեջանը փորձում է խուսափել Վրաստանի «ճակատագրից»: Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, որ եթե գործի Վրաստանի նման, ապա իրենց ավելի մեծ կորուստներ են սպասվում: 2008 թ. հնգօրյա պատերազմը, որը հանգեցրեց տարածաշրջանում ռուսական ազդեցության ընդլայնմանը, իրենց այս մտավախության ապացույցն էր: Ինչպես նշում են ադրբեջանցի փորձագետները, ՆԱՏՕ-ին՝ Ադրբեջանի անդամակցելը  չի երաշխավորվելու այսպես կոչված «օկուպացված» տարածքների վերադարձմամբ: Իսկ եթե դա հնարավոր լինի, ապա միայն այն դեպքում, երբ երեք հանրապետությունները դառնան այդ անվտանգության համակարգի մաս: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է ՆԱՏՕ-ի և նրա ակտիվ անդամ Թուրքիայի հետ ռազմավարական և ռազմաքաղաքական համագործակցությունը, սակայն ՆԱՏՕ-ից՝ իր ակնկալիքներին համապատասխան արձագանք չստանալով,  հետ է քաշվում:

ՆԱՏՕՀայաստան.

Հայաստանի համար երբեք էլ  վերջնական նպատակ չի եղել ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալը: Հայաստանի ղեկավարությունը միշտ նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի կարող խոչընդոտել իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին[ii]: Հայաստանը Ռուսաստանին ընկալում է որպես՝ Թուրքիայի հավանական սպառնալիքի պարագայում անվտանգության երաշխավոր երկիր, այդ իսկ պատճառով էլ ավելի մեծ վստահություն և լոյալություն է դրսևորում նրա նկատմամբ, քան ՆԱՏՕ-ի, որտեղ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է: Հայաստանը  Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը անդամակցում է ՀԱՊԿ-ին: Այսպիսով, գոյություն ունեն մի շարք հանգամանքներ, որոնք ազդում են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության խորացմանը: Բայց դա ամենևին չի նշանակում համագործակցության բացակայություն, պարզապես այն «ընտրողական» բնույթ է կրում. Հայաստանը մասնակցում է և կմասնակցի բոլոր այն ծրագրերին, որոնք չեն խաթարի Ռուսաստանի շահերը տարածաշրջանում:

2001 թ. հայտարարված՝ ահաբեկչության դեմ պատերազմը և այդ առիթով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացած համագործակցությունը Հայաստանը փորձեց օգտագործել առավել բազմաուժագիծ քաղաքականություն վարելու, եվրոպական ու եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու համար: Արդեն 2002 թ. Հայաստանը միացավ «Վիրտուալ մետաքսի ճանապարհ» ՆԱՏՕ-ական նախագծին, նույն թվականին` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, «Պլանավորման և վերանայման գործընթաց»-ին: Հաջորդ տարի առաջին անգամ անցկացվեցին ՆԱՏՕ-ական զորավարժություններ, իսկ 2004 թ.` Ստամբուլի գագաթաժողովից հետո, երբ ՆԱՏՕ-ն հայտարարեց տարածաշրջանի նկատմամբ իր հատուկ ուշադրության մասին, սկսվեց բազմաբնույթ ու առավել խորը համագործակցությունը: Պետք է նշել նաև, որ Հայաստանը նույնպես մասնակցում է «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր» նախաձեռնությանը: Այսպիսով, վերը ներկայացվածից ակնհայտ է դառնում, որ ՆԱՏՕ-ի և հարավկովկասյան երկրների միջև համագործակցության խորացումը կախված չէ միայն Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ցանկության առկայությունից կամ բացակայությունից: Դեռ 2002 թ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Լորդ Ջորջ Ռոբերտսոնը նշել է, որ Հարավային Կովկասը Դաշինքի ուշադրության կենտրոնում չէ[iii]: ՆԱՏՕ-ն ինքը հենց «հարմարվողական» և ճկուն քաղաքականություն է վարում,  և համագործակցությունը իրականացվում է այն մակարդակում, որքան որ հնարավոր է տարածաշրջանում վերահսկողության լծակներ պահպանել: Հարավային Կովկասը ինքնին  «պառակտված» տարածաշրջան է՝ հակամարտություններով լի: ՆԱՏՕ-ի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ կմեծանա միայն այն ժամանակ, երբ Հարավային Կովկասը կհամապատասխանի «տարածաշրջան» հասկացությանը ոչ միայն աշխարհագրական, այլև քաղաքական, տնտեսական և այլ առումներով, քանի որ երեք հանրապետությունների միջև բացակայում են միասնական քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ տիպի հարաբերություններ: Դրանից  զատ, ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասը ընկալում է որպես  Ռուսաստանի ազդեցության գոտի,  և իր ամեն քայլ կարող է էլ ավելի վատթարացնել Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները: Այդ պատճառով էլ  վաղ է խոսել հարավկովկասյան երկրներից որևէ մեկի՝ ՆԱՏՕ-ին լիիրավ անդամ դառնալու մասին: Իրենց հերթին Հարավային Կովկասի հանրապետությունները ՆԱՏՕ-ն պետք է դիտարկեն ոչ թե որպես իրենց «անվտանգության հիմնական երաշխավոր», այլ անվտանգության ապահովման հարցում գործընկեր: ՆԱՏՕ-ն կայացած ռազմաքաղաքական կառույց է և ունի պոտենցիալ՝ հարավկովկասյան անվտանգության ապահովման հարցում իր դրական ազդեցությունը թողնելու համար:


[i] 1992 թ. Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը միացան Հյուսիս-Ատլանտյան համագործակցության Խորհրդին: 1994 թ. Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ստորագրեցին Գործընկերություն հանուն Խաղաղության  (ԳհԽ) շրջանակային փաստաթուղթը: http://www.nato.int/nato_static/assets/pdf/pdf_publications/20111018_southern_caucasus_partners-ar.pdf

[ii] President Robert Kocharyan declared that joining NATO would affect Armenia’s relations with neighboring countries and would barely improve its national security. His successor Serge Sarkisyan (who served as Minister of Defense from 1993–95 and 2000–07, then as Prime Minister) has made similar indications. Consequently, this course was documented in Armenia’s “National Security Strategy,” which was adopted in a meeting of the National Security Council of Armenia on 26 January 2007.

[iii] In 2002, NATO’s Secretary General, Lord Robertson, stated that the South Caucasus was not particularly relevant to the Alliance.

Օգտագործած գրականության ցանկ

  1. Security Studies. An Introduction. Edited by Paul D.Williams (2008)
  2. Regional Security in the South Caucasus: The Role of NATO.Central Asia-Caucasus Institute 2004. http://www.isn.ethz.ch/Digital-Library/Publications/Detail/?lang=en&id=30299
  3. Martin Malek .NATO and the South Caucasus: Armenia, Azerbaijan, and Georgia on Different Tracks (2008)
  4. Alberto Priego.NATO cooperation towards South Caucasus.Caucasian Review of International Affairs.2008
  5. http://www.cfr.org/nato/north-atlantic-treaty-organization-nato/p28287
  6. http://www.eurasianet.org/departments/insight/articles/eav031607.shtml
  7. http://georgianreview.ge/2015/01/does-nato-stand-a-chance-in-the-south-caucasus/
  8. http://theanalyticon.com/?p=2173
  9. http://svpressa.ru/politic/article/90882/
  10. http://armenpress.am/arm/news/430707/r-simons-nato-n-anmijakanoren-nergravvats-che-lernayin.html
  11. https://iwpr.net/global-voices/azerbaijan-tiptoes-towards-nato
  12. http://www.armeniandiaspora.com/showthread.php?147352-BAKU-Isa-Qambar-Azerbaijan-s-Membership-Of-NATO-Does-Not-Mean-An-I
  13. http://www.nato.int/nato_static/assets/pdf/pdf_publications/20111018_southern_caucasus_partners-ar.pdf

Հեղինակ՝ Արմենուհի Գևորգյան (Armenuhi Gevorgyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: