Ֆրանկոֆոն երիտասարդությունը գործնականում

Ֆրանկոֆոն ավանի Ֆրանկոֆոնիայի տաղավարում հոկտեմբերի 9-ը բացառիկ օր էր՝ ամբողջությամբ նվիրված երիտասարդությանը: Գլխավոր թեման էր «Երիտասարդությունը որպես «Ապրել միասին» նախաձեռնության շարժիչ ուժ»: Տարբեր երկրներից ժամանած երիտասարդները համախմբվել էին՝ խոսելու իրենց հուզող տարբեր կարևորության թեմաներից, մասնավորապես «Ազատ միասին»-ի էական արժեքներից, երիտասարդների շարժունակությունից, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և իր գործընկերների կողմից իրականացվող տարբեր նախագծերից:

Այսպիսով՝ այսօր մենք ձեզ առաջարկում ենք բացահայտել երկու երիտասարդների, ովքեր ներկայացնում են իրենց գործունեությունը, փորձը ֆրանկոֆոնիայի շրջանակում և «Ապրել միասին»-ի իրենց տեսլականը:

-Բարև, Յասմին: Կպատմե՞ք մեզ հակիրճ Ձեր մասնագիտական և անձնական գործունեությունից:

-Եթե պատմեմ մասնագիտական գործունեությունից, կասեմ, որ գերազանցությամբ ավարտել եմ Ալեքսանդրիայի համալսարանի ֆրանսիական գրականության ֆակուլտետի բակալավրիատը (Licence): Այնուհետև համալսարանում ինձ ընտրեցին իբրեւ օգնական, և այդպիսով սկսեցի աշխատանքային ուղիս ֆրանսերեն լեզվի և գրականության ոլորտում: Իմ ասպիրանտական թեզի թեման այլության էթիկայի մասին էր քաղաքակրթությունների բախման և մշակութային երկխոսության միջեւ, ավելի կոնկրետ` եգիպտական ֆրանկոֆոնիայի և Եգիպտոսի ֆրանկոֆոն մամուլի վերաբերյալ:

-Երեւում է՝ ֆրանկոֆոնիան կարևոր, նույնիսկ նշանակալի տեղ է զբաղեցնում Ձեր կյանքում: Ինչու՞ եք ընտրել ֆրանսերենը:

-Նախևառաջ ֆրանսերենը ծնողներիս ընտրությունն էր ինձ համար, երբ ինձ տարան երկլեզու մանկապարտեզ, և ես շարունակեցի այդ ուղին: Մեծանալով սեր էր ձևավորվում իմ մեջ ֆրանսերեն լեզվի, մշակույթի հանդեպ և այն ամենի, ինչը վերաբերում է ֆրանսերենին, ֆրանկոֆոն գրականության հանդեպ նույնպես. ես այն պաշտում եմ: Ահա թե ինչու ես ընտրեցի ֆրանսիական գրականությունը և գնացի այդ ուղղությամբ: Այնուհետև բացահայտեցի ֆրանկոֆոնիան, որն ընդգրկում է ֆրանկոֆոն աշխարհի ամբողջ բազմազանությունը, ինչն ինձ ավելի ընդհանուր և ավելի տարբերվող, ավելի ընդգրկուն պատկերացում տվեց ֆրանսերեն լեզվի մասին:

-Գիտեմ, որ Դուք մասնակցել եք «Ատլանտյանից մինչև Միջերկրական Ազատ միասին» խորագրով Hermione 2018 նավարկությանը՝ որպես երիտասարդ առագաստանավորդ: Ի՞նչն էր առավել տպավորիչ Ձեզ համար այդ արկածի ընթացքում:

Ինձ առավել տպավորել է ընտանեկան մթնոլորտը, որում ապրում էինք Hermione-ում, ես դա ավելի շատ զգացի վերադառնալուց հետո: Իսկապես ընտանիք էինք. լրացնում, օգնում, լսում էինք միմյանց: Շատ գեղեցիկ միջոց էր Ազատ միասին-ը զգալու:

Երիտասարդ ֆրանկոֆոնների երկրորդ համաժողովը տեղի ունեցավ Ժնևում` Ազգերի պալատում, սեպտեմբերի 17-ից 19-ը` նախորդելով Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Դուք ընտրված երկու հարյուր երիտասարդների թվում էիք: Ի՞նչ հետևություն եք արել այդ հանդիպումից:

Ժնևում անցկացրած երեք օրերը զուգահեռ երկու նախագծի էին նվիրված՝ նախևառաջ Երիտասարդների հռչակագրին, որը ստեղծվել է Ժնևում, և որը կկարդան Երևանի գագաթնաժողովում պետությունների ղեկավարների ներկայությամբ: Այն ներկայացնում է ֆրանկոֆոն երիտասարդությանը անհանգստացնող բոլոր հարցերը իրենց ապագայի վերաբերյալ՝ կրթությունից մինչ աշխատանք և շրջակա միջավայր: Միևնույն ժամանակ տեղի են ունեցել սեմինարներ, կլոր սեղաններ այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են երիտասարդներին, ինչպես, օրինակ, շարժունականությունը, ձեռնարկատիրությունը:

Ըստ Ձեզ` այդ հռչակագիրը համապարփա՞կ է և կարժանանա՞ պետությունների ղեկավարների և կառավարությունների ուշադրությանը:

Այո՛: Դա այն է, ինչ պատրաստվում ենք ներկայացնել այս հինգշաբթի` հոկտեմբերի 11-ին, և այն, ինչը հույս ունենք, որ կկիրառվի: Պարզապես պահանջներ չեն ներկայացվելու, այլ ապագայի անելիքներ, և հույս ունենք, որ երկրների ղեկավարները մեզ կօգնեն դա իրագործել:

Ամփոփելով` կարո՞ղ եք տալ Ապրել միասին-ի Ձեր սահմանումը:

Ապրել միասին-ը մի փորձ է, որը թույլ է տալիս ստեղծել այնպիսի մի հասարակություն, հասարակական դրական կյանք, մարդկանց, ովքեր կարող են նախևառաջ լսել միմյանց, վստահել իրենք իրենց, տարբերվել և տարբերությունը դիտարկել որպես արժանիք: Դա նշանակում է միմյանց ընդունել և այդպիսով կարողանալ համագործակցության եզրեր գտնել ավելի լավ ապագա կերտելու համար:

Սոբել Ազիզ Նգոմը սենեգալցի երիտասարդ ձեռներեց է: Նա ղեկավարում է աֆրիկյան երիտասարդների համար քաղաքացիական առաջնորդության կենտրոնը, որը նա հիմնադրել է 2014թ.-ին: Նա նաև հեռուստատեսային ամենամեծ ծրագրի հովանավորն է, որը նվիրված է ֆրանկոֆոն Աֆրիկայի երիտասարդության ձեռնարկատիրության առաջխաղացմանը, ու նաև «Երիտասարդների ձայնը» մրցույթի, որը կոչված է զարկ տալո երիտասարդների շրջանակում կրթության, հմտությունների և աշխատանակության զարգացմանը:

Սա Ձեր առաջին այցելությունն է Հայաստան: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները  և  որո՞նք են  ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովից  Ձեր ակնկալիքները:

Հայաստան այցելությունը մեծ հաճույք էր ինձ համար, այն խորը և ուժեղ պատմություն ունեցող երկիր է,  ինչը մեզ կարող է ներշնչել  շատ բան սովորելու: Ինչ վերաբերում է ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին, ապա երիտասարդի տեսանկյունից, քանի որ ես երիտասարդների պատվիրակության անդամ եմ, իմ հիմնական ակնկալիքը որոշումների կայացման, մոնիթորինգի և գործարկման մեջ երիտասարդների ավելի իրական, ամուր և պրագմատիկ ինտեգրումն է :

Դուք մասնակցել եք Ժնևում կայացած երիտասարդ ֆրանկոֆոնների երկրորդ միջազգային կոնֆերանսին, որի շրջանակներում պատրաստվել և ընդունվել է Երիտասարդական հռչակագիր:  Ըստ Ձեզ` որո՞նք են  այդ  հռչակագրի ուժեղ կողմերն ու հեռանկարները:

Չորս հիմնական կետերը, որոնք մենք ընտրել ենք հռչակագրի մեջ ներառելու համար և որն այս հինգշաբթի ներկայացնելու ենք պետությունների ղեկավարներին, վերաբերում են կրթությանը, աշխատանքին, շրջակա միջավայրի և միասին ապրելու հետ կապված հարցերին: Մենք որոշել ենք առաջարկություններով հանդես չգա, այլ ստեղծել մի հռչակագիր, ուր երիտասարդները ասում են, թե ինչպես կարող են խթանել Ֆրանկոֆոնիային և խոսում են իրենց դերի մասին: Հռչակագրի վերջում զետեղել ենք հարցեր, որպեսզի երիտասարդների հետ ավելի շատ հաշվի նստեն և իրենց ձայնը ոչ միայն լսելի լինի, այլև իրենք լինեն համակարգի կենտրոնում՝ ի շահ դնելով իրենց ոգին, ստեղծարարությունը և նորարարությունը՝ փորձելով գտնել լուծումներ այս դժվարությունների համար:

Որո՞նք են Ձեր հիմնական քայլերը ֆրանկոֆոնիայի միջոցով աֆրիկացի երիտասարդների շարժունակությունն ապահովելու համար:

Իմ ներդրումը այն կազմակերպության միջոցով է, որը ես ղեկավարում եմ: Գաղափարը ոչ միայն խնդիրները կարգավորելուց առաջ լուծումներ գտնելու հարցում տարբեր երկրների երիտասարդներին միավորելն է, այլև Աֆրիկայի 7 երկրների երիտասարդների միջև շարժունակության ստեղծումը: Ես կարծում եմ, որ այն, ինչ այսօր կարևոր է երիտասարդների կրթության, աշխատանքի և մասնակցության համար ներդրման առումով, նրանց համար հանդիպելու, սովորելու, միմյանց հետ շփվելու  համար տիրույթների ստեղծումն է, ինչպես նաև նրանց ճանապարհորդելը ՝ նախ իրենց երկրի ներսում, ապա՝ երկրից դուրս: Ըստ մեր հեռուստահաղորդման շրջանակներում արված ծրագրի ուսումնասիրության՝ աֆրիկացի երիտասարդների 64%-ը երբեք դուրս չի եկել իրենց ծննդավայր քաղաքներից, չնայած այն հանգամանքին, որ աղքատ չեն: Խնդիրն այն է, որ չկա ճանապարհորդելու մշակույթ, մոտիվացիա, դուրս գալու համար որևէ փաստարկ, շարժունակությանը նպաստող ոչինչ չկա, բացի զուտ խոսքերից: Հենց այս խնդիրն է, որ ցանկանում ենք լուծել :

Հարցազրույցները վարեցին՝ Սոնա Մալինցյանը և Շուշանիկ Մակարյանը

Թարգմանեց՝ Գոհար Յուզբաշյանը