Հարցազրույց | Հմայակ Պետրոսյան

«Ոչ մի թերթի մի հավատացեք, կարդացեք միայն «Պիոներ կանչ»

 «Պիոներ կանչ» մանկապատանեկան թերթի խմբագիր Հմայակ Պետրոսյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

Պրն Պետրոսյան, Շարժման տարիներին եղել եք «Պիոներ կանչ» մանկապատանեկան թերթի խմբագրի տեղակալը, փաստացի՝ խմբագիրը: Հայտնի է, որ այդ տարիներին թերթը ազատորեն գրել է Շարժման մասին: Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ:

«Պիոներ կանչ»-ում սկսել եմ աշխատել 78 թ.-ից: 87թ.-ի աշնանը ես դարձա խմբագրի տեղակալ, իսկ խմբագիրը տեղափոխվեց «Ավանգարդ»: Մենք խմբագիր չունեինք, և ես փաստորեն խմբագրի պաշտոնակատար էի: 88 թ. փետրվարին, երբ իրադարձությունները սկսեցին, ես էի ստորագրում թերթը: «Կանչ»-ը հայտնվեց այդ իրադարձությունների հորձանուտում, և կարծում եմ՝ պիտի հայտնվեր: Մենք անմիջական էինք, անկեղծ էինք, չէինք կարող անտարբեր լինել և ինչու՞ պիտի անտարբեր լինեինք: Սակայն թերթի ազատությունը սկսվեց հատկապես մի բանից. երբ ցուցարարները եկան Մամուլի տան մոտ, մենք վերևից նայում էինք, և երբ տեսանք, որ մոտեցան ու վանկարկում են «ամոթ մամուլին», մեր թերթի աշխատակիցներով իջանք, միացանք ցուցարարներին, և մենք էլ սկսեցինք թափահարել մեր բռունցքները և վանկարկել «ամոթ մամուլին»: Դա մեծագույն դասն էր, որ մենք տվեցինք ինքներս մեզ: Դրանից հետո կարծես ամեն ինչ վերափոխվեց: Մենք ուզեցինք թոթափել ինքներս մեզ տված այդ ամոթանքը, և կարծում եմ՝ կարողացանք թոթափել մեր հետագա գործունեության շնորհիվ: Հետագայում բազմիցս տարբեր մարդկանց կողմից՝ թե՛ իշխանավորների, թե՛ ոչ իշխանավորների, թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի, բազմաթիվ գնահատականներ ստացանք: 

Ի՞նչ ֆորմատներ ստեղծեցիք թերթում ազատ խոսքը հնարավոր դարձնելու համար:

Երբ առաջին «ամոթ մամուլին»-ը հնչեց, Տիգրան Հարությունյանը, բանաստեղծ Վարուժան Խաստուրը և Արա Բաղդասարյանը տեղադրեցին սարք, և ստեղծեցինք քսանչորսժամյա անմիջական կապ: Առավոտյան գալիս էինք, վերծանում այդ հեռախոսազանգերը և տպագրում: Անմիջական կապը պարզապես ապշեցրել էր բոլորին: Մտավորականները կապվեցին թերթի հետ և կարողացան արտահայտել իրենց ասելիքը. առաջին անգամ թերթի էջերում ոչ թե պատանիներին ուղղված խրատներ ու խորհուրդներ էին, այլ զրույց պատանիների հետ: Պատանիների խոսքը շիտակ է, անմիջական, դրա համար էլ անմիջական կապ էինք կոչում: Պատանիների խոսքը նաև սուր է, և մենք մտածում էինք, որ հարցերը պետք է սուր դնել, որ մարդիկ սկսեն մտածել,  և երբ մտածեն, անպայմանորեն կսկսեն ելք որոնել, ինչը ամենակարևոր բանն է: Ելք գտնելու համար հարցերը պետք է ազնիվ ու շիտակ դնել և խաբեության չդիմել, իսկ խաբեություն էր, օրինակ, Ղարաբաղում սոցիալ-տնտեսական բարենորոգումներ անցկացնելու որոշումը, որով փորձում էին հանդարտեցնել ժողովրդին: Մենք մերժեցինք այդ որոշումը հենց պատանիների խոսքով: Այդ ժամանակ ինչ-որ Պրիմակով, որ ազդեցիկ դեմք էր, ասել էր՝ մարդը նախ պիտի կոմունիստ լինի, հետո՝ այս կամ այն ազգի ներկայացուցիչ: Մեր պատանիներից մեկն էսպես էր արձագանքել. «Ես չեմ հասկանում, երբ մարդը ծնվում է, այս կամ այն ազգի ներկայացուցիչ է լինում, հետո՞ դառնում կոմունիստ, թե՞ կոմունիստ է ծնվում, հետո դառնում այս կամ այն ազգի ներկայացուցիչ: Եվգենի Պրիմակովի այս պարզունակ մոտեցումը ինձ համար անհասկանալի է»: 

Իսկ ճնշումներ չէի՞ն լինում. ինչպե՞ս էիք դիմակայում

Լինում էին, իհարկե, բայց հնարավոր էր դրանք շրջանցել: Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի բյուրոն որոշում կայացրեց «Կանչի» անմիջական կապի մի շարք հրապարակումների մասին՝ թերթին մեղադրելով ոչ բավարար գաղափարական աշխատանք կատարելու և ցածր պատասխանատվության մեջ՝ նշելով, օրինակ, որ երեխաների ընկալումները անպայման պետք է մեկնաբանվեն խմբագրության կողմից, երեխաներին պետք է բացատրել, որ կառավարությունն ամեն ինչ անում է Ղարաբաղում կուտակված խնդիրները լուծելու համար: 

Անմիջական կապը այնքան մեծ ուշադրության արժանացավ, որ մի հանրահավաքում Սամվել Գևորգյանը հայտարարեց. «Ոչ մի թերթի մի հավատացեք, կարդացեք միայն «Պիոներ կանչ»»: Հանրահավաքը ուրբաթ օրն էր, շաբաթ օրը սկսեցին մեզ փնտրել: Պարզվում է՝ էդ հանրահավաքին Մոսկվայից եկած մարդիկ են եկել, որ մտածել են՝ սա ինչ թերթ է, ասել են՝ խմբագրին հեռացրեք կուսակցությունից, բայց ես կուսակցական չէի և չէի էլ ուզել լինել: Սամվել Գևորգյանը զանգահարեց, ասաց, որ եթե պետք է, հանրահավաքի ժամանակ մեկ անգամ հնչեցնեն ճնշումների մասին: Ես ասացի, որ անհրաժեշտություն չկա, որովհետև հանրահավաքը ավելի լուրջ խնդիրներ ունի, քան «Պիոներ կանչ»-ին անդրադառնալը: Նույնիսկ 90 թ.-ին էին փորձում ճնշել. դա անցումային շրջան էր, և պաշտոնապես մեր թերթը դեռ կոմսոմոլի ենթակայության տակ էր:  Զանգում-ասում էին՝ այս համարը սուր է, ես էլ ասում էի՝ հաջորդն ավելի սուր է լինելու:

Ուզում եմ վերադառնանք թերթի ընտրած ֆորմատներին. թերթի այդ տարիների համարները թերթելիս նկատեցի, որ կան Արցախին նվիրված բազմաթիվ խորագրեր, կա, այսպես ասած, իրավաբանական տեղեկատվության խորագիր, որի տակ իրավաբանը պատասխանում է «ինչ է ցեղասպանությունը», «ինչ է գործադուլը» և նման այլ հարցերի, շատ են անդրադարձները մայրենի լեզվին, ի վերջո՝ կա «Հանդիպումներ Թատերական հրապարակում» խորագիրը, և կան հարցազրույցներ Շարժման դեմքերի հետ: Կպատմե՞ք սրանց մասին: 

Նախ ուզում եմ ասել, որ մենք հրաշալի աշխատակազմ ունեինք, բայց դրանից բացի՝ ունեինք հրաշալի պատանեկան սերունդ՝ «Շավիղ» պատանեկան խմբագրությունը, որտեղ ստեղծագործում ու տպագրվում էին պատանիները. մեր թերթի առաջին էջը նրանցն էր: Մենք համագործակցում էինք շատ լավ լուսանկարիչների՝ Զավեն Խաչիկյանի, Մխիթար Խաչատրյանի հետ (թե՛ Շարժման, թե՛ երկրաշարժի տարիներին նրանք իրենց լուսանկարները անվճար էին տրամադրում թերթերին): Այո՛, շավիղցիները հանդիպումներ էին անցկացնում Թատերական հրապարակում, և մենք տպեցինք նստացույց անող ուսանողների առաջին լուսանկարը: Առաջին անգամ «Կանչ»-ում տպագրեցինք Թատերական հրապարակում հնչած «Չքնեք, տղաներ» երգը՝ Գուրգեն Գաբրիելյանի, Յուրի Սահակյանի խոսքով: Տպում էինք նաև այդ օրերին Ղարաբաղ կոմիտեի տարածած փոքրիկ թռուցիկները, թեպետ շատ դեպքերում թռուցիկը անմիջականորեն չէինք տպագրում, բայց պատանիների հարցադրումներով արտահայտում էինք թռուցիկի գաղափարները: 

Իրավաբանական տեղեկությունները տպագրեցինք Գեղամ Ղարախանյանի հետ: Նա համալսարանի իրավաբանության ֆակուլտետում էր դասավանդում, և դեռևս սովետական ժամանակներից համագործակցում էինք նրա հետ, սակայն Շարժման օրերին այդ համագործակցությունն ավելի կարևոր դարձավ, քանի որ իրադարձություններին զուգընթաց մենք ուզեցինք մարդկանց տեղեկացնել նաև դրանց իրավական կողմի մասին. անդրադարձ եղավ գործադուլին, ազգերի ինքորոշման իրավունքին և էլի շատ կարևոր երևույթների: 

Մեր թերթում նաև ֆիդայական շարք էինք տպագրում: Նման շարք տպագրելը մեծ համարձակություն էր 88 թ.-ին: 

«Կանչ»-ը դարձավ Սփյուռքի խոսափողը: Երբեք Սփյուռքը ասելիքի առումով այդքան տեղ չունեցավ Հայաստանում, որքան այդ տարիներին: Սովորաբար Սփյուռքը խոսում էր մշակութային թեմաների, հայրենիքի հետ կապի մասին, բայց քաղաքական ու պետական խնդիրների մասին  խոսակցություն չկար: Այդ տարիներին Սփյուռքը փաստորեն սկսեց խոսել մինչ այդ տաբու դրված այդ թեմաների մասին: Մենք հետագայում նաև ստեղծեցինք «սփյուռքահայ մտավորականներ» խորագիր, բայց, ցավոք, այն կիսատ մնաց: Ես ուզում էի, որ դա առանձին գրքով հրատարակվի, բայց չստացվեց: «Կանչ»-ում տպագրված շատ հրապարակումներ, սակայն, հետագայում գիրք են դարձել: «Կանչը» նախաձեռնեց և 1999 թ.-ին հրատարակեց մի գիրք, որ կոչվեց «Դարավերջի դիմանկար»: Կարծում եմ՝ սա «Կանչ»-ի ստեղծած գլուխգործոցն է, որը դար ամփոփեց հայ մտավորականների ասելիքով: Գուցե անգամ անուններ կան, որ չպիտի լինեին: Գևորգ Դևրիկյանն էլ «Կանչ»-ում տպագրված  բանաստեղծությունների հիման վրա կազմեց «Ստեղծագործում են Արցախի երեխաները» գիրքը: 

Երբ Կոմիտեն բանտում էր, հանձնարարություն իջեցվեց, որ յուրաքանչյուր թերթ իր հրապարակումներում որոշակի տողաքանակով պիտի վարկաբեկի Ղարաբաղ կոմիտեին: Մենք էլ հրատարակեցինք Վարուժան Խաստուրի բանաստեղծությունը՝ նվիրված Ղարաբաղ կոմիտեին:  Երբ բանտից եկան, որոշեցին, որ որոշ ժամանակ հարցազրույց չեն տալու, մինչև չտիրապետեն իրավիճակին: Ես հերթով դիմեցի Ղարաբաղ կոմիտեի բոլոր անդամներին, որ գոնե մեզ հարցազրույց տան. բոլորն ասացին՝ այո, միայն Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց՝ ոչ՝ հիմնավորելով, որ եթե իրենք որոշել են ոչ մեկին հարցազրույց չտալ, ուրեմն դա նաև իրենց թերթին է վերաբերում (էն ժամանակ ասում էին մեր թերթը): Մենք էլ որոշեցինք, որ հարցազրույցներ կանենք Ղարաբաղ կոմիտեի բոլոր անդամների, ինչպես նաև այլ հայտնի դեմքերի հետ, բայց բոլորի հետ չհասցրինք. հասցրինք հարցազրույց անել Համբարձում Գալստյանի, Գալինա Ստարավոյտովայի, Աշոտ Մանուչարյանի, Ռաֆայել Իշխանյանի, Վանո Սիրադեղյանի հետ, բայց այնպես ստացվեց, որ Վանոյինը չհասցրինք տպագրել: 

Այս ամենին հաջորդեցին բազմաթիվ արձագանքներ: Պոլսի «Մարմարա» օրաթերթը և Փարիզի «Յառաջ»-ը արտատպումներ էին անում «Կանչ»-ից. «Մարմարա»-ն «Կանչ»-ից արտատպում անում էր «Յառաջ»-ի միջոցով, քանի որ հայկական թերթին հղում տալու իրավունք չուներ: Ամենամեծ արձագանքը Փարիզի «Յառաջ» թերթը արեց՝ գրելով, որ Հայաստանում հայտնվել է մի թերթ՝ պատանեկան ազատ խոսքի անկյուն: Հետագայում և՛ «Մարմարա»-ի, և՛ «Յառաջ»-ի խմբագիրները եկան «Կանչ»-ի խմբագրություն, ձայնագրիչների նվիրեցին: 90 թ.-ին «Կանչ»-ին իր գնահատականը տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով նրա մասին, թե ինչպես այս թերթը դարձավ Արցախյան շարժման խոսափողը: Նա մեկ նամակ էլ «Կանչ»-ին ուղղեց անկախության առաջին տարեդարձի առթիվ: 

Ձեր խոսքում հաճախ  «Պիոներ կանչ»-ի փոխարեն ասում եք թերթի արդեն նոր անունը՝ «Կանչ»: Ինչպե՞ս որոշեցիք փոխել անունը:

90 թ.-ին որոշեցինք, որ թերթի անունը պիտի փոխենք: Որոշեցինք դիմել ընթերցողիներին: Բազմաթիվ առաջարկներ եղան, բայց դրանց մեջ շարունակականություն չկար. նոր անուններ էին առաջարկում: Ես ասացի՝ մենք թոթափել ենք միայն մի բան՝ կոմունիստական, պիոներական կողմը, ուրեմն «պիոներ»-ը հանենք, մնա «Կանչ»: Էդպես որոշեցինք «Կանչ» կոչել: Էդ ժամանակ արդեն խմբագիր էր եկել, բայց նա արձակուրդում էր, և ես էի ստորագրում թերթը: Այդպիսով «Կանչ» անունով առաջին թերթը ևս ես ստորագրեցի: 

Ըստ Ձեզ՝ ո՞րն է 88-ի Շարժման դերը Հայաստանի պատմության մեջ:

88-ի Շարժումը համաժողովրդական շարժում էր: Հայաստանում համաժողովրդական շարժում երկու անգամ է եղել՝ երկուսն էլ շատ հզոր, բայց մի տարբերությամբ միայն. առաջինը պետականության ստեղծման շարժումն էր, ի վերջո Արցախյան շարժումը հանգեցրեց ազատության, անկախության ձեռքբերման, պետականության ստեղծման, իսկ երկրորդը (դրան «Կանչը» որպես թերթ պիտի մասնակից լիներ, բայց ցավոք սրտի չեղավ, որովհետև 2005-ին Ռոբերտ Քոչարյանը գլխատեց «Կանչ»-ը)` պետականության պահպանման ու ժողովրդավարության վերականգնման շարժում: Հայաստանի անկախ պետությունը այսօր արդեն չէր լինի, եթե չլիներ այդ շարժումը. այն գոնե երկարացրեց Հանրապետության կյանքը՝ մինչև վերջնականապես կարողանանք ազատվել այս վիճակից, որպեսզի չունենանք պետականության ու ազատության կորուստ: Չկա պետականությունից բարձր արժեք: Երկու անգամ՝ 98-ին և 2008-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը կանխեց քաղաքացիական պատերազմը: Բանն այն է, որ նա միշտ եղել է պետական այր, այսինքն՝ միշտ մտածում է պետության շահերից ելնելով և չի առաջնորդվում քաղաքական շահախնդրությամբ: 

Ավելի մանրամասնկանդրադառնա՞ք 2005-ին «Կանչ»-ի հետ տեղի ունեցածին:

Ոտնձգությունները սկսվեցին 98-ից, իսկ 2002-ին թերթը համարյա փակման վտանգի տակ էր, բայց ինչ-ինչ միջոցներով շարունակում էր լույս տեսնել: Նախագահականի բանավոր հրամանով պետական Ֆինանսավորումը դադարեցրին, տարածքը խլեցին, գույքը առգրավեցին և աճուրդի հանեցին: Նպատակն էր վերացնել ազատ խոսքի այդ անկյունը: Չընդունելով այդ վիճակը՝ ես իմ մի քանի համախոհների հետ հեռացա թերթից: Երբ արդեն հասան իրենց նպատակին, և «Կանչ»-ն այլևս ազատ խոսքի անկյուն չէր, այլ ենթակա թերթ, նորից վերականգնեցին պետական ֆինանասավորումը: Այդ դեպքերի մասին Արփիկ Միսաքյանը գրեց «Պատանեկան թերթը անցանկալի՞ թէ՞ աւելորդ» վերնագրով հոդվածը: Ես կարող եմ ասել, որ 88-ին երկրորդ ծնունդ առած այդ հրաշալի թերթը 2005-ին այնուամենայնիվ իր մահկանացուն կնքեց՝ չնայած հարյուրհազարավոր պահանջներին ու արձագանքներին: 

Զրույցն ավարտենք՝ վերադառնալով 88. Շարժումը բնութագրող ի՞նչ հատուկ հիշողություններ ունեք:

Ես երբեք չեմ մոռանա առաջին զոհի զոհվելու օրը: Երբեք այդքան սգավոր, լուռումունջ քաղաք չեմ տեսել: Նաև երբեք չեմ տեսել, որ մարդիկ այդքան հարազատ լինեն մեկը մյուսին, որքան այդ օրերին: Տրանսպորտ չկար, գործադուլ էր, բայց ով մեքենայով էր, ասում էր. «Եղբայր, էսինչ տեղն եմ գնում, քեզ ու՞ր տանեմ-հասցնեմ»: Բոլորը իրար հարազատ էին: Ամեն մեկն ուզում էր ինչ-որ կերպ մասնակցել և դա անում էր իր խղճի համար: Ի վերջո անծանոթ մարդը անծանոթ մարդու էր տեղափոխում, նրա համար չէր անում, որ ասեն՝ ապրի էս մարդը: Էդ հարազատությունը երևի երբևէ չի եղել. ապշեցուցիչ բան էր: 

Գրեթե ամեն օր մի հետաքրքիր բան արվում էր: Ժողովուրդն իրադարձություններին արձագանքում էր շատ հետաքրքիր ակցիաներով, որոնց մասին մինչ այդ չէիր էլ կարող պատկերացնել: Երբ Ղարաբաղ կոմիտեն բանտում էր, ապրիլի 24-ին բարձրացանք Ծիծեռնակաբերդ՝ Ղարաբաղ կոմիտեի անդամների նկարներով: Իմ հիշողության մեջ մնաց մի հրաշալի կարգախոս. «Հայաստանն ինն ամիս անկախ էր, ազատ էր», այսինքն՝ Մոսկվային ենթակա չէր: Ես մտածում էի՝ ինչպես գլխի չեմ ընկել, որ ինն ամիս անկախ ենք եղել, մենք ենք որոշել մեր օրակարգը: 

Մեկ այլ ակցիա էլ եմ հիշում. Հանրապետության հրապարակի մեծ, կլոր շրջանով դանդաղ քայլում էինք բանտարկյալների պես՝ ձեռքներս մարմնի հետևի մասում  դրած. իմաստն այն էր, որ այս երկրում բոլորս ձերբակալված ենք: Մեկը տասը-տասնհինգ րոպե քայլում էր, դուրս էր գալիս, մեկ ուրիշն էր փոխարինում նրան: Բոլորն ուզում էին մասնակից լինել: Մենք խմբագրության աշխատակիցներով եկանք-միացանք նրանց: Քայլում էինք ու մտածում՝ երևակայությունն անսպառ է: Այնտեղ նաև արտասահմանցիներ կային, որ պիտի տեսնեին, ապա տեղեկացնեին դրա մասին: 

Ես ուրախ եմ, որ ապրեցի ու տեսա այդ ժամանակները: Հարյուրհազարավոր մարդիկ, որ մասնակից դարձան Շարժմանը, նաև այդտեղ վերափոխվեցին: Կոմունիստական տոմսերը շպրտելու որոշումը շատերը «Կանչ»-ում էին կայացնում: Ամեն հինգշաբթի հավաքվում էինք «Կանչ»-ի խմբագրությունում, սուրճ խմում, քննարկում: Թե՛ Արցախում, թե՛ համշենահայերը գիտեին, որ եթե այդ օրը գան, կհանդիպեն իրենց ցանկալի անձանց, կխոսեն, կքննարկեն: Այդ քննարկումների, զրույցների արդյունքում ասելիք էր ծնվում: Կարող եմ ասել, որ մեր թերթի խմբագրությունը եղել է Շարժման փոքրիկ անկյուններից: 

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ