Հայաստանի համար ԵՄ անմիջական անդամակցության մասին պատրանքներ չկան

Վերջերս Արևելյան գործընկերության մի շարք երկրներ՝ Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։ Ուկրաինան ԵՄ-ին միանալու հայտ ներկայացրեց մարտի սկզբին՝ ներխուժումը սկսելուց անմիջապես հետո, դրան հաջորդեցին Վրաստանն ու Մոլդովան, որոնց հանձնվեցին իրենց համապատասխան հարցաթերթիկները ապրիլի 11-ին՝ Լյուքսեմբուրգում արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակներում: StrategEast-ը հարցազրույց է անցկացրել արևմտյան գործընկերության երկրների առաջատար փորձագետների հետ: Ահա, թե ինչ պատասխաններ ենք ստացել Հայաստանից: 

Ի՞նչ եք կարծում, այդ իրադարձությունները (Եվրամիության անդամակցության հարցաթերթի ձեռքբերումը) կխրախուսե՞ն Ձեր երկրի կառավարությանը դիտարկել ապագայում ԵՄ-ին անդամակցության՝ դիմելու հնարավորությունը: Դա դրականորեն կազդի՞ ձեր երկրի տնտեսական և սոցիալական գործընթացների վրա: Ո՞ր հիմնական հայեցակետերն են (տնտեսական, քաղաքական, սոցիալական) Ձեր երկրում եվրոպականին մոտ:

Ի՞նչը պետք է բարելավվի:

Ներկայումս Հայաստանի համար ԵՄ-ին անմիջական անդամակցության մասին պատրանքներ չկան: 2015 թվականից Հայաստանը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության մաս է՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի հետ միասին, որը ապահովում է ապրանքների, կապիտալի, ծառայությունների և մարդկանց ազատ տեղաշարժը, ինչպես նաև, ընդհանուր քաղաքականության համաձայնագրերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, տրանսպորտը և էներգետիկան: Ռազմական առումով Հայաստանը դաշնակցել է Ռուսաստանին, և վերջինս հանդիսանում է Հայաստանի և փաստացի Արցախի Հանրապետության (ԼՂՀ) անվտանգության հիմնական երաշխավորը։

Մի խոսքով, Ռուսաստանը համարվում է ռազմավարական գործընկեր հետխորհրդային տարածքում՝ իր պատմական ազդեցության պատճառով, իսկ ԵՄ-ը Հայաստանի համար համարվում է բարեփոխումների և արժեքների առանցքային գործընկեր:

ԵՄ-ը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Հնարավոր անդամակցությունը միանշանակ տնտեսական նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է սոցիալական գործընթացների վրա ազդեցությանը, ապա մենք կարծում ենք, որ անդամակցության դեպքում ԵՄ-ը ավելի ինտենսիվ կնպաստի երկրում ժողովրդավարացման և ինստիտուտների կայացման գործընթացներին։

Նաև վիզային ռեժիմի ազատականացումը, կրթական ավելի մեծ հնարավորությունների ստեղծումը և սոցիալական տարբեր միջոցառումները դրականորեն կփոխեն մեր երկրում առկա սոցիալական իրավիճակը։

Բացի այդ, Հայաստանը հավատարիմ է ԵՄ-ի հետ գործընկերությանը` համաձայն 2030 թվականի Կայուն զարգացման նպատակների: ԵՄ-ը և Հայաստանը կիսում են ընդհանուր շահեր և արժեքներ, հատկապես, հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի ներգրավվածությունը տնտեսական, դատական և քաղաքական բարեփոխումներում՝ սկսած սահմանադրության փոփոխությունից մինչև բոլոր հանրային ծառայությունների թվայնացում։

ԵՄ-ն Արևելյան գործընկերության տարածաշրջանում պետք է ավելի նախաձեռնող լինի ոչ միայն տնտեսական և կայուն զարգացման ոլորտում, այլ նաև որպես «դերակատար», որը կարող է ավելի կարևոր բան առաջարկել երկրին/անդամ պետությանը այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան և անվտանգությունը: Առայժմ ցանկալի կլիներ ավելի քիչ բյուրոկրատիա և ավելի պրագմատիկ մոտեցում ցույց տալ Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ։


Հեղինակներ՝ Մարիամ Ջամալյան, Անահիտ Կարապետյան, «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբաններ:

Թարգմանիչ՝ Շուշան Գրիգորյան

Սկզբնաղբյուրը՝ Strategeast