Ինադու 2 | Երեխաներ, թերսնուցում, մնալ չմնալու հարցը 

2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով իբր «բնապահպան-ակտիվիստներ», փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որը, Եռակողմ հայտարարության համաձայն, անցնում է Լաչինի միջանցքով՝ կապելով Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը հայտարարել էր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական անօրինական հսկիչ անցակետ տեղադրելու մասին։ Ապրիլի 28-ին ադրբեջանական այսպես կոչված «բնապահպան ակտիվիստներին» փոխարինել էին ադրբեջանական ոստիկանության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։ Հունիսի 15-ից 10 օրով արգելվել էր նաև խաղաղապահների տեղաշարժը, հունիսի 25-ից վերսկսվել էր ԿԽՄԿ-ի գործունեությունը, սակայն արգելվել են Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Արգելված էր նաև խաղաղապահների կողմից սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը:

 

Շարունակվող շրջափակումը, որի հետևանքով ֆիզիկապես խոչընդոտվել էր Արցախի միակ ճանապարհի գործունեությունը,  Արցախի 120 000 բնակչությանը, ներառյալ 30 000 երեխաներին, թողել է լիակատար մեկուսացման մեջ՝ հանգեցնելով մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների: 

Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում էր Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի բնակչությանը։

 

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ: Ռազմական այս գործողությունները շարունակությունն էին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսված Արցախի շրջափակման: 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը դեպի Հայաստան։ Հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի հաղորդած տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի ստորագրած հրամանագրի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, որով, փաստացի,  Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ 

 

«Ինադու» փոդքասթի սույն էպիզոդների հրապարակումներն իրականացվում են post factum:

Ինադու | Արցախի շրջափակումը. սով, ցեղասպանվելու վտանգ, ապրելու հույս

Փոդքասթի հեղինակները ուսուցչուհի, բլոգեր Նինան և հաղորդավարուհի, դերասանուհի Շողերն են։ Այս փոդքասթի միջոցով նրանք փորձում են ներկայացնել կյանքը շրջափակված Արցախում՝ առաջին օրերից մինչև ներկա իրականություն, կիսվում են իրենց հույզերով, հոգսերով և սպասումներով։ Զրույցի այս ոճը ընտրելու նպատակը շրջափակված արցախյան իրականությունը ի ցույց դնելն է։ «Իրադարձությունները այնքան արագ են փոխվում ու այնքան ասելիք կա, որ հեռուստացույցով ոչ մի հաղորդում, ոչ մի նյութ կամ ինստագրամում արված ոչ մի փոստ չի կարող պատմել այն ինչ կատարվում է»,-ասում է Նինան։

Երեխաներ, թերսնուցում, մնալ չմնալու հարցը

«Ինադու» փոդքասթ | Էպիզոդ 2

Ինչ է կատարվում Արցախում, ինչպես է շրջափակումը կործանում մանկությունը, ամեն օր ինչ խնդիրներ են ստիպված հաղթահարել Արցախի մայրիկները, ինչ է նշանակում լինել ծնող՝ շրջափակված հայրենիքում։ «Ինադու» փոդքասթի շրջանակում Նինան ու Շողերը հյուրի՝ Տաթևիկի հետ, որ փորձում է լինել իր փոքրիկի համար ամենալավ մայրիկը՝ բոլոր դժվարություններին ինադու, անկեղծ զրուցում են արդեն շուրջ յոթ ամիս շրջափակման մեջ ապրելու դժվարությունների մասին։ 

Հերթեր Ստեփանակերտում՝ կաթնամթերքի ու հացի համար,  ©️ Արցախի տեղեկատվական շտաբ

Սննդի խնդիր, հացի և կաթնամթերքի հերթեր, գյուղերից մրգերի և բանջարեղենի տեղափոխության դժվարություններ, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման անջատումներ, վառելիքի պակաս ․․․ և այս բոլոր խնդիրներին գումարվել է նաև խմելու ջրի խնդիրը։ Արցախում խմելու ջուրը պղտոր է, մաքրված չէ և ազդում է առողջության վրա, բայց շուտով կարող է այդ ջրի պակասն էլ զգացվել։ Մեկ այլ խնդիր է թափոնների հարցը։ Ստեփանակերտը Արցախի ամենամաքուր քաղաքներից մեկն է, սակայն վառելիքի բացակայության պայմաններում չեն աշխատում նաև աղբատար մեքենաները։ Քաղաքում աղբը սկսվում է կուտակվել։ 

©️ Արցախի տեղեկատվական շտաբ

Այս ամենից բացի շրջափակումն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև երեխաների հոգեբանության վրա։ Մտածում ես՝ երեխա է, չի հասկանում՝ ինչ է կատարվում, բայց որքան էլ փորձես երեխային պաշտպանել միևնույն է իրավիճակն իր ազդեցությունը թողնում է։ Մանկական հոգեբանի հետ խորհրդակցելուց հետո  Տաթևիկը որոշել է իր փոքրիկին` Դանիելին, հասկանալի լեզվով բացատրել՝ ինչ է կատարվում Արցախում։

Ծնողներին անհանգստացնող խնդիրներից մեկը երեխաների թերսնուցումն է, անհրաժեշտ մթերքների պակասը, որոնք այդքան կարևոր են երեխաների առողջ զարգացման և հասունացման համար։ Մեկ այլ, բարդ խնդիր է վատառողջ երեխային հիվանդանոց տեղափոխելը։ Վառելիքի բացակայության պատճառով հանրային տրանսպորտը գրեթե  չի աշխատում։ Քաղաքի մի ծայրից մյուսը ծնողները ստիպված են երեխային գրկած, քայլելով հասցնել հիվանդանոց․ շտապ օգնության մեքենաները միշտ չէ որ կարողանում են կանչի վայր մեկնել, դեղատները գրեթե դատարկված են։

«Ինձ համար շատ ցավալի է, որ այս իրավիճակի պատճառով, երբ մահացան այն երկու երեխաները, միջազգային հանրության մեջ ինչ-որ իրավիճակներ չսկսվեցին։ Եթե դա լիներ բռնության հետևանքով մահ, հիմա բոլորը իրարով էին անցել, թեմա էր դարձել ․․․ Շատ ցավալի է, երբ 30.000 երեխայի կյանքը, էս դաժան ապրելակերպը այդքան ուշադրության չի արժանանում»,- ասում է Տաթևիկը։  

Երբ շրջափակումը նոր էր սկսել ծնողները փորձում էին լավատեսորեն նայել իրավիճակին՝ ասելով, որ երեխաները ստիպված կլինեն անառողջ սնունդ քիչ ուտել․ «Բայց հիմա, երբ չկա և՛ առողջ սնունդ, և՛ անառողջ սնունդ, երեխայի ամեն մի փոքրիկ ցանկությունը քեզ համար փորձություն է ․․․ Դու՝ որպես ծնող, քեզ խոցված ես զգում, որովհետև դու այն մարդն ես, ով պատասխանատու է երեխայի ցանկությունների, հոգեբանության, կյանքի, անվտանգության համար, բայց չես կարող մեկ հատ շոկոլադ տալ, որ այդ պահին երեխան իրեն լավ զգա»։ 

©️ Արցախի տեղեկատվական շտաբ

Ծնողների համար ևս դժվար է շրջափակման խնդիրներին հոգեբանորեն դիմակայելհը․ «Ժամվա մեջ տասը մտքից հինգը լինում է այն մասին, թե հարձակվեն, որտեղ եմ լինելու, եթե ասեն դուրս եկեք էստեղից, ոնց եմ դուրս գալու, եթե շարունակվի, ինչքան եմ ձգելու, ինչքան է ձգելու երեխան սոված վիճակում»։ Այս դեպքերում էլ օգնության են գալիս «բլոկադյան սև հումորները»․ «հարցնում են՝ թեյ ինչո՞վ ես խմում, պատասխանում է՝ սիրով եմ խմում, զրուցելով եմ խմում, քաղցր հիշողություններով եմ խմում», կամ էլ ֆեյսբուքյան գրառում են անում ներկայացնելով բանանի նկարագրությունը՝ այն չմոռանալու համար․ բանան՝ այս չափի, այս գույնի, աճում է այստեղ և այլն։

©️ Արցախի տեղեկատվական շտաբ

«Շատ եմ ուզում, որ դրսում մարդիկ հասկանան՝ սա չափազանցություն չի, սա ծայրահեղություն չի ․․․ ծայրահեղությունն ինքն է, որ կա, երևի ավելի ծայրահեղ՝ սպասում են՝ սովամահ երեխաներ տեսնել ․․․ մարդիկ սկսեն իրարից գողանալ, սնունդ փնտրելու պայմաններում կորցնեն իրենց քաղաքակրթության հատկանիշները, միգուցե, այդ ժամանակ սկսեն հավատալ, որ էն ինչ-որ մենք պատմում ենք, մենք չենք պատմում օդից։ Մենք պատմում ենք մեր ամնօրյա ապրումները, էն ինչի միջով մենք ամեն օր անցնում ենք», ” հավելում է Տաթևիկը։

Հիմա կարողանո՞ւմ եք պատկերացնել Դանիելի ապագան։ 

Տաթևիկ․ «Ես կարծում էի, որ երեխաս կգնա, արտասահմանում լավ կրթություն կստանա, էստեղ ինչ-որ մի լավ բան կանի։ Հույս ունեմ, որ դա երազանք չի մնա, իրավիճակը փոքր ի շատե կլուծվի ու իմ երեխան նույնպես կկարողանա իր երազած աշխատանքը ունենալ, իր երազած կրթությունն ունենալ»։

Պատրաստեց՝ Մարիամ Մանուկյանը

Փոդքասթը՝ «Ինադու 2 | Երեխաներ, թերսնուցում, մնալ չմնալու հարցը»


Նյութը հրապարակվում է  «Ինադու» փոդքաստի հեղինակներ Նինա Շահվերդանի և Շողեր Սարգսյանի համաձայնությամբ: Տեսանյութի բնօրինակները հրապարակվում են «Ինադու»-ի Youtube-յան էջում: Հրապարակումների տեքստային և վիզուալ հատվածի պատրաստումը, թարգմանությունը իրականացվում են «Ինլայթ»-ի կողմից:   


«Ինադու» փոդքաստին աջակցել կարող եք Patreon-ի միջոցով՝ հղմամբ:


Արցախի խնդրի և շրջափաման շուրջ մյուս հրապարակումները կարդացեք Արցախյան քրոնիկոն խորագրի ներքո: